Քրիստոսի ներկայությունը

Ժամանակագրություն

Քրիստոսի Երկրորդ ներկայությունը (Parousia) 1874 թ․

Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ (Բ Պետրոս 1:12):

Քրիստոսի անտեսանելի ներկայության և «պարուսիայի» ժամանակը հասկանալու երեք «քայլերը», որոնք «ճշմարտության» մեր ներկա ժառանգությունն են (ժառանգության մասն են), Դանիելի գրքում նշված 1260, 1290 և 1335 «օրերն» են: Դրանցից առաջինը երկու անգամ հանդիպում է Դանիելի գրքում, հինգ անգամ՝ Հայտնության գրքում։ Սա հիմք է հանդիսանում մյուս երկուսի համար:

1260 տարիները Դանիելի գրքում արտահայտված են 3-1/2 անգամ (մի ժամանակ, երկու ժամանակներ և կես): Դրա իմաստը պարզաբանվում է Հայտնության գրքի հիշատակումներով, որոնք նույն ժամանակաշրջանի մասին խոսում են ոչ միայն իբրև 3-1/2 անգամ, այլև իբրև 42 «ամիս» և 1260 «օր» (Հայտ․ 11:2,3, 12:6,14, 13:5): Սրանով ակնհայտ է դառնում, որ «ժամանակը» մարգարեական տարի է՝ կազմված 12 ամսից, յուրաքանչյուրը՝ 30 օրից, քանի որ այս կերպ երեք նկարագրությունները հավասար են միմյանց: Մարգարեության մեջ «օրը» իբրև տարի է։ Մենք դա գիտենք, քանի որ դա այն բանալին է, որով Դանիելի գրքի 9-րդ գլխի 70 շաբաթները մեզ տանում են դեպի առաջին գալուստի ժամանակը (Տե՛ս նաև Եզեկիել 4.5,6, Թվեր 14.34):

Այս երեք մարգարեական ժամանակաշրջանները (1260, 1290 և 1335 տարիները) սկսվում են «Մշտնջենական զոհը վերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր» (Դանիել 12.11): Այս տեքստը մատնանշում է Դանիել 11.31-ը, որը նկարագրում է պապականության հաստատումը (պատարագի մասին նրանց կեղծ վարդապետությամբ): Պապականությունն ինչ-որ իմաստով քաղաքական իշխանություն ստացավ Ք․հ. 538 թվականին, երբ Հռոմն անցավ Հռոմի Պապի վերահսկողության տակ, բայց առավելապես Ք․հ. 539 թ-ին, երբ Ռավեննան՝ այդ ժամանակվա Իտալիայի քաղաքական մայրաքաղաքը, ընկավ հռոմեական կայսր Հուստինիանոսի գրոհի տակ (որն այն ժամանակ կառավարում էր Կոստանդնուպոլսից)։

Հուստինիանոսն ընդամենը մի քանի տարի առաջ էր որոշում կայացրել, որ Պապը պետք է ճանաչվի բոլոր քրիստոնեական եկեղեցիների կրոնական առաջնորդը։ Այդպիսով գոթական իշխանությունը ճնշելուց հետո Պապին մնաց տարածաշրջանի գործող իշխանությունը: Պապականությունն այժմ մտել էր քաղաքական իշխանության դաշտ։ Պապականությունը՝ պատարագի մասին իր վարդապետությամբ, այժմ «հաստատվել» էր իշխանության մեջ:

 1260 տարի՝ Ք․հ. 539 թ-ից մինչև Ք․հ. 1799 թ-ը Պապական իշխանության ժամանակաշրջանն է:

(Տե՛ս Դանիել 7։25, 12։7 և համեմատի՛ր Հայտնություն 12։14, 17։3-ի հետ)։

Այս ժամանակաշրջանում ճշմարիտ Եկեղեցին պատկերված է իբրև խորհրդանշական կերպով անապատ փախչող: Սա ներկայացված է նաև Հին Կտակարանում՝ որպես Եղիա մարգարեի օրոք 3-1/2 տարվա երաշտի ժամանակաշրջան (Ղուկաս 4:25, Հակոբոս 5:17):

1798 թվականին Հռոմի պապը դուրս բերվեց Հռոմից իբրև գերի և մահացավ 1799 թվականին՝ որպես Նապոլեոնի գերի, որը որոշ ժամանակ թույլ չտվեց կատարել նրա իրավահաջորդի ընտրությունը։ Պապականությանն այլևս երբեք չհաջողվեց վերականգնել ազգերի քաղաքականությունն ուղղորդող իշխանության իր կարգավիճակը: Դրա համար թույլատրված 1260 տարիներն ավարտվել էին: Հետագայում ի հայտ եկան Աստվածաշնչային ընկերություններ, որոնք միլիոնավոր Աստվածաշնչեր բաժանեցին, որով իրականացավ Հայտնություն 10.10,11-ը:

1290 տարիներ – Ք․հ․ 539 թ-ից մինչև Ք․հ․ 1829 թ․ — Մարգարեությունները պարզաբանվում են

Դանիել 12.10,11-ը ցույց է տալիս, որ այդ ժամանակ «իմաստունները պիտի հասկանան» Դանիելի մարգարեություններն ավելի հստակ:

Դանիել 12։11-ում կարդում ենք 1290 տարիների մասին։ «(11) Մշտնջենական զոհը վերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է»:

1829 թ-ին Անգլիայում իրականացված մարգարեական ուսումնասիրությունների նշանավոր շարքը մեծ առաջընթաց գրանցեց Դանիելի մարգարեությունները հասկանալու և Քրիստոսի մոտալուտ Թագավորության ակնկալիքները պարզելու հարցում: Հետագայում Նոր Անգլիայում Ադվենտիստական շարժումը ծնունդ առավ Դանիելի՝ ժամանակներին վերաբերող մարգարեությունների արդյունքում: Այս շարժումը համախմբվեց եղբայր Ուիլյամ Միլլերի ուսումնասիրությունների շուրջ և մեծապես ընդլայնվեց բողոքական քրիստոնեական աշխարհում:

Հետաքրքիր է նշել հետևյալը.

«Ք.ա. 17 թ-ին Հերովդես թագավորը, իր թագավորության 18-րդ տարում, սկսեց վերակառուցել Երուսաղեմի տաճարը (Հովհ. 2.20): «Սա մեր Տիրոջ՝ Հորդանանում մկրտվելուց 45 տարի առաջ էր, որով Նա սկսեց իր Առաջին Գալուստի առաքելությունը: Նույն կերպ 1829 թվականը Եկեղեցու՝ Աստծու հոգևոր տաճարի վերակառուցման (Ա Կորնթ․ 3.16) սկիզբն էր, որը 1874 թվականից 45 տարի առաջ էր, երբ սկսվեց Քրիստոսի Երկրորդ Գալուստի աշխատանքը»:

 1335 տարիներ – Ք․հ. 539 թ-ից մինչև Ք․հ․ 1874 թ․ = Քրիստոսի վերադարձ

Դանիել 12-ը սկսվում է Քրիստոսի երկրորդ գալստյան գործի հիշատակություններով, երբ «Միքայելը» (Հիսուսը) «վեր կկենա» թագավորական իշխանության մեջ: Դա կարագացնի Դանիելի ժողովրդի ազատագրումը։ Այնուհետև կլինի աննախադեպ «տագնապի ժամանակ», ինչպես նաև մեռյալների հարություն (համար 2):

1260 և 1290 տարիներն այդ ժամանակի նշաններ են, բայց 1335 տարիները մեզ ուղղակիորեն տանում են դեպի այդ ժամանակը: Մենք գիտենք Ղուկաս 12.36,37-ից, որ այս ժամանակից ի վեր Աստծու սրբերի համար կլինի նաև Ճշմարտության օրհնությունը՝ հոգևոր սնունդը:

1874 թվականը նշանավորում է 1335 տարիների ավարտը։ Այն նաև նշանավորում է ավելի վաղ նկարագրված աշխատանքների մեկնարկը։ Քրիստոսի վերադարձով եկել է ժամանակը, որ քնած սրբերը բարձրացվեն փառքի՝ հանգիստ, աշխարհի համար աննկատ կերպով:

Այդ ժամանակվանից ի վեր հավաքը շարունակվում է մեկը մյուսի հետևից, մինչև հունձքի ավարտը կամ Ավետարանական այս դարաշրջանի ավարտը (տե՛ս Մատթեոս 13.39՝ ինչպես ներառված է ստորև բերված հատվածում, և Մատթեոս 24):

Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է,  իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։  Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են (Մատթ․ 13:37-39)։

Դրանից անմիջապես հետո սկսվեց Իսրայելի վերականգնումը։ Հրեական Պետա Տիկվա բնակավայրն ստեղծվեց 1878 թվականին, իսկ 70 տարի անց Իսրայելի ժողովուրդն անկախացավ։ 1914 թ-ին սկսվեց տագնապի ժամանակ՝ իրար հաջորդող երկու համաշխարհային պատերազմներով:

«Երանի՜ նրան, որ կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան» (Դանիել 12:12)։ Այս տեքստը համեմատելի է Ղուկ․ 12․37-ի հետ․ «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա»։ Այն, ինչ շարունակվում է դրանից հետո, հոգևոր տոն է՝ Դարերի Աստվածային ծրագիրը: Սա Աստվածաշունչ ուսումնասիրող աշխարհին բացահայտեց եղբայր Չարլզ Ռասելը, որը մկրտվել է մոտավորապես 1874 թվականին։

Հայտնության երկրորդ և երրորդ գլուխներում Հիսուսը պատգամ տվեց Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներից յուրաքանչյուրին, որոնք ներկայացնում են Եկեղեցու դասն Ավետարանի դարաշրջանի ընթացքում՝ յոթ փուլերով: Չորրորդ Եկեղեցուն Հիսուսն ասաց․ «պահե՛ք, մինչև որ ես գամ»։ Հինգերորդ Եկեղեցուն ասաց․ «Ահա գալիս եմ, ինչպես գողը»։ Վեցերորդ Եկեղեցուն ասաց․ «Ահա շուտով պիտի գամ»։ Սակայն Յոթերորդ՝ Լաոդիկիայի Եկեղեցուն, որը պատմության մեջ մեր ժամանակաշրջանն է, Հիսուսն ասում է․ «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ» (Հայտ․ 2:25, 3:3, 11, 20)։ Այդ ժամանակը եկել է։ Այսօր Ճշմարտության մեր ըմբռնումը Հիսուսի խոստման կատարումն է:

Սրբերը երկար սպասեցին, և այժմ երանելի ժամանակը եկել է: Հիսուսը թակեց մեր սրտի դռները մարգարեության զարկով, և մենք պատիվ ունենք ճաշելու Նրա հետ ճշմարտության հարուստ հոգևոր տոնի ժամանակ:

Նրանք, որոնք Ներկա Ճշմարտության լույսին են եկել, ընդունում են, որ այն բխում է մեր տիրոջից:

Աստվածային ծրագիրը փայլում է հույսով բոլորի համար:

Քրիստոսը մահացավ, որպեսզի փրկի և՛ ներկա դարաշրջանի Եկեղեցին, և՛ աշխարհը, որը կօրհնվի գալիք Հազարամյակի ընթացքում:

Քրիստոսի վերադարձը նշանավորող այլ նշաններ.

  • Չարը բացահայտվում է ինչպես երբեք — Ղուկաս 12:2
  • Աճում է ոգետեսությունը և օկուլտիզմը — Մատթեոս 24:26
  • Սաստկանում են պատերազմներն ու պատերազմի նախապատրաստությունները — Մատթեոս 24:6
  • Կեղծ քրիստոսներ են հայտնվում ամենուր —  Մատթեոս 24:5
  • Բնական աղետներ՝ ջրհեղեղներ, փոթորիկներ, երկրաշարժեր — Մարկոս 13:8
  • Հավատքը փոխարինվում է փիլիսոփայությամբ,
  • Մարդիկ նախընտրում են հաճույքն աստվածապաշտությունից- 2 Տիմոթեոս 3:1-5, 13
  • Սաստկանում է վեճը կապիտալի և աշխատանքի միջև — Հակոբոս 5:1-4
  • Անչափահասների հանցագործություններ և ծնողների նկատմամբ հարգանքի բացակայություն — 2 Տիմոթեոս 3:2
  • Մարդիկ վախով աղաղակում են խաղաղության համար — 1 Թես. 5:3, Ղուկաս 21:26

Այս ամբողջ ցնցումն ու իրարանցումը պայմանավորված են նրանով, որ Քրիստոսը քանդում է այս հին կարգը և դնում է իր Թագավորության սկիզբը: Սաղմոս 72-ն այս մասին խոսում է իբրև այս աշխարհի հին քաղաքացիական, սոցիալական, ֆինանսական և ապականված կրոնական համակարգերի տապալում:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն