Մատթ. 26:36-46
Սակայն ոչ թե Իմ, այլ Քո կամքը թող լինի (Ղուկաս 22:42):
Մեր նախորդ դասի ավարտին տեսանք, որ մեր Տերն ու Իր աշակերտները դուրս եկան վերնատնից, որտեղ նրանք հիշել էին Նրա մահը: Նրանք գնացին Ձիթենյաց լեռը, այնտեղ գտնվող մի այգի, որը հայտնի է Գեթսեմանի անունով, որը նշանակում է «ձիթհանքի վայր», հավանաբար այն պատճառով, որ այնտեղ ձիթապտուղներ էին ճզմում, իսկ ստացված յուղը օգտագործվում էր թե՜ լույսի, թե՜ սննդի համար։ Ավետարանիչներից մեկը այն կոչում է ՙԳեթսեմանիի պարտեզ», բայց ՙպարտեզ՚ բառը, որն օգտագործվում էր հին ժամանակներում, ավելի շատ համապատասխանում է մեր ՙայգի՚ բառին. դա ծաղկանոց չէր։ Այժմ մի փոքրիկ պարիսպ կա Ձիթենյաց լեռան կողքին, մոտ 150 ֆուտ քառակուսի մակերեսով, որը հայտնի է որպես մեր Տիրոջ տագնապալից աղոթքի վայր: Այնտեղ կան ութ շատ հին և շատ ծռված ձիթենիներ, և անկախ այն բանից դա ճշգրիտ տեղն է, թե ոչ, բավական լավ է ներկայացնում այն:
Մեր Տերը հավանաբար երկու պատճառ ուներ այստեղ գալու համար այդ գիշեր: Նախ, հասկանալով, որ Իրեն ձերբակալելու են դավաճան Հուդան և նրա բերած խումբը, մեր Տերը հավանաբար չցանկացավ իրարանցում բերել կամ նեղություն պատճառել այն ընկերոջը, ով այդքան սիրալիր կերպով թույլ էր տվել Նրան օգտվել վերնատնից: Երկրորդ, Նա ցանկանում էր կեսգիշերային անդորրը այն բլրի լանջին, որտեղ Նա կարող էր մենակ մնալ Աստծո հետ, որպեսզի Իր սիրտը աղոթքով բերեր Նրա առաջ և ստանար այն ուժը, որն անհրաժեշտ էր մոտալուտ փորձության համար: Այս վերջին մտքի հետ ներդաշնակությամբ մենք տեսնում ենք, որ երբ մեր Տերը հասավ այգու մուտքի մոտ, Նա թողեց աշակերտներից ութին այնտեղ՝ որպես, այսպես ասած, պահակ, կամ որպես պահակախումբ զգուշացնելու համար, և Իր հետ վերցրեց այն նույն երեք աշակերտներին, որոնց Նա հատուկ պատվել էր այլ առիթներով՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին. Պետրոսը, համարձակն ու բռնկվողը, Հակոբոսը և Հովհաննեսը, այսպես կոչված, «որոտման որդիները»՝ Իր աշակերտներից երեք ամենահամարձակները, ամենանախանձախնդիրները, ամենաեռանդունները: Նա ցանկանում էր, որ Իր տագնապալից ժամին նրանք Իրեն ամենամոտը լինեն: Եվ այնուամենայնիվ, այդ պահին Նա ցանկանում էր ավելի մենակ մնալ իր աղոթքում, քանի որ նույնիսկ այս ամենաճշմարիտ ընկերները չէին կարող գնահատել իրավիճակը. ՙժողովրդից ոչ մեկն Իր հետ չէր՚: Ուստի Նա թողեց նրանց և մի քարընկեցի չափ հեռացավ, որտեղ Նա երեսնիվայր ընկավ Իր ծնկների վրա, դեմքով դեպի գետին, ինչպես ցույց են տալիս տարբեր արձանագրությունները, և այդպիսով, Նա միայնակ հաղորդակցվեց Հոր հետ:
Այս առիթով մեր Տիրոջ փորձառության տարբեր վկայությունները միասին ցույց են տալիս մեզ, որ հոգեկան տառապանքը հասավ Նրա վրա այնպիսի դաժան ուժգնությամբ, որը Նա նախկինում երբեք չէր զգացել, և որ բեռը էլ ավելի էր ծանրանում՝ ՙմեռնելու չափ տրտմած էր՚. դա մի վիշտ էր, որը գրեթե ջախջախեց Նրա կյանքը, ինչպես ասում է Մատթեոսը: Մարկոսն ասում է (Մ.14:33), որ նա «խիստ վշտացած էր», քանի որ վիշտն անսպասելիորեն իջել էր Իր վրա, կարծես Նա շփոթված լիներ: Ղուկասը, որը բժիշկ էր, ասում է, որ Նա ՙտագնապի մեջ էր. դա մրցություն էր, պայքար, հունարենում օգտագործվող բառը ենթադրում է էլի ավելի ուժգնացող և խստացող պայքար, այնպես որ ՙքրտինքը դարձավ արյան մեծ կաթիլների պես՚. և այս արյունոտ քրտինքը այսօր անհայտ չէ բժիշկներին, թեև շատ հազվադեպ է: Այն նշում է զգացմունքի ծայրահեղ լարվածություն՝ մահվան չափ տրտմություն:
Անհավատները ենթադրել են, որ մեր Փրկչի վշտի, արցունքների և աղոթքների այս պատմությունը վկայում է Նրա տկարության մասին: Նրանք պնդում են, որ եղել են տարբեր կրոնների բազմաթիվ նահատակներ, ովքեր մահն ընդունել են համարձակությամբ, ստոիկյան հաստատակամությամբ, երբեմն՝ ժպիտով, և որ այս պատմությունը ցույց է տալիս, որ Հիսուսը եղել է վախկոտ և ցածր է եղել մյուսներից, ոչ թե բարձր: Բայց այս թեմայի հետ կապված մի բան կա, որը նրանք կարծես չեն հասկանում: Ընկած, այլասերված, կոպիտ մարդկությանը բնորոշ է թմրությունն ու անզգայությունը, որով նրանք անտարբերությամբ են վերաբերվում ցավին և մահին, ինչը թույլ է տալիս նրանց դրանք ընդունել առանց մեծ հույզերի, կամ դաժանորեն նույնը պատճառել ուրիշներին առանց կարեկցանքի: Մենք ուրախ ենք, որ Հիսուսը նման չէր այդ սառը, ստոիկ այսբերգներին, այլ Նա լցված էր ջերմ, սիրառատ, քնքուշ զգացմունքներով և զգայունությամբ, և, հետևաբար, մենք կարող ենք գիտակցել, որ Նա կարող է կարեկցել ամենաքնքուշին, ամենանուրբին, ամենազգայունին, ավելի շատ, քան ցանկացած մարդ: Նա, հավանաբար, խորապես զգացել էր այն պայմանները, որոնցում Նա դրել էր Ինքն Իրեն՝ մեզ համար Իր կյանքը տալով, որովհետև որքան կատարյալ է օրգանիզմը, այնքան ավելի զգայուն և ուժեղ են զգացողությունները, այնքան ուժգին կարող է զգալ ուրախությունն ու վիշտը. մեր Տերը, լինելով բացարձակապես կատարյալ, պետք է անչափ ավելի ենթակա լիներ ցավի ազդեցությանը, քան ուրիշները:
Բացի այդ, Նա ուներ կատարյալ, անկորուստ կյանք և Նա դա գիտեր ու հասկացավ, որ շուտով բաժանվելու է դրանից, մինչդեռ մարդկային ընտանիքի մյուս անդամներն ունեն միայն կորստյան ենթակա կամ դատապարտված գոյություն, և գիտակցում են, որ ամեն դեպքում ստիպված են լինելու բաժանվել դրանից: Հետևաբար, մեր Տիրոջ համար Իր կյանքը տալը կլիներ բոլորովին այն բան, քան իր հետևորդներից որևէ մեկի՝ իրենց կյանքը տալը: Եթե ենթադրենք, որ 100-ը ներկայացնում է կատարյալ կյանքը, մեր Տերն ուներ զոհաբերելու ամբողջ հարյուր միավորը, իսկ մենք՝ լինելով ավելի քան իննսունինը տոկոսով մեռած՝ հանցանքների, մեղքերի և դատապարտության միջոցով, կարող էինք առավելագույնը զոհաբերել միայն մեկ հարյուրերորդ մասը: Կյանքի կորստի հանդեպ սառը, ստոիկ անտարբերությունը, որը հիմնված է այն գիտելիքի վրա, որ կյանքն, այնուամենայնիվ, երկար չի տևելու, շատ տարբեր կլինի այն հստակ գիտելիքից, որ ուներ մեր Տերը՝ հիմնված Հոր հետ ունեցած իր փորձառության վրա «աշխարհի լինելուց առաջ», գիտակցելով, որ այն կյանքը, որ Նա այժմ պատրաստվում էր տալ, չի կորել մեղքի պատճառով, այլ եղել է Իր իսկ կամավոր զոհաբերությունը:
Որոշ ժամանակ աղոթելուց հետո Նա գնաց երեք աշակերտների մոտ, որոնց ամենից շատ էր վստահում, և որոնք Նրա ամենափորձված և վստահելի ուղեկիցներն էին, բայց Նա գտավ նրանց քնած: Ղուկասը բացատրում է, որ նրանց քունը վշտի հետևանք էր։ Գիշերը և դրա դասերը տպավորիչ էին. հիշատակի ընթրիքը, որը նրանք լիովին չէին հասկացել, այնուամենայնիվ, վշտի ծանրություն թողեց նրանց վրա, քանի որ Վարդապետն ասել էր, որ այն խորհրդանշում է Իր մահը, բացի այդ հայտնել էր, որ նրանցից մեկը մատնելու է Իրեն: Վշտից առաջացած արձագանքը որոշակի թմրություն բերեց։ Մեր Տերը շատ նրբանկատորեն հանդիմանեց նրանց. «Չկարողացա՞ք Ինձ հետ մեկ ժամ արթուն մնալ: Արթուն մնացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք: Ոչ թե պետք է արթուն մնաք Ինձ համար, այլ արթուն վիճակ պիտի ունենաք ինքներդ ձեզ համար: Դաժան փորձության ժամ է հասել բոլորիս վրա. արթուն եղեք և աղոթեք, որ չընկնեք այս չար ժամանակներում:
Հետո մեր Տերը նորից գնաց աղոթելու։ Մեզ ասվում է, որ Նրա աղոթքները նույն խոսքերով էին. այսինքն նույն զգացմունքներն են արտահայտվել, և դարձյալ երրորդ անգամ՝ նույն կերպ. մի հարց էր ճնշում Նրա սիրտը: Կարո՞ղ էր արդյոք Նա հիմա հույսը դնել այն փաստի վրա, որ ձգտելով կատարել Հոր կամքը, ավարտելով Իր ընթացքը՝ ընդունելի կերպով էր այդ արել: Կարո՞ղ էր Նա ունենալ հավատքի կատարյալ համոզվածությունը, որ Աստված կփրկի Իրեն մահից հարության միջոցով։ Նրա խնդրանքին ի պատասխան երկնային պատգամաբեր ուղարկվեց Նրան մխիթարելու, վստահեցնելու, զորացնելու։ Մենք տեղեկացված չենք, թե հրեշտակը ինչ պատգամ էր բերել, բայց մենք կարող ենք տեսնել, որ դա խաղաղության պատգամ էր, և որ նա վստահեցրեց, որ մեր Տիրոջ ընթացքը արժանացել է Հոր հավանությանը, և որ Նա կյանքի կվերադառնա հարության միջոցով: Սրանք լիովին հերիք էին մեր Տիրոջը տալու ողջ ուժն ու քաջությունը, որն անհրաժեշտ էր Իր առջև եղած փորձության համար. և այդ պահից ի վեր մենք տեսնում ենք, որ Նա ամենահանդարտն ու հանգիստն է բոլոր այն նշանավոր մարդկանցից որոնք գրավել են մեր ուշադրությունը: Երբ Հուդան և նրա խումբը մոտեցան նրան, Նա բոլորից հանգիստ ու զուսպ էր, Նա նույնքան հանգիստ էր քահանայապետ Կայիափայի առջև, Պիղատոսի առջև, խաչելության ժամանակ. Նա խաղաղություն էր գտել այն պատգամով, որ Ինքը հավանություն է ստացել Հոր կողմից, և որ փառքի, պատվի և անմահության բոլոր շնորհալի խոստումներն Իրենն են, և այժմ Ինքը կարող է անցնել ցանկացած փորձության միջով:
Սուրբ Գիրքը մեզ վստահեցնում է, որ մեր Տերը ամեն կետում փորձվել է, ինչպես մենք (Նրա եղբայրները), և մենք Գեթսեմանիում Նրա փորձառության մեջ տեսնում ենք ամենադաժան փորձություններից մեկի օրինակը, որը հասնում է Տիրոջ ժողովրդին: Թվում է, թե hակառակորդը երբեմն փորձում է հուսահատեցնել մեզ՝ ստիպելով մեզ մտածել, որ անձնազոհության «նեղ ճանապարհի» փորձություններն ու դժվարությունները ամեն դեպքում ապարդյուն կլինեն, և որ ավելի լավ է հանձնվենք: Երբ այդպիսի մտքեր են գալիս նրանց մոտ, ովքեր անկեղծորեն և հավատարմորեն ձգտում են կատարել իրենց նվիրման ուխտի պայմանները, այդպիսի մտքերը ամենածանր փորձություններն են, որը կարող էր պատահել նրանց. եթե նրանք հրաժարվել են այս աշխարհից և նրա սիրուց, հույսերից, նպատակներից, փափագներից՝ այս ամենը փոխանակելով երկնայինի հետ, ապա ցանկացած բան, որը կարող է մթագնել երկնային հույսերը, նրանց թողում է խավարի մեջ ավելի խորը, ավելի թանձր խավարի մեջ, քան նրանք կարող էին իմանալ, եթե երբեք տեսած և գնահատած չլինեին փառավոր խոստումները: Իսկ ինչպե՞ս պիտի վարվենք այդ ժամանակ։ Մենք պետք է հետևենք մեր Տիրոջ օրինակին և փնտրենք Հոր երեսը՝ փափագելով իմանալ, թե արդյոք ամեն բան ընդունելի է Նրա առաջ, թե ոչ, փափագելով ստանալ այն վստահությունը, որ թեև աշխարհը կարող է ատել մեզ և ամեն կերպ չարախոսել մեզ, մենք դեռևս ունենք Նրա հավանությունը, փափագելով նորից վստահություն ստանալ, որ ամեն բան լավ է լինելու մեզ համար, որ Տերը մեզ բաժին է տալու ավելի լավ հարությունը դեպի հավիտենական կյանք:
Բայց մինչ մենք անցկացնում ենք այս զուգահեռները մեր Տիրոջ և մեր փորձառությունների միջև, մենք չպետք է մոռանանք, որ կա անչափելի տարբերություն՝ մենք մահկանացու ենք և իննսունինը տոկոսով արդեն մեռած ենք, և որ, հետևաբար, մենք չենք կարող լիովին ըմբռնել մահվան իմաստը և հավերժական կյանքի իմաստը, և այս ամենից բացի մենք ունենք մեր Տիրոջ օրինակը, և լրացուցիչ հավաստիացումը, որ մեր բաժինը առաջին հարության մեջ պետք է ձեռք բերվի ոչ թե մեր կատարելության, այլ Նրա կատարելության միջոցով, պայմանով, որ մենք հաստատենք Տիրոջ հանդեպ մեր լիարժեք հավատարմությունը՝ սրտի, մտադրության, կամքի հավատարմությունը, որքան էլ անկատար լինեն մարմնով և հոգով Նրան փառավորելու մեր ջանքերի արդյունքները:
Ավետարանիչը հայտնում է, որ մեր Տերն աղոթեց. «Հա՜յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից անցնի»: Գուցե մեր Տերը նկատի ուներ սա՝ եթե Քո անսահման սերն ու ողորմությունը հնարավոր են տեսնում ինչ-որ կերպ իրականացնել մարդկության համար Քո փրկության ծրագրերը՝ առանց Իմ մեռնելու անհրաժեշտության, ապա շնորհիր որ այդպես լինի: Բայց եթե սա լիներ Տիրոջ միտքը, ապա դա կնշանակեր, որ Նա ամբողջությամբ չի ըմբռնել մարդկության քավության համար Հոր ծրագիրը. քավություն, որը հնարավոր է դարձել Ադամի և նրա մեղքի hամար փրկագնի շնորհիվ, քանի որ տեսնելով դա, մեր Տերը չէր կարող ենթադրել, որ ամբողջական փրկագնից պակաս որևէ բան կարող է ապահովել արդյունքները: Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ Նրան խիստ ճնշող միտքը հստակ գիտակցումն էր այն բանի, որ եթե Իրեն ձերբակալեն որպես հայհոյողի, ապա Իր թշնամիների քաղաքականությունը կլինի ոչ թե Իրեն գաղտնի ոչնչացնելը, այլ Իրեն կհանձնեն հռոմեացիներին, և Նա գիտակցում էր, թե ինչ ազդեցություն և ուժ կգործադրեին՝ իրենց ցանկությունները կատարելու համար, և Նա գիտեր, որ մահապատժի հռոմեական մեթոդը խաչելությունն էր, և Նա գիտեր նաև, որ Սուրբ Գիրքը հստակ ասում է. ՙԱնիծյալ է նա, ով կախվում է փայտից՚:
Թվում է, որ հենց սա է Նրա մտքի կենտրոնը՝ Իմ բոլոր հայրենակիցների կողմից ես կհամարվեմ որպես Աստծուց լքված և Նրա կողմից անիծված, Ես կմեռնեմ որպես հայհոյող, որպես չարագործ. մինչդեռ Իմ ամեն միտքը միշտ եղել է նվիրվածություն, հավատարմություն Հոր հանդեպ: Մենք կարծում ենք, որ սա էր մեր Տիրոջ անհանգստության պատճառը, «տառապանքի բաժակ» կոչվածը, որը Նա ցանկանում էր, որ հնարավորության դեպքում հեռացվեր: Մենք հավատում ենք, որ Նա գիտեր, որ Իր մահն անհրաժեշտ է, անխուսափելի էր, ինչպես բազմիցս հայտնել էր Իր աշակերտներին, բայց այս աստիճանի խայտառակ մահը՝ «անգամ խաչի մահն» էր, որ ցնցեց Իրեն. որովհետև դա ոչ միայն ամոթ ու խեղաթյուրում էր ներկայացնում մարդկանց առջև և նրանց առջև, ում Նա սիրում էր, և ում Նա ձգտում էր բարիք անել, այլև բերում էր այն միտքը, որ Ինքն անիծված է Աստծո կողմից, և եթե Աստծո կողմից անիծված լիներ, չէր կարող հարության փառավոր խոստման իրականացման հույս ունենալ: Բայց երբ հրեշտակի միջոցով հավաստիացում ստացավ, որ Ինքն իրականում չի մեղադրվելու Աստծո կողմից, նույնիսկ եթե որոշ ժամանակ զբաղեցնի անիծված Ադամի տեղը և «անեծք դառնա մեզ՝ Իր ժողովրդի համար», ապա նույնիսկ խաչը և դրա ամոթը կարելի էր համբերությամբ տանել:
Արթուն մնացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք
Մեր Տիրոջ և առաքյալների օրինակում մենք տեսնում ենք արթուն մնալու և աղոթքի կարևորությունը դժվարության խավար ժամին: Մեր Տերը հետևեց այն պատվիրանին, որը տվել էր աշակերտներին՝ Նա արթուն մնաց, աղոթեց, օրհնություն ստացավ, զորացավ և հաղթական դուրս եկավ: Նրանք արթուն չմնացին և չաղոթեցին, չգիտակցեցին պահի կարևորությունը, և արդյունքում մենք նրանց գտնում ենք ցրված, շփոթված, և նրանցից մեկը՝ ամենաուժեղը, որը պարծենալով քիչ առաջ ասել էր. «Թեև բոլորը Քեզ թողնեն, Ես չեմ թողնի», այնքան ճնշվեց իր շրջապատից, և այնքան տկարացավ հենց այն ուժի բացակայության պատճառով, որը նա պետք է ձեռք բերեր արթուն մնալու և աղոթելու շնորհիվ, որ նա անիծելով ուրացավ Տիրոջը:
Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ժողովուրդը փորձում է ապրել սրբությամբ և նվիրված կյանքով, բայց անտեսում է մեր Տիրոջ՝ արթուն մնալու և աղոթելու պատվիրանը, մենք հասկանում ենք, որ նրանք անմիտ են, և որքան էլ լինեն կույս, մաքուր, նրանք հիմար են. նրանք չեն կարող հույս ունենալ, որ հաղթանակ կունենան սեփական անձի, մեղքի և հակառակորդի նկատմամբ, առանց օգնության, միայնակ: Եթե Վարդապետն Ինքը զորացման կարիք ուներ, անշուշտ մենք էլ դրա կարիքն ունենք, և եթե Նա ստացել է դա ի պատասխան աղաչանքների՝ սաստիկ աղաղակով և արցունքներով, դա մեզ համար վկայություն է այն մասին, թե ինչպես է Աստված բարեհաճում շնորհել հավատքի լիակատար վստահությունը, որը կարող է զորացնել մեզ որպես բարի զինվորների՝ դիմանալու ամեն ինչին Իր անունով և Իր ծառայության մեջ: Դա կարող է լինել ի դեմս մի աշակերտակցի, որը կարող է մասնակից լինել մեր փորձություններին և դժվարություններին և կարեկցել մեզ, մինչդեռ առաքյալներից ոչ մեկը չէր կարող կարեկցել մեր Տիրոջը կամ օգնել նրան: Կամ գուցե ուղարկված պատգամաբերը հենց առաքյալներից մեկը լինի՝ քաջալերանքի բազում շնորհալի խոսքերի միջոցով, որոնք Աստված մեզ փոխանցել է նրանց միջոցով իր Խոսքում: Բայց ինչպիսին էլ լինի այդ զորությունը, դա պետք է լինի ոչ թե մարդկանց, ոչ էլ հրեշտակների, այլ Աստծո հավաստիացումը, որ մենք հաճելի և ընդունելի ենք Նրան, և որ մենք կարող ենք հավակնել և ակնկալել չափազանց մեծ և թանկագին բաները, որոնք Նա պահել է նրանց համար, ովքեր սիրում են Իրեն:
Այսպես ասած, մենք այժմ գտնվում ենք փորձության ժամանակում, որը գալիս է ողջ աշխարհի վրա՝ նրանց փորձելու համար: Ներկան Սուրբ Գրքում ներկայացված է որպես «փորձության ժամ» կամ փորձարկում այս դարաշրջանի վերջում: Գեթսեմանիի ժամն է, բառի այս իմաստով, բոլոր նրանց համար, ովքեր Տիրոջ ճշմարիտ ժողովուրդն են՝ ամբողջությամբ նվիրված Նրան: Հետևաբար, դա այն ժամն է, երբ մենք, մեր Տիրոջ նման պետք է փնտրենք Հոր երեսը, որպեսզի ստանանք կատարյալ հավաստիացում, որ մենք Նրանն ենք, և Նա մերն է, և որ մենք կարողանանք վստահությամբ ապավինել Նրա զորությանը՝ մեզ այս ժամանակի միջով անցկացնելու համար: Դա այն ժամանակն է, որում մենք պետք է համոզված լինենք ինչպես երբեմն երգում ենք.
Թող ոչ մէկ ամպ այս աշխարհի
Ծածկէ աչքէս դէմքդ սիրելի:
Դա մի ժամանակ է, երբ նրանք, ովքեր անտեսում են Վարդապետի խոսքերը՝ ՙԱրթուն մնացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք՚, անպայման կմտնեն փորձության մեջ, ամենայն հավանականությամբ կընկնեն դրա մեջ: Եվ անկումը շատ մեծ կլինի, և եթե նրանք Պետրոսի նման, հետո դուրս գան դրանից, դա կլինի լացով:
Ոմանք սխալ են վարվում, երբ աղոթում են առանց արթուն մնալու (անգլերենում՝ առանց հսկելու). մյուսները սխալ են վարվում, երբ արթուն են մնում (հսկում են) առանց աղոթելու, բայց անվտանգ և միակ ճիշտ մեթոդն այն է, ինչ մեր Տերն է պատվիրել՝ համատեղել այդ երկուսը: Մենք պետք է հսկենք և զգուշանանք աշխարհի, մարմնի և սատանայի ոտնձգություններից: Մենք պետք է հետևենք Տիրոջ Խոսքի բոլոր խրախուսանքներին, դրանց կատարման ապացույցներին, այն նշաններին, որոնք հուշում են Նրա ներկայությունը և ժամանակաշրջանի մեջ մոտալուտ մեծ փոփոխությունները: Մենք պետք է հետևենք այն ամենին, ինչը կզորացնի մեզ հավատքի և հույսի, հավատարմության և սիրո մեջ, և արթուն մնալով պիտի անդադար աղոթենք: Մենք պետք է միասին աղոթենք որպես Տիրոջ ժողովուրդ, մենք պետք է աղոթենք մեր տներում, ընտանիքով, մենք պետք է աղոթենք գաղտնի, առանձին: Մենք պետք է աղոթքի հոգի ունենանք այն ամենի մեջ, ինչ ասում և անում ենք, այսինքն՝ մեր սրտերը պետք է շարունակաբար ուղղվեն դեպի Տերը կյանքի բոլոր գործերում առաջնորդության համար, որպեսզի կարողանանք ողջ ուժով անել այն, ինչ մեր ձեռքերը գտնում են անելու, որպեսի դա ընդունելի լինի Նրան, և որ մենք Նրա կողմից պաշտպանված լինենք փորձությունից, որը հակառակ դեպքում վեր կլիներ մեր ուժերից, և որ մենք ի վերջո ազատվենք չարից և տեղ ունենանք մեր Տիրոջ Թագավորությունում։








