Նախաբան

Խորանը

«Ավելի լավ զոհերի»

ԽՈՐԱՆԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ

—————

Օգնություն

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

—————

ԱՅՍ ԳՈՐԾԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է

ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՏԵՐԵՐԻ ՏԻՐՈՋԸ՝

Ի ՇԱՀ

ՆՐԱ ՆՎԻՐՅԱԼ ՍՐԲԵՐԻ, ՈՐՈՆՔ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՈՐԴԵԳՐՈՒԹՅԱՆԸ,

ԵՎ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ «ՈՐՈՆՔ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆԸ»,

«ՀԱՎԱՏՔԻ ՏԱՆԸ», ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՌԱՉՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ԵՐԿՆՈՒՄ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ Է

ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆԸ

«Բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ»։ «Համաձայն իր շնորհի առատության, որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։ Իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր. որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի»։

Եփ. 3:4,5,9;1:8-10

(առաջին հրատարակությունը՝ 1881 թ-ին)

ՆԱԽԱԲԱՆ

Այս գրքույկի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1881 թվականին, և Տիրոջ օրհնությամբ այն կարծես թե շատ օգտակար է եղել այն դասի համար, որի համար այն հատուկ նախատեսված էր՝ «Թագավորական քահանայության»: Այս դասի անդամներից շատերը խոստովանել են, որ Տիրոջ մատի նման այն իրենց ցույց է տվել Հին Կտակարանի նախատիպերի իմաստը, որը նրանք նախկինում երբեք չէին գնահատել, և որ այդպիսով այն նրանց ուղղորդել է անձնազոհության ճանապարհով՝ ցույց տալով նրանց Սուրբ Գրքի խոսքերի իրական իմաստը. «ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ», «լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը», «Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք», «Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք», ինչպես նաև Սուրբ Գրքի շատ այլ խոսքեր, որոնք Տիրոջ ժողովրդին կապում են Իր հետ թե՛ այս ժամանակի չարչարանքներով և թե՛ գալիք փառքով։

Հեղինակն ուրախանում է, որ դա իսկապես այդպես է, և աղոթում է՝ խնդրելով Աստվածային օրհնությունն այս նոր հրատարակության համար, որն անհրաժեշտ էր նախկին հրատարակության տպագրական կաղապարների մաշվածության պատճառով, ինչպես նաև դրա ընդհանուր ոճը Սուրբ Գրքի ուսումնասիրությունների շարքին համապատասխանեցնելու ցանկությամբ, քանի որ այն կարելի է համարել այդ աշխատության հինգերորդ հատորի լրացում և շարունակություն՝ առանձնացված հարմարության նպատակով: Բացի այս տպագրական փոփոխություններից, մեկ գլխի ավելացումից և դարձվածաբանական մի քանի փոփոխություններից՝ որոշ կետեր ավելի պարզ դարձնելու նպատակով, այլ փոփոխություններ չկան։ Իրոք, ոչ մի կոնկրետ փոփոխություն հնարավոր կամ ցանկալի չէր թվում:

Այստեղ ներկայացված թեմաների ըմբռնումը, կարծես, ուղղորդված էր երկնքից, «ուսուցանված էր Աստծու կողմից» մի ժամանակաշրջանում, երբ լույսը միանգամայն անհրաժեշտ էր Դարերի ծրագրի լիարժեք և հստակ ներկայացման համար: Եվ մենք հավատում ենք, որ նրանք, ովքեր օրհնվել են այս գրքույկի օգնությամբ, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ պետք է նույնկերպ օրհնվեն, կարող են իրենց նույնպես համարել «Աստծու կողմից ուսուցանված», որովհետև պետք է նշել, որ հեղինակը ջանացել է Տիրոջ Խոսքով ապացուցել ամեն մի կետ և կիրառություն, և ինքն իրենից ոչինչ չի սովորեցրել. ինչպես որ նա ստացել է Տիրոջից Իր Խոսքի և Հոգու միջոցով, այնպես էլ նույնը՝ ապացույցներով, ներկայացրել է բոլոր նրանց, ովքեր լսելու ականջ ունեն:

Ուշադիր ուսումնասիրողը կհասկանա, որ այստեղ ներկայացված նախատիպերի ճիշտ կիրառմամբ հաստատվում է Դարերի ամբողջ ծրագիրը՝ նախ Եկեղեցու արդարացումը, սրբացումը և փառավորումը, իսկ հետո՝ երկրի բոլոր ազգերի վերականգնումը, ովքեր կկամենան: Ուրեմն սա ինչպիսի՜ փառահեղ Ավետարանի բանալին է:

Հարգելի՛ ընթերցող, եթե այստեղ ներկայացված հարցերը քեզ որպես ճշմարտություն գրավեն, դրանք անշուշտ քո մեջ եռանդ և նախանձախնդրություն կարթնացնեն՝ զոհաբերելու երկրային շահերը՝ բարձր կոչման մրցանակը ստանալու համար, դառնալու թագավորական քահանաներից մեկը, ով շուտով ընկերակցելու է «մեր դավանանքի մեծ Քահանայապետին»՝ հառաչող ստեղծագործությանն օրհնելու մեծ գործում: Եվ եթե դու օրհնություն ես ստանում այս ճշմարտություններից և տոգորված ես դրանց ոգով, դու կցանկանաս զովացուցիչ ըմպելիքի բաժակը փոխանցել ուրիշներին, ովքեր նույն խթանի կարիքն ունեն՝ վերակենդանացնելու իրենց նվաղած սրտերը: Յուրաքանչյուր ոք, ով ուտում է Տիրոջ սեղանից, արտոնություն ունի մասնակցելու ծառայությանը՝ որպես «Աստծու գործակիցներ»: Քրիստոնեական սիրով,

Քո եղբայրը և ծառան ի Քրիստոս

Չարլզ Թեյզ Ռասել

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն