ԱՎԵԼԻ ԼԱՎ ԶՈՀԵՐԻ ԽՈՐԱՆԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
ԳԼՈՒԽ I
ՏԻՊԻԿ ԽՈՐԱՆԸ
Բանակ, բանակատեղի/ճամբար — Սրահ (Գավիթ) — Խորան (Վրան) — Պղնձե զոհասեղան (Ողջակեզի Զոհասեղան) — Ավազան — Սեղան — Աշտանակ — Ոսկե զոհասեղան — Քավություն կոչվող տապանակի կափարիչ և տապանակ — Դուռ — Առաջին վարագույր – Երկրորդ վարագույր — Սրանց և իրենց հակատիպերի նշանակությունը
Պողոս Առաքյալը վստահեցնում է մեզ, որ այն խորանը, որն Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին կառուցել Սին անապատում, և որի հետ կապված հաստատվեցին նրանց բոլոր կրոնական ծեսերն ու արարողությունները, գալիք բարիքների ստվերն էր (Եբր. 8։5. 10։1, Կող. 2։17)։ Ըստ էության, Իսրայելի ողջ ազգը, ինչպես նաև նրա օրենքները, կրոնական ծեսերն ու արարողությունները խորհրդանշական էին։ Հետևաբար այժմ իրագործվող փրկության ծրագրի և փրկագործության մեր ըմբռնումը, ինչպես նաև դրանց ապագա զարգացումը չեն կարող մեծապես չլուսաբանվել այն «ստվերների» մանրակրկիտ ուսումնասիրությամբ, որոնք իսրայելացիները, մեր շինության համար, ստիպված էին շարունակաբար կրկնել տարեցտարի, մինչև որ Ավետարանական դարաշրջանում հայտնվեցին դրանց հակատիպերը՝ իրականությունները (Ա Պետ․ 1:11, Եբր. 10։1–3):
Մենք սկսեցինք ուսումնասիրել այս թեման ոչ միայն հրեական ձևերի, արարողությունների և պաշտամունքի մասին պատմական գիտելիքներ ձեռք բերելու համար, այլև որպեսզի խրատվենք՝ ստվերի ուսումնասիրության միջոցով էությունը հասկանալով, ինչպես որ Աստված նախատեսել էր դա անել:
Մենք չենք կարող ստվերին բավարար կշիռ ու նշանակություն տալ, մինչև չհասկանանք, թե որքան ուշադրությամբ է Աստված ուղղորդել և տնօրինել դրա բոլոր մասերը: Նախ, Նա Մովսեսին բարձրացրեց լեռը և ցույց տվեց նրան, թե ինչը ինչպես պետք է անել։ Երկրորդ, Նա հրահանգեց նրան ուշադիր լինել ամեն մանրուքի նկատմամբ․ «Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես» (Եբր. 8։5, Ելք 25։40)։ Դա վերաբերում էր նաև ծառայության բոլոր նրբություններին. յուրաքանչյուր մանրուք պետք է կատարվեր ճշգրիտ կերպով, քանի որ այն պատկերում էր առավել մեծ ու կարևոր բան, որը պետք է տեղի ունենար հետո: Եվ որպեսզի այս բոլոր ստվերները ճշգրիտ կերպով կատարվեին, և ժողովուրդն էլ անհոգ չդառնար, ցանկացած խախտման համար սահմանված պատիժը մահն էր։ Օրինակների համար տե՛ս Ելք 28:43, Թվ․ 4:15.20, 17:13; Դ Թագ․ 6:6,7, Ղևտ․ 10։1.2։
«Ստվերի» ստեղծման հանդեպ Աստծու հոգածության գիտակցումը պետք է ոչ միայն վստահություն ներշնչի մեզ դրա ճշմարտացիության հարցում, որ դրա ոչ մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա (Մատթ. 5:18), այլև մեր մեջ պետք է արթնացնի այնքան մեծ հետաքրքրություն Աստծու ծրագրի հանդեպ, որ մղի մեզ մանրակրկիտ ուսումնասիրելու և ուշադիր փնտրելու այդ ստվերների իմաստը: Եվ սա, Աստծու խոստացած օրհնությամբ, մենք այժմ մտադիր ենք անել՝ վստահ լինելով, որ նրանցից, ովքեր իսկապես նվիրված են Աստծուն՝ Նրա զավակներից, որ ծնվել են Նրա Հոգուց, «ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է»։
Խորանի կառուցումը
Խորանի կառուցման վերաբերյալ Մովսեսին տրված հրահանգները կարելի է գտնել Ելք 25-27-ում, իսկ գործի կատարման պատմությունը՝ Ելք 35-40-ում։ Համառոտ կարող ենք ասել, որ խորանը մի տուն էր՝ կառուցված սատիմի (ակացիա) փայտյա տախտակներից՝ «պատված» կամ զարդարված ոսկով, որոնց ծայրերն արծաթյա խարիսխների մեջ էին դրված և նույն փայտյա գերաններով ամուր ամրացված, որոնք նույնպես պատված էին ոսկով։
Այս կառույցն ուներ 15 ոտնաչափ լայնություն, 15 ոտնաչափ բարձրություն և 45 կանգուն երկարություն, և բաց էր առջևի կամ արևելյան կողմից: Այն ծածկված էր մեծ սպիտակ կտավով, որի վրա հյուսված էին քերովբեների՝ կապույտ, մանուշակագույն և վառ կարմիր գույնի պատկերներ։ Կառույցի առջևի կամ բաց մասը ծածկված էր ծածկոցի գործվածքին նման կտորով, որը կոչվում էր «դուռ» կամ առաջին վարագույր։ Նույն գործվածքից մեկ այլ կտոր քերովբեների պատկերներով, որը կոչվում էր «Վարագույր» (կամ երկրորդ վարագույր), կախված էր խորանը երկու սենյակի բաժանելու համար։ Առաջին կամ ավելի մեծ սենյակը՝ 15 ոտնաչափ լայնությամբ և 30 ոտնաչափ երկարությամբ, կոչվում էր «Սուրբ»*։ Երկրորդ կամ հետևի սենյակը՝ 15 ոտնաչափ լայնությամբ և 15 ոտնաչափ երկարությամբ, կոչվում էր «Սրբարան»։ Այս երկու սենյակները կազմում էին բուն խորանը. և դրանց վրա վրան էր կանգնեցված՝ ապաստանի համար։ Այն պատրաստված էր քաշմիրի կտորից կամ այծի մազից ծածկոցից, կարմիր ներկված խոյի կաշվից և այծի կաշվից (սխալ թարգմանվում է որպես փորսուղի կաշի)։
* Անգլերեն թարգմանությունը հաճախ, թեև սխալ, այդ վայրն անվանում է «սուրբ վայր», և նման դեպքերում «վայր» բառը շեղագիր է լինում, ինչը ցույց է տալիս, որ այն ավելացվել է թարգմանիչների կողմից, ինչպես օրինակ Ելք 26։33։ Այս սխալը բավականին շփոթեցնող է, քանի որ «սրահն» էր կոչվում «սուրբ վայր»։(հայերեն Աստվածաշնչում այն թարգմանվել է որպես սրբություն):Երբ վայրը շեղագիր չէ, ապա միշտ նկատի է առնվում «սրահը»: Տես Ղևտ. 14։13 և 6։27։ Որոշ դեպքերում «Սուրբ» է կոչվում «ժողովի վրանը»։
«Սրբությունների սրբությունը» կամ «Սրբարանը» երբեմն անվանում են նաև «Սուրբ վայր»՝ վայրը շեղագիր։ Օրինակ՝ Ղևտ. 16։17, 20, 23։ Այս սենյակների մասին խոսելիս՝ դրանք առանձին-առանձին կնշենք որպես «սրահ», «սուրբ վայր» և «սրբությունների սրբություն»։
Այս տիպիկ պատկերների նկատմամբ քրիստոնյաների հետաքրքրության և Ղևտական գրքի թարգմանիչների կողմից միատեսակ ճշգրտության անհրաժեշտության բացակայությունը թերևս բազմազան թարգմանությունների պատճառ են դարձել, որոնք մեծապես նպաստում են ուսումնասիրողների շփոթությանը։
Սուրբ սրահ կամ սուրբ վայր
Խորանը շրջապատված էր բակով կամ «սրահով», որի հետնամասում էր գտնում այն։ 75 ոտնաչափ լայնությամբ և 150 ոտնաչափ երկարությամբ այս սրահը կազմված էր կտավից վարագույրների ցանկապատից՝ կախված արծաթե կեռիկներից՝ ամրացված 7 1/2 ոտնաչափ բարձրությամբ փայտե սյուների գագաթներին, որոնք դրված էին ծանր պղնձե (սխալ թարգմանված որպես արույր) խարիսխների մեջ և ամրացված պարաններով ու ամրակներով, ինչպես խորանը ծածկող վրանը։ Այս ողջ շրջափակը սուրբ հողի վրա էր, ուստի այն կոչվում էր «Սուրբ վայր» և նաև «խորանի սրահ»։ Նրա բացվածքը, ինչպես խորանի դուռը, ուղղված էր դեպի արևելք և կոչվում էր «Դուռ»։ Այս «Դուռը» պատրաստված էր կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից։
Հարկ է նշել, որ երեք մուտքերը՝ «դուռը» դեպի «Սրահ», «դուռը» դեպի «Սուրբ վայր» և «վարագույրը» դեպի «Սրբարան», նույն նյութից և նույն գույնի էին։ Խորանից և նրա «սրահից» դուրս Իսրայելի «բանակատեղին» էր, որ բոլոր կողմերից շրջապատում էր այն հարգալից հեռավորության վրա։

ՊՂՆՁԵ ԶՈՀԱՍԵՂԱՆ
Կահկարասի
«Սրահի» կահկարասին բաղկացած էր միայն երկու հիմնական մասից՝ «պղնձե զոհասեղանից» և «ավա զանից»՝ համապատասխան պարագաներով։
Դռնից ներս, հենց դրա դիմաց, կանգնած էր «Պղնձե զոհասեղանը»։ 7 1/2 ոտնաչափ մակերեսով և 4 1/2 ոտնաչափ բարձրությամբ այս զոհասեղանը պատրաստված էր փայտից և պատված էր պղնձով։ Դրա վրա դրված էին տարբեր սպասքներ՝ բուրվառ կոչվող կրակաման՝ կրակը «Խնկարկության սեղան» տեղափոխելու համար, արյունը լցնելու համար կոնքեր, մսահաններ, թիակներ և այլն։

ԱՎԱԶԱՆ
Հաջորդն «ավազանն» էր՝ «պղնձե զոհասեղանի» և խորանի դռան միջև։ Այն պատրաստված էր հղկված պղնձից և ծառայում էր որպես ջրի տարա; Քահանաները խորան մտնելուց առաջ լվացվում էին դրա մեջ։
Խորանի կահկարասին բաղկացած էր «սեղանից», «աշտանակից» և «խնկարկության սեղանից»՝ «Սուրբ վայրում», և «վկայության տապանակից»՝ «Սրբարանում»։

ԱՌԱՋԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ՍԵՂԱՆ
Խորանի ներսում՝ առաջին սենյակում՝ «Սուրբ վայրում», աջ (հյուսիսային) կողմում դրված էր «Առաջավորության հացի» սեղանը․ փայտե սեղան՝ պատված ոսկով; Նրա վրա երկու շարքով բաղարջ հացի տասներկու շոթ էր դրված, և յուրաքանչյուր շարքի վրա՝ կնդրուկ (Ղևտ. 24։6, 7)։
Այս հացը վայել էր ուտել միայն քահանաներին. այն սուրբ էր և թարմացվում էր ամեն յոթերորդ օրը կամ շաբաթ օրը։

ՈՍԿԵ ԱՇՏԱՆԱԿ
«Առաջավորաց հացի սեղանի» դիմաց կանգնած էր մաքուր ոսկուց պատրաստված «աշտանակ»՝ դրվագված, որ ուներ յոթ ճյուղ և յուրաքանչյուր ճյուղում մեկ կանթեղ։ Սա «Սուրբ վայրի» միակ լուսավորությունն էր, քանի որ, ինչպես արդեն տեսանք, բնական լույսը փակված էր պատերով և վարագույրներով, և լուսամուտներ չկային: Յոթ կանթեղների մասին հոգ էր տանում, մաքրում, յուղով լցնում և այլն, հենց քահանայապետը, որն այդ ժամանակ պետք է խունկ մատուցեր ոսկե զոհասեղանի վրա։
ՈՍԿԵ ԶՈՀԱՍԵՂԱՆ

ԽՆԿԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆ
Հաջորդիվ՝ «Վարագույրին» մոտ կանգնած էր փայտից պատրաստված մի փոքրիկ զոհասեղան՝ պատված ոսկով, որը կոչվում էր «Ոսկե զոհասեղան» կամ «Խնկարկության սեղան»։ Դրա վրա ոչ մի կրակ չկար, բացի այն կրակից, որը քահանաները բուրվառներով բերում էին և դնում այդ «Ոսկե զոհասեղանի» վերին մասում, հետո խունկը փշրում դրա վրա, որպեսզի այն բուրավետ ծուխ կամ բուրմունք արձակի, որը լցվելով «Սուրբ վայրը»՝ անցնում էր նաև «երկրորդ վարագույրից» և ներթափանցում Սրբարան կամ Սրբություն սրբոց:

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆԱԿ
«Վարագույրից» այն կողմ՝ «Սրբարանում», միայն մեկ կահավորանք կար՝ «Տապանակը»։ Դա ոսկով պատված մի ուղղանկյուն փայտե տուփ էր և ուներ մաքուր ոսկուց պատրաստված կափարիչ, որը կոչվում էր «Քավությունչ»։ Դրա վրա (նույն կափարիչից) երկու ոսկյա քերովբեներ էին դրվագված։ Այս «Տապանակի» ներսում (կափարիչի տակ) դրված էին ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի ծաղկած գավազանը և Օրենքի երկու տախտակները (Եբր․ 9:4)։ Կափարիչի վրա գերբնական լույս էր հայտնվում քերովբեների միջև ընկած հատվածում՝ խորհրդանշելով Աստվածային ներկայությունը: Դա միակ լույսն էր Սրբարանում։
Նկատելի է, որ խորանի ներսի ողջ կահկարասին ոսկուց էր կամ պատված էր ոսկով, մինչդեռ «սրահում» ամեն ինչ պղնձից էր։ Կարծում ենք, որ այս մետաղներով պատված իրերի հիմքը հանդիսացող փայտն օգտագործվում էր, որ իրերն ավելի թեթև և ավելի հեշտ տեղափոխելի լինեին, քան եթե դրանք ամուր մետաղից պատրաստված լինեին: Սա կարևոր նկատառում էր ճամփորդության ժամանակ: Տաճարի անոթները, որոնք ներկայացնում էին նույն իրերը, պատրաստված էին ամուր մետաղից (Գ Թագ․ 7:47-50)։ Կարծում ենք, որ այս երկու մետաղները՝ ոսկին և պղինձը, օգտագործվում էին երկու տարբեր բնություններ ներկայացնելու համար. պղինձը ներկայացնում էր մարդկային բնությունն իր կատարելության մեջ, որը մի փոքր ավելի ցածր էր, քան հրեշտակայինը, իսկ ոսկին` աստվածային բնությունը, որը շատ ավելի բարձր է հրեշտակներից, իշխանություններից և զորություններից: Ինչպես ոսկին և պղինձը արտաքինով նման են միմյանց, բայց որակով տարբեր են, այնպես էլ մարդկային բնությունն աստվածայինի պատկերն ու նմանությունն է՝ հարմարեցված երկրային պայմաններին: Նկատենք, որ այս դասավորությունը՝ տարբերակված և հստակորեն բաժանված երեք ընդհանուր բաժինների, ներկայացնում է քավությամբ օրհնված երեք տարբեր դասեր, իսկ Տապանակի երկու մասերը ներկայացնում են այս դասերից որևէ մեկի երկու վիճակները։
Բանակատեղի, Սրահ և Խորան
«Բանակատեղին» ներկայացնում էր մարդկության աշխարհի վիճակը, որ թաղված էր մեղքի մեջ, քավության կարիք ուներ և դրան ու իր օրհնություններին էր ձգտում՝ որքան էլ անորոշ կերպով վերլուծեր իր ցանկություններն ու հեծությունները։ Իբրև նախատիպ՝ «բանակատեղին» Իսրայելի ողջ ժողովուրդն էր, որը բոլոր սուրբ բաներից բաժանված էր սպիտակ կտավից պատրաստված վարագույրով, որը ներսում գտնվողներին ներկայացնում էր հավատքի պատը, իսկ դրսում գտնվողներին՝ անհավատության պատը, և որը փակում էր նրանց տեսադաշտը և մուտքը դեպի ներսում գտնվող սուրբ բաները: «Սուրբ վայր» կամ «Սրահ» կարելի էր մտնել միայն մեկ դռնով՝ այսպիսով վկայելով, որ դեպի Աստված միայն մեկ ճանապարհ կա՝ մեկ «դուռ»՝ Հիսուսը: «Ես եմ ճանապարհը․․. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։ «Ես եմ դուռը» (Հովհ․ 14։6; 10։9)։
«Սրահը» արդարացման վիճակն էր, ուր կարելի էր մտնել Քրիստոսի՝ «դռան» հանդեպ հավատքի միջոցով։ Քավության օրը միայն ղևտացիներին (որ ներկայացնում էին տիպիկ արդարացված հավատացյալներին) էր թույլատրված մտնել այս «սրահը»: Նրանք իրավունք ունեին մոտենալ «պղնձե զոհասեղանին» ու «ավազանին» և արարողություններ կատարել «սրահում», բայց իրավունք չունեին, ինչպես սովորական ղևտացիները (հավատացյալները), մտնել Խորան և նույնիսկ նայել դրան (Թվ․ 4։19, 20)։ «Սրահում» ամեն ինչ պղնձից էր՝ ցույց տալու համար, որ այնտեղ գտնվող դասը արդարացված մարդիկ էին։ «Սրահը» չէր արտացոլում Ավետարանի դարաշրջանի հոգևոր դասի վիճակը, թեև քահանաները, զոհաբերություններ անելով և լվացվելով, նույնպես օգտագործում էին այն։
«Խորանը» որը բաղկացած էր երկու մասից, ներկայացնում էր մարդկային բնությունից հոգևոր բնության անցնող բոլոր մարդկանց երկու վիճակները։ Առաջին սենյակը՝ «Սուրբ վայրը», ներկայացնում էր բոլոր նրանց վիճակը, ովքեր (ինչպես ղևտացիները՝ արդարացված հավատացյալները) մահվան հանձնեցին իրենց մարդկային բնությունը՝ աստվածային բնությանը հաղորդակից դառնալու համար (Բ Պետ. 1:4)՝ լինելով Հոգուց ծնված։ Դրա երկրորդ սենյակը՝ «Սրբություն սրբոցը», որ գտնվում էր «Վարագույրից» (մահվանից) այն կողմ, ներկայացնում էր հավատարիմ «հաղթողների» վիճակը, որոնք հասնելու էին Աստվածային բնությանը: Նրանք, ավարտելով մահվանն իրենց նվիրաբերումը, ամբողջովին փոխվելու էին, մեռելներից ծնվելու էին Առաջին Հարության ժամանակ և ձեռք էին բերելու աստվածային բնություն և կազմություն։ Ոչ մի մարդ արարած, որքան էլ հավատքով լի լինի, որքան էլ մաքրված լինի բոլոր մեղքերից, և Աստծու աչքում ազատորեն արդարացված և կատարյալների շարքում դասված լինի, չի կարող որևէ տեղ կամ արտոնություն ունենալ Խորանի և Տաճարի ներսում ներկայացված հոգևոր բաներում: Նա նույնիսկ չի կարող նայել հոգևոր բաներին՝ դրանք գնահատելու իմաստով։ Բայց Ավետարանական դարաշրջանում նման մարդիկ «կանչված են» իրենց մարդկային բնությունը նվիրաբերելու և զոհաբերելու Աստծու ծառայությանը և դրա փոխարեն ժառանգելու հոգևոր բնություն՝ որպես Քրիստոսի Մարմնի անդամներ: «Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև․․․ չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթ. 2։14):
Այն փաստը, որ Խորանի բոլոր իրերը պատրաստված էին ոսկուց՝ ներկայացնելով Աստվածային բնությունը, ենթադրում է, որ այն ներկայացնում էր միայն նրանց վիճակը, ովքեր կանչված էին Աստվածային բնությանը: Ղևտացիներից միայն նրանք, ովքեր նվիրաբերված էին զոհաբերության գործին (քահանաները), մուտք ունեին Խորան, այնպես որ Խորանում ներկայացված աստվածային վիճակների մեջ մտնում են միայն հավատքի տան այն անդամները, որոնք նվիրաբերված են զոհաբերության, նույնիսկ մահվան:
Միայն հավատքով կարելի է մտնել «Սրահի»՝ մարդու արդարացված վիճակի մեջ, բայց թեև պետք է պահպանենք արդարացնող հավատքը, սակայն պետք է ավելին անենք, եթե ցանկանում ենք զգալ բնության փոփոխությունը և դառնալ «նոր արարածներ», «երկնային կոչման մասնակիցներ», «աստվածային բնության հաղորդակիցներ»: «Սուրբ վայր» մտնելն այսպիսով ենթադրում է ամբողջական նվիրում Տիրոջ ծառայությանը, հոգու ծնունդ և մեկնարկ աստվածային բնության վարձատրության համար մրցավազքում, որի պայմաններն են հավատարմությունը մեր ուխտին, արդարացված մարմնի խաչելությունը, մեր մարդկային կամքի և մարմնի նվիրաբերումն Աստծուն իբրև կենդանի զոհ՝ այլևս ոչ թե փնտրելով մարդկային հաճույքներ, պատիվ, գովասանք և այլն, այլ մեռած լինելով դրանց համար և կենդանի լինելով երկնային մղումներով: Սակայն այս վիճակին նույնպես մենք գալիս ենք մեր Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի միջոցով, ով ոչ միայն մեզ համար բացեց արդարացման «դուռը» Իր Արյան հանդեպ հավատքի միջոցով, այլ նաև բացեց «դուռը» (առաջին վարագույրը) դեպի Խորան՝ «նոր կենսակերպ»՝ որպես հոգևոր էակներ զոհաբերելով մեր արդարացված մարմինը՝ երկրորդ վարագույրով և դրանից այն կողմ:
Այսպիսով, Խորանի երկու սենյակները՝ «Սուրբ վայրը» և «Սրբարանը», ներկայացնում էին նոր կյանքի երկու փուլերը, որոնցում մենք ծնվել ենք Սուրբ Հոգուց:
«Սուրբ վայրը» ներկայացնում էր Ճշմարտության Խոսքով Աստծուց ծնվածների ներկա վիճակը (Հակ․ 1:18): Նրանք, որպես երկնային «նոր արարածներ», թեև դեռևս «մարմնի մեջ են», սակայն ունեն իրենց իրական (ներքին) կյանքը և Աստծու հետ քայլում են նվիրաբերման առաջին վարագույրից ներս և աշխարհի և չնվիրաբերված հավատացյալների մտավոր տեսադաշտից դուրս։ Նրանք վայելում են «ոսկե աշտանակի» ներքին լույսը, մինչդեռ մյուսները «արտաքին խավարի» մեջ են։ Նրանք ուտում են հատուկ հոգևոր կերակուր, որը ներկայացված է «ներկայության [բաղարջ] հացով», և խունկ մատուցում ոսկե զոհասեղանի վրա՝ ընդունելի Քրիստոս Հիսուսի միջոցով։
«Սրբարսնը» ներկայացնում է այն նոր արարածների կատարյալ վիճակը, ովքեր հավատարիմ լինելով մինչև մահ՝ կստանան մեր բարձր կոչման մեծ վարձատրությունը՝ բաժին ունենալով առաջին հարության մեջ (Հայտ․ 20․6): Այնուհետև երկու վարագույրներից՝ մարմնավոր մտքից և մարմնավոր մարմնից դուրս նրանք կունենան փառահեղ հոգևոր մարմին և հոգևոր միտք: Վարագույրից այն կողմ նրանք նման կլինեն իրենց Առաջնորդին և Նախակարապետին, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց կամ նոր կենսակերպ տվեց (Եբր․ 10․20; Ա Հովհ․3․2)։
Հոգևոր մտածողությամբ էակը «Սուրբ վայրում» վարագույրի միջով հավատքով նայում է դեպի «Սրբարանը»՝ նշմարելով փառքը, պատիվը և անմահությունը մարմնից դուրս, որի հույսը հոգու համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս (Եբր. 6․19; 10․20)։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հավատքով արդարացումը՝ մեր առաջին քայլը դեպի սրբություն, բերում է մեզ «Աստծու հետ խաղաղություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 5:1): Երբ մեր մեղքերը ներվում են կամ ծածկվում Քրիստոսի արդարությամբ, մենք մեկ քայլ ավելի մոտ ենք լինում Աստծուն, բայց դեռ մարդ ենք «Սրահում»: Եթե ցանկանում ենք հասնել այն բարձր կոչման վարձատրությանը, որն Աստծունն է՝ Քրիստոս Հիսուսով, և «Սուրբ վայրով» մտնել «Սրբարան», մենք պետք է գնանք
Հիսուսի հետքերով
Որ մեր առաջնորդն ու Գլուխն է, «մեր հավատքի Քահանայապետը» [այսինքն՝ մեր քահանայական կարգի Քահանայապետը], թագավորական քահանայություն (Եբր. 3․1, Ա Պետ․ 2․9)։
(1) Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ հավատքով՝ ներկայացված պղնձե զոհասեղանին, մենք «Դռնով» մտնում ենք «Սրահ»՝ հետևում թողնելով անհավատության և մեղքի վարագույրը։ Մեր Տեր Հիսուսը երբեք չգնաց այս քայլին, քանի որ լինելով ոչ թե Ադամի ցեղից, այլ լինելով սուրբ, անվնաս, մեղավորներից զատված՝ Նա երբեք էլ դուրս չէր Սրահի վիճակից։
(2) Հրաժարվելով մեր արդարացված մարդկային կամքից, ինչպես նաև մեր բոլոր մարդկային ձգտումներից ու հույսերից՝ մենք անցնում ենք առաջին կամ մարդկային մտածողության վարագույրից՝ համարելով մարդկային կամքը մեռած՝ հետայդու խորհելով ոչ թե դրա, այլ միայն Աստծու կամքի մասին: Մենք այժմ դառնում ենք «նոր արարածներ» «Սուրբ վայրում»՝ առաջինը «երկնայինների» կամ սուրբերի մեջ (Եփես. 2:6-Դիագլոտ), և սկսում ենք լուսավորվել «ոսկե աշտանակով» (Աստծու Խոսքով), ինչ վերաբերում է հոգևոր բաներին՝ «Աստծու խորք»-ին, և ամեն օր թարմանալ ու զորանալ ճշմարտությամբ՝ ներկայացված «առաջավորության հացի» տեսքով, որ միայն քահանաներին էր թույլատրված ուտել (Մատթ. 12:4): Եվ այսպես լուսավորված ու զորացած՝ մենք պետք է ամենօրյա զոհեր մատուցենք «ոսկե զոհասեղանի վրա»՝ ընդունելի Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, որն անուշ բուրմունք է մեր Հոր համար (Ա Պետ․ 2։5)*։
*Այս տեքստում «հոգևոր» բառը բաց է թողնված ամենահին հունարեն՝ Սինայական ձեռագրից Greek MS՝ ակնհայտ համապատասխանությամբ: Զոհաբերվում են ոչ թե հոգևոր, այլ մարդու իրավունքները, արտոնությունները, կյանքը և այլն։
Այսպիսով, բոլոր սրբերը, բոլոր նվիրագործվածները գտնվում են «երկնային» կամ «սուրբ» վիճակում այժմ՝ «նստած [հանգիստ և հաղորդության մեջ] Քրիստոսի հետ այս երկնային վայրերից [առաջինում]», սակայն դեռ չեն մտել «Սրբություն սրբոցը»: Նախ պետք է անցնել մեկ այլ վարագույրով: Ինչպես նախորդ վարագույրից անցնելը նշանակում էր ՄԱՐԴՈՒ կամքի մահ, այնպես էլ երկրորդ վարագույրից անցնելը նշանակում էր ՄԱՐԴՈՒ մարմնի մահ, և այս երկու գործընթացներն էլ անհրաժեշտ են մեր «զոհաբերությունը» ավարտին հասցնելու համար։ Պետք է հետևում թողնել և՛ մարմնավոր միտքը, և՛ մարմնավոր մարմինը, որպեսզի կարողանանք մտնել «Սրբություն սրբոցը»՝ կատարելագործված իբրև Աստվածային բնության և դրա հոգևոր վիճակների հաղորդակիցներ, քանի որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու արքայությունը (Ա Կորնթ. 15:50)։ Հմմտ․ Հովհաննես 3:5, 8, 13:
Այս երեք վայրերը՝ «Բանակատեղի», «Սրահ» և «Խորան», ներկայացնող այս երեք պայմանների վերաբերյալ մտքերը մեր աչքի առաջ ունենալով՝ մեր հաջորդ ուսումնասիրության մեջ հատուկ ուշադրություն կդարձնենք այս պայմանների մեջ ներառված երեք դասերին, այն է՝ անհավատ աշխարհը, արդարացված հավատացյալները և սրբերը կամ նվիրագործված հավատացյալները՝ ներկայացված համապատասխանաբար իսրայելացիների, ղևտացիների և քահանայության կողմից:








