Գավթի սյուները — Սպիտակ վարագույրները — Արծաթե կեռիկները — Սուրբ տեղի և Սրբություն սրբոցի դռան սյուները — Ոսկե սեղանը — Ոսկե աշտանակը — Խորհրդանշված քահանաները, որոնք խորը բաներ են տեսնում և դրանք չտեսնող ղևտացիները — Ոսկե զոհասեղանը — Ուխտի տապանակը Սրբություն սրբոցում — Դրա պարունակությունը և նշանակությունը — Քավությունը — Երկու քերովբեները – Անարատ քահանան — Այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ։
Նախորդ նկարագրության մեջ մենք դիտավորյալ բաց ենք թողել որոշ հետաքրքիր մանրամասների բացատրությունը, որն այժմ կարող են ավելի լավ հասկանալ նրանք, ովքեր ուշադիր ուսումնասիրության միջոցով պարզ պատկերացում են կազմել խորանի ընդհանուր հատակագծի, դրա ծառայությունների և նախատիպային նշանակության մասին։
Գավթում կանգնեցված և սպիտակ վարագույրները պահող սյուները ներկայացնում էին արդարացված հավատացյալներին. «Գավիթը», ինչպես արդեն տեսանք, ներկայացնում էր արդարացված վիճակը։ Սյուները փայտե էին` փչացող նյութից, այդպիսով ենթադրելով, որ խորհրդանշված դասը կատարյալ մարդիկ չէին։ Քանի որ մարդկային կատարելությունը սովորաբար խորհրդանշվում էր պղնձով, այս սյուները պետք է կա՛մ պատրաստված լինեին պղնձից, կա՛մ ծածկված լինեին պղնձով՝ իսկապես խորհրդանշելու կատարյալ մարդկանց։ Բայց չնայած դրանք պատրաստված էին փայտից, սակայն տեղադրված էին պղնձե խարիսխների վրա, ինչը մեզ սովորեցնում է, որ չնայած նրանք իրականում անկատար են, սակայն ունեն կատարյալների դիրք։ Հավատքով արդարացումը հնարավոր չէ ավելի հստակ ներկայացնել։
Այս սյուների վրա հենված սպիտակ վարագույրը կազմում էր «Գավիթը»՝ լավ պատկերելով նույն արդարացումը կամ մաքրությունը։ Այսպիսով, արդարացվածները պետք է անընդհատ աշխարհին («բանակատեղիին») ցույց տային Քրիստոսի արդարությունը խորհրդանշող մաքուր կտավը՝ ներկայացնելով Քրիստոսի արդարությունը որպես իրենց ծածկոց։
Արծաթե կեռիկները, որոնցով սյուները պահում էին վարագույրը, խորհրդանշում էին ճշմարտությունը։ Արծաթը ճշմարտության ընդհանուր խորհրդանիշն է։ Այսպիսով, արդարացված հավատացյալները, որոնք ներկայացված են «Գավթի» սյուներով, կարող են իսկապես և ճշմարտացիորեն պնդել, որ Քրիստոսի արդարությունը ծածկում է իրենց բոլոր թերությունները (Ելք 27։11-17)։ Կրկին՝ միայն ճշմարտությամբ է, որ նրանք կարող են կառչել իրենց արդարացումից։
Խորանի մուտքի դռան սյուները՝ «Սուրբ տեղի» «դռան» մոտ, ծածկված էին առաջին «վարագույրով»։ Դրանք բոլորովին տարբերվում էին «Գավթի» սյուներից և խորհրդանշում էին «Քրիստոսով նոր արարածներին»՝ նվիրագործված սրբերին։ Դրանց և Գավթի սյուների միջև եղած տարբերությունը ներկայացնում է արդարացված և սրբագործված հավատացյալների վիճակների միջև եղած տարբերությունը։ Ինչպես տեսանք, արդարացված մարդու նվիրաբերումը մահվանը «Սուրբ տեղ» մտնելու ճանապարհն է՝ անցումը մարդկային կամքի, մարմնական մտքի մահվան միջով, առաջին վարագույրով։ Հետևաբար այս սյուները նախատեսված էին այս փոփոխությունը պատկերելու համար, ինչն էլ տեղի ունեցավ, քանզի դրանք ծածկված էին ոսկով՝ խորհրդանշելով աստվածային բնությունը։ Եվ այն փաստը, որ դրանք տեղադրված էին պղնձե խարիսխների մեջ, խորհրդանշում էր, որ «այս գանձն [աստվածային բնությունը] ունենք կավե անոթներում» (Բ Կորնթ. 4։7), այսինքն՝ մեր նոր բնությունը դեռ հիմնված է և հենվում է մեր արդարացված մարդկային բնության վրա։ Պետք է հիշել, որ սա ճշգրտորեն համապատասխանում է «Սուրբ տեղի» խորհրդանշածին, այսինքն՝ մեր տեղին կամ դիրքին՝ որպես նոր, դեռևս ոչ կատարյալ արարածներ (Ելք 26:37)։
«Սրբություն սրբոցի» դռան սյուները գտնվում էին երկրորդ «վարագույրի» ներսում և խորհրդանշում էին նրանց, ովքեր ամբողջությամբ անցնում են մարմնից (վարագույրից) այն կողմ՝ հասնելով հոգևոր կատարելության։ Այս սյուները դասավորված էին այնպես, որ լիովին ցույց տային սա։ Պատված ոսկով, որը խորհրդանշում էր աստվածային բնությունը, բայց այլևս չդրված պղնձե խարիսխների վրա, այն է՝ անկախ մարդկային բոլոր պայմաններից, դրանք դրվում էին արծաթե խարիսխների վրա (իրականություն, ճշմարտություն, իրողություն)՝ կարծես մեզ ասելու համար. Երբ անցնեք այս վարագույրից ներս, կլինեք կատարյալ՝ իսկապես և ճշմարտապես նոր արարածներ (Ելք 26:32)։
Ոսկե սեղանը, որի վրա դրվում էին առաջավորության հացերը «Սուրբ տեղում», ներկայացնում էր Եկեղեցին՝ որպես ամբողջություն, ներառյալ Հիսուսին և առաքյալներին՝ բոլոր նրանց, ովքեր սրբագործվել են Քրիստոսով, ովքեր ծառայում են «կյանքի խոսքը պահելով» (Փիլիպ. 2։16): Այս դարաշրջանում ճշմարիտ Եկեղեցու մեծ գործը բոլոր նրանց կերակրելը, զորացնելն ու լուսավորելն է, ովքեր մտնում են ուխտի հոգևոր վիճակի մեջ։ Քրիստոսի Հարսը պետք է պատրաստի ինքն իրեն (Հայտն. 19։7)։ Այս դարաշրջանում աշխարհին վկայություն տալը երկրորդական է և կողմնակի։ Աշխարհի լիակատար օրհնությունը կգա Աստծու «ճիշտ ժամանակին», ավետարանական դարաշրջանի (խորհրդանշված Քավության օրը՝ մեղքի իր զոհերով) ավարտից հետո։
Ոսկե աշտանակը կամ կանթեղը, որը կանգնած էր ոսկե սեղանի դիմաց և լուսավորում էր «Սուրբ տեղում» գտնվող ամեն ինչ, պատրաստված էր ոսկուց՝ ամբողջը դրվագված մեկ կտորից։ Այն ուներ յոթ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կրում էր մեկ կանթեղ, ընդհանուր առմամբ՝ յոթ կանթեղ, որը կատարյալ կամ ամբողջական թիվ է։ Սա ներկայացնում էր ամբողջ Եկեղեցին՝ սկսած Գլխից՝ Հիսուսից, մինչև «փոքրիկ հոտի» վերջին անդամը, որին Նա մարդկանց միջից դուրս է բերում՝ աստվածային (ոսկե) բնության մասնակիցներ դարձնելու համար։ Մեր Տերն ասում է․ «յոթ ճրագակալները, որ տեսար, յոթ եկեղեցիներն են»․ մեկ Եկեղեցին, որի յոթ փուլերը կամ զարգացումները խորհրդանշվում էին Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներով (Հայտն. 1։11): Այո՛, այդ ճրագակալը ներկայացնում էր Անդրանիկների ողջ Եկեղեցին՝ ոչ թե անվանական, այլ ճշմարիտ Եկեղեցին, որոնց անունները գրված են երկնքում՝ ճշմարիտ լուսակիրների, «Թագավորական Քահանայության»։
Դրա պատրաստման ձևը գեղեցիկ էր՝ պտուղ և ծաղիկ, պտուղ և ծաղիկ, որոնք հաջորդում էին միմյանց՝ ներկայացնելով ճշմարիտ Եկեղեցին, որը գեղեցիկ և պտղաբեր էր սկզբից մինչև վերջ։ Յուրաքանչյուր ճյուղի գագաթին գտնվող կանթեղի մասը նշաձև էր, որի իմաստը կհասկանանք, երբ քննարկենք Ահարոնի գավազանի նշանակությունը։
Այս կանթեղի լույսն ապահովում էր «ճզմված» կամ զտված ձիթապտղի յուղը, իսկ կանթեղները միշտ վառ էին պահվում։ Այս յուղը խորհրդանշում էր Սուրբ Հոգուն, իսկ դրա լույսը՝ սուրբ լուսավորությունը, ճշմարտության ոգին։ Դրա լույսը նախատեսված էր միայն քահանաների համար, քանի որ ոչ ոքի թույլատրված չէր տեսնել այն կամ օգտվել դրա լույսից։ Այսպես էր ներկայացվում Աստծու հոգին կամ միտքը՝ տրված Եկեղեցու լուսավորության համար՝ Աստծու խորին խորհուրդների հարցում, որոնք ամբողջովին թաքնված են ոչ հոգևոր մարդուց (Ա Կորնթ. 2։14), նույնիսկ եթե նա հավատացյալ է՝ արդարացված մարդ (ղևտացի): Բացի իսկապես նվիրագործվածներից՝ «Թագավորական Քահանայությունից», ոչ ոքի թույլ չի տրված տեսնելու «Սուրբ տեղում» թաքնված այս խորը լույսը։ Քահանաները (Քրիստոսի նվիրագործված մարմինը) միշտ մուտք ունեն «Սուրբ տեղ»․ դա նրանց իրավունքն ու արտոնությունն է, դա նախատեսված էր նրանց համար (Եբր․ 9։6)։ Ղևտական դասը չի կարող այն տեսնել մարդկային մտքերի վարագույրի պատճառով, որը կախված է նրանց և սուրբ բաների միջև, և այն դեն նետելու միակ ճանապարհը մարդկային կամքն ու բնությունը լիովին նվիրագործելն ու զոհաբերելն է։
Ամեն առավոտ և երեկո քահանայապետը՝ Ահարոնը և նրա որդիները, որոնք հաջորդեցին նրան այս պաշտոնում, պետք է մաքրեին և լցնեին ճրագները (Ելք 27։20, 21, 30։8)։ Այսպիսով, մեր Քահանայապետն ամեն օր ավելի ու ավելի է լցնում մեզ Քրիստոսի մտքով և մաքրում հին բնության աղբից․ այն պատրույգը, որի միջոցով գործում է Սուրբ Հոգին։
Խորհրդանշված քահանաներն ու ղևտացիները
Մենք երբեմն զարմանում ենք, թե ինչու որոշ կրոնական մարդիկ չեն կարողանում տեսնել բնական բաներից այն կողմ, չեն կարողանում տարբերակել Խոսքի ավելի խորը հոգևոր ճշմարտությունները, ինչո՞ւ են նրանք կարողանում հասկանալ ոչ հոգևոր մարդկանց հատուցումը, բայց չեն կարողանում հասկանալ աստվածային, երկնային կոչումը։ Խորանի մասին այս դասերը ցույց են տալիս, թե ինչու է դա այդպես։ Նրանք եղբայրներ են արդարացմամբ, «հավատի տնից», բայց եղբայրներ չեն Քրիստոսով․ լիովին նվիրագործված չեն, զոհաբերողներ չեն։ Նրանք «Գավթի» ղևտացիներ են. նրանք երբեք չեն նվիրագործվել որպես քահանաներ՝ զոհաբերելու իրենց մարդկային իրավունքներն ու արտոնությունները, և ուստի չեն կարող մտնել «Սուրբ տեղ» և ոչ էլ տեսնել այն, ինչ պատրաստվել է միայն քահանաների դասի համար։ «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։ Բայց Աստված մեզ [ովքեր նվիրագործման միջոցով դարձել են «նոր արարածներ»՝ կոչված դառնալու «աստվածային բնության մասնակիցներ»] իր Հոգու միջոցով [կանթեղի լույսով] հայտնեց, որովհետև Հոգին քննում է [հայտնում է] ամեն ինչ, Աստծու խորքը [թաքնվածը] ևս» (Ա Կորնթ. 2։9-10)։
Անվանական եկեղեցին միշտ ներառել է թե՛ արդարացված և թե՛ սրբագործված դասերին՝ ղևտացիներին ու քահանաներին, ինչպես նաև կեղծավորներին։ Պողոս առաքյալի նամակներում որոշ հատվածներ ուղղված էին արդարացված դասին (ղևտացիներին), ովքեր լիովին չէին նվիրագործվել։ Ուստի նա գրում է գաղատացիներին․ «Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ» (Գաղ․ 5։24): Այսպիսով նա կարծես ակնարկում է, որ նրանցից միայն մի քանիսն են իրականացրել զոհաբերելու ավետարանական կոչը, այն է՝ մարմնի խաչելությունը։
Նույն կերպ նա դիմեց հռոմեացիներին․ «Արդ Աստծու ողորմածությամբ [դրսևորված Քրիստոսի միջոցով մեր արդարացմամբ] աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր [հավատացյալներ՝ արդարացված Քրիստոսի հանդեպ հավատքով՝ ղևտացիներ], որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ [որ դուք ամբողջությամբ նվիրագործվեք՝ այդպիսով դառնալով քահանաներ]՝ սուրբ և աստվածահաճո» (Հռոմ․ 12:1)։ Բոլոր նրանք, որոնք իրենց սրտերում հրաժարվում են մեղքից և Քրիստոսով ընդունում Աստծու շնորհը, ձրիաբար արդարացվում են Հիսուսի հանդեպ հավատքով. Աստված նրանց ընդունում է որպես անմեղների կամ սրբերի, և Աստված հայտարարել է, որ պատրաստ է ընդունել այդպիսի զոհաբերողներին ու դրանց զոհաբերությունները Քրիստոսի միջոցով այս Քավության օրվա ընթացքում (ավետարանական դարաշրջան) և մինչև թագավորական քահանայության ընտրյալների լրիվ թիվը լրանա։ «Հիմա է ընդունելի ժամանակը»՝ այն ժամանակը, երբ նման զոհաբերություններն ընդունվելու են։ Ճիշտ է, որ ինչպես տեսանք, Աստված ընդունելու է այս աշխարհի զոհաբերությունները, և սա միշտ լինելու է միակ ճշմարիտ ճանապարհը բոլորի համար, այն է՝ իրենց փրկագնված էությունները Տիրոջը հանձնելը։ Սակայն այս դարաշրջանի ավարտից հետո ոչ ոքի թույլ չի տրվի զոհաբերություններ անել մահվան և տառապանքի գնով. նման զոհաբերություններն անհնար կլինեն նոր դարաշրջանի սկսվելուց և դրա կանոնների գործադրումից հետո։
Ակնհայտ է թվում, որ վաղ եկեղեցիների (հատկապես ժամանակակից աշխարհիկ խառնուրդի, որը մեր օրերի շփոթված «Բաբելոնն» է) մեծ մասը չէին նվիրաբերվում մահվան և հետևաբար չէին պատկանում խորհրդանշված «թագավորական քահանայությանը», այլ պարզապես ղևտացիներ էին, որոնք պաշտամունք էին մատուցում սրբարանում, բայց զոհեր չէին մատուցում։
Օրենքի նախատիպին անդրադառնալով՝ տեսնում ենք, որ 8580 ղևտացիներ էին նշանակված նախատիպային ծառայության համար, սակայն ընդամենը հինգ քահանա՝ նախատիպային զոհաբերության համար (Թվ․ 4։46-48, Ելք 28։1)։ Հնարավոր է՝ սա, ինչպես «ստվերի» մյուս առանձնահատկությունները, նախատեսված էր ցույց տալու համար արդարացված հավատացյալների և անձնազոհ, նվիրագործված մարդկանց միջև եղած համամասնությունը։ Թեև անվանական Եկեղեցին ներկայումս միլիոնավոր անդամներ ունի, սակայն երբ հաշվում ենք կեղծավորներին, և երբ ենթադրում ենք, որ մնացած ամեն հազար յոթ հարյուրից միայն մեկը պետք է լինի կենդանի զոհ (չնայած փոքր թվով, բայց նախատիպին համապատասխան ճիշտ համամասնությամբ), բավականին ակնհայտ է դառնում, որ Տիրոջ խոսքում անճշտություն չկար, երբ ասում էր, որ արքայությանն արժանացողները («թագավորական քահանայությունը») պետք է լինեն «փոքրիկ հոտ» (Ղուկ․ 12։32): Եվ եթե հիշենք, որ հինգ քահանաներից երկուսը ոչնչացվեցին Տիրոջ կողմից՝ որպես անփույթ և անհավատարիմ քահանաների մահվան* նշան, ապա պարզվում է, որ 8580 ղևտացիներից 3 քահանաների հարաբերակցությունը կազմում է 2800-ից ընդամենը 1-ը։
* Որքան ավելի ու ավելի հստակ ենք գիտակցում, թե բնավորության որքան բարձր հատկանիշներ են պահանջվում բոլոր նրանցից, ովքեր երբևէ արժանանալու են հավերժական կյանքին ցանկացած հարթության վրա, և որքան քչերն են լրջորեն դավանում կամ փորձում իրագործել կատարյալ սերը՝ իբրև իրենց կյանքն ուղղորդող սկզբունք, զարմանում ենք, թե արդյո՞ք Ահարոնի երկու որդիները, որոնք ոչնչացվեցին Տիրոջ կողմից, նախատեսված չէին նախապատկերելու մեծաթիվ նվիրագործված և հոգուց ծնված մարդկանց, ովքեր չեն կարողացել հասնել սրտի՝ պահանջվող բարձր չափանիշին և հետևաբար չեն արժանանա որևէ կյանքի, այլ փոխարենը կընկղմվեն մոռացության, այն է՝ երկրորդ մահվան մեջ։
Այն փաստը, որ կան հավատացյալներ, որոնք փորձում են հեռացնել իրենց մեղքերը, ինքնին չի վկայում, որ նրանք «քահանաներ» են, քանի որ ղևտացիները, ինչպես նաև քահանաները պետք է կատարեն «սրտի թլփատություն»՝ «մարմնի կեղտը [մեղքերը] հեռացնելով»։ Այս ամենը խորհրդանշվում է «Գավթում» գտնվող ավազանով, որտեղ լվացվում էին թե՛ քահանաները, թե՛ ղևտացիները։ Ո՛չ էլ հեզության, մեղմության, բարեգործության և բարոյականության ոգին է անպայմանորեն ցույց տալիս Աստծուն նվիրվածությունը։ Այս հատկանիշները պատկանում են կատարյալ բնական մարդուն (Աստծու պատկերին), և երբեմն դրանք մասամբ պահպանվում են Անկման ավերից հետո։ Սակայն անվանական եկեղեցում նման նշանները հաճախ դիտվում են որպես լիակատար նվիրագործման ապացույց։
Նույնիսկ երբ մենք տեսնում ենք հավատացյալների, որոնք անձնուրացաբար բարի գործ են կատարում քաղաքական կամ բարոյական բարեփոխումների հարցում, սա Աստծուն նվիրվածության ապացույց չէ, այլ՝ գործին։ Աստծուն նվիրվածությունը ենթադրում է ցանկացած աշխատանք ցանկացած վայրում. «Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված»։ Թող Քո կամքը լինի Քո ճանապարհով։ Հետևաբար Աստծուն նվիրվածությունը երաշխավորում է Նրա Խոսքով հայտնված Նրա ծրագրի փնտրտուք, որպեսզի կարողանանք սպառել և սպառվել Նրա համար և Նրա ծառայության մեջ՝ Նրա նախանշած և հայտնած ծրագրին համահունչ։
Մի՛ զարմացեք, ուրեմն, որ այդքան քչերն են տեսել խորանի փառահեղ գեղեցկությունները. միայն քահանաները կարող են տեսնել դրանք։ Ղևտացիները կարող են դրանց մասին իմանալ միայն դրանց նկարագրությունները լսելով։ Նրանք երբեք չեն տեսել թաքնված լույսն ու գեղեցկությունը, երբեք չեն կերել «առաջավորության հացը». երբեք անուշահոտ խունկ չեն մատուցել «ոսկե զոհասեղանի» վրա։ Ո՛չ. դրանք վայելելու համար նրանք պետք է անցնեն «Վարագույրով»՝ դեպի ամբողջական նվիրում Աստծուն, զոհաբերության միջոցով, Քավության օրվա ընթացքում։
«Սուրբ տեղի» ոսկե զոհասեղանը կարծես ներկայացնում է «փոքրիկ հոտը»՝ նվիրագործված Եկեղեցին իր ներկայիս զոհաբերական վիճակում։ Այս զոհասեղանից է բարձրանում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն հաճելի անուշահոտ խունկը՝ քահանաների կամավոր ծառայությունը, նրանց գովաբանությունը, նրանց կամավոր հնազանդությունը․ այն ամենն ինչ անում են, Աստծու փառքի համար է։ Նրանք, ովքեր այսպես Աստծուն հաճելի խունկ են մատուցում (Ա Պետ. 2։5), շատ են մոտենում իրենց Հորը՝ մոտենում «վարագույրին», որն առանձնացնում է «Սրբություն սրբոցը», և եթե նրանք խնդրանքներ ունեն, կարող են դրանք մատուցել խնկի հետ միասին՝ «շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի» (Հայտն. 8։3): Աստծու՝ այդպիսի քահանաների աղոթքներն արդյունավետ են։ Մեր Տեր Հիսուսն անընդհատ խունկ էր ծխում և կարող էր ասել. «Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ» (Հովհ․ 11։42): Այսպիսով, կրտսեր քահանաները՝ «Նրա մարմնի անդամները», միշտ լսելի կլինեն, եթե անընդհատ Աստծուն հավատքի, սիրո և հնազանդության խունկ մատուցեն, և ոչ ոք չպետք է ակնկալի, որ իր խնդրանքները կլսվեն, եթե այսպես չպահի ուխտը. «Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն [ուսմունքներն] էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի» (Հովհ․ 15։7)։ Քրիստոսի ուսմունքների հստակ ըմբռնման անհրաժեշտությունը՝ որպես մեր խնդրանքների և սպասումների ուղեցույց, որպեսզի մենք «չար ձևով» և Աստծու ծրագրին հակառակ չխնդրենք, հստակորեն ցույց է տրված Սուրբ Գրքի այս հատվածում, բայց հազվադեպ է նկատվում։
Նախկինում քննարկված նախատիպերի միջոցով մենք որոշ բաներ սովորեցինք «Սրբություն սրբոցի» (կատարյալ, աստվածային վիճակի) փառքի մասին, որին մարդկանցից ոչ ոք չի կարող տեսնել (Ա Տիմոթ. 6։16), բայց որին «Քրիստոս Հիսուսով նոր արարածները», դառնալով Աստվածային բնության մասնակիցներ, ի վերջո կհասնեն, երբ Քրիստոսի ամբողջ Մարմնի՝ «Թագավորական Քահանայության» կողմից մատուցված խունկն ավարտվի, և անուշահոտության ամպը գնա նրանց առջևից՝ դեպի Եհովայի ներկայություն, որպեսզի նրանք ապրեն «վարագույրից» այն կողմ՝ ընդունելի լինելով Աստծուն Հիսուս Քրիստոսի՝ իրենց Տիրոջ միջոցով։
Սրբություն սրբոցի ներսում
Ուխտի տապանակը կամ «Վկայության տապանակը» Սրբություն սրբոցի միակ կահույքն էր (տե՛ս Եբր. 9։2-4 և Դիագլոտի ծանոթագրությունը): Դրա անունը ցույց է տալիս, որ այն պատկերում էր Եհովայի ծրագրի իրականացումը, որը Նա մտահղացել էր Իր մեջ նույնիսկ աստվածային արարչագործության սկզբից առաջ՝ նախքան Իր ծրագրի ամենափոքր մասի զարգացումը։ Այն ներկայացնում էր Աստծու հավերժական նպատակը՝ Քրիստոսի (Գլխի և Մարմնի) միջոցով մարդկության համար շնորհի հարստության նախասահմանումը Նրա կողմից՝ «թաքնված խորհուրդը»։* Հետևաբար այն ներկայացնում է Քրիստոս Հիսուսին և Նրա Հարսին՝ «փոքրիկ հոտին», որ աստվածային բնության մասնակիցները պետք է լինեն՝ լցված զորությամբ ու մեծ փառքով, որը մեր բարձր կոչման պարգևն է, մեր Տիրոջ և Նրա Մարմնի բոլոր անդամների առջև դրված ուրախությունը։
* Սուրբ Գրքի ուսումնասիրություններ, շարք 1, ուսումնասիրություն 5։
Ինչպես արդեն նշվեց, դա ոսկեպատ ուղղանկյուն տուփ էր, որը մարմնավորում էր փառավորված Եկեղեցուն շնորհված աստվածային բնությունը։ Այն պարունակում էր Օրենքի երկու տախտակները (Բ Օր․ 31։26), Ահարոնի գավազանը, որը ծաղկեց (Թվ․ 17։8) և մանանայի ոսկե սափորը (Ելք 16։32): Օրենքը ցույց էր տալիս, թե ինչպես է Քրիստոսը լիովին բավարարելու Աստծու կատարյալ օրենքի բոլոր պահանջները, ինչպես նաև այն, որ իրավական իշխանությունը տրվելու էր Նրան՝ որպես օրենքը կատարողի։
Օրենքի արդարությունն իրականում կատարվեց մեր Գլխի մեջ, և այն համարվում է կատարված նաև Քրիստոսով բոլոր նոր արարածների մեջ, «որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու», այսինքն՝ ովքեր քայլում են նոր մտքին հնազանդվելով (Հռոմ. 8։4): Հին բնության տկարությունները, որոնք մենք ամեն օր խաչում ենք մեր փրկագնով ծածկվելուց հետո, այլևս չեն վերագրվում մեզ որպես նոր արարածների, քանի դեռ մենք մնում ենք Քրիստոսի մեջ։
Երբ գրվում է, «որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ», նշանակում է, որ դա մեզ համար համարվում է մեր ընթացքի (կատարելագործման) ավարտը, քանի որ մենք հետևում ենք կամ գնում ենք դեպի այն իրական կատարելությունը, որը, երբ հասնենք դրան, կլինի Ուխտի տապանակով ներկայացված «Սրբություն սրբոցում» գտնվելու վիճակ։
Տապանակի պարունակությունը
«Ահարոնի ծաղկած գավազանը» ցույց էր տալիս Քրիստոսի ամբողջ Մարմնի ընտրյալ լինելը՝ որպես «թագավորական քահանայության» անդամներ։ Եթե կարդանք Թվ․ 17-րդ գլուխը, կտեսնենք, որ ծաղկած գավազանի իմաստն այն էր, որ Եհովան ընդունեց Ահարոնին և նրա որդիներին՝ նախատիպային քահանաներին, Քրիստոսի և Եկեղեցու ներկայացուցիչներին, որպես միակներին, ովքեր կարող էին կատարել միջնորդի քահանայական պաշտոնը։ Ուստի այդ գավազանը ներկայացնում էր «թագավորական քահանայության»՝ Քրիստոսի՝ Գլխի և Մարմնի ընդունելիությունը։ Գավազանը ծաղկեց, և նուշ աճեցրեց։ Նշենու առանձնահատկությունն այն է, որ պտղի բողբոջները հայտնվում են տերևներից առաջ։ Այդպես է նաև «Թագավորական քահանայության» դեպքում. նրանք զոհաբերում են կամ սկսում են պտուղ տալ՝ նախքան գործերի տերևների հայտնվելը։
Մանանայի ոսկե սափորը խորհրդանշում էր անմահությունը՝ որպես Աստծու Քրիստոսի ունեցվածքներից մեկը։ Մեր Տեր Հիսուսն անկասկած սա նկատի ունի, երբ ասում է. «Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի» (Հայտն․ 2։17)։
Մանանան Իսրայելի կենսապահպան հացն էր, որը երկնքից իջավ։ Այն խորհրդանշում էր կենդանի հացը, որն Աստված Քրիստոսի միջոցով տվեց աշխարհին։ Բայց ինչպես իսրայելացիները պետք է ամեն օր մանանա հավաքեին, այլապես կարիքի մեջ կընկնեին և քաղցած կմնային, այնպես էլ աշխարհը ստիպված կլինի անընդհատ փնտրել կյանքի և շնորհի աղբյուրները, եթե ուզում է հավիտյան ապրել։
Սակայն նրանց, ովքեր դառնում են Քրիստոսի ժառանգակիցները, Օծյալ Մարմնի անդամները, Աստված առաջարկում է մանանայի մի յուրահատուկ տեսակ՝ նույնը, սակայն միևնույն ժամանակ տարբեր՝ ուրիշներին տրվողից․ «թաքցված մանանան»։ Մանանայի այս սափորի առանձնահատկությունն այն էր, որ այն անապական էր, ուստի այն լավագույնս պատկերում է անմահ, անապական վիճակը, որը խոստացվել է «Սերնդի», այն է՝ Եկեղեցու բոլոր անդամներին։ Իսրայելացիների կերած մանանան կամ կենսատու սնունդն անապական չէր, և ուստի պետք էր ամեն օր հավաքել։ Այդպես էլ մարդկանցից բոլոր հնազանդները, ովքեր ժամանակի ընթացքում կճանաչվեն որպես իսկական իսրայելացիներ, կստանան հավիտենական կյանք, բայց պայմանական, շնորհված և նորոգված, մինչդեռ «փոքրիկ հոտը», որը ներկայիս անբարենպաստ պայմաններում հավատարիմ «հաղթողներն» են, կստանա անապական բաժինը՝ անմահությունը* (Հայտն․ 2։17)։
* Սուրբ Գրքի ուսումնասիրություններ, շարք 1, էջ 185։
Այստեղ ուրեմն ոսկե տապանակով ներկայացված էր այն փառքը, որը պետք է հայտնվեր աստվածային Քրիստոսի մեջ, ծաղկած գավազանով ներկայացված էր Աստծու կողմից ընտրված քահանայությունը, Օրենքի տախտակներով՝ արդար Դատավորը, ոսկե սափորի անապական մանանայով՝ անմահությունը, աստվածային բնությունը։ Տապանակի վերևում, իբրև դրա կափարիչ, գտնվում էր «Քավությունը»՝ մաքուր ոսկուց մի թիթեղ, որի երկու ծայրերին, նույն մետաղի կտորից, պատրաստված էին երկու քերովբեներ՝ բարձրացված թևերով, կարծես թռիչքի պատրաստ, իսկ նրանց դեմքերն ուղղված էին դեպի ներս՝ դեպի այն թիթեղի կենտրոնը, որի վրա կանգնած էին։ Քերովբեների միջև, Քավության վրա ընկած պայծառ լույսը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը։
Ինչպես որ տապանակը ներկայացնում էր Քրիստոսին, այնպես էլ «Քավությունը», փառքի լույսը և քերովբեները միասին ներկայացնում էին Եհովա Աստծուն․ «Քրիստոսի գլուխը՝ Աստված» (Ա Կորնթ. 11։3): Ինչպես Քրիստոսը, այնպես էլ Եհովան այստեղ ներկայացված է այնպիսի բաներով, որոնք արտացոլում են Նրա բնավորության գծերը։ «Շեքինայի փառք» կոչվող լույսը ներկայացնում էր հենց Եհովային՝ որպես տիեզերքի Լույս, քանի որ Քրիստոսն աշխարհի Լույսն է։ Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածներ առատորեն վկայում են դրա մասին․ «փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա» (Սաղմ. 80։1, Ա Թագ․ 4։4, Բ Թագ․ 6։2; Ես․ 37:16)։
Մարդկությունը չի կարող մտնել Եհովայի ներկայության մեջ, հետևաբար թագավորական քահանան՝ Գլուխն ու Մարմինը, որոնք ներկայացված են Ահարոնի կողմից, պետք է դառնան նոր արարածներ՝ «աստվածային բնության մասնակիցներ» (մարդկային բնությունը խաչած և թաղած), նախքան այդ գերագույն փառքի ներկայության մեջ հայտնվելը։
Ոսկե թիթեղը, որը կոչվում էր «Քավություն» (քանի որ դրա վրա քահանան մատուցում էր զոհերի արյունը, որը հաշտեցնում կամ բավարարում էր աստվածային արդարության պահանջները), ներկայացնում էր Եհովայի բնավորության հիմնարար սկզբունքը՝ արդարությունը։ Աստծու գահը հիմնված կամ հաստատված է Արդարության վրա։ «Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են» (Սաղմ. 89։14; Հոբ 36։17, 37։23, Ես․ 56։1, Հայտն․ 15։3)։
Պողոս առաքյալը, մեր Տեր Հիսուսի մասին խոսելիս, օգտագործում է Քավության հունարեն համարժեքը (hilasterion)․ «Աստված նրան նախապես սահմանեց քավություն* [Քավություն]…, որպեսզի ցույց տա իր արդարությունը․․․, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին» (Հռոմ. 3։25, 26)։ Այս միտքը համահունչ է նախորդ մեկնաբանությանը։ Արդարությունը, Իմաստությունը, Սերը և Զորությունը պատկանում են Աստծուն, ինչպես նաև այն ծրագիրը, որով դրանք բոլորը համագործակցում են մարդկանց փրկության գործում, բայց Աստված հաճեց, որ Իր սիրելի Որդու՝ մեր Տեր Հիսուսի մեջ Նրա ամբողջ լիությունը բնակվի և ներկայացվի մարդկությանը։ Ուստի նախատիպում Սրբություն սրբոցից դուրս եկող Քահանայապետը մարդկանց հանդեպ Եհովայի արդարության, իմաստության, սիրո և զորության կենդանի ներկայացուցիչն էր՝ աստվածային ողորմության, ներման և հաշտության կենդանի ներկայացուցիչը։ Թեև աստվածային էությունը ծածկված է, մարդու աչքերից թաքնված, սակայն Նրա աստվածային հատկանիշները պետք է հայտնվեն բոլոր մարդկանց մեր մեծ Քահանայապետի կողմից, որը որպես կենդանի Քավություն՝ մոտենալու է մարդկությանն այս դարաշրջանի վերջում և բոլորին ճանաչեցնի աստվածային շնորհի հարստությունը։
* Common Version Bible-ի թարգմանիչները hilasterion-ը սխալմամբ թարգմանել են որպես «քավություն»․ hilasmos բառը, որը նշանակում է բավարարվածություն, թարգմանվել է իբրև «քավություն» Ա Հովհաննես 2։2 և 4։10 համարներում։
Երկու քերովբեները խորհրդանշում էին Եհովայի բնավորության երկու այլ տարրեր՝ հայտնված Նրա Խոսքում, դրանք են․ աստվածային Սերը և աստվածային Զորությունը։ Այս հատկանիշները՝ Արդարությունը՝ հիմնարար սկզբունքը, ինչպես նաև Սերն ու Զորությունը, որոնք ունեն նույն հատկանիշը կամ էությունը և բխում են դրանից, կատարյալ ներդաշնակության մեջ են։ Դրանք բոլորը պատրաստված են մեկ կտորից՝ դրանք լիովին մեկ են։ Ո՛չ Սերը, ո՛չ Զորությունը չեն կարող գործել, քանի դեռ Արդարությունը լիովին բավարարված չէ։ Հետո նրանք թռչում են՝ օգնելու, բարձրացնելու և օրհնելու։ Նրանք թռչելու վրա էին, պատրաստ էին, բայց սպասում էին՝ նայելով ներս՝ դեպի «Քավությունը», դեպի Արդարությունը, որպեսզի իմանային, թե երբ շարժվեն։
Քահանայապետը, երբ մոտենում էր քավության զոհերի արյունով, այն չէր դնում քերովբեների վրա․ ո՛չ աստվածային Զորությունը, ո՛չ էլ աստվածային Սերն ինքնին զոհաբերություն չէին պահանջում, ուստի քահանայապետը կարիք չուներ քերովբեների վրա ցողելու։ Արդարությունն Աստծու այն որակը կամ հատկանիշն է, որը երբեք չի արդարացնի մեղավորին, քանի որ հենց Արդարությունն է ասել. «մեղքի հատուցումը մահն է»։ Հետևաբար, երբ Քահանայապետը փրկագին տա մեղավորների համար, Նա պետք է այն վճարի հենց Արդարությանը։ Այստեղից էլ գալիս է «Քավությունը» արյունով ցողելու արարողության նպատակահարմարությունը։
Սերը փրկագնման ողջ ծրագրի հիմքն էր։ Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց Իր միածին Որդուն այն փրկելու՝ փրկագինը վճարելով Արդարությանը։ Հետևաբար Սերը գործում է և նախապատրաստվում է փրկագործությանը մեղքի՝ աշխարհ մտնելուց ի վեր, այո՛, «նախքան աշխարհի ստեղծումը» (Ա Պետ. 1:20)։
«Սերը նախ միջոց հնարեց՝ փրկելու ապստամբ մարդուն»
Երբ Քավության օրվա զոհաբերությունները (զվարակը և նոխազը) ավարտվեն, Սերը կմնա՝ տեսնելու իր ծրագրի արդյունքները։ Երբ արյունը ցողվի, Արդարությունը կբղավի. «Բավական է, կատարված է»։ Ապա կգա այն պահը, երբ Սերն ու Զորությունը կարող են գործել, և արագ օդ բարձրանալ՝ օրհնելու փրկագնված ցեղին։ Երբ Արդարությունը բավարարվի, Զորությունը կսկսի իրականացնել իր առաքելությունը, որը համընկնում է Սիրո առաքելության հետ՝ օգտագործելով նույն միջոցը․ Քրիստոսին՝ աստվածային օրհնությունների տապանակը կամ պահոցը։
Այս աստվածային ընտանիքի՝ Որդու և Նրա Հարսի, որոնք ներկայացված են Տապանակով, հարաբերությունն ու միասնությունը Կափարիչով ներկայացված Հոր հետ երևում էր այն փաստից, որ «Քավությունը» Տապանակի կափարիչն էր և հետևաբար դրա մի մասը՝ գլուխը։ Ինչպես Եկեղեցու գլուխը Քրիստոս Հիսուսն է, այնպես էլ ողջ Քրիստոսի գլուխն Աստված է (Ա Կոր․ 11։3): Սա այն միասնությունն է, որի համար Հիսուսն աղոթեց, ասելով. «Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր», «որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը [այն ժամանակ] հավատա» (Հովհ․ 17։9, 21):
Անարատ քահանան
Կարևոր է նաև նշել, որ քահանայության ցանկացած անդամ, որն ուներ աչքի, ձեռքի, քթի, ոտքի կամ մարմնի որևէ մասի արատ, չէր կարող զբաղեցնել քահանայի (քահանայապետի) պաշտոնը, ինչպես նաև այն անձը, ով ուներ որևէ տեսակի ավելցուկ, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի վրա լրացուցիչ մատ։
Սա սովորեցնում է, որ Քրիստոսի փառավորված Մարմնի յուրաքանչյուր անդամ պետք է լինի կատարյալ․ ոչ մի թերություն չունենա, ինչպես նաև, որ այս «փոքրիկ հոտը» չպետք է լինի ո՛չ չափազանց շատ, ո՛չ էլ չափազանց քիչ, այլ հենց այն թվաքանակով, որը նախահայտ և նախասահմանված էր։ Երբ Քրիստոսի Մարմինն ամբողջանա, այլևս չի լինի որևէ լրացում՝ որևէ ավելորդություն։ Ուստի բոլոր նրանք, ովքեր «կոչվել» են այս «բարձր կոչմանը»՝ դառնալու Քրիստոսի Մարմնի հատուկ անդամներ, և ընդունել են այն, պետք է անկեղծորեն ձգտեն իրենց կոչումն ու ընտրությունը (որպես այս «փոքրիկ հոտի» անդամներ) դարձնել հաստատուն՝ այնպե՛ս վազելով, որ մրցանակի հասնեն։ Եթե նրանցից որևէ մեկն անփույթ լինի և բաց թողնի մրցանակը, նրա փոխարեն կհաղթի մեկ ուրիշը, քանզի Մարմինը պետք է լինի ամբողջական․ ոչ մի անդամ չպետք է պակասի, ոչ մի անդամ չպետք է ավելորդ լինի։ Զգո՛ւյշ եղիր, «որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի» (Հայտն․ 3։11)։
«Այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ» Կող. 1:26
Ոմանք զարմանում են, որ խորանի փառքն ու գեղեցկությունը՝ դրա ոսկե պատերը, դրա ոսկե և գեղեցիկ փորագրված կահույքը, դրա նրբահյուս վարագույրները, պետք է լիովին ծածկված և թաքնված լինեին մարդկանց աչքերից։ Նույնիսկ դրսից եկող արևի լույսը բացառված էր. լույսի միակ աղբյուրը Սուրբ տեղի կանթեղն էր և Շեքինայի փառքը՝ Սրբություն սրբոցում։ Բայց սա կատարելապես համապատասխանում է այն դասերին, որ սովորել ենք դրա ծառայությունների մասին։ Ինչպես Աստված ծածկում էր նախատիպը և թաքցնում դրա գեղեցկությունը վարագույրների և կոպիտ, տգեղ մորթիների տակ, այնպես էլ հոգևոր բաների փառքն ու գեղեցկությունը տեսանելի են միայն նրանց համար, ովքեր մտնում են նվիրագործված վիճակի՝ «Թագավորական Քահանայության» մեջ։ Նրանք մտնում են մի թաքնված, բայց փառահեղ վիճակի մեջ, որն աշխարհը և բոլոր դրսում գտնվողները չեն կարող գնահատել։ Նրանց փառահեղ հույսերը, ինչպես նաև նրանց դիրքը որպես նոր արարածներ, թաքնված են շրջապատից։








