Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ… ա՛յն մտածեք (Փիլիպպեցիներ 4:8):
Ով համակրում է սուտն ու չափազանցությունը, իրեն քիչ թե շատ պղծում է։ Ով մաքրում է իր մտքերը և խուսափում է չափազանցություններից, և այլնից, նույնքանով էլ մաքրում է իր միտքն ու իր ամբողջ բնավորությունը։ Բավական չէ վստահ լինել իրերի ճշմարտացիության մեջ։ Մենք պետք է շարունակենք փորձել դրանք և համոզվել, թե որքանով են դրանք ազնիվ և պարկեշտ։ Չնայած Տերը ծածկել է մեր բնավորության մեղավոր գծերը և առաջարկում է մինչև վերջ ծածկել դրանք Իր սեփական արժանիքներով, միևնույն է մենք չենք կարող համակրանքով վերաբերվել մեր ընկած վիճակին, այլ ընդհակառակը, պետք է ձգտենք վեհության և ազնվության բարձրագույն չափանիշներին մեր սրտերում, մեր մտքերում, մեր բոլոր գործերում մեր Աստծո և մեր մտերիմների հետ։
Ինչ որ արդար է ա՛յն մտածեք (Փիլիպպեցիներ 4:8):
ՄԵՆՔ չպետք է թույլ տանք, որ մեր միտքն ուղղված լինի անարդարացի գործերին, այլ պետք է սովորենք արդարության այս չափանիշը կիրառել մեր ամեն մի մտքի, բառի և գործի մեջ, միևնույն ժամանակ սովորելով, որքանով որ մեր գիտակցությունը թույլ է տալիս, դիտարկել ուրիշների վարքագիծը այլ տեսանկյունից. ողորմության, ներողամտության, կարեկցանքի և բարերարության տեսանկյունից: Բայց զգուշությունը երբեք չի կարող չափազանց լինել, երբ խոսքն այն մասին է, թե որքան քննադատաբար ենք մենք դիտարկում մեր ամեն մի միտքը, մեր ամեն մի ծրագիրը, որպեսզի արդարության գիծը բառի ամենաչնչին իմաստով չխախտվի մեր սրտերի հավանությամբ:
Ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ… ա՛յն մտածեք (Փիլիպպեցիներ 4:8):
ՄԵՆՔ այնպե՜ս պետք է սիրենք և զարգացնենք այն, ինչը մաքուր է, որ անմաքուրը մեզ համար դառնա ճնշող, վշտացնող, և ցանկանանք այն հանել մեր հիշողությունից, և դրան կարելի է հասնել միայն անընդհատ մտածելով այն բաների մասին, որոնք մաքուր են և խուսափելով անմաքուր բաների մասին մտածելուց: Մենք պետք է ճանաչենք ճշմարիտ գեղեցկությունը և գնահատենք այն: Երբ մենք մտածում ենք ամենամաքուր բաների մասին, մենք պետք է մեր մտավոր տեսողությունը հնարավորինս զարգացնենք և, որքան հնարավոր է, կարողանանք տեսնել մեր Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարյալ բնավորության գեղեցկությունը, և, համապատասխանաբար, գեղեցկությունը որը դրսևորվում է Հիսուսի այս կամ այն հետևորդի մեջ, ով սերտորեն հետևում է Նրա հետքերին։
Ինչ որ առաքինի, գովելի, ա՛յն մտածեք (Փիլիպպեցիներ 4:8):
Մենք կարող ենք խորհրդածել ցանկացած առաքինության կամ արժեքային բաների, ինչ-որ չափով գովելի բաների՝ վեհ խոսքերի կամ վեհ գործերի կամ որևէ մեկի վեհ զգացումների շուրջ, և արդյունքում՝ կաճենք այն գաղափարների մեջ, որոնցով սնվում է մեր միտքը, մեր նոր բնությունը: Մենք ավելի ու ավելի կվերափոխվենք մեր մտքի նորոգությամբ և ավելի ու ավելի կմոտենանք մեր Տիրոջ և Ուսուցչի փառահեղ նմանությանը՝ մեր կյանքի ընթացքում մի փառքից մյուսին անցնելով, քիչ քիչ, քայլ առ քայլ, կամաց-կամաց և եթե մեր մտքերը մնան այդ վիճակում և Տիրոջ հետ մեր միությունը պահպանվի, մենք բաժնեկից կլինեք Առաջին Հարությանը, որը մեզ հավիտյան կկատարելագործի՝ Տիրոջ պատկերով և նմանությամբ:








