Գեթսեմանիի խավար ժամը

Հոդվածներ

Մատթ. 26:36-46

«Մարդու Որդին կմատնվի մեղավորների ձեռքը»: 

 Այն բանից հետո, երբ Վարդապետը և Նրա աշակերտները` հրեաներ լինելով, տոնեցին Զատկի ընթրիքը և որից հետո Նա  հաստատեց Իր մահվան հիշատակը՝ հացով և գավաթով, և երբ Հուդան դուրս եկավ Նրան մատնելու, Հիսուսը և մնացած տասնմեկը հեռացան Երուսաղեմի Վերնատնից, քաղաքի միջով  հասան դեպի դարպասը, այնտեղից անցան Կեդրոնի հեղեղատը և բարձրացան Ձիթենյաց լեռան լանջով դեպի Գեթսեմանի պարտեզ: Գեթսեմանի բառը նշանակում է ձիթհանք: Ավանդույթի համաձայն այս պարտեզը պատկանում էր այն ընտանիքին, որի անդամներն էին Հովհաննես և Հակոբոս առաքյալները, և այդ պատճառով Տերն ու Նրա աշակերտները արտոնություն ունեին այստեղ իրենց զգալու ինչպես տանը: Սուրբ Մարկոսը՝ Ավետարաններից մեկի հեղինակը, բայց ոչ առաքյալներից մեկը, համարվում է նույն ընտանիքի անդամ: Վարդապետի ձերբակալության պատմություններից մեկը պատմում է, որ Նրա հետևից եկողների մեջ կար մի երիտասարդ, որը փաթաթված էր սավանով, և ով մերկ փախավ, երբ խմբի որոշ անդամներ փորձեցին բռնել նրան: Ավանդույթն ասում է, որ այդ երիտասարդը տարիներ անց հայտնի էր որպես սուրբ Մարկոս:

Դա Վարդապետի փորձառության ամենահիշարժան գիշերն էր: Նա հիանալի գիտեր Զատկի յուրաքանչյուր մանրուքի նշանակությունը: Նա գիտեր, որ ինքը Աստծո Գառն է որպես նախատիպ, որի մահը պետք է իրականանար հաջորդ օրը՝ խաչելությամբ: Այնուամենայնիվ, Նա մտածում էր Իր սիրելի աշակերտների մասին: Նա պետք է նրանց ասեր  քաջալերող և խրատական վերջին խոսքերը: Եվ Նա  այդպես էլ արեց։ Սուրբ Հովհաննեսի Ավետարանի երեք գլուխներում գրված են  Վերնատնից դուրս գալու և  Գեթսեմանի՝ ձիթհանքի վայր,  հասնելու միջև ընկած ժամանակամիջոցի դեպքերը։ ՙԵվ Հուդան, որ Նրան մատնելու էր, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսը և Իր աշակերտները շատ անգամ այնտեղ էին հավաքվել՚ (Հովհ. 18:2): Սուրբ Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլխում Վարդապետն իր աշակերտներին պատմեց այն վայրի մասին, որը Նա պատրաստելու է իրենց համար, և  որ Նա ուղարկելու է Ճշմարտության Հոգին որպես նրանց Մխիթարիչը, որը ցույց է տալու նրանց գալիք բաները:  Տասնհինգերորդ գլխում Նա նրանց պատմեց որթատունկի և ճյուղերի առակը և վստահեցրեց նրանց, որ նրանք այլևս չպետք է լինեն ծառաներ, այլ բարեկամներ. «Որովհետև ամեն ինչ, որ ես Հորից լսեցի, ձեզ հայտնեցի» (Հովհ. 15:15):  Տասնվեցերորդ գլխում Նա բացատրեց նրանց, որ հալածանքները պետք է ակնկալվեն, եթե նրանք հաղորդակից են լինելու Նա տառապանքներին և պատրաստ են լինելու հաղորդ լինելու Նրա փառքին:

Մի քիչ ժամանակ, և նրանք չեն տեսնի Նրան, և  հետո նորից քիչ  ժամանակ, և նրանք կտեսնեն Նրան: Աստվածային տեսանկյունից Նրա բացակայության ողջ ժամանակահատվածը, հավիտենության հետ համեմատած, մի քիչ  ժամանակ կլիներ: Այնուհետև հարության «փոփոխության» ուժով նրանք կտեսնեին Նրան, քանի որ կդառնան Նրա նման: «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, Ես աշխարհին հաղթեցի»:«Այս բաները ձեզ հետ խոսեցի, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք»:  Տասնյոթերորդ գլխում գրված է Հորն ուղղված Նրա հրաշալի աղոթքն Իր հետևորդների համար՝ ոչ միայն առաքյալների, այլև  բոլոր նրանց համար, ովքեր կհավատան Նրան իրենց խոսքի միջոցով:

Գեթսեմանի պարտեզում

Այդպես զրուցելով հասան պարտեզ կամ ձիթհանքի բակ, որտեղ գտնվում էր ձիթապտղի ձեթը հանելու համար նախատեսված մամլիչը։ Մուտքի մոտակայքում  աշակերտներից ութին պատվիրվեց հսկել, մինչ Հիսուսը, առանձնապես սիրելի Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, մի փոքր հեռու գնաց: Եվ հետո, հասկանալով, որ նույնիսկ Իր ամենաթանկ ընկերները չեն կարող գնահատել Իր վշտալի վիճակը՝ Նա միայնակ գնաց ավելի հեռու՝ խոսելու Հոր հետ: Աշակերտները, շփոթված, ապշած, այն բաներից, որ լսել էին Նրա շուրթերից, չէին հասկանում իրական իրավիճակը: Նրանք ակնհայտորեն մտածում էին, որ հավանաբար ինչ-որ այլաբանական իմաստ կար  նրա խոսքերում։ Նրանք, իրոք ուզում էին արթուն մնալ Իր հետ, բայց հոգնած էին և նիրհեցին: Հոգին հոժար էր, բայց մարմինը՝ տկար։

Եթե ոմանք հարցրել են, թե ինչու է Վարդապետը նախընտրում այդքան հաճախ մենակ մնալ աղոթքի ժամանակ, պատասխանը հետևյալն է. ՙՀնձանը ես մենակ եմ կոխոտել, և ժողովուրդից ոչ մեկն ինձ հետ չէր՚ (Եսայի 63:3): Նրա աշակերտներն ու հետևորդները շատ էին սիրում նրան։ Բայց Նա մենակ էր, քանի որ միայն Նա էր ծնվել Սուրբ Հոգուց: Նրա հետևորդները չէին կարող այդքան երանելի զգալ, ոչ էլ Հոգուց ծնված լինել քանի դեռ Նրա զոհաբերությունը չէր ավարտվել, և քանի դեռ Նա չէր հայտնվել Աստծո ներկայության մեջ, հանուն նրանց՝ գործի դնելու նրանց վերագրված Իր արժանիքը, թույլ տալու զոհաբերությամբ միանալու Իրեն՝ այս ժամանակի չարչարանքներում, որպեսզի նրանք գալիք փառքն էլ կիսեն Իր  հետ:

Նա գիտեր, որ Իր կատարելության մեջ Ինքն ուներ կյանքի իրավունք, եթե ապրեր Աստվածային պահանջներին կատարյալ համաձայնության մեջ: Բայց  նաև գիտեր, որ Աստծո հետ հատուկ Ուխտով, ՙԶոհաբերությամբ Ուխտով», Նա համաձայնվել էր հանձնել Իր բոլոր երկրային իրավունքները և թույլ տալ, որ Իր կյանքը խլեն Իրենից: Հայրն Իրեն խոստացել էր փառքի, պատվի և անմահության մեծ պարգև՝ մեռելներից հարության միջոցով, բայց դա կախված էր Նրա բացարձակ հնազանդությունից ամեն բանում՝ խոսքով, մտքով, գործով: Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք Նա բացարձակապես հավատարիմ է եղել Աստծուն ամեն բանում: Եթե ոչ, մահը Նրա համար կնշանակեր էության հավիտենական անհետացում. ոչ միայն  կորուստը այն երկնային փառքի, որը  խոստացված էր որպես վարձատրություն, այլ ամեն ինչի կորուստը: Ժամն այնքան խավար էր թվում, և Նա ասաց. «Հոգիս չափազանց տրտում է»: Նա գիտեր, որ պիտի մեռնի։ Նա գիտեր, որ մահն անհրաժեշտ է։ Բայց ահա, հիմա, Նրա առջև երևում էր հաջորդ օրվա ամոթալի մահապատիժը որպես հայհոյողի, որպես հանցագործի, որպես Աստվածային օրենքը խախտողի: Հնարավո՞ր էր, որ Նա ինչ-որ բանում, թեկուզ թեթևակի, Ինքն Իր համար էր վերցրել Հոր պատիվը։ Հնարավո՞ր էր, որ Նա ինչ-որ չափով հետ էր պահում, նույնիսկ իր մտքում, Հոր կամքին լիակատար հնազանդությունից: Այս խաչելությունը որպես հանցագործի,  հնարավո՞ր է, որ  նշանակի Աստվածային բարեհաճության կորուստ: Արդյո՞ք անհրաժեշտ էր, որ Ինքն այդպես մահանար։ Մի՞թե անարգության այս բաժակը չէր անցնելու: Այսպիսով, նա աղոթեց մեծ տանջանքների մեջ: Բայց մենք նկատում ենք այն խոսքերի գեղեցիկ պարզությունը, որով ավարտվեց  Նրա աղոթքը. «Սակայն, Հայր, ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի» (Ղուկաս 22:42):

Պողոս առաքյալը ասում է, որ նրա աղաչանքը լսվեց : Մի հրեշտակ հայտնվեց և ծառայեց Նրան՝ սպասավորություն անելով Նրան Իր կարիքի մեջ: «Չէ՞ որ  նրանք բոլորն էլ սպասավորող հոգիներ են՝ ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկության  ժառանգորդներ պիտի լինեն՚ (Եբր.1:14): Մենք տեղեկություն չունենք այն մասին,  թե այս երկնային ծառայությունն ինչ խոսքերով է արտահայտվել Վարդապետին Իր խոնարհության և վշտի մեջ, բայց  գիտենք, որ դա եղել է Երկնային Հոր բարեհաճության, կարեկցանքի և սիրո կատարյալ վստահությամբ։Նա լսվեց Իր բարեպաշտության համար (Եբր.5:7): Նա ստացավ հավաստիացում, որ Ինքը հաճելի է Հորը, որ հավատարիմ է եղել Իր Ուխտին, և որ  ստանալու է  խոստացված հարությունը:

Այդ պահից սկսած Վարդապետը ամենահանդարտն էր բոլոր նրանցից, ովքեր կապ ունեին այդ գիշերվա և հաջորդ օրվա  մեծ իրադարձությունների հետ: Պաշտոնյաները, ծառաները, սինեդրիոնը, քահանաները, Հերովդեսն ու նրա մարտական մարդիկ, Պիղատոսն ու նրա զինվորները, աղաղակող ամբոխը, բոլորը հուզված էին, բոլորը վշտացած էին: Միայն  Հիսուսն էր հանգիստ: Պատճառն այն էր, որ Նա ուներ Հոր հավաստիացումը, որ ամեն ինչ լավ է իրենց միջև: Ինչպես այս օրհնյալ հավաստիացումը Վարդապետին քաջություն տվեց, այնպես էլ Նրա հետևորդները հասկացան՝  «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռովմ. 8:31): Եթե մենք ունենք Աստծո խաղաղությունը, որը իշխում է մեր սրտերում, դա վեր է մարդկային ամեն հասկացողությունից:

Հուդան՝ ապերախտ հավատուրացը

Աշխարհը լի է ցավալիորեն հիասթափեցնող կերպարներով: Շատ բաներում մենք բոլորս թերանում ենք: Եսասիրությունը, ստորությունը, այլասերվածությունը, հպարտությունը և այլն, ամենացավալի կերպով հետք են թողնում մարդկային ընտանիքի վրա: Բայց այնուամենայնիվ, կարո՞ղ է լինել ավելի դատապարտելի բան, քան այն ապերախտը, ով կդավաճանի իր լավագույն ընկերոջը:

Աշխարհը մեկ կարծիք ունի  Հուդայի նման կերպարների վերաբերյալ։ Ու թեև նա նշանավոր օրինակ է, բայց ոչ մի դեպքում բացառություն չէ. շատ են նրա նմանները: Նրանցից ոմանք ապրում են այսօր։ Բայց նա ով ընդունակ է բավական ուշադիր զանազանելու այդպիսի բնավորության ստորությունը, անշուշտ կփրկվի նման բնավորության դրսևորումից, որքան էլ որ վատ լինի նրա բնավորությունը: Այն մարդուն, ով կարող էր վաճառել իր Ուսուցչին երեսուն արծաթով, արդարացիորեն արհամարհում է ողջ մարդկությունը: Ոչ միայն երեսուն կտոր արծաթն է ազդել ապերախտի վրա: Ավելի շուտ դա հպարտությունն էր: Նա պատկերացրել էր, որ   Ուսուցչի հետ երկրային գահի վրա էր նստելու: Նա իր հավատքը դրել էր այդ ակնկալիքի վրա: Հիմա այդ նույն Վարդապետը ավելի մանրամասն բացատրեց, որ գահը դեռ տեսանելի չէր,  որ դա լինելու է այս դարաշրջանին  հաջորդող դարաշրջանում  և պետք է տրվի միայն նրանց, ովքեր ապացուցում են իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը մինչև մահ: Հուդայի կարծիքով  հարցի լուծման այս եղանակը ամենաիմաստունն ու լավագույնը չէր: Արհամարհելով Մեծ Ուսուցչին՝ խաբվածը հավանաբար մտածում էր, որ Հիսուսի մատնումը  կլինի միայն  ժամանակավոր՝ դա  դաս կլինի Վարդապետի համար, որ այդպես չխոսի, ծայրահեղության չհասնի, դա խթան կլինի  ստիպելու Նրան կիրառելու Իր զորությունը որպեսզի դիմադրի նրանց, ովքեր ուզում էին իր կյանքը խլել, և, այդպիսով, Ինքն Իրեն բարձրացնելով, Իր աշակերտներին կտա   Թագավորության այն բաժինը, որը Նա խոստացել էր: Ավաղ, արծաթասիրությունը, իշխանության սերը հպարտությամբ են լցնում և զառանցանքի մեջ են գցում ոմանց, ովքեր հարբած են փառասիրությամբ: Որքա՛ն անհրաժեշտ է, որ Տիրոջ բոլոր հետևորդները հիշեն պատգամը. «Եվ ով որ իր անձը բարձրացնի, պիտի խոնարհվի, և ով իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանա» (Մատթ. 23:12): «Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի»(1 Պետրոս 5:6):

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն