Ղևտ․ 16:3-33
Նախատիպի կարգը և դրանց նախատիպային նշանակությունները — Զվարակ — Քահանա — Մուտք Սուրբ տեղ/Սրբարան արյունով — Խունկ, անուշահոտություն և գարշահոտություն — Մուտք Սրբությունների սրբություն — Տիրոջ նոխազը — Քավության նոխազը — Ժողովրդի օրհնությունը:
Քավության օրը՝ որպես նախատիպ, պետք է դիտարկել խորանի մյուս նախատիպերից առանձին, բայց միևնույն ժամանակ՝ որպես դրանց մի մաս և դրանց հետ առնչություն ունեցող։ Իրոք, այս բոլոր նախատիպերը, այսպես ասած, առանձին պատկեր են ներկայացնում. յուրաքանչյուրն ունի իր թեման և իր դասն է սովորեցնում, բայց դրանք բոլորն էլ համահունչ են՝ իբրև մեկ պատկերասրահի մասեր, և ներդաշնակ են, ինչպես մեկ մեծ Նկարչի գործ: Այդ բոլորի մեջ նախ պետք է փնտրենք Գլխին, իսկ հետո Նրա Մարմինը՝ կրտսեր քահանաներին, Եկեղեցին:
Քավության օրվա և դրա գործի իմաստը հասկանալու համար մենք պետք է հասկանանք, որ թեև մեր Տեր Հիսուսն Ինքը Քահանայապետն է կրտսեր քահանաների՝ Ավետարանի Եկեղեցու, որն է «Նրա Մարմինը», սակայն ավելի ամբողջական և անթերի իմաստով Նա է Գլուխը, և մենք անդամներն ենք աշխարհի Քահանայապետի Մարմնի: Այսպիսով, Ահարոնը գլխավորում էր կրտսեր քահանաներին, մինչդեռ իրականում, ընդհանուր և պատշաճ իմաստով ներկայացնելով կրտսեր քահանաներին, նա ձեռնադրվեց պաշտոնավարելու իբրև Քահանայապետ Իսրայելի «ողջ ժողովրդի համար», որոնք ողջ մարդկության նախատիպային ներկայացուցիչներն էին և ցանկանում էին քավել իրենց մեղքերը և վերադառնալ աստվածային բարեհաճությանը և հնազանդությանը:
Ինչպես նախատիպային քահանայության նվիրագործումը ներառում է Մարմնի բոլոր անդամներին, և դրա համար պահանջվում է Ավետարանի ողջ դարաշրջանը՝ այն ավարտին հասցնելու համար, այնպես էլ մեղքի զոհը կամ քավության զոհաբերությունն սկսվեց Գլխից, և մենք՝ Նրա Մարմնի անդամներս, լրացնում ենք Քրիստոսի չարչարանքների չափը, որոնք մնացել են անցյալում: Եվ այս չարչարանքների համար պահանջվում է Ավետարանի ողջ դարաշրջանը՝ այն ավարտին հասցնելու համար (Ա Պետ. 4։13, Հռոմ. 8։17, Բ Կորնթ. 1։7, 4։10, Փիլ. 3։10, Կող․ 1:24, Բ Տիմ. 2։12, Ա Պետ. 5։1.10)։
Քավության օրը, որը նախատիպում ընդամենը քսանչորսժամյա օր էր, այնուհետև տեսնում ենք, որ խորհրդանշում է ողջ ավետարանական դարաշրջանը: Դրա ավարտից հետո դադարում են զոհաբերությունները, սկսվում են փառքն ու օրհնությունը, և աշխարհի մեծ Քահանայապետը (Հիսուսը և Նրա Հարսը՝ իբրև մեկ, Գլուխը և անդամները միավորված) հայտնվում են թագադրված՝ իբրև Թագավոր և Քահանա՝ ըստ Խաղաղության Արքա Մելքիսեդեկի կարգի – Քահանա՝ Իր գահի վրա (Եբր. 5։10):
Այնտեղ նա կկանգնի աշխարհի առաջ (բացահայտված, ճանաչված, բայց բնական տեսողության համար անտեսանելի) ո՛չ միայն որպես Թագավոր և Քահանա, այլև որպես մեծ մարգարե. «Ձեր Տերը՝ Աստվածը, ձեր եղբայրների միջից ինձ նման [Մովսես] մի մարգարե պիտի հանի.․․ Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի»: Երբ Հազարամյակի ընթացքում, այս մեծ Մարգարեի, Քահանայի և Թագավորի առաջնորդությամբ և ուսուցմամբ, մարդկությունը ձեռք բերի կատարյալ գիտելիք և կարողություն, ապա կատարյալ հնազանդություն կպահանջվի, և բոլոր նրանք, ովքեր չկարողանան դա մատուցել, կբնաջնջվեն առանց ապագա հույսի, որն է երկրորդ մահը (Գործք 3։22, 23)։
Հրեական դարաշրջանի վերջում Հիսուսն Իրեն առանձնապես զոհաբերեց Իսրայելին՝ որպես մարգարե, քահանա և թագավոր, որը խորհրդանշում կամ պատկերում է ողջ Մարմնի՝ կատարյալ և փառավորված Քրիստոսի զոհը ողջ աշխարհին: Որպես մարգարե՝ Նա ուսուցանեց նրանց, որպես քահանա՝ «ինքն իրեն պատարագ մատուցեց» (Եբր. 7:27), իսկ որպես թագավոր՝ Նա նրանց քաղաք մտավ Իր ծառայության ավարտին: Բայց նրանք չընդունեցին Նրան այս պաշտոններից և ո՛չ մեկում: Ավետարանի դարաշրջանում Նրա Եկեղեցին կամ Մարմինը Նրան ճանաչում էր որպես «Աստծուց ուղարկված ուսուցիչ»՝ մեծ մարգարե, որպես «մեր դավանանքի Քահանայապետ» և որպես օրինավոր Թագավոր: Աստծու Խոսքը, սակայն, սովորեցնում է, որ ոչ միայն Եկեղեցին պետք է ընդունի Նրան, այլ որ Նա (իր Մարմնի՝ Եկեղեցու հետ միասին) կլինի բոլոր ժողովուրդների Մարգարեն, բոլոր ժողովուրդների Քահանան և կթագավորի «բոլոր ժողովուրդների, ազգերի և լեզուների» վրա. «Տեր բոլորի», բոլորի Քահանա և մարգարե կամ վարդապետ։
Նախատիպային քահանաների նվիրագործման ժամանակ մենք տեսանք Ահարոնին և նրա որդիներին, որոնք ներկայացնում էին մեր Տեր Հիսուսին և Նրա Մարմինը՝ որպես «նոր արարածներ», իսկ զվարակը ներկայացնում էր նրանց մարդկային բնությունը, բայց մեր դիտարկելիք նախատիպի մեջ միայն Ահարոնն է ներկայացնում Օծյալին ամբողջությամբ (Գլուխը և Մարմինը), իսկ երկու տարբեր զոհերը՝ զվարակն ու նոխազը, օգտագործվում են այստեղ՝ ներկայացնելու Մարմնի և նրա Գլխի՝ որպես «մեղքի զոհի» տարբերությունը, բայց չարչարանքների նմանությունը։
Քավության օրվա առաջին զոհը
Զվարակ
Զվարակը ներկայացնում էր Հիսուսին երեսուն տարեկանում․ կատարյալ մարդ, ով զոհաբերեց Իրեն և մահացավ մեզ համար: Քահանայապետը, ինչպես արդեն տեսանք, ներկայացնում էր Հիսուսի «նոր» բնությունը՝ օծյալ Գլուխը, և Աստծուն նախապես հայտնի Նրա Մարմնի բոլոր անդամներին: Այստեղ մարդու և «նոր արարածի» միջև նշված տարբերությունը պետք է հստակ հասկանալ և հիշել*։ «Քրիստոս Հիսուս մարդը, ով զոհաբերեց Իրեն» երեսուն տարեկանում, Նա էր, ով նախկինում հարուստ էր (ունենալով ավելի բարձր բնություն), բայց հանուն մեզ աղքատացավ, այսինքն՝ մարդացավ, որպեսզի տա մարդկային միակ հնարավոր փրկագինը` կատարյալ մարդու կյանքը (Ա Կորնթ. 15։21):
* Տե՛ս Սուրբ Գրքի ուսումնասիրություններ, հատոր I, գլ. X, և հատոր II, էջ. 126։
Քանի որ մարդու մեղքի պատիժը մահն էր, անհրաժեշտ էր, որ մեր Փրկիչը մարդանար, «մարմին դառնար», այլապես Նա չէր կարող փրկել մարդկությանը: Մարդը մեղք գործեց, և դրա պատիժը մահն էր, և որպեսզի մեր Տերը հատուցեր այդ պատժի համար, անհրաժեշտ էր, որ Նա նույն բնությունն ունենար (բայց անարատ, մեղքից զուրկ և մեղավորների ցեղից) և մեռներ որպես Ադամի փոխանորդ, այլապես մարդկությունը երբեք չէր կարող ազատվել մահից: Այդ նպատակով Հիսուսը զոհաբերեց «այն ամենը, ինչ ուներ»․ փառքը՝ որպես կատարյալ մարդ, պատիվը, որին կարող էր հավակնել կատարյալ մարդը, և վերջապես կյանքը՝ որպես կատարյալ մարդ: Եվ դա այն ամենն էր, ինչ Նա ուներ (բացի Աստծու՝ նոր բնության մասին խոստումից և այդ խոստումի ծնած հույսից), քանի որ Նա Իր հոգևոր էությունը կամ գոյությունը փոխարինեց մարդկայինով, որը Նա մատուցեց իբրև «մեղքի զոհ» և որը խորհրդանշվում էր Քավության օրվա զվարակով (Հովհ․1։14, Ես․ 53։10)։
Բայց քանի որ «Քրիստոս Հիսուս մարդը» Իրեն տվեց որպես ՓՐԿԱԳԻՆ մեզ համար, ապա այստեղից հետևում է, որ Նա չի կարող վերադառնալ մարդկային բնությանը, որը Նա զոհաբերել է: Եթե Նա հետ վերցներ փրկագինը, մենք՝ փրկագնվածներս, նորից մահվանդատապարտության տակ կհայտնվեինք։ Բայց, փառք Աստծու, Նրա զոհաբերությունը հավիտյան է, որպեսզի մենք հավիտյան ազատվենք ադամական մեղքից և դրա մահապատժից: Այսպիսով, եթե Հայրը երբևէ Հիսուսին որևէ պատիվ, փառք կամ կյանք շնորհեր՝ որպես վարձատրություն Նրա հնազանդության համար՝ նույնիսկ մինչև մահ, ապա դա կլիներ փառք, պատիվ և կյանք մարդկայինից տարբեր գոյության որևէ այլ հարթության վրա։
Սա էր Եհովայի նպատակը Հիսուսի համար, որ Նա բարձրացներ Նրան մարդկային հարթությունից և Իր նախամարդկային վիճակից վեր, բոլոր հրեշտակներից, իշխանություններից և զորություններից վեր, Իր իսկ աջ կողմում (գլխավոր բարեհաճության վիճակը՝ Եհովայի կողքին) և դարձներ Նրան անմահության՝ Աստվածային բնության բաժնեկից։ Հիսուսը «Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց» (Եբր. 12։2, Փիլ. 2։9, Եբր. 1։3, 4)։
Այն նոր բնությունը, որը մեր Տերը ստացավ մարդկային բնության փոխարեն և իբրև վարձատրություն՝ այն զոհաբերելու համար, այն է, ինչ այստեղ ներկայացնում է Քահանան: Թեև ճիշտ է, որ մարդկային բնության զոհաբերությունն ավարտված չէր մինչև խաչը, և որ պարգևը՝ աստվածային բնությունը, ամբողջությամբ չէր ստացել մինչև հարությունը՝ երեք օր անց, սակայն Աստծու հաշվարկով և ինչպես ցույց է տրված այս նախատիպի մեջ, Հիսուսի (զվարակի) մահը համարվեց կատարյալ, երբ Հիսուսն Իրեն մատուցեց իբրև կենդանի զոհաբերություն՝ մկրտությամբ խորհրդանշելով Իր մահը: Այնտեղ նա Իրեն մեռած համարեց՝ մեռած մարդկային բոլոր նպատակների համար, մարդկային փառքի, պատվի կամ կյանքի հույսերի համար այնպես, ինչպես մենք՝ նրա հետևորդները, հորդորվում ենք մեզ մեռած համարել աշխարհի համար, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ իբրև նոր արարածներ (Հռոմ. 6։11)։
Հիսուսի զոհաբերության այս ընդունումը Եհովայի կողմից Նրա նվիրագործման ժամանակ՝ կարծես ամեն ինչ ավարտված լիներ, և Նա իրոք մահացած լիներ, նշանավորվեց Սուրբ Հոգով օծմամբ․ «գրավական» կամ երաշխիք, թե ինչ էր Նա ստանալու, երբ մահն իրականում վրա հասներ:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ զվարակի մահը խորհրդանշում էր Հիսուսի ինքնազոհությունն Իր նվիրագործման ժամանակ: Սա համահունչ է առաքյալի հայտարարությանը Հիսուսի նվիրագործման կամ ինքնազոհության մասին: Նա մեջբերում է մարգարեին. «Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ»՝ մեռնելու և փրկելու շատերին: Այստեղ ներշնչված հեղինակն ասում է. «Ջնջում է առաջինը [այսինքն՝ մի կողմ է դնում խորհրդանշական զոհաբերությունները], որպեսզի երկրորդը [նախատիպը, իրական զոհաբերությունը մեղքերի համար] հաստատի [կամ կատարի] (Եբր. 10։7, 9, 14)։
Այո՛, տեղի ունեցավ զվարակի խորհրդանշած մեղքի զոհի մորթը, և Հիսուսի ծառայության երեքուկես տարիները ցույց տվեցին, որ մարդկային ողջ կամքը մեռած էր, և մարդու մարմինն էլ էր համարվում այդպիսին նվիրագործման պահից:
Օծյալ Հիսուսը՝ մկրտության պահին լցված Սուրբ Հոգով, աստվածային «նոր արարածն» էր (թեև ոչ կատարելագործված իբրև աստվածային մինչև հարությունը), և Նա միշտ հաստատում էր այս հարաբերությունը՝ ասելով. «Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում [որպես մարդ], այլ Հայրը, որ իմ մեջ է [Իր Հոգու միջոցով], նա է գործերը կատարում»։ «Այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց» (Հովհ․ 14.10, 24) «Ոչ թե իմ [որպես մարդ], այլ քո կամքը [Հորը՝ Աստվածայինը] թող լինի» մահվան համար նվիրագործված «կավե անոթների» մեջ և համար (Ղուկ․ 22։42)։
Զվարակը մորթվեց «Գավթում», որը, ինչպես տեսանք, խորհրդանշում էր առ Աստված հավատքի վիճակը և Նրա հետ ներդաշնակությունը, որը մարմնի՝ մարդկային բնության բարձրագույն ձեռքբերումն է: Հիսուսն այդ վիճակում էր՝ լինելով կատարյալ մարդ, երբ զոհաբերվեց Աստծուն (նախատիպի զվարակը):
Եկեք հիշենք այս տարբերությունները, երբ ուշադիր ուսումնասիրենք խորհրդանշական Քավության օրվա գործը, որպեսզի ավելի հստակ հասկանանք նախատիպային իրողությունները: Ահարոնը լվացվեց՝ ներկայացնելու «նոր արարածի»՝ Գլխի և Նրա Մարմնի անդամների մաքրությունն ու անմեղությունը: («Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված» (Ա Հովհ․ 3:9, Դիագլոտ)): Նոր արարածը չի կարող մեղանչել, և նրա պարտականությունն է մշտապես հսկել մեռած համարվող հին բնությանը, որպեսզի այն նորից չկենդանանա: Այն, որ հին կամքը կիսում է վերահսկողությունը նորի հետ, նշանակում է, որ հինը չի մահացել, իսկ նորը չի «հաղթել»: Հնի հաղթանակը կնշանակեր «նոր արարածի» մահ՝ «երկրորդ մահ»։
Ահարոնը զգեստավորվել էր «Քավության օրվա» ծառայության համար ոչ թե իր սովորական «փառքի և պատվի» զգեստներով, այլ զոհաբերության զգեստներով՝ «կտավե հագուստով», որը մաքրության՝ սրբերի արդարության խորհրդանիշն էր: Կտավե շապիկը գրավականն էր այն փառահեղ հագուստի, որը հաջորդելու էր։ «Կտավե գոտին» նրան ներկայացնում էր որպես ծառայի, թեև ոչ այնքան զորեղ, որքան երբ «Քավության օրվա» վերջում նրան կապում էին եփուդի վրա գտնվող գոտին։ Կտավե խույրը, որը նույնպես պատկանում էր փառքի զգեստներին, հռչակում է մեր Գլխի կատարյալ արդարությունը զոհաբերության ժամանակ, ինչպես նաև դրանից հետո: Այսպիսով, նախատիպային Քահանայապետը՝ աստվածային մտքով, հոգուց ծնված, թեև դեռ Հոգուց չծնված, պատրաստ էր և կարողացավ քավության զոհը մատուցել Իր առաջին գալստյան ժամանակ և շարունակեց անել այն՝ ինչպես նախապատկերել էր Ահարոնը:
«Ահարոնն այս բաներով պետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը [որը ներկայացնում է իրեն] և քավություն անի իր [իր մարմնի անդամների՝ կրտսեր քահանաների] և իր ընտանիքի [բոլոր հավատացյալների, «հավատքի ողջ տան»՝ ղևտացիների] համար։ Եվ նա պետք է մորթի իր մեղքի զոհի զվարակը [որը ներկայացնում է իրեն]։ Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից [առաջին վարագույրը կամ «դուռը»] ներս։ Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը [ներթափանցելով երկրորդ վարագույրից] ծածկի վկայության [Օրենքի] տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի [խախտելով այս պայմանները, որոնց դեպքում միայն նա կարող է մտնել Աստվածային ներկայության մեջ]» (3,6,11-13 համարներ):
Անցնելով տիպից նախատիպին՝ եկեք հիմա քայլ առ քայլ համեմատենք Հիսուսի գործերը Նրա առաքելության այս մարգարեական պատկերի հետ: Երբ Քրիստոս Հիսուս մարդը նվիրագործվեց, Նա անմիջապես, որպես Սուրբ Հոգուց ծնված նոր արարած, վերցրեց զոհաբերված մարդկային կյանքը (զվարակի արյունը), որպեսզի այն Աստծուն մատուցի որպես փրկագին «մեր մեղքերի համար և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի»։ Հոգուց ծնված՝ Նա այլևս «Գավթի» վիճակում չէր, այլ առաջին «Սուրբ տեղում», որտեղ Նա պետք է մնար և Իր խունկը մատուցեր փորձության կրակի վրա․ Նա պետք է ցույց տար Իր հավատարմությունն Աստծուն և արդարությունը՝ որպես ծնված Որդի Իր չարչարանքներով, նախքան «Սրբություններրի սրբություն», այն է՝ կատարյալ հոգևոր վիճակի մեջ մտնելը (Եբր. 5։8):
Քահանայապետը զոհասեղանից վերցրեց կրակը (արյան հետ միասին) և իր երկու ձեռքերը լցրեց անուշահոտ խունկով՝ բուրմունք առաջացնելու համար։ Այսպիսով, մեր Տեր Հիսուսի նվիրագործման ուխտի կատարումը Նրա ծառայության երեքուկես տարիների ընթացքում ընդունելի անուշահոտություն էր Հոր համար, որը վկայում էր նվիրագործման ամբողջության և զոհաբերության կատարելության մասին: Մանր ծեծած անուշահոտ խունկը ներկայացնում էր Հիսուս մարդու կատարելությունը։ «Պղնձե զոհասեղանի» կրակը ներկայացնում էր այն փորձությունները, որոնց Նա ենթարկվեց, իսկ այն փաստը, որ Քահանան այն վերցրեց, նշանակում էր, որ մեր Տերն Իր հավատարիմ ընթացքով պետք է հալածանքներ բերեր Իր վրա: Եվ երբ Նրա էության կատարելությունները (խունկը) հանդիպեցին կյանքի փորձություններին (կրակը), Նա կատարելապես ենթարկվեց Աստվածային կամքին՝ դառնալով անուշահոտություն։ Այսպիսով ցույց են տրվում Նրա փորձությունները բոլոր առումներով, սակայն առանց մեղքի: Ինչպես խունկը պետք է ամբողջությամբ սպառվեր կրակի մեջ, այնպես էլ Նա հնազանդությամբ տրվեց ամբողջովին: Նա ընծայեց քահանայի «երկու լցված ձեռքերը»՝ այսպիսով ներկայացնելով մեր Տիրոջ ողջ ունակությունն ու արդարության կարողությունը, որը պահանջվում էր և որը տրվեց:
Բայց մինչ Հիսուսը, որպես «նոր արարած», «Սուրբ տեղում» էր՝ վայելելով ոսկյա աշտանակի լույսը, սնվելով ճշմարտության հացով և ընդունելի խունկ մատուցելով Եհովային, եկեք նայենք դեպի «Գավիթը» և դեռ ավելի հեռու՝ «Բանակատեղիից» այն կողմ և տեսնենք միաժամանակ կատարվող մեկ այլ գործ։ Վերջին անգամ մենք տեսանք դա «Գավթում»․ մորթված զվարակը, որը ներկայացնում էր Հիսուս մարդուն՝ նվիրագործված երեսուն տարեկանում Նրա մկրտության ժամանակ: Այժմ դրա ճարպը, իսկ դրա հետ մեկտեղ՝ երիկամներն ու զանազան կենսատու օրգանները դրված էին «Պղնձե զոհասեղանի» վրա։ Դրանք կատաղի այրվում են, քանի որ զվարակը շատ ճարպ ունի։ Ծխի մի ամպ, որը կոչվում է «անուշահոտություն Աստծու համար», բարձրանում է «Գավթում» գտնվող բոլորի աչքի առաջ, այն է՝ ղևտացիների՝ հավատքի տան, հավատացյալների:
Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուսի զոհաբերությունը հայտնվել հավատացյալներին։ Նրանք տեսան նվիրվածությունը, անձնազոհությունը, սիրառատ նախանձախնդրությունը (ճարպ), որ առ Աստված էին բարձրանում իբրև քաղցր և ընդունելի զոհաբերություն՝ մեր Տիրոջ առաքելության երեքուկես տարիների ընթացքում։ Նրանք լավ գիտեին, որ Հայրը միշտ գոհ էր Նրանից: Իրենց տեսածից նրանք գիտեին, որ Նա ընդունելի էր «Գավթում» (մարմնի մեջ), թեև չէին կարող տեսնել զոհաբերությունն իր ողջ վեհությամբ և կատարելությամբ, ինչպես այն տեսանելի էր Եհովային («Սուրբ տեղում»), որպես անուշահոտ խունկ «Ոսկե զոհասեղանի վրա»։
Եվ մինչ այս երկու կրակները վառվում են («Գավթում»՝ «ճարպը», իսկ «Սուրբ տեղում»՝ «խունկը», և դրանց բուրմունքները միաժամանակ բարձրանում են), կա ևս մեկ կրակ «բանակատեղիից դուրս»։ Այնտեղ ոչնչացվում է մսեղեն մարմինը (համար 27): Սա ներկայացնում է, թե ինչպես է աշխարհը տեսնում Հիսուսի գործը։ Նրանց հիմարություն է թվում, որ Նա պետք է Իր կյանքը զոհաբերությամբ անցկացնի: Նրանք չեն տեսնում դրա անհրաժեշտությունը՝ որպես փրկագին մարդու համար, ոչ էլ հնազանդության ոգին, որը մղեց Նրան դեպի այդ քայլը, ինչպես որ Հայրն է տեսնում: Նրանք չեն տեսնում մեր Տիրոջ սիրառատ կատարելություններն ու անձնազոհությունը, ինչպես տեսնում են հավատացյալները («Գավթի» վիճակում): Ո՛չ էլ Նրա ժամանակներում և նույնիսկ դրանից հետո Նրա մեջ տեսել են իրենց իդեալական հերոսին և առաջնորդին. նրանք հիմնականում Նրա բնավորության մեջ տեսնում էին միայն այն տարրերը, որոնք արհամարհում էին որպես թույլ և չէին կարողանում սիրել և հիանալ Նրանով: Նրանց համար Նրա զոհաբերությունը վիրավորական ու զզվելի էր և է. Նա արհամարհված ու մերժված էր մարդկանց կողմից, և նրանք կարծես կարմրում էին ու թաքցնում իրենց դեմքերը Նրանից, ինչպես, օրինակ, նախատիպում իսրայելացիները զզվում էին այրվող դիակի հոտից։
Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես Հիսուսի կյանքը երեքուկես տարվա ընթացքում լրացրեց այս երեք պատկերները. կատարյալ մարդու Նրա զոհաբերությունը հիմարություն և զազրանք էր աշխարհի աչքում, հավատացյալների աչքում՝ Աստծուն հաճելի զոհ, իսկ Եհովայի աչքում՝ «անուշահոտ խունկ»։ Նրանք բոլորն ավարտվեցին միաժամանակ՝ խաչի վրա: Զվարակը ամբողջությամբ ոչնչացվեց, ճարպը լիովին սպառվեց, իսկ խունկը ամբողջությամբ մատուցվեց, երբ Հիսուսը բացականչեց «Կատարված է» և մահացավ։ Այսպիսով, Քրիստոս Հիսուս մարդն Իրեն իբրև փրկագին տվեց բոլորի համար:
Քանի որ «Ոսկե զոհասեղանի» խունկը նախորդել էր Իրեն և գոհացուցիչ համարվել, Քահանայապետը երկրորդ «վարագույրով» անցավ «Սրբությունների սրբություն»։ Այդպես եղավ Հիսուսի դեպքում. երեքուկես տարի «Սուրբ տեղում» ընդունելի խունկ մատուցելուց հետո, նվիրագործված և հոգուց ծնված վիճակում, Նա անցավ «երկրորդ վարագույրից»՝ մահվանից այն կողմ: Երեք օր Նա «վարագույրի» տակ էր՝ մահվան մեջ, այնուհետև Նա նորից բարձրացավ Աստվածային բնության կատարելությանը՝ մարմնից դուրս, վարագույրից այն կողմ, «Հոր էության արտահայտումը»: Նա «մահացավ մարմնով, բայց կենդանացավ հոգով», «Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին»։ Այսպիսով, մեր Տերն Իր հարության ժամանակ հասավ «Սրբությունների սրբության» վիճակին՝ հոգևոր էության կատարելությանը (Ա Պետ. 3։18, Ա Կորնթ. 15:44)։
Նրա հաջորդ գործը քավության արյունը՝ մեր փրկագինը, Աստծուն մատուցելն էր (համար 14), քանի որ «փրկվեցիք Քրիստոսի պատվական արյունով (զոհաբերված կյանքով)» (Ա Պետ. 1:19): Քահանան, Եհովայի ներկայությամբ՝ արտահայտված Շեքինայի լույսով Shekinah light, որը գտնվում էր քերովբեների միջև Քավության վրա, ցողում կամ ընծայում էր արյունը Եհովային․ այն ցողում էր Քավության վրա և առաջ։ Այսպիսով, մեր Տեր Հիսուսը քառասուն օր հետո վեր բարձրացավ, «որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա ՄԵԶ ՀԱՄԱՐ», և մեր անունից, որպես մեր փրկագին, ներկայացրեց Գողգոթայի վրա հենց նոր մատուցված զոհի արժեքն ու արժանիքը (Եբր. 9։24):
Քավության օրվա երկրորդ զոհը
Տիրոջ նոխազը
Այժմ մենք Քահանայապետին կթողնենք Քավության առաջ և դուրս կգանք գավիթ՝ ականատես լինելու մեկ այլ գործի։ Մեջբերում ենք.
«Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։ Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։ Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։ Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ» (5-10 համարներ):
Այս երկու նոխազները, վերցված Իսրայելից և բերված «Գավիթ», խորհրդանշում կամ ներկայացնում էին բոլոր նրանց, որոնք աշխարհից դուրս գալով և ընդունելով Հիսուսի փրկությունը՝ այս ավետարանական դարաշրջանում իրենց կյանքն ամբողջությամբ նվիրել են Աստծու ծառայությանը՝ նույնիսկ մինչև մահ: Սկզբում դուրս բերվելով «Բանակատեղիից» կամ աշխարհի վիճակից՝ «մեղավորներն, ինչպես մյուսները» բերվեցին «Գավիթ»՝ հավատքի կամ արդարացման վիճակի: Այնտեղ նրանք ներկայանում են Տիրոջ առաջ (ներկայացված ժողովի վրանի մուտքի մոտի նոխազներով)՝ ցանկանալով որպես մարդ մեռնել իրենց Փրկիչ Քրիստոս Հիսուսի հետ և մտնել երկնային կամ հոգևոր վիճակների մեջ այնպես, ինչպես Նա արեց. նախ, հոգևոր մտքի՝ հոգուց ծնված վիճակի մեջ, և երկրորդ, հոգևոր մարմնի՝ հոգուց ծնված վիճակի մեջ՝ ներկայացված համապատասխանաբար «Սուրբ տեղում» և «Սրբությունների սրբության» մեջ:
Բայց մեր Ուսուցիչն ասում է, որ ոչ բոլոր «Տե՛ր, Տե՛ր» ասողներն են մտնելու Երկնքի արքայություն։ Ուստի այս նախատիպը նույնպես ցույց է տալիս, որ նրանք, որոնք ասում են. «Տեր, ահա ես նվիրվում եմ ամբողջովին», ավելին են խոստանում, քան պատրաստ են կատարել: Նրանք չգիտեն, թե ինչ են խոստանում և թե ինչ գին ունի անձնազոհությունը․ ամեն օր վերցնել խաչը և գնալ Հիսուս մարդու [զվարակի] հետքերով. «բանակատեղիից գնալ նրա մոտ [լիովին անտեսելով և ոչնչացնելով մարդկային հույսերը և այլն] ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնել» (Եբր. 13․13):
Երկու նոխազների այս նախատիպում ներկայացված են այն մարդկանց երկու դասերը, որոնք ուխտել են մեռնել Քրիստոսի հետ, նրանք, որոնք իրականում գնում են Նրա հետքերով, ինչպես Նա մեզ օրինակ է տվել, և նրանք, ովքեր «իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից» (Եբր. 2.15): Առաջին դասը «Տիրոջ նոխազն է», երկրորդը՝ «քավության նոխազը»։ Նոխազների այս երկու դասերն էլ, ինչպես կտեսնենք, իրենց դերը կունենան քավության գործում՝ աշխարհը լիովին ներդաշնակեցնելով Աստծու և Նրա Օրենքի հետ, երբ այս «Քավության օրը»՝ Ավետարանի դարաշրջանը, վերջանա: Բայց միայն առաջին դասն է՝ «Տիրոջ նոխազը», որ հետևում է Առաջնորդին, համարվում «մեղքի զոհի» մի մասը և, ի վերջո, Նրա փառավորված Մարմնի անդամները:
Վիճակահանությունը, որով որոշվելու էր, թե որ նոխազն է «Տիրոջ նոխազը», իսկ որը՝ «քավության նոխազը», ցույց տվեց, որ Աստված չի ընտրում, թե ներկայացվածներից ո՛րն է ստանալու մրցանակը: Սա ցույց է տալիս, որ Աստված կամայականորեն չի որոշում, թե նվիրագործվածներից ո՛վ պետք է դառնա աստվածային բնության բաժնեկից և մեր Տեր Քրիստոսի ժառանգակից, և ով՝ ոչ: Նրանք, ովքեր չարչարվում են Նրա հետ, կթագավորեն Նրա հետ, իսկ նրանք, ովքեր փախչում են կրակի փորձություններից՝ փոխզիջումների գնալով, կկորցնեն նաև փառքին հաղորդակից լինելը (Հռոմ. 8։17):
Յուրաքանչյուր հավատացյալ, յուրաքանչյուր արդարացված (ղևտացի) «Գավթում», ով ներկայանում է Քավության օրը, Ավետարանի դարաշրջանում, ընդունելի զոհաբերություն է. այժմ ընդունելի ժամանակն է: Իսկ ուխտը պահողն ու զոհ մատուցողը սովորաբար խորհրդանշվում է «Տիրոջ նոխազով»։ Նրանք, ովքեր չեն զոհաբերվում՝ «ներկայիս աշխարհը սիրելով», ներկայացված են «քավության նոխազով»։
Եկեք վերադառնանք Քահանայապետին. այն բանից հետո, երբ նա յոթ անգամ (կատարելապես) ցողի զվարակի արյունը «Քավության» (բառացի՝ Քավության վայրի) վրա, թող «մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ» (14, 15 համարներ): Մի խոսքով, այն, ինչ արվում էր զվարակի հետ, կրկնվում էր «Տիրոջ նոխազի» հետ։ Նույն Քահանայապետը մորթում էր այն. դրա արյունը ցողում ճիշտ նույն կերպ, դրա ճարպը և այլն, նույնպես այրվում էր «Գավթում» գտնվող զոհասեղանի վրա։ (Արժե նշել, որ թեև հիմնական զվարակը միշտ շատ գեր է, նոխազը շատ նիհար կենդանի է: Այսպիսով, մեր Տեր Հիսուսը՝ ներկայացված զվարակով, ուներ շատ ճարպ՝ նախանձախնդրություն և սեր Իր զոհաբերության հանդեպ, մինչդեռ Նրա հետևորդները՝ ներկայացված նոխազով, համեմատաբար նիհար են): «Տիրոջ նոխազի» մարմինն այրում էին այնպես, ինչպես զվարակի մարմինը՝ «բանակատեղիից դուրս»։
Պողոս առաքյալը բացատրում է, որ միայն մեղքի զոհ հանդիսացող կենդանիներն են այրվել բանակատեղիից դուրս: Եվ հետո ավելացնում է. «Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք» (Եբր. 13:11-13): Այսպիսով, ոչ միայն անհերքելի ապացույց է բերվում, որ Հիսուսի հետևորդները ներկայացված են «Տիրոջ այս նոխազով», այլ նաև, որ նրանց զոհաբերությունը՝ հավասարվելով իրենց Գլխին՝ Հիսուսին, ամբողջ աշխարհի մեղքի զոհի մաս է կազմում։ «Քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա» (Սաղմ. 69։9)։
Մեղքի զոհի դեպքում նոխազի հետ վարվում են այնպես, ինչպես զվարակի հետ․ «բանակատեղիից դուրս» այրելը ներկայացնում է այն անարգանքը, որով զոհը կընդունվեր բանակատեղիից դուրս գտնվողների կողմից, այն է՝ անհավատների, որոնք Աստծու հետ ուխտի հարաբերությունների մեջ չէին: (1) Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսի Մարմնի զոհաբերությունն աստվածային տեսանկյունից՝ որպես անուշահոտություն Աստծու համար, որը ներթափանցում և հասնում է նույնիսկ մինչև Քավություն, շատ քիչ են. միայն նրանք են, ովքեր իրենք գտնվում են «Սուրբ տեղում»՝ «Քրիստոսի հետ նստած երկնքում»: (2) Նրանք, ովքեր ընդունում են սրբերի զոհաբերությունները՝ ներկայացված Պղնձե զոհասեղանի վրա մատուցված մեղքի զոհի «Տիրոջ նոխազի» ճարպով, և ովքեր համարում են իրենց անձնազոհությունն իբրև Աստծուն ընդունելի, ավելի շատ են․ բոլոր նրանք են, ովքեր արդարացված են և զբաղեցնում են «Գավիթը»՝ «հավատքի տունը»: (3) Նրանք, ովքեր գտնվում են բանակատեղիից դուրս, ովքեր այս զոհաբերողներին և նրանց անձնազոհությունը համարում են միայն «երկրի աղտեղության և տականքների» սպառում, Աստծուց հեռու դասակարգն են, Նրա՝ «չար գործերի մեջ գտնվող թշնամիները»: Նրանց է վերաբերում մեր Տիրոջ կանխասացությունը․ «իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ կասեն»։
Ի՞նչ են սովորեցնում սրանք: Քանի դեռ մենք ինքներս ճշմարիտ զոհաբերողներ ենք «Սուրբ տեղում» կամ «հավատքի տան» ճշմարիտ անդամներ՝ «Գավթում», մենք չպետք է նախատենք ներկայիս ճշմարիտ զոհաբերողներից և ո՛չ մեկին և ոչ էլ կուրանանք չարությամբ, ատելությամբ, նախանձով կամ կռվով, որպեսզի չտեսնենք Աստծու համար ընդունելի զոհաբերությունները: Ուրեմն ի՞նչ պետք է ասենք նրանց մասին, ովքեր ժամանակին «եղբայրներ» են եղել, ովքեր մասնակցել են նույն զոհաբերություններին և մատուցել դրանք նույն «Ոսկե զոհասեղանի վրա», ովքեր եղել են թագավորական քահանայության կարգի անդամներ, և ովքեր այնքան են փոխվել, այնքան են տիրել հակառակ ոգուն, որ կարող են շարունակ չարախոսել իրենց քահանա եղբայրներին: Մենք անկասկած պետք է «վախենանք» նրանց համար (Եբր. 4:1), որ նրանք հեռացել են «Սուրբ տեղից» և «Գավթից» և դուրս են եկել Աստծու հետ բոլոր հարաբերություններից՝ դեպի «արտաքին խավար»: Մենք մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անենք՝ նրանց հետ վերադարձնելու համար (Հակոբոս 5:20), բայց ոչ մի դեպքում չպետք է լքենք «Սուրբ տեղը»՝ չարին չարով, կամ նախատինքին նախատինքով պատասխանելու համար։ Հավատարիմ կրտսեր քահանաներից ո՛չ բոլորը պետք է գնան մեծ Քահանայապետի հետքերով, սիրեն իրենց թշնամիներին և բարություն անեն իրենց հալածողներին։ Նրանք պետք է ընդօրինակեն Նրան. «Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին» (Ա Պետ․ 2։23)։
Տիրոջ նոխազը ներկայացնում էր Տիրոջ հավատարիմ հետևորդների ողջ «փոքր հոտը»: Նրանք բոլորն էլ նման են. նրանք բոլորը գնում են նույն «նեղ ճանապարհով», հետևաբար այն, ինչ վերաբերում է բոլորին, վերաբերում է նաև նրանցից յուրաքանչյուրին: Հետևաբար «Տիրոջ նոխազը» ներկայացնում էր յուրաքանչյուրին և յուրաքանչյուրի զոհաբերությունը, բացի նրանից, որ ամբողջը պետք է լրացվեր, և բոլորի զոհաբերությունն ավարտվեր մինչև նոխազի (որը ներկայացնում էր Քրիստոսի ողջ Մարմինը) «արյունը» մատուցվեր «Քավության» վրա։
Արյունը, որը ցողվում էր «Քավության» վրա և առաջ, խաչի տեսքով էր, իսկ խաչի գագաթը կամ գլուխը գտնվում էր «Քավության» վրա: Դրա մասին է վկայում այս նկարագրությունը. «Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից [դեպի «վարագույրը»], և քավության առաջ [դիմաց, առջևում] արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ»։ Այսպես ավարտվեցին Իսրայելի մեղքերի համար մատուցված մեղքի զոհերը. զվարակը՝ կրտսեր քահանաների, Քահանայապետի «մարմնի» և ղևտացիների՝ ներկայիս դարաշրջանի «հավատքի տան» համար, իսկ նոխազը՝ «ժողովրդի համար», Իսրայելի համար, որը նախապատկերում է ողջ աշխարհը, որը ապագայի գիտելիքի ու հնարավորությունների շնորհիվ դառնալու է Աստծու ժողովուրդ։
Այսպիսով, մենք հստակ տեսնում ենք, որ Ավետարանի այս ողջ դարաշրջանը տառապանքի և մահվան ժամանակ է նրանց համար, ովքեր զոհաբերում են մարդկայինը, երկրայինը, բնությունը՝ դառնալու հոգևորի, երկնայինի բաժնեկից: Երբ Հիսուսի զոհաբերությունն Իր «Մարմնի» և «տան» անունից ավարտվեց և ներկայացվեց Հորը՝ Նրա համբարձումից հետո, ուղարկվեց Հոր կողմից Նրա զոհաբերության ընդունելի լինելու ապացույցը՝ Նրա Եկեղեցու, Նրա Մարմնի և Նրա տան ներկայացուցիչների՝ Պենտեկոստեի մկրտությունը: Այնտեղ Նրա օծումը՝ Սուրբ Հոգին (խորհրդանշված սուրբ օծության յուղով), իջավ Եկեղեցու վրա և այդ ժամանակվանից մնաց Քահանայապետի Մարմնի բոլոր կենդանի անդամների վրա, և կրկնության կարիք չկա, քանզի յուրաքանչյուր ոք, ով ընկղմված է Քրիստոսի մեջ՝ որպես Նրա Մարմնի անդամ, այդպիսով ընկղմված է Նրա Սուրբ Հոգու մեջ, որը կենդանացնում է այդ Մարմնի յուրաքանչյուր անդամի:
Սուրբ Հոգու այս էջքը Աստծու նշանն էր, որ ընդունելի են բոլոր նրանք, որոնք հավատում էին Հիսուսին, որոնք արդեն նվիրագործված էին և Ուսուցչի առաջնորդությամբ սպասում էին, որ Հայրը կընդունի նրանց զոհերը (ընդունելի՝ Սիրելիի միջոցով), և նրանք որդեգրության Հոգու միջոցով կծնվեն որպես որդիներ: Պենտեկոստեի ժամանակ Սուրբ Հոգու այս գալուստը, Տիրոջ զորությունը կամ «ձեռքը» նախատիպում (համար 15) պատկերված է Քահանայապետի միջոցով, որը գնում էր դեպի ժողովի վրանի մուտքը, ձեռքերը դնում «Տիրոջ նոխազի» վրա և մորթում այն։ Ինչպես Հոր Հոգին հնարավորություն տվեց Հիսուսին անել այն ամենը, ինչ ներկայացված էր զվարակի սպանությամբ, այնպես էլ նույն Հոգին՝ Աստծու Հոգին, զորությունը կամ ներգործությունը, Ճշմարտության Հոգին կամ ներգործությունը «Տիրոջ նոխազների» դասի վրա, Քրիստոսի միջոցով, նրանց հնարավորություն է տալիս խաչվել որպես մարդ, այն է՝ մորթել նոխազին՝ ապականված կամքը՝ աստվածային բնության խոստացյալ փառքի, պատվի, անմահության հույսով՝ իբրև «Քրիստոսով նոր արարածներ»։
Օրինակ՝ Պողոս Առաքյալը, ունենալով Առաջնորդի և Գլխի Հոգին, կարող էր ամեն ինչ կորած և անարժեք համարել՝ Քրիստոսին [անդամակցությունը] շահելու և Նրա մեջ գտնվելու համար: Այս հույսով և Հոգով ներշնչված՝ նա կարող էր ասել. «Ես [նոր արարածը] ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ [հին արարածը՝ ներկայացված նվիրաբերված նոխազով]»։ Այն սպառվում էր՝ բանակատեղիից դուրս աշխարհի նախատինքին ու արհամարհանքին արժանանալով։ Պողոսի երկրային բոլոր զգացմունքներն ու կարողությունները մատուցվեցին Աստծուն՝ որպես կենդանի զոհաբերություն: Դրանից հետո նրա մեջ Քրիստոսն էր ապրում, փառքի հույսը՝ Քրիստոսի միտքը՝ խաչելով ու ճնշելով նրա ապականված ու արդարացված մարդկային բնությունն ու դրա կամքը։
Այս աշխարհում գտնվելով՝ նա այս աշխարհից չէր, և դա այնքան ճշմարիտ էր, որ նա կարող էր ասել. «Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով» (Գաղ. 2.20): Այո՛, հավատքով նա համարվեց «նոր արարած», որին, հավատարիմ լինելու դեպքում, պատկանում են Աստվածային բնության ամենամեծ ու պատվական խոստումները (Բ Պետ. 1։4)։ Նա ապրում էր «Սուրբ տեղի» վիճակում, սնվում էր «առաջավորության հացով» և անընդհատ լուսավորվում էր «Ոսկե աշտանակի» լույսով։ Այդպիսով ձեռք բերելով գիտելիք և ուժ՝ նա կարողացավ Աստծուն հաճելի «խունկ» մատուցել Հիսուս Քրիստոսի միջոցով, այսինքն՝ Պողոս առաքյալի զոհաբերությունը՝ շնորհիվ նրան վերագրվող Հիսուսի արժանիքների, ընդունելի էր Աստծու համար։ Այսպիսով, նա նոխազի բնությունը միշտ զոհաբերված էր պահում. նա ոչ միայն մեռած էր պահում մարմնական կամքը, այլ որքան հնարավոր էր, ճնշում էր մարմնեղեն մարմինը՝ ենթարկելով նոր կամքին: Նույնն արեցին «Տիրոջ նոխազի» այս դասի մյուս անդամները, թեև մյուսներն այնքան էլ հայտնի չէին։ Պողոսի զոհաբերությունը շատ հարուստ բուրմունք արձակեց. նրանը շատ անուշահոտ զոհաբերություն էր Աստծու համար, սակայն ինչպես մեր պարագայում է, այն ընդունելի էր Աստծուն ո՛չ թե իր արժանիքի համար, այլ որովհետև այն մատուցվեց «Ոսկե զոհասեղանի վրա» և Քրիստոս Փրկչի արժանիքներին բաժնեկից եղավ:
Ինչպես նոխազը լրացնում է մեղքի զոհի պակասը՝ ավարտին հասցնելով զվարակով սկսված զոհը, այնպես էլ «փոքր հոտը», հետևելով Հիսուսին, «լրացնում է Քրիստոսի նեղությունների պակասը» (Կող. 1.24): Այնպես չէ, որ մեր զոհաբերություններն ինքնին արժեքավոր էին, ինչպես մեր Տիրոջ պարագայում է, քանի որ միայն Նա էր կատարյալ և կարող քավելու՝ իբրև մեղքի զոհ մատուցվելու համար։ Մեր զոհաբերությունների ընդունելիությունը պայմանավորված է նրանով, որ Նրա արժանիքները վերագրվում են մեզ՝ նախ արդարացնելով մեզ, ապա շնորհի միջոցով, որը հնարավորություն է տալիս մեզ մեր արդարացված անձերը մատուցել մեր Տիրոջ կատարյալ զոհաբերության հետ միասին, մենք՝ որպես Նրա մարմնի անդամներ, չարչարակից ենք լինում Քրիստոսին, որպեսզի ի վերջո բաժնեկից լինենք նաև Նրա փառքին՝ մասնակցելով բոլոր ազգերին օրհնելու Նրա ապագա գործին՝ վերականգնվելու առավելություններով և հնարավորություններով:
Պետք է գա մի պահ, երբ «Աստծու նոխազի» այս դասի վերջին անդամների զոհաբերությունն ավարտվի և մեղքի զոհն ընդմիշտ դադարի: Այլ տեղերում բերված ապացույցների հիման վրա՝ մենք հաստատապես հավատում ենք, որ մենք այժմ «Քավության օրվա» վերջում ենք, և որ «Աստծու նոխազի» այս դասի վերջին անդամներն այժմ զոհաբերվում են: Շուտով այս դասի՝ Քրիստոսի Մարմնի վերջին անդամները կանցնեն երկրորդ «վարագույրից»՝ մարմնից այն կողմ, դեպի հոգևոր բնության կատարելությունը, որն արդեն սկսվել է նոր մտքում կամ կամքում և որն այժմ վերահսկում է նրանց մահկանացու մարմինները: Եվ ոչ միայն սա, այդպիսի հավատարմություն ունեցողներին խոստացվում է հոգևոր բնություններից ամենաբարձրը՝ «Աստվածային բնությունը» (Բ Պետ․ 1․14)։
Երկրորդ «վարագույրից» անցնելը Մարմնի համար նույնն է, ինչ Գլխի համար, այսինքն՝ նոխազի արյուն մատուցելը նույն նշանակությունն ունի, ինչ զվարակի արյուն մատուցելը: Քահանայի մարմինը, երկրորդ «վարագույրով» անցնելով և կրելով նոխազի արյունը, ներկայացնում էր Քրիստոսի Մարմնի անցումը մարդկային պայմաններից դեպի Աստվածային բնության կատարելությունը, երբ մենք կնմանվենք Քրիստոս Հիսուսին, որն այժմ «Հոր էության արտահայտումն» է: Օ՜ երանելի հույս։ «Երբ արթնանամ, պիտի կշտանամ քո նմանությամբ»,- մարգարեաբար ասվել է Հիսուսի մասին, և որքա՜ն վեհ է խոստումը, որ «նրա նման կլինենք» (Եբր. 1։3, Հռոմ. 8։29, Սաղմ. 17:15, Ա Հովհ․ 3։2)։
Եթե մեզ հաջողվի շահել մրցանակը, որի համար վազում ենք, ապա․
«Թող անհետանան բոլոր երազանքները,
որ ունեինք կամ փնտրում էինք երկրի վրա,
քանզի այնքա՜ն հարուստ է մեր վիճակը․
Երկնային հեռանկարները բաց են մեզ համար»։
«Սրբությունների սրբություն» հասնելը, որը Մարմնի զոհաբերության վկայությունն է «ժողովրդի համար», կներկայացվի «Քավության» վրա ցողված նոխազի արյան միջոցով։ «Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ» (Ղևտ. 16։16)։
Ներկայացվելիս՝ այն կընդունվի «ժողովրդի համար», ինչպես որ մեր փառապանծ Առաջնորդինն ընդունվեց «Իր [Իր Մարմնի] և Իր տան [հավատքի տան] համար»։ Այսպիսով կավարտվի հաշտության գործը։ Մեղքն ու դատապարտությունը լիովին ծածկված կլինեն բոլորի համար, որին արագորեն կհետևի այս քավության մեծ արդյունքներն աշխարհին փոխանցելու խոշոր գործը ճիշտ այնպես, ինչպես Հոգեգալստյան օրհնությունն իջավ «Մարմնի» վրա, իսկ դրա ակամա ազդեցությունը՝ «տան» վրա Հիսուսի զոհաբերությունն ընդունելուց անմիջապես հետո, երբ Նա անցավ մարմնի «վարագույրից» այն կողմ և Աստծու առաջ ներկայացրեց մեր փրկագին-զոհաբերությունը:
Բոլոր իրերն արյունով ցողելը ցույց էր տալիս, որ «արյունը» լիակատար հաճություն էր, ինչպես նաև ցույց էր տալիս, որ դրան հաջորդած «քավության նոխազի» հետ գործ ունենալը մեղքի զոհի մաս չէր կազմում և անհրաժեշտ չէր «հաշտությունն» ավարտին հասցնելու համար։ Ուստի դրա մեջ պետք է այլ նպատակ ու իմաստ տեսնենք։
Քավության նոխազը
«Երբ վերջացնի սուրբ տեղի [«Սրբությունների սրբության»], ժողովի վրանի [«Սուրբ տեղի»] և զոհասեղանի համար [«Գավթում»] քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։ Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի [քավության նոխազի] գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների [որ խորհրդանշում է աշխարհը] բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու [ցանկացած հարմար մարդու] միջոցով» (20-22 համարներ)։
Ինչպես արդեն ասվեց, մենք հասկանում ենք, որ այս «քավության նոխազը», որը ներկայացվեց մյուսների հետ, բայց չզոհաբերվեց և չհետևեց զվարակի օրինակին, ներկայացնում էր Աստծու ժողովրդի մի դաս, որն աշխարհի համար մեռնելու, իրենց արդարացված մարդկային բնությունը զոհաբերելու ուխտ էր կապել, բայց չմատուցեց ուխտած զոհաբերությունները: Այս «նոխազը» չի ներկայացնում նրանց, որոնք «ընկրկողներ չեն, որ կորսվեն», «Շունն իր փսխածին է վերադառնում» տեսակին (Եբր. 10:39, Բ Պետ. 2:22), այլ այն դասակարգին, որը ձգտում է խուսափել մեղքից, ապրել բարոյապես և պատվել Տիրոջը, սակայն փնտրելով նաև աշխարհի պատիվն ու շահը՝ Տիրոջը և Նրա գործին ծառայելիս հրաժարվում է երկրային իրավունքները զոհաբերելուց:
«Քավության նոխազների» այս դասը գոյություն է ունեցել Ավետարանի ողջ դարաշրջանում: Մեկ նոխազը և նրա հետ կատարված աշխատանքը «Քավության օրվա» վերջում, ընդհանուր առմամբ, ներկայացնում էին այդ դասի յուրաքանչյուր մարդու այդ դարաշրջանում, թեև այն հատկապես ներկայացնում էր այդ դասի այն անդամներին, ովքեր ապրում էին զոհաբերության դարաշրջանի վերջում: Եկեք նախ տեսնենք, թե Աստված ինչպես է վարվելու այս դասի այն անդամների հետ, որոնք ողջ կլինեն, երբ մեղքի զոհի աշխատանքն ավարտվի, այն է՝ «քավության նոխազների» դասի վերջին անդամների հետ, և հետո տեսնենք, թե այս նախատիպն ինչպես է վերաբերվում նույն դասի նախորդ անդամներին:
Հիշեք, որ «մեղքի զոհից» հետո մենք այժմ գործ ունենք գալիք բաների հետ։ «Տիրոջ նոխազը» դեռ ամբողջությամբ սպառված չէ, հետևաբար «փոքր հոտը»՝ ի դեմս Քահանայի մարմնի, դեռևս չի անցել երկրորդ «վարագույրից»՝ հասնելով հոգևոր կատարելության վիճակի, իսկ կենդանի «քավության նոխազի» հետ հատուկ աշխատանք կկատարվի միայն դրանից հետո։
Սուրբգրային այլ հատվածներ (Հայտն. 7:9, 13-17 և Ա Կորնթ. 3:15) ցույց են տալիս, որ կլինի «մեծ ամբոխ», որոնք այս դարաշրջանում հավակնում էին Հիսուսին ժառանգակից լինելու գլխավոր մրցանակին և չկարողացան «այնպե՛ս վազել» այն ստանալու համար: Այս մարդիկ, թեև «զրկված» են մրցանակից (Ա Կորնթ. 9:27), սակայն հադիսանում են Տիրոջ սիրո առարկան, քանի որ իրենց սրտերում նրանք արդարության և ո՛չ թե մեղքի համակիրներ են: Ուստի Իր նախախնամությամբ՝ կյանքի հանգամանքների բերումով, Տերը կստիպի նրանց անցնել «մեծ նեղության միջով»՝ դրանով իսկ նրանց համար այնպես անելով, «որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը» (Ա Կորնթ. 5.5): Նրանք նվիրագործեցին իրենց արդարացված մարդկային կյանքը, իսկ Աստված ընդունեց այդ նվիրագործությունը և, ըստ իրենց ուխտի, նրանց համարեց մահացած՝ իբրև մարդ, և կենդանի՝ իբրև նոր՝ հոգևոր արարածներ: Բայց չկատարելով անձնազոհության ուխտը՝ նրանք կտրեցին իրենց «թագավորական քահանայությունից»՝ Քրիստոսի Մարմնի անդամությունից: «Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն» (Հովհ․ 15։2):
Նրանք անմխիթար վիճակում են. նրանք չկարողացան նվաճել մրցանակը, ուստի նրանք չեն կարող ունենալ աստվածային բնություն, ոչ էլ կարող են աշխարհի հետ միասին վերադարձնել կատարյալ մարդկային բնությունը, որովհետև իրենց նվիրագործությամբ մարդկային բոլոր իրավունքներն ու արտոնությունները փոխանակեցին հոգևորի հետ, ինչպես նաև աստվածային բնության համար մրցավազքին մասնակցելու հնարավորության հետ: Բայց թեև նրանք կամավոր հաղթողներ չեն, Տերը սիրում է նրանց և կփրկի նրանց, ովքեր մահվան ահից (արհամարհանքի ահից, նախատինքի ահից, որոնք զվարակն ու նոխազը տարան «բանակատեղիից» դուրս՝ անապատ, առանձնացված կամ մեռած վիճակ) իրենց ողջ կյանքում գերության մեջ են եղել․ գերություն մարդկանց ահից, մարդկանց ավանդույթներից ու կարծիքներից, որոնք միշտ թակարդ են լարում և խանգարում, որ լիովին հնազանդվեն Աստծուն՝ նույնիսկ մինչև մահ (Եբր. 2։15)։
Քահանայապետի բարեհաճությամբ այս մեծ դասը պետք է անցնի «մեծ նեղության» միջով և կործանի մարմինը։ Սա նրանց կամավոր հաղթանակողներ կամ Մարմնի՝ Քրիստոսի Հարսի անդամներ չի դարձնի: Սա նրանց տեղ կտա ո՛չ թե թագավորների և քահանաների գահի վրա, այլ «գահի առաջ»՝ իբրև կատարյալ հոգևոր էակների, որոնք սակայն չեն պատկանում բարձրագույն հոգևոր` աստվածային կարգին: Թեև նրանք չեն արժանանա կյանքի, անմահության պսակին, սակայն եթե ճիշտ անցնեն նեղության միջով, նրանք կհասնեն «հրեշտակային նմանության» վիճակին։ Նրանք կծառայեն Աստծուն Նրա Տաճարում, թեև չեն լինի այդ խորհրդանշական Տաճարի անդամները, որը Քրիստոսն է (Հայտ․ 7։14, 15):
Այս դասը՝ ներկայացված «քավության նոխազով», կուղարկվի անապատ՝ բաժանվելու աշխարհից, նրան այնտեղ կուղարկի «պատեհապաշտ մարդը»՝ անբարենպաստ հանգամանքները, որտեղ նրանք տանջվելու են դժբախտություններից, մինչև չհասկանան աշխարհի հավանության ունայնությունը, խաբեությունը և բացարձակ անարժեքությունը, մինչև չմեռնեն մարդկային բոլոր հույսերն ու նկրտումները, և նրանք պատրաստ լինեն ասելու. «թող Աստծու, ոչ թե իմ կամքը կատարվի»: Աշխարհը միշտ պատրաստ է արհամարհելու և վտարելու ճնշվածներին և տառապյալներին, նույնիսկ եթե նրանք անկեղծորեն փափագում են նրա խաբուսիկ ժպիտին և դատարկ պատիվներին: «Քավության նոխազի» մարմինն անապատում չէին այրում․ այրում էին միայն մեղքի զոհերը (զվարակն ու «Տիրոջ նոխազը» (Եբր. 13։11)։ Մեղքի զոհերի այրումը ներկայացնում էր այս դասերի մշտական, շարունակական ենթարկումը կրակի տառապալից չարչարանքներին. «հավատարիմ [կամավոր զոհաբերություններ] մինչև մահ»: Երկու դասերն էլ տառապում են նույնիսկ մինչև մարդու կամքի և մարմնի մահ, բայց առաջին դասի ներկայացուցիչները մահանում են կամավոր՝ մարմնի մշտական խաչելությամբ, ինչպես ցույց է տալիս կրակի խորհրդանիշը, որն անընդհատ այրվում է՝ մինչև այրելու ոչինչ չմնա: Երկրորդ դասի ներկայացուցիչներին ուղղակի ուղարկում են անապատ և թողնում այնտեղ՝ ակամա մեռնելու։ Աշխարհի կողմից արհամարհանքը, ծաղրն ու նախատինքը սպանում են աշխարհի հավանության հանդեպ նրանց սերը, իսկ այդ ընթացքում նրանց նոր հոգևոր բնությունը հասունանում է կյանքի համար: «Աստծու նոխազների» դասը հրաժարվում է մարդկային բնությունից Տիրոջ հոգով և օգնությամբ՝ զոհաբերությամբ, հոժարությամբ, կամավոր կերպով. «քավության նոխազների» դասն Աստվածային նախախնամությամբ ոչնչացնում է իրենց մարմինը, որպեսզի հոգին փրկվի:
Սա պատահելու է «Քավության նոխազների» այս դասի վերջին անդամներին ո՛չ միայն մոտ ապագայում, այլև որոշակիորեն կատարվել է Ավետարանի ողջ դարաշրջանում, որովհետև միշտ եղել է մի դասակարգ և բավականին մեծ, որն իր կամքը սպանել է միայն հարկադրաբար, և փոխանակ կամավոր զոհ մատուցելու՝ տառապել է «մարմնի կորստից»։ (Ա Կորնթ. 5։5) Երկու նոխազներով ներկայացված դասերն ամբողջ դարաշրջանի ընթացքում զարգացել են կողք կողքի։
Երբ «փոքր հոտի» բոլոր անդամներն անցնեն «վարագույրից», աստվածային նախախնամությունը՝ Տիրոջ ձեռքը կազատի նրանց, ովքեր «իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից [աշխարհի համար]»՝ տապալելով մարդկային բազմաթիվ տեսություններ, դավանանքներ և ավանդույթներ, ինչպես նաև անվանի եկեղեցական մեծ կազմակերպություններ, որոնց միջոցով «քավության նոխազների» դասի Նրա ժողովուրդը զերծ է մնում Տիրոջ ձայնը լսելուց և հնազանդվելուց:
Բաբելոնի անկումով պարտադրված ազատության մեջ գիտակցելով, որ մեծ մրցանակը կորսված է՝ այս «նեղության սրբերը» լսելու են Քահանայապետի ձայնը և հասկանան, որ հայտնվել են անապատում․ մեկուսացում և մարմնի կորուստ: Նախկինում երբևէ այսքան ՆՎԻՐԱԳՈՐԾՎԱԾՆԵՐ չեն եղել, որքան հիմա, թեև ողջ դարաշրջանում եղել են նաև այդպիսի մարդիկ։
Երկու դասերի բոլոր նվիրագործվածները (Տիրոջ նոխազների դասը և քավության նոխազների դասը) անցնում են մեծ փորձությունների և տառապանքների միջով, սակայն մի դասի համար դրանք համարվում են թեթև տառապանքներ՝ ուրախությամբ ընդունված, և նրանք ուրախանում են, որ արժանի են համարվել տառապելու: Նրանց զոհաբերությունը կամավոր է, ինչպես Գլխի զոհաբերությունը։ Մյուս դասի համար դա ծանր, մեծ տառապանք է՝ գրեթե առանց ուրախության․ մարմնի պարտադրված կորուստ: Իսկ մրցավազքի վերջում նրանց դիրքերն ու պարգևները համամասնորեն տարբեր են լինում։
Քավության օրվա ողջակեզները
«Ահարոնը մտնի ժողովի վրանը [«Սուրբ տեղ»]. սրբարան [«Սրբությունների սրբություն»] մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։ Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում [«Գավիթ»] և հագնի իր [սովորական] զգեստները [փառքի և պատվի հանդերձները]. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր [Մարմնի՝ Եկեղեցու, «փոքր հոտի»] համար և ժողովրդի համար» (Ղևտ. 16։23, 24)․ նույն քավությունը պատկերված կամ ներկայացված է այլ տեսանկյունից։
Ողջակեզը բաղկացած էր երկու խոյից (3, 5 համարներ), որոնցից մեկը ներկայացնում էր զվարակին, իսկ մյուսը՝ Տիրոջ նոխազին։ Դրանք նման են և ցույց են տալիս Հիսուսի և Նրա հետևորդների մատուցած զոհերի ներդաշնակությունն ու միությունը, որոնք բոլորն էլ Աստծու աչքում մեկ զոհաբերություն են: «Որովհետև թե՛ սրբացնողը [Հիսուսը] և թե՛ սրբացվողները [փոքր հոտը] ՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել» (Եբր. 2։11)։
Այդ է վկայում նաև այս զոհերից յուրաքանչյուրի նկատմամբ վերաբերմունքը։ «Ողջակեզի» խոյերը կտոր-կտոր էին անում, լվանում, և նրանց կտորները դնում էին գլխին՝ զոհասեղանի վրա և այրում՝ իբրև Եհովային մատուցվող անուշահոտ ողջակեզ։ Քանի որ երկու խոյերի հետ էլ այդպես էին վարվում, դա ցույց էր տալիս, որ Եհովայի գնահատմամբ դրանք բոլորը մեկ զոհի մաս էին՝ Գլխին միավորված անդամներ, ընդունելի իբրև մեկ ամբողջություն, իբրև քավություն աշխարհի մեղքերի համար՝ այդպիսով բավարարելով արդարության պահանջները մեղավորների ամբողջ աշխարհի անունից:
Ինչպես մեղքի զոհերը ցույց էին տալիս Փրկչի զոհաբերական մահը, այնպես էլ հաջորդող ողջակեզները ցույց էին տալիս Աստծու կողմից այդ նույն զոհաբերության ակնհայտ ընդունումը: Եկեք չմոռանանք, որ Աստված այսպիսով ցույց է տալիս, որ Նա չի հայտնի, որ ընդունում է զվարակներից ու նոխազներից «ավելի լավ զոհերը», մինչև մեղքերի համար մատուցված զոհաբերություններն ավարտվեն, և ճշմարիտ Քահանայապետը հագնի իր պաշտոնին պատշաճ փառքի ու պատվի զգեստները, որը ներկայացված է հագուստի փոփոխությամբ: Մեղքի զոհի մատուցման ժամանակ նա կրում էր միայն սպիտակ կտավե հագուստները։ Դրանից հետո (և սովորաբար) նա հագնում էր իրեն շնորհված պատիվն ու փառքն արտահայտող փառքի զգեստները: Ավետարանի դարաշրջանում մեղքի զոհերը շարունակվում են, իսկ քահանաներին պատիվ չի տրվում, բայց դրա ավարտին դրսևորվում է Աստծու հավանությունն ու ընդունումը՝ փառք ու պատիվ շնորհելով այն քահանաներին, ովքեր զոհաբերություն են արել, և օրհնելով այն ժողովրդին, ում մեղքերի համար նրանք քավություն են արել։
Ողջակեզն այրվում էր զոհասեղանի վրա՝ «Գավթում»՝ այդպիսով ուսուցանելով, որ Աստված կհայտնի, որ ընդունում է ողջ Մարմնի (Գլխի և մասերի կամ անդամների) զոհաբերությունը բոլորի աչքի առաջ՝ «Գավթի» վիճակում, այն է՝ բոլոր հավատացյալներին: Բայց մինչև հավատացյալներին կհայտնվի գործի՝ Աստծու կողմից ընդունելի լինելը, «քավության նոխազների» դասին հեռու են ուղարկում, իսկ Քահանայի զգեստները փոխվում են։
Ինչպես զոհաբերության ժամանակ հագած սպիտակ հանդերձները ծածկում էին Մարմինը և ներկայացնում էին Մարմնի արդարացումը՝ նրանց մաքրությունն Աստծու աչքում՝ Քրիստոսի միջոցով, այնպես էլ հաջորդիվ հագնված «փառքի և պատվի զգեստները» ներկայացնում են Եկեղեցու դիրքի և ապագա գործի փառքը, երբ նոր արարածները կատարելագործվեն, երբ անցնեն «վարագույրից» այն կողմ: Ջրով լվացումն այդ ժամանակ նշանակում է, որ թեև սպիտակ զգեստները («Մարմնին» վերագրվող արդարությունը) այժմ հանված են, դա չի ենթադրում մեղքի վերստին վերագրում, այլ մաքրության ավարտ՝ «Մարմինը» կատարյալ դարձնելով հարության ամբողջության մեջ՝ փառքի և պատվի զգեստներով, որոնք ներկայացնում են Առաջին Հարության փառքը, պատիվը և անմահությունը՝ դեպի աստվածային բնություն: Լվացումը նաև ցույց է տալիս, որ մարդկանց մեղքերը, որոնց համար քավություն է արվել, չեն կպչում և չեն աղտոտում քահանայի մաքրությունը։
Այսպիսով ավարտվեց քահանայության այս տեսակի զարգացումը և աշխարհի մեղքերի համար հատուցումը, բայց մենք կանգ առնենք՝ աչքի անցկացնելու այս գլխի մի քանի համարները (Ղևտ. 16), որոնք ուղղակիորեն կապ չունեն մեր թեմայի հետ:
Համար 17. «ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար»։
Այս սահմանափակումը վերաբերում է միայն այս հատուկ օրվան, քանի որ առաքյալն ասում է. «քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը [«Սուրբ տեղը»]՝ պաշտամունքներ կատարելու։ Իսկ երկրորդի մեջ [«Սրբությունների սրբությունը»] տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը» այս «Քավության օրը», որը կրկնվում էր ամեն տարի (Եբր. 9։6-7)։
Ճշմարիտ խորանի արտոնությունները պատկանում են միայն նրանց, ովքեր քահանաներ են՝ Քահանայապետի Մարմնի անդամներ, և անկախ նրանից, թե այս երկնային վիճակներից առաջինում ենք, ինչպես հիմա (հոգևոր մտածողությամբ, նոր արարածներ՝ Քրիստոս Հիսուսով), թե երկրորդ կամ կատարյալ հոգևոր վիճակում, որում հուսով ենք շուտով հայտնվել, երկու դեպքերից մեկում կամ երկու դեպքում էլ դա այդպես կլինի, քանի որ մենք Քրիստոս Հիսուսով նոր արարածներ ենք՝ այլևս ոչ մարդկային։ «Բայց դուք մարմնին [մարդկայինին] չեք հետևում, այլ Հոգուն [հոգևոր, նոր արարածներ], եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում» (Հռոմ. 8։9)։
Համար 28. «Դրանք [մեղքի զոհի զվարակն ու նոխազը] այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի»։
Սա կարծես սովորեցնում է, որ նրանք, ովքեր կարևոր դերակատարություն են ունեցել Հիսուսի (զվարակի) մարդկային բնությունը և Նրա «փոքր հոտի» (նոխազի) մարդկային բնությունը նախատելու, վիրավորելու և ոչնչացնելու գործում, հատուկ պատիժ չեն կրի դրա համար, որովհետև դա արել են անգիտակցաբար՝ միևնույն ժամանակ կատարելով Աստծու ծրագիրը: Նրանք կարող են լվացվել, մաքրվել և գալ բանակատեղի, այսինքն՝ նույն վիճակին, ինչ մնացած աշխարհը, որոնք բոլորն էլ մեղավոր են ժառանգությամբ, բոլորն էլ փրկվել են ադամական ապականությունից և մահից, և բոլորն էլ սպասում են մեծ Քահանայապետի վերադարձին և օրհնությանը, որն այնուհետև կտարածվի բոլորի վրա:
Համար 26. «Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի»։
Այս նույն խրատն է տալիս նրանց, ովքեր կարևոր դերակատարություն են ունենալու «քավության նոխազով» ներկայացված «մեծ դասի» վրա նեղություններ բերելու և մարմնի հետագա կորստի գործում։ Նրանք պետք է հատուկ ներում ստանան Տիրոջ կողմից այս սխալ արարքների համար, բայց, ի վերջո, հավասար դիրքերում կկանգնեն մնացած մարդկանց հետ:
«Քավության օրվա» զոհաբերություններին հաջորդող օրհնությունները
Այսպիսով ավարտվեց խորհրդանշական «Քավության օրը», իսկ Իսրայելը՝ այսպես խորհրդանշական կերպով մեղքից մաքրված, այլևս պիղծ և Աստծուց բաժանված չէր համարվում, այլ այժմ մեկ էր Նրա հետ: Արդարությունն այլևս չէր դատապարտում նրանց, այլ կոչ էր անում ճանաչել Աստծու հաշտեցնող ներկայությունն իրենց մեջ՝ օրհնելու, պաշտպանելու և առաջնորդելու նրանց դեպի խաղաղության և հանգստի Քանան:
«Քավության օրվա» նախատիպն Ավետարանի այս դարաշրջանն է, որի ընթացքում Հիսուսը և «Նրա Մարմինը»՝ Եկեղեցին (փրկության և հետագա արդարացման շնորհով) զոհաբերություն են մատուցում Արդարությանը՝ լիովին հատուցելով ադամական մեղքի համար: Երբ հաշտության գործն ավարտվի, Աստված կճանաչի մարդկային աշխարհը և Իր սրբավայրը կդնի մարդկանց մեջ: Այն ժամանակ գրվածը կիրականանա. «Ահա Աստծու խորանը [Աստծու բնակավայրը, փառավոր եկեղեցին], որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն [կդառնան] նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն [Սատանայի թագավորությունը, մեղքը և մահը] անցան»։ Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտն․ 21։3-5)։
Բայց մինչ այս բոլոր օրհնությունները կդառնան մարդկանց մեջ Աստծու բնակության կամ սրբավայրի հաստատման արդյունքը («ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ», «երկիրն իմ ոտքերի պատվանդանն է» — Ես. 60:13, 66:1), օրհնության հետագա աշխատանքն աստիճանական կլինի, որի համար կպահանջվի Հազարամյա դարաշրջանը, այսինքն՝ ադամական մահը, ցավն ու արցունքները կործանման (վերացման) ընթացքի մեջ կլինեն։ Սա կսկսվի Քրիստոսի՝ Թագավորական Քահանայի երկրորդ գալուստով, բայց ամբողջությամբ չի ջնջվի մինչև Հազարամյա դարաշրջանի ավարտը:
Աստիճանական գործընթացը, որով մարդը կկատարելագործվի և լիովին ներդաշնակության մեջ կլինի Եհովայի հետ, լավ երևում է «Քավության օրվան» հաջորդող Իսրայելի խորհրդանշական զոհաբերություններում, որոնց նախատիպերը, ինչպես այժմ կտեսնենք, կիրականանան Հազարամյա դարաշրջանի ընթացքում։
Այս խորհրդանշական զոհաբերությունները ճիշտ տարբերակելու և հասկանալու համար անհրաժեշտ է ընդունել, որ Ավետարանի ներկայիս դարաշրջանը «Քավության օրն է» Աստծու առաջ մարդկության ընդհանուր մեղքերի համար, և որ նախատիպի մեջ «Քավության օրվանից» հետո մատուցված բոլոր զոհաբերությունները ներկայացնում են Ավետարանի դարաշրջանի ավարտից հետո՝ Հազարամյա դարաշրջանում, սպասվող կատարումները կամ նախատիպերը, երբ մեղավորների աշխարհը կարող է հաշտվել կամ դառնալ մեկ՝ Աստծու հետ:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հաշտությունը բաղկացած է երկու մասից. նախ՝ արդարությունը հաշտվում է Ադամի և նրա զավակների հետ և այլևս չի դատապարտում և ոչնչացնում նրանց Ադամի մեղքի պատճառով, երկրորդ՝ մեղավորը վերադառնում է հաշտության Աստծու արդար օրենքների հետ՝ ընդունելով դրանք և հնազանդվելով դրանց: Մեկ լինելու կամ հաշտության այս փուլերից առաջինը կատարվում է բացառապես «Քավության օրը» մատուցված զոհաբերություններում՝ Քահանայի ծառայության միջոցով: Մյուսը՝ աշխարհի հաշտեցումն Աստծու հետ, կամ հնարավորինս շատ մարդկանց (ովքեր ցանկանում են) բերելն Աստծու հետ մեկ լինելու և ներդաշնակության վիճակին, կիրականացվի հաջորդ դարում՝ «Թագավորական քահանայության»՝ փառավորված թագավորների և քահանաների կողմից, որոնք Մովսեսի օրինակով կլինեն Մեծ Մարգարեն, որին Տերը կբարձրացնի՝ ուսուցանելու և կառավարելու ժողովրդին, իսկ եթե չլսեն նրան, կբնաջնջվեն՝ երկրորդ մահով (Գործք 3։23)։
Սակայն պետք է հստակ հասկանալ, որ թեև սրբերին՝ Հիսուսի հետևորդներին, թույլատրված է, ինչպես ներկայացված է «Տիրոջ նոխազի» միջոցով, մասնակցելու մեղքի զոհին և դրա անդամները լինելու՝ աշխարհի անունից, դա այն պատճառով չէ, որ նրանք իրենց բնույթով ավելի մաքուր են կամ ավելի լավը, քան աշխարհը. քանի որ Ադամի ողջ ցեղը դատապարտվեց նրա մեջ, և նրանցից «Չկա արդար և ոչ մեկը» (Հռոմ. 3:10), և ոչ ոք չի կարող իր եղբոր փրկանքը տալ Աստծուն (Սաղմ. 49։7)։
Նրանք շնորհով են մասնակցում մեղքերի համար զոհաբերությանը, որպեսզի այդպիսով կարողանան բաժնեկից լինել Հիսուսին՝ խոստացված աստվածային բնության հարցում, և դառնալ Նրա ընկերակիցներն ու ժառանգակիցները: Իրենց որպես ընդունելի զոհ մատուցելու թույլտվության ու հնարավորության համար Հիսուսի մահվան օգուտները նախ կիրառվեցին նրանց նկատմամբ՝ արդարացնելով կամ մաքրելով նրանց: Այսպիսով, Նրա մահն է, որ օրհնում է աշխարհն Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով:








