Ղևտ․ 8:14-33
Նվիրում Աստծու ծառայությանը — «Հավատարի՛մ եղիր մինչև մահ» — «Սրբագործե՛ք ձեր անձերը» և «Ես կսրբագործեմ ձեզ» — Նվիրագործության զվարակներ ու խոյեր — Նվիրագործության օծման յուղ:
Քահանայական նվիրագործումը Տեր Հիսուսի մարդկային բնության և Նրա Մարմնի՝ Եկեղեցու խորհրդանշական նվիրումն էր Եհովայի կամքին. Հիսուսի հնազանդությունը մինչև մահ, և Նրա Մարմնի անդամների հնազանդությունը, որոնք Նրա հետ չարչարվում էին հանուն արդարության «նույնիսկ մինչև մահ»: Ամբողջ Մարմինը՝ ներկայացված Ահարոնի որդիների կողմից (ինչպես նաև Գլուխը, որը ներկայացնում է անձամբ Ահարոնը), նախատիպային զոհաբերությունների միջոցով կազմվում է Ավետարանական դարաշրջանում, սրբագործվում է նրանց ապագա աշխատանքի համար՝ իբրև թագավորներ և քահանաներ՝ վերականգնելու, իշխելու և օրհնելու մարդկությանը: Այս նվիրագործությունը նշանակում է ամբողջությամբ հանձնվել Աստծու կամքին Նրա ծառայության մեջ: Բայց զոհաբերողների ծայրահեղությունը հնարավորություն է դառնում Եհովայի համար. երբ այս քահանաները նվիրաբերում են այն ամենը, ինչ ունեն, այն ամենը, ինչ կան, և այն ամենը, ինչի վրա հույս են դրել իբրև մարդ՝ նզովելով կամ զոհաբերելով դրանք՝ այդպիսով բաժնեկից լինելով իրենց Փրկիչ Հիսուսի զոհաբերությանը, ապա ընդունելով նրանց զոհերը՝ Եհովան նրանց մեջ նոր բնություն է ծնում՝ հոգևոր բնություն։ Եվ ոչ միայն դա, այլ որպես վարձք նրանց հավատարմության համար Նա խոստանում է նրանց շնորհել հոգևոր գոյության բարձրագույն աստիճանը՝ Աստվածային բնությունը, և նրանք անմիջապես համարվում են Աստծու հոգևոր որդիներ (Գաղ. 4:4-7, Բ Պետ․ 1։4):
«Հավատարի՛մ եղիր մինչև մահ»
Այն, որ զոհաբերության նվիրագործվածներից ոմանք, որոնք այդպիսով միացել են «թագավորական քահանայությանը», չեն հասնելու ապագա թագավորական ծառայությանը, երևում է նաև այս նախատիպերում, ինչպես նաև ուղղակիորեն նշված է Նոր Կտակարանում: Դասակարգերից մեկը «կփրկվի կրակով»՝ «անցնելով մեծ նեղության միջով», բայց չի հասնի այն պարգևին, որի համար նվիրագործվել էր, որովհետև նրանք բավարար չափով չեն գնահատել իբրև քահանաներ զոհաբերվելու իրենց արտոնությունը, և ոչ էլ բավարար չափով նախանձնախնդիր են եղել «չարչարվելու Նրա»՝ Քահանայապետի հետ։ Մենք կքննարկենք այս հարցերն ավելի ուշ, երբ ուսումնասիրենք Քավության օրվա զոհաբերությունները:
Նվիրագործված քահանաների մյուս դասը, որոնք չեն ստանալու այս քահանաներին խոստացված թագավորական օրհնությունները, կկործանվեն Երկրորդ մահով: Այս մարդիկ, որոնց մասին Նոր Կտակարանը հստակ խոսում է (Եբր. 6:4-6, 10:28-31, Ա Հովհ․ 5:16), պատկերված են նաև Խորանի ծառայության այս նախատիպերի կամ ստվերների միջոցով:
Ահարոնի չորս որդիները սկզբում ներկայացնում էին կրտսեր քահանաներին, բայց նրանցից երկուսը, որոնք համապատասխանում էին վերը նկարագրված երկու դասերին, ոչնչացվեցին։ Երկուսն էլ ձախողվեցին թագավորական քահանայության հարցում. նրանցից մեկը կործանվեց երկրորդ մահով, իսկ մյուսը փրկվեց միայն «կրակով»՝ նեղություններով, մաքրագործվելով: Եվ քանի որ Ահարոնին և մնացած երկու որդիներին արգելված էր սգալու այդ կերպ հեռացված իրենց եղբայրների համար, դա նշանակում է, որ բոլոր հավատարիմ քահանաները պետք է ճանաչեին Աստծու որոշումների արդարությունը և հնազանդությամբ խոնարհվեին նրանց առաջ՝ ասելով. «արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր»։ Անշուշտ այն օրհնություն է բերում հավատացյալներին՝ առաջնորդելով ավելի մեծ նախանձախնդրության՝ ասելով․ «Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա» (Ղևտ. 10:1-7, Հայտ. 15:3, Եբր. 4:1)։
«Սրբագործե՛ք ձեր անձերը» և «Ես կսրբագործեմ ձեզ»
Արդարացված հավատացյալին նվիրագործվելու, սրբագործվելու կամ աստվածային ծառայությանը նվիրվելու հրավերը երկրային շահերն ու իրավունքները զոհաբերելու հրավեր է, իսկ Աստծու խոստումն այն է, որ այդպիսի զոհաբերությունները սուրբ և ընդունելի կլինեն մեր Փրկչի արժանիքներով, և որ փոխարենը Նա կընդունի մեզ որպես նոր արարածներ՝ մեր մեջ ծնելով նոր բնություն ճշմարտության Սուրբ Հոգու միջոցով: Այսպիսով, Աստված սրբացնում կամ առանձնացնում է նրանց, որոնք համարվում են սուրբ նոր արարածներ:
Նախատիպային քահանաների վրա կատարվող սրբագործման նախատիպային արարողությունը ցույց է տալիս սրբագործման երկու մասերը. մեր մասը՝ մարդկային բնությունից ու նրա իրավունքներից հրաժարվելը, և Աստծու մասը՝ մեր զոհաբերությունն ընդունելը, մեզ որպես նոր արարածներ առանձնացնելն ու ճանաչելը: Նոր հոգևոր բնությունը ներկայացված էր Ահարոնի և նրա որդիների միջոցով, զոհաբերված երկրային բնությունը ներկայացված էր զոհասեղանի վրա մատուցված զվարակի և խոյերի միջոցով (Ղևտ․ 8։14–33)։
Նրանք մեղքի ընծայի համար զվարակ բերեցին, «և Ահարոնն ու նրա որդիները ձեռքերը դրեցին նրա գլխին» և ասացին. Այս զոհը մեզ է ներկայացնում։ Այդ պահից սկսած այն ամենը, ինչ տեղի ունեցավ զվարակի հետ, ներկայացնում էր այն, ինչ պետք է տեղի ունենար Հիսուսի և Նրա Մարմնի՝ Եկեղեցու հետ՝ իբրև մարդ արարածներ: Զվարակը հանձնվեց «Օրենքին» (ի դեմս Մովսեսի), որպեսզի կատարի Իսրայելի նկատմամբ դրա պահանջները, որոնք բնորոշ են ողջ մարդկությանը։ Օրենքի պահանջները կատարելու համար այն պետք է մորթվեր, «և Մովսեսը մորթեց»։ Հետո արյունը քսեց զոհասեղանի եղջյուրներին։ Այսպիսով «Օրենքի մատը» ցույց տվեց, որ երկրային զոհերի զոհասեղանն ընդունելի էր Աստծուն՝ թափված արյան (տրված կյանքի) պատճառով, և որ բոլոր նրանք, որոնք ճանաչում են զոհասեղանի զորությունը (եղջյուրները զորության խորհրդանիշ են), նախ պետք է ճանաչեն այն սրբագործող արյունը: Զոհասեղանի հիմքում թափված արյունը ցույց էր տալիս, որ զոհաբերության (տրված կյանքի) արյան միջոցով նույնիսկ երկիրը փրկագնվեց անեծքից․ «մինչև ստացվածքի փրկությունը»։ Տե՛ս Եփես. 1։14։
Իսկ Մովսեսը վերցրեց զվարակը, դրա մորթին, միսը և այլն, և «բանակատեղիից» դուրս այրեց կրակով (համար 17)։ Այսպիսով, Քրիստոսի մարդկային բնությունն ամբողջությամբ՝ Գլուխը և Մարմինը, դառնում է «մեղքի ընծա»՝ կրելով այն կործանումը, որին աշխարհը դատապարտված էր, և որից ի վերջո ազատվելու է այս զոհաբերությամբ՝ մեր Տեր Հիսուսի զոհաբերության արժանիքներով, իսկ մենք՝ Նրա «եղբայրները», արտոնված ենք լցնելու Նրա չարչարանքների չափը՝ որպես «Նրա Մարմնի անդամներ» (Կող. 1։24): Բայց մինչ թագավորական քահանայության մարդկային բնությունը կործանվում է իբրև անարգություն աշխարհի աչքում, ինչպես ներկայացված է «բանակատեղիից» դուրս զվարակի այրմամբ, Աստված ընդունում է զոհաբերության մղող սրտանց նվիրվածությունը, որն ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»: «Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված»: Սա ներկայացված էր զոհասեղանի վրա ճարպի և կենսատու ներքին օրգանների մատուցմամբ՝ որպես «անուշահոտություն» Տիրոջ առաջ:
Նույն նվիրագործության այլ առանձնահատկություններն արտահայտված են երկու խոյերի միջոցով՝ նշված 18 և 22 համարներում։ Նախ նշվում է ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները ձեռքերը դրեցին նրա գլխին՝ ցույց տալով, որ նա ներկայացնում է իրենց։ Նրան մորթեցին, նրա արյունը ցողեցին զոհասեղանի վրա, և Մովսեսը «խոյը բաժանեց կտորների, ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը» և «այրեց գլուխը, կտորներն ու ճարպը»։

ՔԱՀԱՆԱՆ՝ ԿՏԱՎՅԱ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՎ
Ավետարանի դարաշրջանի Հիսուսը և Նրա Մարմինը՝ Եկեղեցին, անդամ առ անդամ, ներկայացված են Աստծու առջև՝ զոհասեղանի վրա, բայց բոլորը միասին համարվում են մեկ զոհ: Սկզբում Գլուխը դրվեց զոհասեղանի վրա, և այդ ժամանակվանից ի վեր բոլոր նրանք, որոնք «Նրա հետ մահացան» և մաքրվեցին Խոսքի միջոցով՝ ջրով լվացվելով, ինչպես նախատիպում է, համարվում են Գլխի հետ միասին նույն զոհասեղանին դրված։ Զոհը զոհասեղանի վրա այրելը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված ընդունում զոհն իբրև «անուշահոտություն»։
Երկրորդ խոյը՝ «նվիրագործելու խոյը», ցույց էր տալիս, թե ինչ ազդեցություն էր ունենալու զոհաբերությունը մեզ վրա, ինչպես որ առաջինը ցույց տվեց, թե ինչպես է Աստված ընդունում մեր զոհը: Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին նվիրագործելու խոյի գլխին՝ ցույց տալով, որ այն իրենց է ներկայացնում։ Իսկ Մովսեսը մորթեց այն ու վերցրեց դրա արյունը (նվիրագործված կյանքը) և քսեց յուրաքանչյուրի վրա առանձին՝ դրանով ցույց տալով, որ մեր նվիրագործումն անհատական հարց է։ Եվ նա քսեց նրա աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ Այսպիսով, մեր նվիրագործման միջոցով մեզ հնարավորություն է տրվում ունենալ «հավատքի ականջ» և գնահատել Աստծու խոստումներն այնպես, ինչպես ոչ ոք չի կարող, բացի նվիրվագործվածներից։ Մեր ձեռքերը սրբագործված են, այնպես որ ինչ էլ որ մեր ձեռքերն անեն, մենք պետք է անենք մեր ամբողջ ուժով, ինչպես Տիրոջ համար: Մեր ոտքերը սրբագործված են, որպեսզի այսուհետ մենք «այլևս չընթանանք, ինչպես հեթանոսները», այլ «նոր կյանքով ընթանանք», «ընթանանք հավատով», «Հոգո՛վ ընթանանք», «քայլենք լույսի մեջ» և ավելին՝ «ինչպես ընդունեցինք Քրիստոսին, նրանով էլ ընթանանք» 23, 24 համարներ:
Խոյի ընտիր մասերը, նրա «փորոտիքն» ու «ճարպը» ներկայացնում էին մեր սրտաբուխ զգացմունքները, մեր լավագույն ուժերը։ Դրանք տվեցին քահանաների ձեռքը և «երերացրեցին»՝ ետ ու առաջ գնալով Տիրոջ առաջ, ներկայացնելով այն փաստը, որ նվիրաբերված զոհը չի տրվում Տիրոջը մեկ րոպեով, մեկ օրով կամ մեկ տարով, այլ մենք նվիրում ենք այն, որպեսզի մեր զգացմունքներն ու ուժերն անընդհատ վեհացնենք՝ մինչև որ Նա մեզ ընդունի իբրև ճանապարհն ավարտածների: Եվ Մովսեսը նրանց ձեռքից վերցրեց երերացնելու զոհը (քահանաներն այն վայր չէին դրել), իսկ Աստծու կողմից դրա ընդունելի լինելը ցույց տրվեց կրակով։ Այսպիսով, մենք՝ «թագավորական քահանաներս», չենք կարող պառկել կամ դադարել մեր ողջ ուժն Աստծու ծառայությանը նվիրաբերելուն, քանի դեռ այն ունենք, քանի դեռ այն ամբողջովին չի սպառվել Նրա ծառայության մեջ, և քանի դեռ Աստված չի ասել. «Բավական է, վե՛ր բարձրացեք»։ Երբ մեր ներքին էության սերը (ճարպը) դրվում է զոհասեղանի վրա, դա օգնում է բորբոքելու Աստծու համար ընդունելի լինելու կրակը: Որքան մեծ է սերը՝ կապված Աստծուն մեր նվիրաբերության հետ, այնքան ավելի արագ այն կայրի մեր զոհը:
Սակառի միջից երեք հաց դրվեց այս «երերացնելու զոհի» վրա, մինչ այն նրանց ձեռքում էր։ Մովսեսը դրեց այս զոհն ինչպես Քահանայապետի, այնպես էլ կրտսեր քահանաների ձեռքերի վրա։
Առաջին բաղարջ հացը ներկայացնում էր Հիսուսի իրական մաքրությունը՝ իբրև մարդ, և Եկեղեցուն վերագրված մաքրությունը՝ իբրև մարդիկ՝ հաստատված Օրենքով (Մովսես) — արդարացում, քանի որ «օրենքի արդարությունը կատարվում է մեր մեջ», մինչ մենք Նրա Մարմնի անդամներն ենք (Հռոմ. 8:4): Երկրորդ բաղարջ հացը՝ յուղով հունցված, ներկայացնում էր ներբնակվող Աստծու Հոգին՝ սրբագործումը: Երրորդը՝ լավաշը, ներկայացնում էր մեր հույսն ու հավատը փառքի, պատվի և անմահության չափազանց թանկ խոստումների հանդեպ:
Առանց այս տարրերի մեր նվիրագործումը չի կարող լինել ամբողջական և, հետևաբար, ընդունելի, այսինքն՝ արդարացում (մաքրություն), սրբագործում Հոգով՝ ճշմարտության հանդեպ հավատքով, և հավատ՝ խոստացված փառավորման նկատմամբ:
Օծության յուղը, միախառնված նվիրագործման արյան հետ, ցողվեց նրանց վրա (համար 30)՝ ցույց տալով, որ մեր նվիրագործումն ընդունելի է միայն այն պատճառով, որ մենք արդարացված ենք մեր Փրկչի թանկագին արյամբ։ Այսպիսով, մեզ ասում են, որ մենք ընդունված ենք միայն «իր Սիրելիի միջոցով» (Եփես․ 1։6):
Նվիրագործելու համար նախատեսված միսը եփելը (համար 31) զոհաբերության մաս չէր կազմում․ դա պարզապես ուտելիքի պատրաստումն էր: Այդ ամենը պետք է դեն նետվեր (համար 32)՝ ցույց տալով, որ մենք պետք է լիովին և ամբողջությամբ նվիրաբերվենք, և մեր ժամանակն ու էներգիան չպետք է վատնվեն:
Նվիրագործման յոթ օրերը (33, 35 համարներ) կրկին ցույց էին տալիս, որ մենք նվիրաբերված ենք Աստծու ծառայությանը ոչ թե մեր ժամանակի մի մասի, այլ ամբողջ ժամանակի ընթացքում: Սուրբ Գրքում յոթը կատարյալ թիվ է, որը խորհրդանշում է բոլորը կամ ամբողջը («Յոթ կնիքներ», «յոթ փողեր», «յոթ պատուհասներ» և այլն)։ 36-րդ համարը ցույց է տալիս նվիրագործման ավարտը:
Երբևէ այնքան անհրաժեշտ չի եղել, որքան այժմ, որ բոլոր իբրև քահանա նվիրագործվածներն այնպես անեն, որ մենք «մեռնենք նրա հետ», և որ մեր բոլոր կարողությունները երերացվեն Աստծու առաջ, որպեսզի Նա ընդունի և օգտագործի մեր տաղանդներն Իր փառքի համար: Սա հատկապես հետաքրքրում է նրանց, որոնք ընկալում են Սուրբ Գիրքն իբրև ուսմունք այն մասին, որ շատ շուտով Մարմնի բոլոր անդամներն ընդունվելու են Գլխի հետ միասին՝ որպես անուշահոտություն Աստծու համար, և որ այդ ժամանակ ավարտվելու է անձնազոհության գործը, և սկսվելու է մարդկությանն օրհնելու և Աստծու Ուխտը կատարելու փառավոր գործը:
Նախատիպային քահանաների նախատիպային նվիրագործումը պատկանում է ներկա [Ավետարանական] դարաշրջանին: Այն անշեղորեն զարգանում է այն ժամանակից ի վեր, երբ մեր Տերն ու Նախակարապետը «Իրեն զոհաբերեց», և կավարտվի մինչև այս դարաշրջանի ավարտը: Եվ եթե մեզ հիմա՝ նվիրագործության ժամանակ, չհաջողվի քահանաների թվում լինել, ապա չենք կարողանա նրանցից մեկը լինել, երբ նրանք սկսեն իրենց ծառայությունը ժողովրդին Աստծու Արքայության մեջ, երբ այդ նույն քահանաները (որոնք այժմ արհամարհված են մարդկանց կողմից, բայց «անուշահոտություն են Աստծու համար») Թագավորի տիտղոս կստանան և իրենց Գլխի՝ Հիսուսի հետ միասին կիշխեն և կօրհնեն բոլոր ազգերին (Հայտն. 20։6)։ Արդյո՞ք ցանկանում ենք լինել նրանց թվում, ովքեր երգելու են մեր մեծ Քահանայապետի փառքը. «Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։ Եթե այո, ապա մենք պետք է լիովին նվիրագործվենք հիմա, քանի որ միայն «եթե համբերենք» Նրա հետ, «նրա հետ էլ կթագավորենք» (Բ Տիմ. 2։12):








