«Երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը»

Խորանը

Եբր․ 9:13

Քավության օրվա զոհաբերություններից ոչ մեկը — ժողովրդի համար մատուցված հաջորդող զոհաբերություններից ոչ մեկը — այս զոհաբերությամբ ներկայացվող դասը — Պողոս առաքյալը՝ կրտսեր քահանան, որը վկայում է նախատիպի մասին — ժողովրդի մաքրության համար երինջների մոխիրը շաղ տալը տեղի կունենա Հազարամյա դարաշրջանում — ինչպես է իրականանալու մաքրագործումը:

Իսրայելի ծիսական օրենքի առանձնահատկություններից մեկը, որը նշված է Թվ․ 19-ում, պահանջում էր մորթել կարմիր երինջ (կով)՝ անարատ երինջ, որի վրա երբեք ծառայության լուծ դրված չի եղել: Այն ընդգրկված չէր ո՛չ Քավության օրվա մեղքի զոհերի և ո՛չ էլ Քավության օրվանից հետո ժողովրդի համար մատուցվող զոհերի մեջ․ իրականում դա ամենևին էլ «զոհ» չէր, քանի որ դրա ոչ մի մասը չէր մատուցվում Տիրոջ զոհասեղանի վրա կամ ուտվում քահանաների կողմից: Այն զոհաբերվում էր, բայց ոչ նույն իմաստով և ոչ նույն տեղում, ինչ այս զոհերը, որոնք մատուցվում էին Գավթում: Այն նույնիսկ չէր մորթվում քահանաներից մեկի կողմից, և դրա արյունը չէր տարվում Սուրբ տեղ և Սրբությունների սրբություն։ Կարմիր երինջը տարվում էր Իսրայելի բանակատեղիից դուրս, որտեղ այն մորթվում և այրվում էր՝ մոխրանալով․ միսը, ճարպը, մաշկը, արյունը և այլն, բացառությամբ մի փոքր քանակությամբ արյան, որը քահանան վերցնում և յոթ անգամ շաղ էր տալիս ժողովի վրանի առջևում (Վերանայված տարբերակ և Leeser): Երինջի մոխիրը չէր բերվում Սուրբ տեղ, այլ մնում էր բանակատեղիից դուրս, հավաքվում էր կույտի մեջ և, ըստ երևույթին, հասանելի էր այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին: Օրենքի հրամանի համաձայն՝ մոխրի մի մասը պետք էր խառնել ջրի հետ անոթի մեջ, և այս խառնուրդի մեջ թաթախված զոպան պետք է օգտագործվեր օրենքով անմաքուր համարվող մարդկանց, հագուստը, վրանները և այլն ցողելու համար, դրանց մաքրագործման համար։

Հաշվի առնելով այն, ինչ մենք տեսանք Քավության օրվա զոհաբերությունների դեպքում, որոնք նախանշում էին Ավետարանի այս դարաշրջանի ավելի լավ զոհաբերությունները (մատուցված Թագավորական քահանայության, Քրիստոսի՝ Գլխի և Մարմինի կողմից)՝ այս երինջը ոչ մի իմաստով կապված չէր սրանց հետ և ակնհայտորեն չէր ներկայացնում այս ժամանակի զոհաբերություններից որևէ մեկը: Այն նաև տարբերվում է այն զոհերից, որոնք ընդունվել են Իսրայելի ժողովրդի անունից՝ Քավության օրվանից հետո, և որոնք, ինչպես մենք հենց նոր ցույց տվեցինք, խորհրդանշում էին նրանց ապաշխարությունն ու վիշտն իրենց մեղքերի համար Հազարամյակի ընթացքում, ինչպես նաև նրանց ամբողջական նվիրումը Տիրոջը: Երինջի այրումը կապված չէր այս զոհաբերություններից ոչ մեկի հետ, որոնք բոլորն էլ քահանաներն էին մատուցում Գավթում։ Մենք պետք է այլ տեղ փնտրենք այս կարմիր երինջի նախատիպը, որովհետև եթե այն ինչ-որ իմաստով ներկայացներ քահանաներին, ապա անպայման կմորթվեր նրանցից մեկի կողմից՝ վկայելով այս փաստի մասին։

Ուրեմն ի՞նչ էր նշանակում կարմիր երինջի այս զոհաբերությունը։ Ո՞ր դասակարգին կամ մարդկանց էր այն ներկայացնում՝ որպես «բանակատեղիից» դուրս տառապող, և ի՞նչ առումով էին նրանց տառապանքները կապված Աստծու ժողովրդի մաքրագործման հետ՝ ներառյալ նրանց, ովքեր դեռ պետք է դառնային Նրա ժողովուրդը Հազարամյա դարաշրջանում:

Մենք պատասխանում ենք, որ Աստծու ժողովրդի մի դասակարգ, որը չէր պատկանում «Թագավորական քահանայությանը», արդարության համար չարչարվել է «բանակատեղիից» դուրս։ Առաքյալը Եբր. 11-ում ներկայացնում է այս մարդկանց համառոտ պատմությունը և այն սաստիկ փորձությունները, որոնք նրանք կրել են։ Հավատքի սխրանքների մասին պատմելուց հետո նրանց մասին ասում է․ «Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։ Աշխարհը նրանց արժանի չէր» (Եբր․ 11․32-38)։

Այստեղ մենք ունենք կարմիր երինջի պատմությանը հարմար դասակարգ, որն իր կյանքը տվեց «բանակատեղիից» դուրս, դասակարգ՝ բոլոր առումներով պատկառելի, բայց դեռ ոչ քահանայական։ Այս դասակարգը, չլինելով Քահանայապետի մարմնի մաս, չէր կարող մաս կամ բաժին ունենալ Քավության օրվա մեղքի զոհերի մեջ և ոչ էլ կարող էր ընդունվել Սուրբ տեղով և Սրբությունների սրբությամբ խորհրդանշված հոգևոր պայմանների մեջ: Ոմանց համար կարող է զարմանալի թվալ, որ մենք այսքան դրականորեն հայտարարում ենք, որ այս հին արժանավորները «Թագավորական քահանայության» անդամներ չեն եղել, մինչդեռ մենք նաև նույնքան դրականորեն հայտարարում ենք, որ Ավետարանի ներկայիս դարաշրջանում Աստծու՝ այլևս ոչ հավատարիմ ծառաներն այդ «Թագավորական քահանայության» անդամներ չեն: Մեր դրականությունն այս հարցում Աստծու Խոսքի դրականությունն է, որը հենց այս հայրապետների հավատարմության մասին պատմվածքի համատեքստում այնքան պերճախոս հայտարարում է. «Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան [հիմնական օրհնությունը չստացան]։ Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն» (Եբր. 11։39, 40)։

Մենք նաև չպետք է դժվարություն ունենանք հասկանալու, որ թեև կարող էին լինել նախատիպային ղևտացիներ (գալիք քավության նկատմամբ հավատքով արդարացված) նախքան Տեր Հիսուսի աշխարհ գալը, սակայն չէին կարող լինել նախատիպային քահանաներ, քանի որ Նա էր Գլուխը կամ Քահանայապետը, և ամեն ինչում ուներ գերակայություն և քավություն էր արել իր «մարմնի» և «իր տան» բոլոր արատների համար նախքան որևէ մեկը կդառնար Իր եղբայրը և թագավորական քահանայության անդամը: Ինքը՝ մեր Տերը, շատ հստակ խոսեց այս մասին և հակիրճ սահմանագծեց Իրեն նախորդած հավատարիմների և Իրեն հաջորդող հավատարիմների միջև, որոնք գնալու էին Իր հետքերով և դառնալու էին Իր ժառանգակիցները: Հովհաննես Մկրտչի մասին նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է» (Մատթ․ 11:11)։ Հովհաննես Մկրտիչը պատկանում էր կարմիր երինջների այս դասին, որոնք նույնիսկ մինչև մահ տառապեցին «բանակատեղիից» դուրս, բայց նա ոչ մի կապ չուներ Քավության օրը մատուցված թագավորական քահանայության ավելի լավ զոհերի հետ, որոնց ճարպն ու կենսատու օրգանները մատուցվեցին Աստծու զոհասեղանի վրա՝ «Գավթում», և որոնց արյունը տարվեց «Սրբությունների սրբություն»՝ խորհրդանշելով նրանց, ովքեր դառնում են նոր արարածներ Քրիստոս Հիսուսով, նույնիսկ Նրա «Մարմնի»՝ Եկեղեցու անդամներ, Նրա ժառանգակիցներն ամեն ինչում:

Բայց թեև այս հին արժանավորները ոչ մի իմաստով մեղքի զոհի մաս չեն կազմում, այնուամենայնիվ նրանք կապված են մեղքից մաքրվելու հետ. նրանց մոխիրը (նրանց՝ մինչև մահ հավատարմության իմացությունն ու հիշողությունը)՝ խառնված ճշմարտության ջրի հետ և կիրառված մաքրող զոպայով, արժեքավոր է՝ մաքրելով, սրբագործելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լիարժեք ներդաշնակության մեջ լինել Աստծու հետ և «շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը»։ Սակայն անցյալի հավատարմության այս դասերն ինքնին չէ, որ մեզ համար արժեքավոր են, այլ միայն Քավության օրվա մեղքի զոհերի շնորհիվ, միջոցով և առնչությամբ, որոնց մասին առաքյալը խոսում է նույն առիթով՝ «ցուլերի, նոխազների արյունը»: Եվ հին արժանավորների (խորհրդանշված կարմիր երինջի մոխրով) հավատարմության հիշողություններն ու դասերը մեզ համար այժմ ոչ միայն սրբագործող ուժ ունեն, այլև շատ ավելի լայն իմաստով դրանք կիրառելի և օրհնություն կլինեն ընդհանրապես ողջ մարդկության համար Հազարամյա դարաշրջանում: Որովհետև, ինչպես արդեն տեսանք, աստվածային ծրագրով է, որ այս հին արժանավորները, որոնցից ամենամեծը երկնքի արքայության մեջ ավելի քիչ պատիվ ունի, քան ամենափոքրը, այնուամենայնիվ բարձր, պատվավոր և նշանավոր տեղ կզբաղեցնեն Աստծու այս արքայության մեջ՝ որպես նրա գործակիցներ և ներկայացուցիչներ: Որովհետև նրանք կլինեն «իշխաններ ողջ երկրի վրա», Արքայության դատաստաններն իրականացնողներ և նրա օրհնության ուղիներ «երկրի բոլոր ազգերի» համար։ Այսպիսով, այս հին արժանավորների հավատարմությունը ներկայացված էր երինջի հավաքված մոխրի միջոցով՝ պահված հետագա օգտագործման համար, իբրև փորձառության, հավատքի, հնազանդության, վստահության և այլնի արժեքավոր դասեր, որոնք գալիք դարաշրջանում մաքրագործում փնտրող մարդկության աշխարհում կիրառվելիս՝ կսրբացնեին և կմաքրագործեին նրանց  ո՛չ թե առանց Քավության օրվա զոհաբերությունների, այլ դրանց առնչությամբ և դրանց հիման վրա (Սաղմ. 45։16)։

Երինջի այրումը վերահսկում էր քահանան, ով վերցնում էր եղևնու փայտ, զոպայի մի ճյուղ ու մուգ կարմիր մի շոր և գցում այրվող երինջի վրա։ Զոպան խորհրդանշում էր մաքրագործումը, եղևնու փայտը կամ մշտադալար ծառը` հավերժական կյանքը, իսկ մուգ կարմիր շորը` Քրիստոսի արյունը: Այս երեքը կրակի մեջ նետելը նշանակում էր, որ անարգանքը, որն ընկել էր հին արժանավորների վրա, որոնց քարկոծեցին, կտոր-կտոր արեցին և այլն, և որոնց աշխարհն արժանի չէր, թույլ տվեց, որ թանկագին արյան արժանիքները, ճշմարտության մաքրագործումը և հավերժական կյանքի պարգևը նրանց վերագրվեն հավատքով, և որ իրենց մահից հետո նրանք համարվեն մաքրված, արդարացված, ընդունված: Կրտսեր քահանան (ոչ թե Ահարոնը, ով խորհրդանշում էր Տեր Հիսուսին), ով տեսնում, ճանաչում և հավանություն էր տալիս երինջի այրմանը և վերցնում էր դրա արյունն ու շաղ տալիս ժողովի վրանի դռան ուղղությամբ, կարծես թե խորհրդանշում էր մեծ կրտսեր քահանային՝ Պողոս առաքյալին, ով Աստծու օգնությամբ (Եղիազար անունը նշանակում է «Աստծու օգնությունն ունեցող», ոչ միայն մեզ համար սահմանեց Քավության օրվա մեղքի զոհերը, այլ նաև իր գրվածքներում մատնանշեց մեզ (Եբր. 11), ինչը մեզ հնարավորություն է տալիս բնորոշելու կարմիր երինջի զոհաբերությունը՝ որպես հին արժանավորների նախատիպ։ Եվ այսպես նա շաղ է տալիս նրանց արյունը դեպի ժողովի վրանը՝ ցույց տալով, որ նրանց կյանքը լիովին և կատարելապես ներդաշնակ է ժողովի վրանի պայմաններին, թեև նրանք, չապրելով այդ բարձր կոչման օրերին, արտոնություն չունեին դառնալու մեծ Քահանայապետի Մարմնի, թագավորական քահանայության անդամներ։

Այն փաստը, որ կարմիր երինջի վրա երբեք լուծ չէր դրվել, ներկայացնում էր արդարացված մարդկանց դասը՝ ազատված Օրենքի ուխտից: Թեև հին արժանավորների մեծ մասը ծնվել է Օրենքի ուխտի տակ և հետևաբար, ըստ օրենքի, ենթակա է դրա պայմաններին և դրա դատապարտությանը՝ մարմնի անկատարության միջոցով, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Աստված արդարացրեց նրանց հավատքի միջոցով՝ որպես հավատարիմ Աբրահամի զավակներ: Սա լիովին վկայում և հաստատում է առաքյալը, երբ ասում է․ «Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան»․ (ճիշտ կայացված) վճիռ, որը վկայում է այն մասին, որ նրանք գոհացրել են Աստծուն, և որ Նա նրանց օրհնություններ է շնորհել Իր խոստման համաձայն, թեև նրանք այդ օրհնությունները չէին կարող ստանալ այդ ժամանակ, բայց պետք է սպասեին և ստանային Աբրահամի հոգևոր Սերնդի` Քրիստոսի միջոցով: Այն փաստը, որ այս զոհաբերությունը պետք է լիներ կով և ոչ թե ցուլ, տարբերակում էր այն Քավության օրվա մեծ զոհաբերությունից, որը պետք է միայն ցուլ լիներ: Այն, որ դա պետք է լինի կարմիր կով, կարծես թե սովորեցնում է, որ այս հին արժանավորներն անմեղ չէին և հետևաբար ընդունված չէին Աստծու կողմից Քավության օրվա մեծ զոհաբերությունից առաջ, այլ որ նրանք «մեղավորներ էին, ինչպես մյուսները»: Նրանց մաքրագործման կամ հավատքով արդարացման փաստն այլ կերպ է ցույց տրվել, ինչպես արդեն ասվել է վերևում:

Այն մաքրագործումները, որոնց համար նախատեսված էր կարմիր երինջի մոխիրը, հատուկ տեսակի էին, մասնավորապես նրանց պարագայում, ովքեր շփում էին ունեցել մահվան հետ: Սա կարծես, թե ցույց է տալիս, որ երինջի մոխիրը նպատակ չուներ վերացնելու մարդու մեղքը. ոչ, նրա բարոյական մեղքը կարող էր մաքրվել միայն Քավության օրվա զոհաբերությունների արժանիքներով: Մահացածների հետ շփման պատճառով պղծությունից մաքրումը կարծես սովորեցնում է, որ այս մաքրագործումը՝ հին արժանավորների փորձառությունից ազդված, հատուկ կկիրառվի մարդկության աշխարհում Հազարամյա դարաշրջանում, մինչ նրանք փորձում են ազատվել ադամական մահվան ապականությունից՝ ձգտելով հասնել մարդկային կատարելության։ Անկյալ վիճակի բոլոր արատները կապված են մահվան հետ. բոլոր մարմնական տկարություններն ու ժառանգական արատները կապված են մահվան հետ, և կարմիր երինջի մոխիրը պետք է օգտագործվի՝ այդ բոլոր արատներից մաքրելու բոլոր նրանց, ովքեր կդառնան Աստծու ժողովուրդ: Ինչպես կարմիր երինջի մոխիրը, որը դրված է մաքուր տեղում, այնպես էլ հին արժանավորների ցավալի փորձառությունների արդյունքները կլինեն օրհնությունների, ցուցումների և օգնության պահեստ, որով նրանք, երբ դառնան Թագավորության ենթակա «իշխաններ», կաջակցեն վերականգնման գործին: Յուրաքանչյուր ներված մեղավոր, ով ցանկանում է կատարելապես մաքրվել, ոչ միայն պետք է լվացվի ջրով (ճշմարտությամբ), այլ նաև պետք է իր նկատմամբ կիրառի այս «իշխանների» ցուցումները՝ խորհրդանշված երինջի մոխրի շաղ տալով, որը ներկայացնում է հավատքի և հնազանդության արժեքավոր դասեր՝ ուսուցանված այս դասի սեփական փորձով (Ելք 12:22, Ղևտ. 14:4,49, Սաղմ. 51։7, Եբր. 9։19):

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն