Դրանք խորհրդանշում են Հազարամյակի ընթացքի ապաշխարությունները, երդումները, ուխտերը և այլն — ժողովրդի ողջակեզները — խաղաղության զոհերը, հացի ընծաները — հանցանքի զոհերը — տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների դադարը՝ ներկայացված նախատիպերում:
Ժողովրդի (Իսրայելի՝ աշխարհի) կողմից անհատապես մատուցված զոհաբերությունները, որոնք հաջորդում էին Քավության օրվա զոհերին և ներկայացված էին Իսրայելի կողմից մատուցված ընդհանուր զոհաբերություններով, պատկանում են հաջորդ դարաշրջանին և կներկայացվեն փառավորված թագավորական քահանայությանը: Այնուամենայնիվ այն ներկայումս շատ թույլ մեկնարկ ունի. հետևաբար հարստություն ունեցող աշխարհիկ մարդն այս իմաստով Աստծու գործերի տնտեսն է և այժմ կարող է օգտագործել այդ «մամոնան» և դրանից ընկերներ շահել իր համար, որպեսզի երբ ավարտվի սատանայի տիրապետության այս դարաշրջանը և սկսվի Քրիստոսի թագավորությունը (որտեղ նա այլևս տնտես չի լինի), օրհնեն նրան այն մարդիկ, ում նա այդպես օգնել է: Եթե հարստության աշխարհիկ տնտեսները (մամոնան կամ այս դարաշրջանի աստվածը) իմաստուն լինեին, նրանք ավելի շատ այսպես կօգտագործեին իրենց միջոցները: «Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի», երբ սկսվի Քրիստոսի թագավորությունը և գործի իր օրենքը (Ղուկ․ 16։1-8, Մատթ. 10։42):
Այդ զոհաբերությունները, որոնք չեն պատկանում «Քավության օրվա զոհաբերություններ» կոչվող դասին, ցույց են տալիս Հազարամյակի դարաշրջանին պատկանող ընծաներն ու զոհաբերությունները:
Ինչպես նախատիպում է, «Քավության օրվա» զոհերը նախորդում էին բոլոր մյուսներին և հիմք էին հանդիսանում ողջ Իսրայելի ընդհանուր ներման և Աստծու կողմից ընդունելիության համար, սակայն դրանց հաջորդում էին այլ զոհեր, որոնք անհատները մատուցում էին այդ օրվանից հետո և որոնք կոչվում էին «մեղքի զոհեր», «հանցանքի զոհեր», «խաղաղության զոհեր» և այլն, ինչպես որ նախատիպում է: Այն բանից հետո, երբ ավետարանական այս դարաշրջանի զոհաբերությունները «ժողովրդին»՝ ողջ աշխարհին, բերեն արդարացված վիճակի, դեռ կլինեն մեղքեր և հանցանքներ, որոնց համար կպահանջվեն խոստովանություն և քավություն՝ անհրաժեշտ դարձնելով այս հետագա զոհաբերությունները:
Քավության օրվա զոհաբերությունները ներկայացնում էին ադամական մեղքի վերացումը Քրիստոսի զոհաբերությամբ, սակայն Հազարամյակի ընթացքում, մինչ քավության օգուտները կկիրառվեն աշխարհի վրա, մինչ դրանք աստիճանաբար կվերականգնվեն իրական կատարելության, կյանքի և Աստծու հետ ներդաշնակության մեջ, սխալներ կգործվեն, որոնց համար նրանք որոշ չափով պատասխանատու կլինեն։ Նախքան նրանք կկարողանան կրկին ներդաշնակություն գտնել Աստծու հետ իրենց Միջնորդի՝ Քրիստոսի միջոցով, նրանք պետք է ապաշխարությամբ ուղեկցված որոշ շտկումներ կատարեն:
Նվիրագործումը նույնպես տեղին կլինի հաջորդ դարաշրջանում, թեև աշխարհի փոխված իշխանության շնորհիվ նվիրագործումն այլևս չի նշանակի մահ, ինչպես դա հիմա է, այլ, ընդհակառակը, կնշանակի կյանք, քանի որ չարի թագավորության ավարտին կվերանան ցավը, վիշտը և մահը, բացառությամբ ամբարիշտների դեպքերի: Նվիրագործումը միշտ պետք է լինի սեփական ուժերի կամավոր ընծայում, և ուստի այն ներկայացված է Քավության օրվան հաջորդող որոշ զոհաբերություններում:
Քանի որ հաջորդ դարաշրջանում մեղքերի ներման հիմքը լինելու են Քավության օրվա զոհաբերությունները, այս նախատիպում մեղավորին հարիր կլիներ զոհաբերություն մատուցել, որը ցույց կտար Քավության օրվա զոհաբերությունների ընդունումը՝ իբրև նոր ներման հիմք: Հետևաբար տեսնում ենք, որ Քավության օրվան հաջորդող ժողովրդի մատուցած բոլոր զոհաբերություններն այնպիսին էին, որ մատնանշում կամ ընդունում էին այդ օրվա զոհաբերությունները: Այս զոհաբերությունները կարող էին կատարվել խոշոր եղջերավոր անասուններից, ոչխարներից, թռչուններից (տատրակներ կամ աղավնու ձագեր) կամ ընտիր ալյուրից՝ կախված մատուցողի հնարավորություններից։
Հազարամյա դարաշրջանում բոլոր մարդիկ «կհասնեն ճշմարտության ճանաչմանը», և այդպիսով լիարժեք հնարավորություն կունենան փրկվելու ադամական մահվան անեծքից (դատապարտությունից կամ դատավճիռից) (Ա Տիմ. 2։4): Երբ հիշում ենք, որ այս մահը ներառում է բոլոր հիվանդությունները, ցավը և անկատարությունը, որոնց այժմ ենթակա է մարդկությունը, մենք տեսնում ենք, որ Աստծու ծրագիրը նախատեսում է մարդկային կատարելության ամբողջական վերականգնում. Երկրորդ մահ կունենան միայն նրանք, ովքեր միտումնավոր հրաժարվում կամ անտեսում են բոլորին հասանելի հնարավորությունները: Սակայն կատարելությունը գալու է աստիճանաբար, և դրան հասնելու համար կպահանջվի մեղավորի ԿԱՄՔԻ համագործակցությունը։ Նա պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նորից բարձրանա դեպի կատարելություն, և նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնությունը: Դա երևում է, ընդհանուր առմամբ, զոհաբերությունների օրինակից․ դրանք պետք է համապատասխանեին յուրաքանչյուր մարդու կարողություններին։ Անկախ այն բանից, թե որքան նվաստացած և անկատար էին մեղքի պատճառով, յուրաքանչյուրը պետք է, ճշմարտության իմացությանը հասնելով, ներկայանար Աստծուն, իսկ զոհաբերությունը պետք է արտացոլեր նրա վիճակը: Այս նախատիպում ամենաաղքատների բերած տատրակը կամ աղավնին ներկայացնում էր բոլոր բարոյապես աղքատների և նվաստացածների արդարացումը, առավել շատ հնարավորություն ունեցողների բերած նոխազը ներկայացնում էր բոլոր նրանց, որոնք պակաս նվաստացած էին, մինչդեռ զվարակը ներկայացնում էր բոլոր նրանց, որոնք հասել էին մարդկային բնության կատարելությանը: Ինչպես Հիսուսի զոհաբերության ժամանակ զվարակն օգտագործվեց՝ ներկայացնելու կատարյալ մարդկային բնությունը (շատ գեր), իսկ նոխազը (կամակոր և նիհար)՝ ներկայացնելու սրբերի անկատար մարդկային բնությունը Քավության այս օրվա զոհաբերություններում, այնպես էլ այս կենդանիներն իրենց նվիրագործությամբ ներկայացնում էին զոհ մատուցողներին (Իսրայելը խորհրդանշում է Հազարամյակի դարաշրջանի հավատացյալ աշխարհը): Սակայն պետք է հիշել, որ ապագայի ողջակեզներն ու խաղաղության զոհերը ներկայացնում են ժողովրդի նվիրումը Տիրոջը: Նրանք չեն ներկայացնում մեղքի զոհերը՝ քավություն ապահովելու համար, ինչպես եղել են Քավության օրվա զոհերը: Իրոք եղել են հանցանքի զոհեր, որոնք ինչ-որ իմաստով մեղքի զոհ են հանդիսացել անհատների համար, բայց սրանք, ինչպես կտեսնենք հետագայում, բոլորովին տարբերվում էին Քավության օրվա ազգային մեղքի զոհերից:
Երբ հազարամյակի վերջում բոլոր մարդիկ, ովքեր պատրաստ են ստանալ Աստծու շնորհը, հասնեն կատարելության, այլևս աղքատներ չեն լինի, որոնք ի վիճակի չլինեն զվարակ զոհաբերել` մտավոր, բարոյական կամ ֆիզիկական կարողությունների պակասի իմաստով: Բոլորը կատարյալ մարդիկ կլինեն, իսկ նրանց ընծաները կներկայացնեն իրենց կատարյալ անձերը՝ ներկայացված զվարակներով: Դավիթը, խոսելով այս մասին, ասում է. «Այն ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարության զոհերը [արդար գործերը], ողջակեզներն ու ամբողջովին այրված զոհերը. այն ժամանակ ցլիկներ [կատարյալ զոհեր] կմատուցեն քո զոհասեղանի վրա» (Սաղմ. 51։19)։ Ակնհայտ է, սակայն, որ Դավթի ասածը չպետք է հասկանալ իբրև բառացի, արյունոտ, նախատիպային զոհաբերությունների վերականգնման մասին ուսուցում, որովհետև նույն կապակցությամբ նա ասում է․ «Որովհետև դու զոհ չես ուզում [ո՛չ խորհրդանշական, ո՛չ նախատիպային. մեղքի ամբողջական քավությունը մինչ այդ «մեկընդմիշտ» կատարվել էր] …. Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում»։ Այս բոլոր զոհաբերությունները պետք է կատարվեն զոհաբերողի ազատ կամքի և ցանկության համաձայն (Ղևտ․ 1․3):
Նվիրագործման ամբողջականությունը ցույց էր տրվում կենդանու մահով, այսինքն՝ ցեղի յուրաքանչյուր անդամ պետք է նվիրագործեր իր կամքը, բայց դրան չպետք է հաջորդեր ո՛չ մարդկային բնության ոչնչացումը (մարմնի այրումը բանակատեղիից դուրս), ո՛չ էլ կյանքի անցումը նոր բնության՝ դեպի «Սրբությունների սրբություն»: Այնտեղ միայն քահանաներն են մտնում, ինչպես ցույց է տրված Քավության զոհաբերություններում։ Ոչ. նվիրագործվելիս նրանք ընդունվում են որպես մարդ և կատարելագործվելու են որպես այդպիսին. նրանց կյանքի իրավունքը, որպես այդպիսին, Քահանայապետն է գնել, որի Մարմնի անդամների մեջ ներկայացված է ողջ հաղթող Եկեղեցին: Նվիրագործությունները ներկայացնում են փրկագնի գնահատումը և նվիրատուների համաձայնությունը Աստծու օրենքին՝ որպես պայման, որով նրանք կարող են շարունակել հավերժ ապրել Նրա հետ ներդաշնակության և բարեհաճության մեջ:
Ժողովրդի ողջակեզները
Քահանաների ողջակեզները պետք է անընդհատ մատուցվեին զոհասեղանի վրա, և կրակը երբեք չպետք է մարեր․ «Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա․․․ Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը․․․ Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի» (Ղևտ․ 6։9, 12, 13):
Այսպիսով, յուրաքանչյուր զոհաբերողի մտքում այն փաստն էր, որ զոհասեղանն արդեն սրբացված կամ առանձնացված է, և որ նրանց զոհաբերություններն ընդունելի կլինեն, քանի որ Աստված ընդունել էր Քավության օրվա զոհաբերությունները: Այս զոհասեղանին իսրայելացին մատուցում էր իր ազատ կամքի զոհը, ինչպես ներկայացվում է Ղևտ. 1-ում։ Այն կատարվում էր սովորական ձևով․ կտորների բաժանված և լվացված անասունը դրվում էր զոհասեղանի վրա՝ և ամբողջությամբ այրվում՝ որպես անուշահոտ զոհաբերություն Տիրոջը։ Սա խորհրդանշում էր Եհովային ուղղված երախտագիտության աղոթքը՝ իբրև Նրա ողորմության, իմաստության և սիրո ընկալում՝ արտահայտված Քրիստոսի կոտրված մարմնում․ նրանց փրկագինը:
Ժողովրդի խաղաղության զոհերը
Այս զոհը պետք է լիներ նախրից կամ հոտից. դա կարող էր զոհաբերվել կա՛մ որպես ուխտի կատարում, կա՛մ որպես կամավոր «շնորհակալության զոհ»։ Մատուցողը դրա մի մասը պետք է տաներ Եհովային. «Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին», և Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, կուրծքը երերացնի Տիրոջ առաջ, բայց կուրծքը, ինչպես նաև ուսը պատկանում է քահանաներին։ Մատուցողը պետք է ուտի զոհաբերությունը (Ղևտ․ 3 և 7։11-18, 30-34):
Սա կարծես, թե ցույց է տալիս, որ եթե որևէ մեկը պետք է հետո կատարյալ խաղաղության և ներդաշնակության գա (ինչպես բոլորը պետք է անեն, այլապես կվերանան Երկրորդ մահով), նա պետք է ուտի կամ Աստծուն լիակատար նվիրաբերվելու ուխտ կապի Նրա հետ: Եթե այդկերպ կատարելագործվելուց հետո նա կրկին պղծվի կամավոր մեղքով, ապա պետք է մեռնի (Երկրորդ մահը), ինչպես երևում է անմաքուր բաներին դիպչելու պատժից (Ղևտ. 7։19–21) Համեմատե՛ք Հայտն. 20։9, 13–15։
Այս զոհաբերության հետ մատուցվում էին յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ, որոնք խորհրդանշում էին զոհաբերողի հավատքը Քրիստոսի նկարագրի հանդեպ, որը նա պետք է ընդօրինակեր, և թթխմորով հացի ընծա՝ ցույց տալով, որ նա գիտակցում էր իր անկատարությունը նվիրագործման ժամանակ․ թթխմորը մեղքի նախատիպն է (Ղևտ. 7։11–13)։
Ժողովրդի հացի ընծաները
Սրանք յուղով շաղված ընտիր ալյուրից բաղարջ շոթեր էին, որոնք մատուցվում էին Տիրոջը՝ քահանայի միջոցով։ Դրանք թերևս ներկայացնում էին ողջ աշխարհի կողմից, Իր Եկեղեցու միջոցով, Տիրոջը մատուցված գոհաբանությունն ու երկրպագությունը: «Փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից» (Եփես. 3.21): Դրանք ընդունվում էին քահանաների կողմից։ Զոհասեղանին դրված նմուշը ցույց էր տալիս, որ այն հավանության էր արժանացել և ընդունելի էր Եհովայի համար։
Ժողովրդի հանցանքի կամ մեղքի զոհերը
«Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ․․․ Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։ Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ» և դրամ՝ ըստ հանցանքին տրված քահանայի արժեքի, դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը, և դա կլինի նրա ընծան։ Եվ քահանան նրա համար քավություն պետք է անի։ Իսկ եթե որևէ մեկը դիտավորյալ մեղք է գործում և վնաս պատճառում կամ խաբում է իր մերձավորին, ապա նա պետք է վերադարձնի հիմնական գումարը և դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը (քսան տոկոսը) և տա տուժվածին։ Եվ նա Տիրոջը խոյ պիտի մատուցի որպես հանցանքի զոհ (Ղևտ. 5։15–19, 6։1–7)։
Սա սովորեցնում է, որ յուրաքանչյուր սխալ պետք է հատուցվի տոկոսներով և ուղեկցվի ապաշխարությամբ կամ Տիրոջից ներողություն խնդրելով Եկեղեցու (Քահանայության) միջոցով՝ օրինազանցի կողմից իր թերությունների և փրկագնի արժեքի գիտակցումով, որը ներկայացվում է մատուցված խոյով:
Բայց նկատեք տարբերությունը մեղքի այս զոհերի և «Քավության օրվա» մեղքի զոհերի միջև: Վերջիններս մատուցվում էին Աստծուն (Արդարություն) «Սրբությունների սրբություն»-ում՝ որպես «ավելի լավ զոհեր», իսկ առաջինները մատուցվում էին քահանաներին, որոնք ժողովրդին փրկագնում էին Քավության օրը: Ժողովրդի խոստովանությունը պետք է ուղղված լինի իրենց Փրկչին. Քահանան, իհարկե, վերցնում և Տիրոջն էր մատուցում զոհերի մի մասը՝ որպես «հիշատակ», որպես խոստովանություն, որ Քավության օրը (Ավետարանի դարաշրջան) իրականացված փրկության ամբողջ ծրագիրը պատկանում էր Երկնային Հորը, բայց մնացածը նա յուրացնում էր՝ ուտելով այն:
Ամբողջ աշխարհը, փրկագնված Քրիստոսի թանկարժեք արյամբ (մարդկային կյանքով), մեղքերի թողության համար կներկայանա «Թագավորական քահանայությանը», որոնց կողմից նրանց ընծաների կամ նվիրագործությունների ընդունումը կնշանակի ներում: Մեր Տեր Հիսուսի՝ Իր աշակերտներին ուղղված խոսքերը համահունչ են սրան. «նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա» (Հովհ. 20․23):
Թեև այս «հաշտության ծառայությունը» ամբողջությամբ պատկանում է հաջորդ դարաշրջանին, երբ ավարտված կլինեն Քավության բոլոր զոհաբերությունները, սակայն նույնիսկ հիմա «Թագավորական քահանայության» ցանկացած անդամ կարող է ասել բոլոր նրանց, ովքեր հավատում և ապաշխարում են․ «Քեզ ներված լինեն քո մեղքերը», ինչպես վարվեց մեր Գլուխը՝ հավատքով սպասելով, ինչպես Նա արեց, մեղքերի համար մատուցված զոհաբերությունների ավարտին: Դեռ ավելին, այս քահանաներն այժմ գիտեն այն պայմանները, որոնցով ներում է խոստացված, և կարող են իշխանությամբ խոսել, երբ տեսնեն, որ այդ պայմանները կատարվում են:
Քավության օրվա զոհերը, ինչպես տեսանք, միշտ այրվում էին (Ղևտ. 6:30, Եբր. 13:11), բայց Քավության օրվանից հետո մատուցված հանցանքի զոհերը չէին այրվում, այլ դրանք ուտում (յուրացնում էին) քահանաները:
Տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների դադար
«Այս է մեղքի զոհի [հանցանքի զոհի] օրենքը…. Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն․․․ Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից» (Ղևտ. 6։25-29)։
Ըստ Սուրբ Գրքի՝ Տերը և բոլոր սուրբ հրեշտակները համարվում են արական սեռի, մինչդեռ բոլոր սրբերը միասին ներկայացված են իբրև իգական սեռի՝ «կույսեր», որոնք մեր Տեր Հիսուսի հարսն են: Բայց մարդկային կին արարածն ի սկզբանե եղել է Աստծու պատկերով և նմանությամբ ստեղծված տղամարդու մի մասը և դեռևս շարունակում է հանդիսանալ տղամարդու մի մասը (թեև նրանից ժամանակավորապես առանձնացված է վերարտադրման նպատակով), սակայն նրանցից ո՛չ մեկն էլ լիարժեք չէ առանց մյուսի: Ինչպես կատարյալ մարդու անունն էր Ադամ, այնպես էլ երկուսի ստեղծման ժամանակ «Աստված նրանց անունը Ադամ դրեց»․ գլխավորությունը մնաց տղամարդուն, որն այսպիսով դարձավ կնոջ խնամակալը կամ պահապանը՝ որպես իր մարմնի մաս (Եփես. 5։23, 28): Սեռային այս բաժանումն Ադամին անկատար չդարձրեց. այն պարզապես նրա կատարելությունները բաժանեց երկու մարմինների միջև, որոնց «գլուխը» մնաց ինքը։
Սուրբ Գիրքը խոսում է այն մասին, որ «վերականգնման ժամանակների» ավարտին, ի վերջո, բոլորը (տղամարդիկ և կանայք) կվերականգնեն իրենց կատարյալ վիճակը, որում Ադամն էր մինչև Եվայի՝ իրենից առանձնանալը: Մենք չենք հասկանում, որ և՛ տղամարդը և՛ կինը կորցնելու են իրենց անհատականությունը, բայց նրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերելու այնպիսի հատկանիշներ, որոնք այժմ չունի։ Եթե այս միտքը ճշմարիտ է, ապա դրանից հետևում է, որ որոշ կանանց ծայրահեղ քնքշությունը և որոշ տղամարդկանց ծայրահեղ կոպտությունն անկման արդյունք են, և որ կատարելության վերականգնումը, որում երկու սեռերի տարրերը կատարելապես պետք է միավորվեն և ներդաշնակվեն, կդառնա Աստծու ծրագրած կատարյալ մարդկությունը: Մեր սիրելի Փրկիչը, երբ նա «Քրիստոս Հիսուս մարդն էր», թերևս ո՛չ կոպիտ և առնական էր, ո՛չ էլ կանացի: Նրա մեջ մտավոր ուժն ու տղամարդկային վեհությունն ամենահիասքանչ կերպով զուգորդվում էին իսկական կանացիության վեհ մաքրության, քնքշության և վայելչության հետ: Մի՞թե Նա կատարյալ մարդ չէր, որ մահացավ մեր ցեղի համար և փրկեց երկու սեռերին: Եկեք չմոռանանք, որ որպես մարդ նա օգնական չուներ. ուստի արդյո՞ք Նա չպետք է Ինքնին կատարյալ լիներ, որպեսզի վճարեր համապատասխան գինն Ադամի (տղամարդու և կնոջ) համար: Կա՛մ Եվան այսկերպ էր ներկայացված մեծ փրկագնում, կա՛մ իր ամուսնու կողմից՝ որպես իր «գլուխը», այլապես մայր Եվան ընդհանրապես չէր փրկվի․ այս գաղափարը հակասում է Սուրբ Գրքի մյուս հատվածներին:
Սուրբ Գրքում Ավետարանի եկեղեցին իսկապես կոչվում է «հարս», ոչ թե «Քրիստոս Հիսուս մարդու», այլ հարություն առած և համբարձված Քրիստոսի հարս: Որպես նոր արարածներ, որոնք ծնվել են Աստծու հոգուց՝ հոգևոր բնության համար, մենք նշանված ենք Հոգի Հիսուսի հետ, որի անունը, պատիվը և գահը պետք է կիսենք: Եկեղեցին ոչ թե զոհաբերված Քրիստոս Հիսուս մարդու հարսն է, այլ փառավորյալ Տեր Հիսուսի, ով Իր երկրորդ գալստյան ժամանակ կհռչակի նրան որպես Իրենը (Հռոմ. 7։4):
Ինչպես հաջորդ դարաշրջանում տղամարդու և կնոջ դեպքում է լինելու, այնպես էլ կլինի Քրիստոսի և Եկեղեցու դեպքում. Եկեղեցու փառավորումից հետո ողջ կանացիությունը կվերանա. «Նրա նման կլինենք»՝ Նրա Մարմնի անդամները: «Եվ սա է նրա անունը, որով նա [այն ժամանակ] պիտի կոչվի [իր Տիրոջ անունը]՝ Տերը՝ մեր Արդարությունը» (Երեմ. 33:16, 23:6): Լինելով մեծ Մարգարեի, Քահանայի և Թագավորի Մարմինը՝ Եկեղեցին կդառնա Հավիտենական Հոր կամ ողջ աշխարհի Կենսատուի մի մասը (Ես. 9։6):
Նույն գաղափարը հանդիպում է ողջ Սուրբ Գրքում. քահանայական ցեղի տղամարդիկ էին միայն զոհեր մատուցում և հանցանքի զոհերը ուտում, ինչպես նշվեց վերևում, և միայն նրանք էին մտնում ժողովի վրան և անցնում վարագույրից այն կողմ։ Նույն կերպ էլ Սուրբ Հոգու տնօրինությունն է ավետարանական այս դարաշրջանի համար. «Եվ նա ոմանց տվեց [տղամարդ] առաքյալներ լինելու, ոմանց՝ [տղամարդ] մարգարեներ, ոմանց՝ [տղամարդ] ավետարանիչներ, ոմանց՝ [տղամարդ] հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփես. 4։11,12, Դիագլոտ)։ Վերոնշյալ «տղամարդ» բառը անգլերեն տեքստում հանդիպում է այնպես, ինչպես հունարենում է, և դա համապատասխանում է Տիրոջ և առաքյալների նշանակումներին: «Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի [Եկեղեցում], ոչ էլ ամուսնուն իշխի»,- հստակ ասում է առաքյալը (Ա Տիմ. 2:12): Սա Քրիստոսի և Եկեղեցու ներկայիս հարաբերությունների օրինակն է, որը, ինչպես մենք հասկանում ենք, կավարտվի այս դարաշրջանի ավարտին, երբ հաղթողները կփառավորվեն և մեկ կլինեն Տիրոջ հետ՝ որպես «եղբայրներ»:
Սակայն սա չի նշանակում, որ Եկեղեցում քույրերը չեն կարող հավասարապես իրենց «մարմինները մատուցել կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո» և կարևոր «ծառայության գործ» կատարել Եկեղեցում՝ որպես «Թագավորական քահանայության» անդամներ. նրանք նույնքան հաճելի են Տիրոջը, որքան եղբայրները, որովհետև իրոք սեռի, գույնի և վիճակի հետ կապված բոլոր տարբերություններն անտեսվում և դուրս են մնում Աստվածային ուշադրությունից այն պահից ի վեր, երբ դառնում ենք «նոր ստեղծված՝ Քրիստոս Հիսուսի մեջ» (Բ Կորնթ. 5:17, Գաղ. 3:28), սակայն նախատիպը, կերպարը, դասը պետք է շարունակվեն, և հետևաբար տարբերություններն այդքան խստորեն են պահպանվում Քրիստոսի եկեղեցու ծառայության հատուկ և ավելի կարևոր մասերում։








