Խոստումների կարեվորությունը

Թանկագին Խոստումներ

Աստծու խոստումները նման չեն մարդու խոստումներից որևէ մեկին: Աստծու խոսքը գործ է․ Նա կանի այն, ինչ խոստացել է… Իր ճիշտ ժամանակին: Նրան հավատալու բանալիներից մեկն այն ընկալումն է, որ Նրա իմաստությունը միշտ չէ, որ տալիս է այն պատասխանը, որը մենք ցանկանում ենք, կամ այն ​​ժամանակահատվածում, որը մենք նախընտրում ենք: Սակայն Նա երբեք չի սխալվում, ինչ վերաբերում է Իր կամքի գործադրման ձևին ու ժամանակին: Եվ այսպես, որպեսզի Աստծու խոստումները մխիթարություն և սրտի հանգստություն բերեն, մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա մեթոդներն ու ժամանակը: Տեսնում ենք, թե իրականում Նրա խոսքերն ինչպես կարող են մեզ զորացնել: Սա խորացնում է մեր վստահությունը Նրա հանդեպ՝ խոստումները դարձնելով ավելի իրական: Այս գրքույկում լուսաբանվում են մեր Երկնային Հոր կողմից մեզ սիրով տրված հազարավոր խոստումներից ընդամենը մի քանիսը, որոնք պետք է կիրառենք իբրև Աստծու հանդեպ կենսափոփոխ վստահության միջոցներ, բացի զուտ ներշնչանքի կամ գնահատանքի միջոցներ լինելուց: Խոստումները մեզ տալիս են իրական ուրախության, անկոտրում խաղաղության, տևական ընկերակցության, փոխակերպող համբերության, հստակ առաջնորդության և անընդհատ խորացող վստահության գործնական դասեր:

ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրա ողորմության հրեշտակները (Նրա ամենամեծ ու պատվական խոստումները) ծառայում են մեզ և զորացնում մեզ:

Երբ մեր միտքը լցնում ենք Աստծու խոստումներով, ողջ բնավորությունը, ողջ կյանքը փոխակերպվում է:

Որքան խոստումները մեր մտքում պահենք, այնքան էլ ուժ ու քաջություն կունենանք՝ անցնելու նեղ ճանապարհով:

Տիրոջ ժողովուրդը պետք է այնքան բծախնդիր լինի Աստվածային հոգածության անգին խոստումները կիրառելիս, որ նրանց սրտերը լիովին զերծ լինեն անհանգստությունից:

Նրանք, որոնք կարող են և կդրսևորեն լիակատար վստահություն Աստվածային բոլոր խոստումների նկատմամբ, հաղթանակից հաղթանակ, օրհնությունից օրհնություն, ուրախությունից ուրախություն, մի ձեռքբերումից մյուս ձեռքբերումին կանցնեն և վերջում փառավոր հաղթանակ կտանեն աշխարհի, մարմնի և Հակառակորդի նկատմամբ՝ շնորհիվ Նրա արժանիքների և շարունակական օգնության, ով սիրեց և փրկագնեց մեզ: Հակառակության ու հուսահատության հսկաները կորցնում են իրենց զորությունն այս դասակարգի առաջ, ինչպես Գողիաթը՝ Դավթի պարսատիկի քարի առաջ:

«Սնվե՛ք» խոստումներով

Մեզ տրված այս խոստումներն այն հոգևոր սնունդն են, որով մենք պետք է սնվենք՝ լինելով սաղմնային Նոր Էակներ: Անկախ մատակարարված սննդի քանակից, եթե ինչ-ինչ պատճառով մեզ չհաջողվի յուրացնել անհրաժեշտ հոգևոր սնունդը, ապա որոշ չափով տկար կլինենք։ Առաքյալի խոսքերը կարծես փաստում են այս միտքը. «ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով Աստվածային բնությանը հաղորդակից լինենք» (Բ Պետրոս 1:4), այսինքն՝ եթե դրանք չկիրառենք, ապա հաղորդակից չենք լինի Աստվածային բնությանը, սակայն դրանց կիրառմամբ մենք կարող ենք մեր «կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնել» և դառնալ Քրիստոսի ժառանգակիցները:

Չի կարելի անտեսել. պետք է անընդհատ կիրառել

Աստծու Խոսքի խոստումները մեզ տրվել են իբրև հավատքի հիմք, իբրև վառելիք, որ մեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ Աստծու բարեհաճ ծրագրի: Եվ հետևաբար այս բարեհաճ խոստումները չի կարելի անտեսել. դրանք պետք է շարունակաբար կիրառել, որոնք շարունակաբար մեզ էներգիա կտան, իսկ էներգիան էլ պետք է օգտագործել, և մենք պետք է համաչափորեն առաջադիմենք այս աշխարհի ընթացքին հակառակ:

«Խորացե՛ք» դրանց մեջ

Ավելի ու ավելի խորացե՛ք Աստծու խոստումների մեջ: Երբ այդպես վարվեք, հավատքի արմատները կվերցնեն սնունդը և այն դեպի ձեր կյանք կուղղեն, և դուք կաճեք, ինչպես ծառն է աճում, քանի որ սնվել ու կերակրվել եք: Միայն այսպես կհաստատվեք Հավատքի մեջ:

Սիրտը պետք է լցված լինի խոստումներով

Եթե Աստծու Խոսքի խոստումներով չլցվի սիրտը՝ իր փափագները կամ տենչանքները բավարարելու համար, այն կսնվի այլ բաներով, և աշխարհը, մարմինն ու սատանան կխռնվեն նրա վրա՝ առաջարկելով տարբեր գրավչություններ, որոնցից մի մասն ընդունելություն կգտնեն, եթե սիրտը չլցվի և լցված չմնա:

Ճշմարիտ Աստվածապաշտության համար ավելի մեծ խթան չի կարող լինել, քան մեզ տրված անգին խոստումները:

Մեր ուրախությունը մեծապես կախված է Խոսքի՝ մեր գիտությունից և Նրանում պարփակված անգին խոստումների մեր իմացությունից, որոնք նախատեսված են հաղթողների համար:

Ձգտե՛ք հասկանալ դրանց իմաստը

Սթափ, մտածված պետք է կշռենք ու ձգտենք հասկանալ խոստումների իմաստը և դրանցից ստանանք իրենց կենսատու ներշնչանքը։

Դրանց արժեքը լիովին գիտակցվում է այն ժամանակ, երբ ավելի մոտ ենք լինում Տիրոջը

Որքան Աստծու Հոգին մեր սրտերն առավել սերտ ընկերակցության և փոխըմբռնման է մղում Աստվածային մտքի հետ, այնքան այս անգին խոստումների արժեքն ավելի ու ավելի է գիտակցվում, մինչև որ մեր սրտերը չբորբոքվեն նույն սուրբ խանդավառությամբ, որով լցվեցին Առաքյալների սրտերը:

Դրանք յուրացնել նշանակում է աճել շնորհի ու գիտության մեջ

Խոստումներն ստանալուց հետո ժամանակ և հավատքի շարունակական գործադրություն է պահանջվում, որպեսզի ճիշտ գնահատենք և յուրացնենք Աստծու խոստումները, որը Սուրբ Գրքում կոչվում է «աճել շնորհով և գիտությամբ»: Մենք աճում ենք գիտությամբ, երբ ուշադրություն ենք դարձնում Աստծու խոստումներին և հավատքով կիրառում դրանք մեր կյանքում և ձգտում զանազանել այս խոստումների կատարումը։ Մենք միաժամանակ աճում ենք շնորհով, քանզի մինչև գիտելիքի յուրաքանչյուր տարր բարի և ազնիվ սրտում չհանգրվանի և առաջ չքաշի հնազանդության ու արդարության (շնորհի) իր չափը, մենք պատրաստ չենք լինի գիտության հաջորդ քայլին և այդպիսով կանգ կառնենք կամ թերևս հետ կդառնանք:

Սրանք են անգին խոստումները, կյանքի սքանչելի խոսքերը: Եկեք նորից ու նորից կրկնենք, որպեսզի նրանց քաղցր իմաստը լիովին խորանա մեր սրտերում և մեր կյանքում օրհնյալ պտուղ բերի: Թող նրանք մեզ ուրախություն պարգևեն խավարի ու փորձության բոլոր ժամերին և նոր եռանդով, քաջությամբ ու նախանձախնդրությամբ զորացնեն մեր նվազող ուժերը, որպեսզի կարողանանք ընթանալ նեղ ճանապարհով, մինչև որ իսկապես մեր «աչքերը տեսնեն թագավորին իր գեղեցկության մեջ»:

Նրանց ավելի շատ ուշադրությո՛ւն դարձրեք

Որպեսզի սովորականից ավելի առաջընթացի ու հոգևոր օրհնության տարի լինի, մենք խորհուրդ ենք տալիս մեզանից յուրաքանչյուրին առավել քան երբևէ ուշադրություն դարձնել Աստծու խոստումներին՝ տրված մեզ իբրև Իր Եկեղեցի, և այն պայմաններին, որոնց հիման վրա դրանք պետք է իրագործվեն մեզ համար:

Քաջություն եվ ուժ՝ խոստումներից

Հաղթահարելիք շատ դժվարություններ կան, որի համար քաջություն է պահանջվում: Բայց Աստծու և Նրա «ամենամեծ ու պատվական խոստումների» նկատմամբ ունեցած հավատքից ծնված քաջությունը զորացնում է նրանց, այլապես նրանք կընկճվեին: Դա այնպիսի զորություն է տալիս նրանց, որն օտար է բոլոր մյուսներին: Եթե Աստծու զավակը հուսահատվում է և կորցնում է իր հույսն ու ուժը, ապա այն պատճառով, որ այլևս չի կառչում օգնության մասին Տիրոջ խոստումներից: Քաջությունը կորցնել նշանակում է կորցնել հավատքը: Հավատքի և քաջության կորուստն Աստծու զավակին անզոր է դարձնում իր թշնամիների առաջ: Մենք պետք է վստահենք մեր Հորը նույնիսկ այն ժամանակ, երբ Նրա նախախնամության իմաստը ծածկված է մեր աչքերից, և երբ Նրան ծառայելու մեր ջանքերը կարծես արգելափակված են:

Պետք է իսկապես, լիովին հավատալ դրանց ու անձնապես յուրացնել: Հզոր ազդեցություն

Այս դասակարգին տրված Աստծու խոստումներն ամենամեծ ու պատվական խոստումներն են, և դրանց իսկապես հավատալու պարագայում անհնար է, որ դրանք զորեղ ազդեցություն չունենան կյանքի վրա, սակայն դրանք չընդունելու պարագայում ակնհայտորեն որևէ իշխանություն չեն կարող ունենալ կյանքի վրա: Դեռ ավելին, դրանց լիովին չհավատալու, անձնապես չյուրացնելու դեպքում դրանք կիրառելի չեն լինի, և ոչ ոք դրանց հետ կապված որևէ հույս չի ունենա։ Սա հստակորեն երևում է Առաքյալի խոսքերից. «արդարը հավատով կապրի»:

Հավատքի համառությամբ խոստումները դառնում են կենդանի իրականություն

Պողոսը ձգտում էր առջևում եղածներին, նրա հավատքն այնպիսի համառությամբ կառչեց Աստծու խոստումներից, որ նրա համար դրանք դարձան կենդանի իրականություն, ոգեշնչող եռանդ ու հավատարմություն: Նա թույլ տվեց, որ իր միտքը կանգ առնի երկնային թեմաների վրա, որը նաև խորհուրդ տվեց ուրիշներին՝ ասելով. «ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք»: Ա՛յս ճանապարհով նա հասավ առջևում եղածներին, և մենք նույնպես այսպես պետք է ոգեշնչվենք սրբությամբ և քաջալերվենք համբերությամբ և հարատև հավատարմությամբ՝ նույնիսկ մինչև մահ:

Յուրաքանչյուր ոք պետք է հավատք աճեցնի իր սրտում. (ա) անընդհատ թարմացնելով իր հիշողությունն Աստվածային խոստումներով՝ լավ ծանոթանալով դրանց հետ Հոր Խոսքում, (բ) ավելի ու ավելի ձգտելով հիշել, որ Տիրոջ հետ կնքած իր ուխտով այս խոստումներն իրենն են, և իր սրտում և իր շուրթերով պետք է Տիրոջ առաջ դրանք հռչակի որպես իրենը՝ աղոթքով և շնորհակալությամբ: Դրանք պետք է իրենը համարի իր մտքում և եղբայրների հետ սրբությունների մասին իր զրույցներում: Երբ փորձություններ, դժվարություններ կամ տարակուսանքներ են ծագում, պետք է մտածի այս խոստումների մասին՝ հիշելով, որ դրանք պատկանում են իրեն, քանի որ Աստված խոստացավ դրանք Իրեն սիրողներին, որ ուխտ են կնքել ինքնազոհությամբ:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն