Մեր Տերը դավաճանված և մատնված

Հոդվածներ

Հովհ. 18:1-27

Ոսկեղեն համար՝ «Մարդու Որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը» (Մատթ. 17:22):

Այսօրվա դասը պատմության ամենատխուր գլուխներից մեկն է: Այն ուշագրավ կերպով մեզ համար բացահայտում է մարդկային ապերախտության,  եսասիրության, տկարության և վախի խորությունը։ Այնուհանդերձ, դա շատ օգտակար դաս է նրանց համար, որոնց սիրտը պատրաստ է դա ընդունելու,  քանի որ այն նախազգուշացնում է այն տկարությունների մասին, որոնք քիչ թե շատ ընդհանուր են բոլորի համար, և այն վտանգների մասին, որոնց ենթակա են բոլորը: Այն ընդգծում է տասներկու առաքյալներին ուղղված մեր Տիրոջ խոսքերը, խոսքեր, որոնք կիրառելի են նաև Նրա բոլոր հետևորդների համար. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք»(Մատթ. 26:41): Իսկ  ինչ վերաբերում է Պետրոս առաքյալի փորձառությանը և նրա հետ վարվելու մեր Տիրոջ մեծահոգության դեպքին, դասը քաջալերում է մյուսներին, ովքեր Պետրոսի նման անմտորեն շեղվել են ճիշտ ճանապարհից:

Այս դասը Ճիշտ հասկանալու համար մենք վերադառնում ենք նույն երեկոյի վաղ ժամերին, երբ Հիսուսը և Իր ընտրյալ տասներկու հոգին հավաքվել էին ուտելու Պասեքի ընթրիքը: Երեք տարի շարունակ մեր Տերը սովորեցրել էր այդ տասներկու տղամարդկանց՝ պատրաստելով նրանց լինելու Իր ներկայացուցիչներն աշխարհում, Իր խոսափողները Եկեղեցու համար: Նրանք տեսել էին Նրա զորությունը, գիտեին Նրա ուսմունքները և իրենք էին գործադրել բժշկելու և դևեր հանելու իշխանությունը, Նրա զորությունը գործել էր նրանց միջոցով: Նա հոգ էր տարել, որ նրանք հասկանան, որ կարիք ունեն խոնարհ լինելու, որպեսզի դառնան փոքր երեխաների նման՝ պարզ, անկեղծ և հնազանդ, որպեսզի համապատասխանեն այն Թագավորությանը, որը նրանք կանչված էին կիսելու Իր հետ: Մի քանի առիթներով Նա ստիպված էր եղել նրանց ուշադրությունը հրավիրել հեզության և խոնարհության անհրաժեշտության վրա, քանի որ Նա նկատել էր փառասիրության և մրցակցության ոգին նրանց մեջ: Այդ երեկոյան, որը վերջին անգամ մարմնավոր կերպարանքով պիտի անցկացներ նրանց հետ,  նա ափսոսանքով նկատել էր, որ Պասեքի Ընթրիքի համար հավաքվելիս նրանք անտեսել էին այն ժամանակվա սովորական հյուրընկալությունը ոչ միայն միմյանց հանդեպ, այլև Իր հանդեպ՝ իրենց Առաջնորդի, իրենց Վարդապետի հանդեպ, որի մասին դավանում էին, որ հավատում  են, որ Նա է Աստծո առանձնահատուկ Որդին՝ Մեսիան: Նրանք անտեսել էին միմյանց ոտքերը և Նրա ոտքերը լվանալու  սովորությունը, որը  գրեթե անհրաժեշտություն էր հարմարավետ  զգալու  համար այդ փոշոտ երկրում, որտեղ կոշիկների փոխարեն սանդալներ են հագնում։

Ես՝ ձեր Տերը՝ բոլորիդ Ծառան

Մոռանալով  Իր սեփական հոգսի և վշտի  ծանրության մասին և  մտածելով Իր հետևորդների բարօրորության մասին՝  Հիսուսն օգտագործեց առիթը՝ նրանց բոլորին խոնարհության մեծ դաս սովորեցնելու համար: Նա վերցրեց ջրով կոնքը և սրբիչը  և ոտնլվա արեց,  մինչդեռ աշակերտները, ամաչելով, շփոթված, չգիտեին, թե ինչ ասեն կամ անեն այս հանգամանքներում, բացի Պետրոսից, ով բողոքեց, որ չի կարող թույլ տալ, որ Վարդապետը վարվի որպես իր ծառան, բայց երբ Հիսուսը բացատրեց, որ դրա մեջ խորհրդանշական նշանակություն կա, Պետրոսը նույնպես փափագում էր լվացվել: Որպեսզի չլինի թե նրանք չհասկանան դասը, մեր Տերը, ավարտելուց հետո, բացատրեց այն՝ ասելով. «Եթե ես՝ ձեր Տերն ու Վարդապետը, լվացել եմ ձեր ոտքերը,  արտահայտել եմ խոնարհություն և պատրաստակամություն ծառայելու ձեզ ամենաաննշան գործով, դուք, անշուշտ, պետք է հոժար լինեք հետևելու նույն օրինակին միմյանց հանդեպ և կատարելու ամենախոնարհ ծառայությունը միմյանց համար, նույնիսկ այն աստիճանի, որ լվանաք միմյանց ոտքերը առիթ լինելու դեպքում՚:

Դրանից քիչ առաջ Հիսուսը՝ խոսելով առաքյալների հետ, պարզ ասաց նրանց, որ Իրեն մատնելու են իշխանություններին, և որ աշակերտները բոլորը լքելու են Իրեն։ Առաքյալների համար այդ խոսքը ծանր թվաց, դա ենթադրում էր,  որ Հիսուսը չի վստահում իրենց,  և բռնկվող բնավորությամբ  Պետրոսն էր, ով խոսեց և հայտարարեց, որ թեև  բոլորը ուրանան Տիրոջը և լքեն Նրան, ինքը երբեք դա չի անի: Այդ ժամանակ էր, որ մեր Տերը մարգարեաբար ասաց նրան, որ մինչև աքաղաղի երկրորդ կանչը գիշերը, ինքը կուրանա իր Ուսուցչին և հաստատ ասաց նրան, որ սատանան ցանկանում է բռնել նրան, բայց որ Ինքը աղոթում է նրա համար, որ իր հավատքը չպակասի: Անշուշտ, այս խոսքերն արժեքավոր էին առաքյալի համար իր փորձության ժամին,  անկասկած, դրանք օգնեցին, որ  բոլոր առաքյալները աչալուրջ լինեն սպասվելիք բաների հանդեպ:

«Տե՜ր, մի՞թե ես եմ, մի՞թե ես եմ»

Շարունակելով իր նախազգուշացումը, մեր Տերը հայտարարեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է Ինձ»:Ինչպիսի՛ սարսափ պիտի տիրեր։ Մի՞թե հնարավոր է, որ նրանց մեջ, ովքեր արժանացել են Տիրոջ բարեհաճությանը և այդքան երկար ժամանակ շփվել են Նրա հետ, լինի մեկը, որ ուրանա իր Տիրոջը:

Եկեք չմոռանանք այս դասի կարևորությունը. հիշենք, որ Ավետարանի դարաշրջանում Տիրոջ աշակերտները եղել են այնպիսին, ինչպես առաքյալն է այստեղ հայտարարում տասներկուսի մասին՝ «մենք էլ ձեզ նման կրքեր ունեցող մարդիկ ենք», սովորական կյանքով ապրող մարդիկ,  մարդկային անկատարության միջին չափանիշից ո՜չ բարձր, ո՜չ ցածր։  Եկեք հիշենք, որ նույն Տերը, ով զգուշացրեց այդ տասներկուսին  իրենց  սպասվող փորձությունների վերաբերյալ, դեռ հոգում է  Իր Եկեղեցու, Իր հոտի համար, և մենք կարող ենք ենթադրել, որ հատկապես հոգում է բոլոր նրանց մասին,  ովքեր եղբայրների մեջ պատասխանատու դիրք ունեն: Նա դեռ պահպանում է մեզ, զգուշացնում է, ձգտում  է մեզ հետ պահել հակառակորդի իշխանության տակ ընկնելուց: Նա դեռ աղոթում է Իր հավատարիմների համար, նրանց համար, ովքեր սրտով հավատարիմ են Իրեն, բայց ովքեր ունեն մարմնի տկարություններ, որոնք կարող են ավելի ծանրացնել նրանց փորձությունները:  Քանի որ առաքյալների հանդեպ մեր Տիրոջ հետաքրքրությունն ու ջանքերը մեծանում էին, երբ նրանք մոտենում էին իրենց փորձության  հատուկ ժամին, մենք էլ կարող ենք վստահ լինել, որ այսօր դա վերաբերում է ընդհանրապես Իր Եկեղեցուն, երբ նրա Մարմնի վերջին անդամները՝ «Նրա ոտքերը», մոտենում են վճռորոշ ժամին՝ «Փորձության ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի երկրի երեսին բնակվողներին փորձի» (Հայտն. 3:10):

Վարդապետը մեզ հետ չի խոսում լսելի ձայնով,  ինչպես խոսում էր տասներկուսի հետ, բայց մի՞թե Նա մեզ հետ նույն ուժով և լրջությամբ չի խոսում: Մի՞թե այդ աշակերտներին ուղղված Տիրոջ խոսքերն ու գործերը այսօր մեզ չեն բերում նույն դասն ու նույն ուժը, որը նրանք ստացան: Այս օրինակներից և նախազգուշացումներից բացի, մի՞թե մենք չունենք Սուրբ Գրքի հատուկ հայտարարություններ վերջին ժամանակաշրջանի վերաբերյալ: Մի՞թե  մեր Տերը լավ և անպետք ձկների առակում մեզ չի բացատրել, որ Ավետարանի այս դարաշրջանի վերջում Ավետարանի ցանցում գտնվողների միջև բաժանում է լինելու: Ցորենի և որոմի առակում մի՞թե Նա կրկին չի պատմում մեզ բաժանման մասին, որը տեղի է ունենալու  այս Ավետարանի դարաշրջանի հունձքի ժամանակ, երբ միայն ճշմարիտ և հասուն ցորենը կհավաքվի շտեմարանում: Մի՞թե Նա առաքյալի միջոցով չի նախազգուշացնում մեզ, որ վերջին ժամանակաշրջանում  կգան չար ժամանակներ, որովհետև մարդիկ կլինեն սեփական անձը սիրող՝ եսասեր, փառասեր, ավելի շատ հաճույքներ սիրող, քան աստվածասեր: (2 Տիմոթ. 3:1,2):  Մի՞թե Նա չի ասում մեզ, որ դա կլինի աստվածային ծրագրի ժամանակ, երբ Աստված կուղարկի (թույլ կտա)  ուժեղ մոլորություններ, որպեսզի ստին հավատան բոլոր նրանք, ովքեր չեն ընդունել ճշմարտությունը սիրով և ջերմեռանդությամբ (2 Թեսաղ. 2։11):

Փորձության ժամը, որը փորձելու է

Մի՞թե Նա նաև չի ասում մեզ, որ այս ժամի փորձությունները  կլինեն այնպիսին, որ  եթե հնարավոր լիներ, կմոլորեցնեին «նույնիսկ ընտրյալներին», բայց  նրանց դեպքում դա հնարավոր չի լինի իրենց սիրո, ջերմեռանդության և հաջորդող օրհնությունների ու արտոնությունների պատճառով, որոնք աստվածային բարեհաճությունը շնորհելու է նրանց: Եվ եթե Պետրոսին հատուկ քաջալերանք տրվեց. «Ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի», մի՞թե  մենք դրա լրիվ համարժեքը չունենք  Սուրբ Գրքում՝  «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր», «Իմ շնորհքը քեզ բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (Մատթ. 28 :20, 2 Կորնթ. 12:9): Անկասկած, մենք ամեն կերպ առաքյալների նկատմամբ մեծ առավելություն ունենք նրանց փորձության ժամանակ, և այս առավելությունն ընդգծվում է այն փաստով,  որ նրանց փորձությունը նրանց վրա եկավ նախքան Սուրբ Հոգով օծվելը, մինչդեռ մեր փորձությունները հասնում են մեզ այն ժամանակ, երբ մենք օծված Մարմնում ենք: Երբ մենք այժմ նայում ենք ապագային  և լսում ենք այս պատգամը՝  «Առավոտը գալիս է, նույնպես և գիշերը»( Եսայի 21:11),  մենք կարող ենք նախազգուշացված լինել, թե ինչ սպասել նեղության այդ կարճ գիշերվա ընթացքում, որն ազդելու է նվիրված հետևորդների վրա, մինչև ընդհանրապես աշխարհին հասնելը: Փորձության այս ժամին մենք պետք է ակնկալենք, որ «Հազար հոգի քո կողքից ու տասը հազար քո աջ կողմից են ընկնելու, բայց դա քեզ չի մոտենալու», մինչդեռ մենք պետք է հիշենք, որ այս խոստումը միայն հատուկ դասի մարդկանց համար է, ովքեր Տիրոջը՝ Բարձրյալին իրենց ապաստարան և բնակարան են դարձրել. ոչ մի չարիք չի մոտենալու նրանց հարկին» (Սաղմոս 91:7, 9): Ուրեմն, սիրելիներ, հագնենք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանանք դիմադրել չար օրում, կարիք կունենանք հսկելու աղոթքով մեզ համար և նրանց համար, որոնց վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց  մեզ՝ կերակրելու համար Աստծո հոտը, որն Իր Որդու արյամբ գնեց:

Ինչպես որ միասին ճաշ ուտելը հավատարմության գրավական էր, այնպես էլ Վարդապետի կողմից  պատառի թաթախումը  հատուկ շնորհ էր, և դա տրվեց Հուդային ընթրիքի ժամանակ՝ ցույց տալու նրան, ով մատնելու է Տիրոջը: Մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել, քան նկարագրել, թե ինչպես են առաքյալները ձայնի տարբեր հնչերանգներով հարցնում Տիրոջը՝ «Մի՞թե ես եմ՚, և թե ինչպես Հուդան էլ նույն հարցը տվեց։ Մենք կարող ենք պատկերացնել մեր Տիրոջ  հայացքը, երբ Նա տվեց նրան թաթախված պատառը՝ գործով և հայացքով ասելով. Ինչու՞ ես դու մերժում Իմ  գթասիրությունը, որ շնորհել եմ քեզ: Դու դավանել ես, որ Իմ ընկերն ես ու աշակերտը. Ես, անշուշտ, ընկերոջ պես եմ վերաբերվել քեզ»: Այդ հայացքն ու այդ պատառը պետք է հուզեին եսասեր Հուդային, բայց ինչպես որ փարավոնից պատուհասները վերցնելու ժամանակ Տիրոջ ողորմությունը  էլ  ավելի կարծրացրեց փարավոնի սիրտը, այնպես էլ  մեր Տիրոջ խոնարհության և բարության յուրաքանչյուր լրացուցիչ դրսևորում Հուդայի սիրտը կարծրացնելու ազդեցություն է ունեցել: Ի պատասխան մեր Տիրոջ հայացքի և թաթախած պատառի՝ Հուդան, այնքան հեռու էր զղջալուց, ավելի չարացած էր, ավելի վճռական՝ իրականացնելու իր ծրագիրը: Դա երևում էր նրա աչքերում. մեր Տերը կարդաց նրա մտքերը և պատասխանեց այս խոսքերով. «Ինչ որ անելու ես՝ շուտով արա»:

Եկեք չմոռանանք, որ այդ դասը վերաբերում և առնչվում է Տիրոջ ժողովրդին այսօր: Եթե Աստծուն նվիրվածներից որևէ մեկը եսասիրություն և անձնական փառասիրություն հետապնդի,  կունենա նույն ավարտը, որը Հուդան ունեցավ: Իրենց աճեցրած ոգու ազդեցությունը  նրանց ավելի ու ավելի հեռու կտանի Տիրոջ գործի հանդեպ նվիրումից և հավատարիմ եղբայրներից, մինչև որ նրանք, Հուդայի պես, պատրաստ կլինեն վաճառելու ճշմարտությունը մի փոքր անձնական շահի համար: Եվ երբ սրտի այդպիսի վիճակի հասնեն նրանք, ովքեր ժամանակին լուսավորվել են և ճաշակել են Աստծո բարի Խոսքը և գալիք աշխարհի զորությունները, ոչ մի զորություն չի խանգարի նրանց մինչև վերջ շարունակելու իրենց չար ընթացքը: Նրանց միտքն այնքան է թունավորվում ճշմարտության դեմ, որ հենց բարեհաճության թաթախված պատառները իրենց ավելի են մոտեցնում չարին: Ինչպես Հուդայի դեպքում, մենք կարդում ենք, որ այդ ժամանակ սատանան մտավ նրա մեջ, նույնը վերաբերում է այդ դասի մարդկանց. մենք կարող ենք ակնկալել, որ հակառակորդը կստանա ավելի ամբողջական իշխանություն և հսկողություն նրանց վրա:

Գեթսեմանիի դասերը

Կարելի էր մտածել, որ այդ գիշերվա տպավորիչ դասերը այնքան կլցնեին առաքյալների միտքը և այնքան կզգաստացնեին նրանց, որ նրանց քունը կփախչեր: Բայց  այդպես չեղավ. նրանք գրեթե չհասկացան, թե ինչպես պետք է ընդունեն Վարդապետի խոսքերը. Նա այնքան ուշագրավ բաներ էր ասել, որոնք նրանք չհասկացան: Այնքան անհասկանալի էր թվում, որ Նա, ով եկել է լինելու Մեսիան և թագավորելու, պիտի  դավաճանվի և խաչվի, և որ նրանք, ում նա խոստացել էր, որ պիտի Նրա հետ նստեն Իր գահին, բոլորը պիտի թողնեն նրան և փախչեն: Ուստի կրկնվող պատվիրանը, որ նրանք պետք է արթուն մնան և աղոթեն, քիչ տպավորություն թողեց նրանց վրա: Նույնիսկ Հիսուսի երեք առանձնահատուկ ընկերները, որոնց Նա դարձրել էր Իր հատուկ մտերիմները և Իր հետ տարել էր  Պայծառակերպության լեռը մեկ այլ հատուկ առիթով, առանց մյուսների, նույնիսկ այս երեքը նիրհում էին, բացի այն դեպքերից, երբ Տերը ժամանակ առ ժամանակ այցելում  էր նրանց և արթնացնում, և նրանք նկատեցին որոշ դեպքեր և գրանցեցին մեզ համար:

Դառնության արմատ թող չաճի

Իսկ հիմա՞: Մոտենում է նեղության գիշերը, մոտենում է փորձության ժամը, որը կփորձի բոլոր երկրի երեսին բնակվողներին, և լսելով Վարդապետի բազմաթիվ նախազգուշացումները Խոսքի միջոցով, որ մենք պետք է արթուն լինենք և աղոթենք, որպեսզի չմտնենք փորձության մեջ, ի՞նչ վիճակում ենք մենք: Ավա՜ղ։ Նրանցից շատերը, ովքեր, Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի նման արժանացել են Տիրոջ հատուկ բարեհաճությանը, հատկապես մոտ են եղել Նրան, չեն կարողանում գիտակցել այն ժամանակի կարևորությունը, որում մենք ապրում ենք, չեն գիտակցում, որ կանխատեսված փորձությունները շուտով գալու են նրանց վրա, և որ, Պետրոսի նման, նրանք  կլինեն Տիրոջ հավատարիմների միջից մաղվելու, դուրս մնալու վտանգի մեջ:

Մենք կարող ենք որոշ չափով պատկերացնել մեր Տիրոջ վիճակը: Նրա փորձության մեծ ժամը հասել էր: Նա դա լիովին հասկանում էր. դա նշանակում էր որ ոչ միայն Իր իսկ հավատարմությունը՝ անցյալում և ներկայում, և հաջորդ օրը, ցույց էր տալու  Հոր հանդեպ Իր նվիրվածությունը և որոշելու էր փառքի, պատվի և անմահության բարձր պարգևը ստանալու Իր իրավունքը, այլ նաև նշանակում էր, որ  վճռական պահ է լինելու ողջ մարդության համար: Հաղթանակը ի վերջո նշանակելու է մեղքի և մահվան գերության մեջ գտնվող բոլոր բանտարկյալների ազատագրումը, պարտությունը  նշանակելու է ամեն ինչի կորուստը:  Կարո՞ղ ենք զարմանալ, որ Նրա հոգին չափազանց տխուր էր, և որ զգացմունքների ուժգնությունից Նրա ծակոտիներից արյունոտ քրտինքն էր հոսում։ Ա՛խ, սիրելի Վարդապետ: Նրա մասին լավ էր գրված. «Ժողովրդից ոչ մեկն ինձ հետ չէր»: Նույնիսկ Նրա ամենամտերիմ և ամենասիրելի աշակերտները չկարողացան գնահատել պայմանները և Նրան տալ այն  կարեկից օգնությունը, որը Նա փափագում էր: Ի՞նչ չէին տա այդ աշակերտներն այնուհետև, որպեսզի նորից առիթ ունենային ծառայելու իրենց Տիրոջը Նրա փորձության ժամին: Ի՛նչ արտոնություն էին նրանք բաց թողել: Այստեղ դաս կա նաև մեզ համար, որովհետև թեև Տերը մարմնի մեջ չէ և այլևս չի տառապելու, Նրա անդամներից ոմանք դեռ մարմնում են, ոմանք պետք է տառապեն Նրա հետ, եթե ուզում են թագավորել Նրա հետ: Մեր տառապանքները ոչ բոլորն են Վարդապետի տառապանքների նման, ոչ էլ մեզանից յուրաքանչյուրը ունի նույն տառապանքները, ինչ մյուսներն ունեն, յուրաքանչյուրն ունի իր սեփական փորձառությունը, որը պետք է ապացուցի, փորձի, հարմարեցնի, հղկի նրան, որպեսզի պիտանի դառնա Վարդապետի օգտագործման համար: Արդյո՞ք մենք միմյանց հանդեպ  ունե՞նք այդ կարեկցանքը, այդ մեծ սերը, որը մեզ կմղի օգնելու միմյանց և կրելու միմյանց բեռները և այդպիսով կատարելով Քրիստոսի օրենքը՝ Սիրո օրենքը: Թե՞ մենք Հուդայի ոգին ունենք, որը վնաս է հասցնում։  Կամ արդյո՞ք ունենք ծույլ անտարբերության ոգին և գնահատելու անկարողությունը, որը մեզ կստիպի քնելու, մինչ Մարմնի մյուս անդամները վտանգի տակ են, մինչ եղբայրները տառապում են և փորձության մեջ են: Մեր Տերը փնտրում է այս հարցերի մեր իրական  պատասխանը, և Նրա սերն ու բարեհաճությունը կլինեն նրանց վրա, ովքեր ամենից շատ կդրսևորեն Իր Հոգին:  Մեզ շատ բան է տրվել, քանի որ փորձության ժամը նույն կերպ գալիս է մեզ վրա այն բանից հետո, երբ մենք ստացել ենք Սուրբ Հոգու օծությունը: Մեզնից համապատասխանաբար ավելին է ակնկալվում՝ «Մենք էլ պետք է մեր կյանքը տանք մեր եղբայրների համար»:

Մի հրեշտակ զորացնում էր Նրան

Երբ մեր Տերն Իր տառապանքների մեջ աղոթեց Հորը. «Եթե հնարավոր է, թող այս բաժակն Ինձանից անցնի», մենք չպետք է ենթադրենք, որ Նա նկատի ուներ մահվան բաժակը, քանի որ Նա արդեն բացատրել էր Իր աշակերտներին, որ այս մահն անհրաժեշտ է, և որ Նա աշխարհ է եկել հենց այդ նպատակով: Ուրեմն ո՞րն էր այն բաժակը, որի մասին խնդրեց, որ անցնի Իրենից: Մենք պատասխանում ենք, որ, ամենայն հավանականությամբ, Նա նկատի է ունեցել այն առանձնահատուկ անարգանքը, որը կապված կլինի Իր խաչելության հետ, որ Նա մահապատիժ է կրելու որպես Աստծո դեմ հայհոյող և  խաչվելու է երկու ավազակների միջև: Մեկ այլ սուրբգրային համար մեզ հասկացնում է, որ մեր Տիրոջ տառապանքի ուժգնությունը կապված էր Իր իսկ հավատարմության հետ, որից կախված էր Նրա հարությունը: Եթե Նա խախտեր Օրենքի թեկուզ մեկ կետ կամ նշանագիր, ապա Նրա կյանքը կդատապարտվեր և կկորսվեր այնպես, ինչպես Ադամինը, և արդյունքում Նա չէր ունենա հարություն և ապագա կյանք, և ամբողջ աշխատանքը, որի համար Նա աշխարհ էր եկել, կձախողվեր: Սուրբգրային համարը, որը մենք վկայակոչում ենք, ասում է. «Նա, ով Իր մարմնի օրերում սաստիկ աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում Նրան, որ կարող էր Իրեն մահից փրկել, և լսվեց Իր բարեպաշտության համար» (Եբր. 5:7): Թեև Նրա աշակերտներից ոչ մեկը չհավաքվեց Նրա շուրջը՝ վստահեցնելու Նրան, որ Նա եղել է անբիծ և անարատ, և որ Նրա  կյանքի յուրաքանչյուր գործ լիովին համապատասխանել է աստվածային կամքին, Աստված քաջալերեց Նրան՝ հատուկ կերպով ուղարկելով մի հրեշտակի, ով զորացնում էր Նրան,  ով ծառայում էր Նրան, ով  հետևաբար  վստահություն է տվել Հոր կողմից, որ Ինքը հավատարիմ է եղել, որ հավանության է արժանացել:

Այդ վստահության ուժով մեր Տերը վեր կացավ հաստատուն, հանգիստ, ուժեղ այդ գիշերվա և հաջորդ օրվա բոլոր գալիք իրադարձությունների համար մինչև Իր մահվան պահը: Մեր կյանքում էլ պետք է այդպես լինի. իրականում ապագայի վերաբերյալ որոշակի անհանգստություն պետք է լինի: Տերը հավանություն չի տա, եթե մենք անհոգ  լինենք մեր կոչումն ու ընտրությունը հաստատելու հարցում: Մենք պետք է գնահատենք կյանքը, և հատկապես այն ավելի առատ կյանքը, որը մեզ խոստացվել է, եթե հավատարիմ մնանք: Մենք այնքան պետք է գնահատենք դա, որ մեր հայացքն ուղղված լինի Տիրոջը՝ Նրա սիրո և բարեհաճության այնպիսի արտահայտությունների համար, որոնք մեզ վստահություն կտան, որ մենք դեռ Իրենն ենք, և որ փառավոր հույսերն ու խոստումները դեռ մերն են: Եվ Նրա հավաստիացումները կամ մխիթարությունը չեն կարող գալ երկրային ծառայություններից. Տերն Ինքը հոգ կտանի, որ իր Մարմնի յուրաքանչյուր անդամ, ով խորը անկեղծությամբ մտահոգված է այդ թեմայի շուրջ, ունենա Հոգու պատշաճ վկայությունը, իր սրտի պատշաճ վկայությունը, որ ինքը մշտապես ընդունված է և հավատարիմ:

Հիսուսը դավաճանվեց համբույրով

Դավաճանությունը բոլորի կողմից արհամարհված է և իրավացիորեն է այդպես, հետևաբար Սատանան՝ Աստծո դավաճանն ու Հուդան՝ մեր Տեր Հիսուսի դավաճանը, աչքի են ընկնում որպես ներկայացուցիչներ այնպիսի մտքի և սրտի վիճակի, որից պետք է խուսափեն բոլորը. դա այնպիսի սրտի վիճակ է, որի մասին Տերը հայտարարել է, որ արժանի է և ստանալու է երկրորդ մահը՝ հավիտենական կործանումը: Ավետարանի տարբեր գրառումներից մենք իմանում ենք, որ Հուդան, թողնելով Տիրոջ և տասնմեկ առաքյալների ընկերակցությունը, նորից գնաց քահանայապետների մոտ, որոնց հետ արդեն հանդիպում ունեցել էր: Նա ավարտեց գործարքը և դարձավ տաճարի պահակների կամ տաճարի ոստիկանների  և նրանց հետևորդների խմբի առաջնորդը: Նրանք,  զինված իրենց սրերով և մահակներով, իրենց հետ վերցրին ճրագները, որոնք անհրաժեշտ էին սաղարթախիտ ծառերի մեջ տեսնելու համար,  թեև լիալուսին էր: Իշխանավորների տեսակետից կեսգիշերային ժամը ամենանպաստավորն էր, քանի որ այն ժամանակ Զատիկի տոնի համար Երուսաղեմում գտնվող մեծ ամբոխում կային շատերը, ովքեր ճանաչում էին Հիսուսին և ականատես էին եղել Նրա հրաշքներին, և Նրա ձերբակալությունը ցերեկային ժամերին կարող էր իրարանցում առաջացնել: Հավանաբար մեր Տերը գնաց պարտեզ, քանի որ այն պատկանում էր Իր ընկերներից մեկին, և որովհետև Իր աշակերտները բացօդյա վայրից  ավելի լավ հնարավորություն կունենային խուսափելու ձերբակալությունից, թեև չի երևում  որ որևէ հատուկ ջանք է արվել ձերբակալելու համար, բացառությամբ այն դեպքի, որը հիշատակում է Մարկոսը մի երիտասարդի մասին, որը հետևում էր ամբոխի հետ, երբ նրանք տանում էին Հիսուսին, և ով երկար ու լայն հանդերձ էր հագել, և երբ նրանք բռնեցին նրան, նա մերկ փախավ նրանցից։ Ենթադրվում է, որ դա Հովհաննես Մարկոսն էր՝ Մարկոսի Ավետարանը գրողը, և որ նա ապրում էր այն տանը, որի մի մասն էր կազմում Գեթսեմանի պարտեզը:

Երբ վերջացավ մեր Տիրոջ տառապանքով լի աղոթքը և մխիթարությունը, Նա վերադարձավ առաքյալների մոտ՝ ասելով.«Սրանից հետո քնեք և հանգստացեք»:  Ինձ հետ արթուն մնալու կամ մխիթարական խոսք ասելու ձեր  հնարավորությունն անցել է, ձեր սեփական սրտերն ու մտքերը գալիք փորձություններից պաշտպանող աղոթքով արթնացնելու հնարավորությունն անցել է: Ահա գալիս է  նրանց խումբը, ովքեր ձերբակալելու են Ինձ:  Խմբից մի փոքր առաջ եկավ Հուդան, որը ցույց տվեց Վարդապետին դավաճանական համբույրով, որի մասին Հովհաննեսը չի գրել ամոթի պատճառով: Երբ Վարդապետն ասաց. «Համբույրո՞վ ես մատնում Մարդու Որդուն», Հուդան տեսավ, որ իր խաբեությունը բացահայտված է, թողեց Նրան և միացավ Հիսուսին ձերբակալելու եկած խմբին, իսկ Հիսուսը թաքստոցից դուրս գալով՝ ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»:  Երբ նրանց պատասխանից հետո Նա ասաց. ՙԵս եմ, թողեք Իմ ընկերները գնան՚, կարդում ենք, որ այդ  մարդիկ ետ-ետ գնացին և գետին ընկան: Սա, անկասկած, արդյունքն էր այն զորության, որը մեր Տերը կիրառեց նրանց վրա, այն զորության, որով Նա կարող էր լիովին դիմադրել նրանց, եթե այդպես կամենար: Այն, ինչ նա արեց, բավական էր ցույց տալու նրանց և Իր առաքյալներին, որ Իր հանձնվելը հարկադրված չէր, այլ որ Հոր կամքը կատարվեր:

Որոշ ժամանակ առաջ Հիսուսն ասել էր, որ նրանք պետք է մի քանի սուր ունենան, և տեսնելով, որ դրանք երկուսն են, ասել էր, որ բավական են: Պետրոս առաքյալն ակնհայտորեն կրում էր դրանցից մեկը, և երբ զինված մարդիկ մոտեցան Տիրոջը, Պետրոսը սուրը օգտագործեց և կտրեց քահանայապետի ծառա Մաղքոսի ականջը: Այս դեպքն ակնհայտորեն Տիրոջ մտադրությունն էր ցույց տալու, որ Իր հանձնվելը աշակերտների կամ Իր վախկոտության պատճառով չէր: Այն նաև հնարավորություն տվեց բժշկելու թշնամուն մեր Տիրոջ հպումով և հնարավորություն էր ասելու Պետրոսին.«Սուրդ տեղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի մեռնեն»,  այլ կերպ ասած՝ Իմ հետևորդները չպետք է կռվեն մարմնավոր զենքերով, Իմ Թագավորությունը չպետք է հաստատվի այս ձևով:

Աննան մի քանի տարի եղել էր քահանայապետ, և պաշտոնում նրան հետևել էին իր  մի քանի որդիներ, իսկ այժմ իր  փեսան՝ Կայիափան էր զբաղեցնում այդ պաշտոնը։ Այնուամենայնիվ, Աննան որոշակի առումով ճանաչված էր, և հետևաբար մեր Տիրոջը սկզբում  տարան նրա առջև: Աննան հարցաքննել է նրան, սակայն չի փորձել դատական քննություն անել: Դա եղել է Կայիափայից առաջ և, ըստ երևույթին, քահանայապետի պալատի մեկ այլ մասում։

Ըստ երևույթին, այն ժամանակ, երբ Աննան քննում էր մեր Տիրոջը, կրակի մոտ տաքացող Պետրոսին հարցրին մեր Տիրոջ հետևորդ լինելու վերաբերյալ, և նա երեք անգամ ուրացավ, և անմիջապես լսվեց  աքաղաղի կանչը: Պետրոսը լսեց դա, և երբ մեր Տերը Աննայի ներկայությունից  տարվում էր Կայիափայի մոտ դատաքննության,  նայեց Պետրոսին: Ինչպիսի՜ քարոզ կար Պետրոսին ուղղված հայացքում։ Նա, ով  պարծեցել  էր իր քաջությամբ, որ երբեք չէր ուրանա Տիրոջը, չկատարեց իր խոստումը:  Որքա՛ն ավելի թույլ էր ինքը, քան կարծում էր։ Ինչպե՛ս կատարվեց Տիրոջ մարգարեությունը՝ մինչև աքաղաղի երկրորդ կանչը դու երեք անգամ կուրանաս Ինձ։ Նա դուրս եկավ և դառնորեն լաց եղավ, վշտացած սրտով և լիովին ամոթահար, անկասկած, վճռելով, որ ապագայում քիչ է պարծենալու և ավելի շատ է արթուն մնալու և աղոթելու, ինչպես պատվիրել էր Վարդապետը:

Մենք չգիտենք, թե այսպիսի  փորձառությունները  որքանով են հիմա ապրում  Տիրոջ սիրելիներից ոմանք:  Բայց եկեք հուսանք, որ եթե մենք ցավալիորեն  այնքան հեռանանք մեր սեփական հույսերից և արտոնություններից, որ Վարդապետը ոչ միայն կաղոթի մեզ համար, ինչպես արեց Պետրոսի համար, այլև կուղղի մեզ Իր հանդիմանական հայացքները, ինչպես նաև այն հայացքները, որոնք մեզ կհիշեցնեն Նրա կարեկցությունն  ու սերը, որպեսզի մենք չընկճվենք մեր սեփական տկարության  և ամոթի զգացումից, որ մեր զղջումը նման չլինի Հուդայի զղջմանը, այլ լինի Պետրոսի զղջման նման՝ անկեղծ և ընդունելի Տիրոջ համար:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն