Տագնապ Գեթսեմանիում

Հոդվածներ

ՄՐԿ․ 14:32-42, — ՄՏԹ․ 26:36-46,  — ՂՈՒԿ․ 22:39-46, —  ՀՈՎՀ․ 18:1

Ոսկեղեն համար — «Մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»

Եկեք ակնածանքով ու մեծ երախտագիտությամբ դիտարկենք այս ընթերցվածքի հանդիսավոր տեսարանները՝ հիշելով, որ մե՛ր բեռն էր, որ Ուսուցիչը կրեց, մեր խաղաղության պատի՛ժն էր, որ Նրա վրա դրվեց, և որ Նրա՛ վերքերով ենք մենք բժշկվում:

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար այսքան ծանոթ պատմությունը լի է արժեքավոր խրատներով, հատկապես նրանց համար, որոնք Նրա շնորհով ջանում են գնալ Տիրոջ հետքերով: Նկատենք, 1) որ երբ Ուսուցիչն իմացավ, որ դավաճանության և դաժան փորձության Իր ժամը մոտ է, նախ մխիթարեց, խրատեց Իր աշակերտներին և աղոթեց նրանց հետ ու նրանց համար, ապա մեծ մղումով մի առանձին տեղ փնտրեց՝ աղոթքի և Աստծու հետ հաղորդակցվելու համար, որպեսզի շնորհ գտնի՝ ճիշտ ժամանակի օգնության համար: 2) Նաև նկատենք Նրա սերն Իր աշակերտների հանդեպ և ի պատասխան նրանց սերն ու կարեկցանքն ստանալու ցանկությունը։ «Իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. Եվ մինչեվ վերջը սիրեց նրանց»։ Եվ քանի որ Նա սիրում էր նրանց և գիտեր, որ նրանք էլ Իրեն են սիրում, թույլ տվեց, որ ուղեկցեն Իրեն մինչև աղոթատեղին, որպեսզի արթուն լինեն և աղոթեն Իր հետ: Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից բացի բոլորին թողնելով պարտեզի մուտքի մոտ՝ կարծես դրսից պաշտպանելու համար դավաճանի անսպասելի ներխուժումից Իր աղոթքի վերջին ժամին, Նա առաջացավ այդ երեքի հետ (որոնց բուռն բնավորության մեջ Նա կարծես թե ամենագործուն ու մխիթարական կարեկցանքն էր գտել) և, անկեղծորեն կոչ անելով նրանց արթուն մնալ ու աղոթել, մի քարընկեց հեռացավ նրանցից: Երեք անգամ վեր կացավ աղոթքից և հոգու ցավով վերադարձավ նրանց մոտ՝ զգալու մարդկային կարեկցանքի ներգործությունը՝ ասելով. «Հոգիս մեռնելու չափ տրտմած է»։ Դա մի տրտմություն էր, տագնապ, որն ինքնին շուտով կհյուծեր Նրան. մտավոր և նյարդային խիստ լարվածություն, որի արդյունքում քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման։

Բոլորովին էլ թուլության նշան չէր, որ Ուսուցիչն այդքան մարդկային կարեկցանք էր փափագում: Նրա բնությունը կոպիտ, անխռով չէր՝ ցավի, ամոթի ու կորստի հանդեպ անզգա, և ոչ էլ հպարտ ու եսակենտրոն էր՝ հեռու մարդկային ընկերակցությունից, թեև Նրան ընկերակցողներն այնքա ՜ն ցածր էին Նրա փառահեղ կատարելությունից: Նա վայելչորեն խոնարհվեց դեպի ցածրաստիճան մարդիկ և պատվեց նրանց իբրև սիրելի եղբայրների, որոնցից Նա չէր ամաչում: Նրա բնությունը վեհ էր, որ խորապես գնահատում էր գեղեցիկը, մաքուրը և բարին, և հետևաբար զգայուն էր ցավի նկատմամբ, որ բխում էր այն ամենից, ինչ հակառակ էր դրանց: Թերևս մարդու անկումն ու մարդկային վիշտը ծանր բեռ էին Նրա համար Իր ողջ երկրային կյանքի ընթացքում, բայց այս սարսափելի ժամին ողջ աշխարհի բոլոր վշտերն ու բեռները դրվեցին Նրա ուսերին, և Նա պետք է չարչարվեր, կարծես Ինքը մեղավոր լիներ. պետք է մահ կրեր, կյանքը մարեր՝ միայն ապավինելով Հոր՝ հարության շնորհին: Այս մեկ ժամվա մեջ խռնվել էին ոչ միայն մահվան մտապատկերումը և ֆիզիկական տառապանքն ու ամոթը, սարսափելի մահվան դաժանությունն ու տանջանքները, այլև լքվածության զգացումը, երբ նույնիսկ Նրա սիրելի աշակերտները՝ վախով ու սարսափով բռնված, պետք է լքեին Նրան, ինչպես նաև Հուդայի անդառնալի կորստի և հրեա ազգի՝ «իր» ժողովրդի ընթացքի մասին տխուր մտորումները, որ արհամարհում էին Նրան և պատրաստվում էին իրենց վրա վերցնել Նրա արյան վրեժը՝ ասելով. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»(Մատթեոս 27:25): Նա կանխատեսեց այն սարսափելի աղետները, որոնք շուտով պետք է նրանց վրա թափվեին։ Հետո ողջ մեղավոր աշխարհի անկումը, որը պետք է շարունակեր հառաչել ու տանջվել ցավից, մինչև որ Իր զոհաբերությամբ ազատագրվեր մեղքից ու մահից, ստիպեց Նրան զգալ պատասխանատվության բեռն այն աստիճան, որը մենք կարող ենք միայն մոտավոր պատկերացնել, բայց չենք կարող լիովին ընկալել: Եվ ի լրումն այս ամենի, Նա գիտեր, որ զոհաբերության մասին օրենքի յուրաքանչյուր կետ և նշանախեց պետք է կատարելությամբ գործադրել՝ Քավության օրվա զոհաբերության օրինակով։ Եթե Նա ձախողվեր որևէ կետում, ապա ամեն ինչ կորած կլիներ և՛ Իր, և՛ մարդկանց համար: Այնուամենայնիվ, կատարյալ մարդ լինելով հանդերձ, Նա հասկացավ, որ մարմինը, որքան էլ կատարյալ լինի, չի համապատասխանում առաջադրանքին:

Որքա՜ն շատ բան էր կախված մեր Տիրոջ տոկունությունից այդ սարսափելի ժամին, որ ճնշող գիշերվա մթության մեջ, մենակ ու անպաշտպան, սպասում էր Իր դավաճանի ժամանումին և ատելությունից խենթացած ու սատանայի եռանդով լեցուն Իրեն հալածողների կամքին: Օ՜, կշեռքի վրա ասես երերում էին աշխարհի և Իր ճակատագրերը: Նույնիսկ կատարյալ մարդկային բնությունը չէր կարող դիմանալ այդ տագնապին առանց աստվածային օգնության, ուստի Նա լացով ու արցունքներով աղոթում էր և աղաչում Նրան, ով կարող էր հարությամբ փրկել Իրեն մահվանից: Անհրաժեշտ մխիթարությունը տրվեց Եսայի մարգարեի միջոցով (42։1-6), որի միջոցով Եհովան ասում է. «Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հավանել է իմ հոգին․․․ Նա չի տկարանա եվ չի թուլանա․․․ Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եվ բռնում եմ քո ձեռքը եվ քեզ պաշտպանում, եվ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եվ՝ ազգերի լույս»։

Երբ Գեթսեմանիում սարսափելի փորձությունն առավելագույնս լարեց տոկունության ուժերը, Նա միայն այսպես էր աղոթում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Հետո թեև բաժակը չհեռացվեց Նրանից, մի հրեշտակ եկավ և ծառայում էր Նրան՝ չգիտենք, թե ինչպես, բայց հավանաբար թարմացնելով Նրա հիշողությունը գալիք փառքի անգին խոստումներով և մարգարեական պատկերներով, որոնք Նրա աշակերտներից ոչ ոք բավականաչափ չէր հասկացել, որպեսզի մխիթարեր Նրան այն ժամին, երբ թանձր խավարը պատել էր Նրա հոգին՝ դուրս մղելով հույսը և չափազանց մեծ՝ «մեռնելու չափ» վիշտ ծնելով: Այդ Եհովայի ձե՛ռքն էր, որ բռնեց Նրան՝ Իր սուրբ անունով օրհնվածին՝ Իր խոստման համաձայն, որ Նա չի տկարանա և չի թուլանա։

Այդ օրհնյալ ծառայության արդյունքում քաջությունն ամրապնդվեց՝ խորը հիացմունք հարուցելով: Դա ցավի, ամոթի ու կորստի հանդեպ անխռով անտարբերությունից ծնված քաջություն չէր, այլ աստվածային խոստումների և զորության շնորհի վրա ամուր խարսխված հավատքից ծնված քաջություն: Հավատքի աչքերով նայելով ճշմարտության ու արդարության փառավոր հաղթանակին և տեսնելով Իր հոգու սխրանքն ու գոհանալով (գոհանալով փրկագնված աշխարհի հավիտենական ուրախությամբ ու երանությամբ, Հոր օրհնության ողջույնով ու հարստությամբ և երկնքում ու երկրի վրա գտնվող յուրաքանչյուր հավատարիմ արարածի սիրով ու երախտագիտությամբ), այո՛, այսպիսով մխիթարված և քաջալերված հավատքի և մինչև վերջ հավատարմորեն տոկալու պարգևների գիտակցումով՝  Նա այժմ կարող էր հանգիստ և նույնիսկ խիզախորեն գնալ թշնամուն ընդառաջ. Այո՛, սա է այն հաղթությունը` Իր իսկ հավատքը, որով Նա հաղթեց, և մենք նույնպես պետք է այդպես հաղթենք:

Այդժամ սկսվեց Գեթսեմանիի սարսափելի չարագուշակությունների իրագործումը: Նկատենք Նրա հանգիստ, արժանապատիվ խիզախությունը, երբ դիմում է Հուդային և հռոմեացի զինվորներին, և դրա ազդեցությունը նրանց վրա: Նրանք այնքան էին ընկրկել այս հրաշալի մարդու վեհության ու վսեմության առաջ, որ չէին կարողանա նրան բռնել, եթե Նա կամովին չհանձնվեր նրանց ձեռքը: Նկատենք նաև Նրա բարյացակամ վերաբերմունքը շփոթված ու հոգնած աշակերտների հանդեպ, ու Նրա գորովալից արդարացումը նրանց համար. «Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար», և Նրա խնդրանքը հռոմեացի զինվորներին Իր ձերբակալության ժամանակ, որ նրանց թույլ տան գնալ իրենց ճանապարհով (Հովհ․ 18:8), որպեսզի նրանք կարողանան խուսափել Իր հալածանքներին բաժնեկից լինելուց: Արդ, բոլոր փորձությունների, ծաղրանքների և վերջապես խաչելության ընթացքում Նրա քաջությունն ու հոգատարությունը մյուսների բարօրության համար երբեք չսպառվեցին:

Հետևաբար մեր Տիրոջն այդքան տաժանելի փորձության մեջ տեսնելով և նկատելով, թե ինչպես է Եհովայի ձեռքը բռնել Նրան՝ թող զորանա բոլոր նրանց հավատքը, որոնք ջանում են քայլել Նրա հետքերով, որոնց Նա ասում է. «Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին: Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Հովհ․ 16։33; Ա Հովհ․ 5։4): Մի՞թե Տերը՝ Եհովան, Իր հրեշտակներին չէր պատվիրել իրենց ձեռքերի վրա վերցնել Քրիստոսի մարմինը որպեսզի «ոտքերը» երբեք քարին չխփի (որպեսզի այդ տաժանելի փորձությունը չափազանց ծանր չլինի նրանց համար) (Սաղմ․ 91։11,12): Այո՛, ինչպես որ Նրա ձեռքը աջակցեց Գլխին՝ մեր Տեր Հիսուսին, այնպես էլ անպայման կաջակցի ոտքերին։ «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը», թեև «բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»: Հրեշտակները բոլորն էլ սպասավոր հոգիներ են, որոնք ուղարկված են ծառայելու փրկության ժառանգորդներին: Թեև նրանց ծառայությունը մեզ համար անտեսանելի է, սակայն դա չի նշանակում, որ անիրական է, այլ օժտված է բարիք գործելու կարողությամբ: Քրիստոսի մարմնի մեր բոլոր անդամները նույնպես միմյանց համար հանդիսանում են Տիրոջ գործուն սուրհանդակները՝ այդպիսով իրենց հերթին կիսելով ձեռքերի վրա վերցնելու արտոնությունը:

Բայց կարիքի ժամանակ այս օգնությունն ստանալու համար մենք պետք է խնդրենք այն: Ամեն օրն ու ամեն ժամն իրապես կարիքի ժամանակ է համարվում, որից էլ բխում է աղոթքի մթնոլորտում ապրելու՝ անդադար աղոթելու անհրաժեշտությունը: Եվ եթե Տերը հաճախ կարիք ուներ հեռանալու Իր ակտիվ կյանքի լեցուն իրադարձություններից՝ Աստծու հետ միայնակ մնալու, սիրո, կարեկցանքի սերտ կապը պահպանելու համար, անշուշտ մենք էլ պետք է դա անենք, որով միշտ շնորհ կգտնենք մեզ օգնության պատեհ ժամին: Ծանր փորձությունների ժամանակ խավարն իսկապես կարող է այնքան ծանրանալ հոգու վրա, ինչպես մեր սիրելի Տիրոջ պարագայում էր, որ գրեթե ծածկի հույսի շողերը, սակայն եթե Տիրոջ պես բռնենք Եհովայի ամենակարող ձեռքը և հեզորեն ասենք. «սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի», Նրա շնորհը միշտ բավարար կլինի, և Սաղմոսերգուի հետ կարող ենք ասել. «Թեև մարմինս ու սիրտս մաշվեն, Աստված հավիտյան իմ սրտի ուժն ու իմ բաժինն է» (Սաղմոս 73:26), և Տիրոջ հետ մեր սրտերը կպատասխանեն. «Մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն