Իսրայելացիները, ղեվտացիները և քահանայությունը

Խորանը

Իսրայելացիների, ղևտացիների և քահանաների կողմից դասակարգված մարդկային դասերը, քահանաների օծումը․ սովորաբար դիտարկվում է Քահանայապետի «Փառքի և գեղեցկության զգեստների» նշանակությունը՝ նախանշելով Աբրահամի Ուխտը, Օրենքի Ուխտը և Նոր Ուխտը:

ԿԱՐԵՎՈՐ Է, որ մենք հստակ պատկերացում ունենանք ոչ միայն խորանի կառուցվածքի և կահավորանքի ու դրանց բնորոշ նշանակության մասին, այլև պետք է ինչ-որ բան իմանանք դրա դերակատարների և իբրև նախատիպեր նրանց նշանակության մասին։

Իսրայելը շատ դեպքերում օգտագործվում է քրիստոնեական եկեղեցուն բնորոշելու համար: Օրինակ՝ երբ նրանք ազատվեցին Եգիպտոսի ​​գերությունից, նրանք Աստծու զավակների այն նախատիպն էին, որոնք լսում էին Նրա կոչը՝ դուրս գալ աշխարհից և զբաղվել Նրա պաշտամունքով:

Անապատի ճամփորդությունն այն հոգնեցուցիչ ուխտագնացությունն էր, որով շատերն են անցնում՝ փնտրելով խոստացված հանգիստը Քանանում. «Ինձ մո՛տ եկեք, և ես հանգիստ կտամ ձեզ»: Եվ ինչպե՛ս նախատիպի պարագայում, այնպե՛ս էլ իրականում, խոստացված հանգիստը Քանանում մոտ է, եթե Աստծու զավակները բավականաչափ հավատ ունեն, որ վեր կենան և հավատքով անմիջապես մտնեն այնտեղ: Աստված առատորեն տվել է անհրաժեշտ ամեն ինչ, բայց նրանք թափառում են Սին անապատում, հանգստություն են փնտրում և չեն գտնում, քանի որ չունեն հավատ Աստծու խոստումների հանդեպ: Ոմանք այդքան երկար թափառում են, իսկ ոմանք երբեք չեն մտնում Քանանի հանգստության մեջ անհավատության պատճառով: Բայց եթե Իսրայելը՝ ըստ մարմնի, այսպես, թե այնպես, օգտագործվում է հոգևոր Իսրայելի նախատիպը բնորոշելու համար, ապա խորանի հետ իր առնչությամբ, ինչպես մենք հիմա քննում ենք, այն բոլորովին այլ նախատիպ է ներկայացնում: Այստեղ Իսրայելը, անկասկած, խորհրդանշում էր մարդկային ողջ աշխարհը։ Մեղքի զոհը, զոհաբերությունը, քավությունը և այլն, որոնք բնորոշ են դրանց (և միայն դրանց), բնորոշ էին «ավելի լավ զոհերին» և ամբողջ աշխարհի անունից արված քավությանը, քանի որ կարդում ենք. «նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի»։

Մի խոսքով՝ Իսրայելը, ինչպես նաև խորանը, քահանաները, ղևտացիները և զոհաբերությունները, նախատիպ էին։ Իսկ այն, ինչ արվել է խորհրդանշական կերպով Իսրայելի հետ և հանուն Իսրայելի, Քրիստոսի առաջին գալուստից ի վեր իրականացվել է ավելի բարձր մակարդակով և ավելի մեծ մասշտաբով, ընդ որում վերջինս իրականություն էր, իսկ մյուսը նախատիպ էր կամ ստվեր։

Ինչպես Իսրայելը խորհրդանշում էր ողջ աշխարհը, այնպես էլ Ղևիի ցեղը խորհրդանշում էր «հավատի տունը», կամ Հիսուսին հավատացող բոլոր մարդկանց և Նրա փրկագինը: Քահանայությունը, որը մեկ մարմին է՝ մեկ գլխավորի կամ Քահանայապետի ենթակայության ներքո, բնորոշում էր «փոքր հոտին», որն իր «Գլխով» կամ Քահանայապետով ներկայացնում էր թագավորական քահանայությունը, որի անդամները, զոհաբերության ներկա ժամանակից հետո, պետք է լինեն թագավորներ և քահանաներ Աստծու համար և թագավորեն երկրի վրա (Հայտ․ 5։10): Այսպիսով, մենք Հիսուսին տեսնում ենք որպես Քահանայապետ, այլ ոչ թե քահանա՝ ըստ Ահարոնի կարգի, որը միմիայն ավելի մեծ և խոշոր կոչման կամ կարգի նախատիպն էր՝ Գլուխն իրական քահանայության, որի համար մյուսներն ուղղակի կերպարներ էին: Ահարոնի քահանայությունը հիմնականում խորհրդանշում էր Քրիստոսի նվաստացումն ու չարչարանքները, և ոչ թե Նրա ապագա փառքը. Մելքիսեդեկն էր Քրիստոսի նախատիպը՝ որպես թագավորական կամ արքայական քահանայություն։

Բայց մինչ կրտսեր քահանաները՝ Քրիստոսի Մարմնի,  թագավորական քահանայության անդամները, կմիանան իրենց Գլխին և կսկսեն իրենց թագավորությունը, նրանք պետք է «Նրա հետ չարչարվեն»՝ Նրա հետ մասնակից լիելով նախատիպային զոհաբերություններին, ինչը մենք շուտով կտեսնենք (Բ Տիմ. 2։12):

Պետրոս առաքյալը ցույց է տալիս, թե ում էին խորհրդանշում Ահարոնյան քահանաները, երբ դիմելով սրբագործվածներին՝ ասում է. «Իսկ դուք․․․ կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք», «Բայց դուք․․․ թագավորական քահանայություն եք» (Ա Պետ. 2:5,9)։ Նրանք բոլորն էլ ճշմարտության սպասավորներ են, թեև ոչ բոլորն են աստվածաբանության քարոզիչներ և դոկտորներ, և յուրաքանչյուրը պետք է անձնազոհության իր մասն ու բաժինն ունենա, որպեսզի արժանանա Քրիստոսի ժառանգակիցը լինելու: Միայն Նրա չարչարակիցներին է խոստացված թագավորել Նրա հետ (Հռոմ. 8։17):

Այն, որ այս քահանայության, այս «փոքր հոտի» Գլուխը կամ Քահանայապետը մեր Տեր Հիսուսն է, բազմիցս նշվում է առաքյալների կողմից: Մենք միմիայն մեկ մեջբերում ենք անում. «Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, [«արքայական քահանայություն»], երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք [մեր ապագա քահանաների կարգը] (Եբր. 3։1)։

Անդրադառնալով տիպիկ քահանայության հաստատման քննարկմանը՝  նկատում ենք, որ Ղևիի ցեղը (որ բնորոշում է բոլոր արդարացված հավատացյալներին) գոյություն է ունեցել մինչ քահանայության հաստատումը: Ուստի նախատիպի պարագայում «թագավորական քահանայությունն» սկսվեց Հիսուսի՝ Քահանայապետի օծմամբ (մկրտության ժամանակ, Ղուկ․ 3.22, Գործք 10.38), բայց հավատացյալները՝ արդարացված Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով, ապրել են դրանից շատ առաջ: Օրինակ՝ Աբրահամը հավատաց Աստծուն և արդարացավ իր հավատքով (Հռոմ. 4։2, 3)։ Թեև իր ժամանակներում նախատիպը դեռ չէր հայտնվել, բայց Աբրահամը՝ որպես արդարացված հավատացյալ, ղևտացիների կողմից ներկայացված «հավատի տան» անդամ էր։ Սակայն «թագավորական քահանայությունից» և ո՛չ մեկը չընտրվեց մինչ այդ կարգի Քահանայապետի ընծայումն ու հաստատումն այդ պաշտոնում։ Այդ ժամանակից ի վեր կրտսեր քահանաների ընծայումն ու հաստատումը դարձել են այս քրիստոնեական տնտեսության կամ Ավետարանի դարաշրջանի հատուկ գործը: Այսպիսով՝ քահանաները, որոնք այժմ սրբագործվում, հաստատվում և անձնազոհվում են, պատրաստվում են որպես Աստծու գործիքներ Արքայության թագավորական իշխանության և, հետևաբար, աշխարհի բոլոր ազգերի օրհնության համար:

Քահանայություն

Ավելորդ չէ նշել, որ քահանայության ձեռնադրության և աշխատանքի հետ կապված յուրաքանչյուր արարողության ժամանակ քահանայապետն առաջինն էր, և այդպես էր նաև նախատիպային քահանայության մեջ․ Հիսուսն առաջինն էր՝ Առաջնորդը, Գլխավորը, Նախակարապետը՝ հստակ ցույց տալով, որ ոչ ոք չէր նախորդել Իրեն: Ուստի տեսնում ենք, որ նահապետներից կամ մարգարեներից ո՛չ մեկը չի պատկանում «փոքր հոտին», «թագավորական քահանայությանը», որն այլ կերպ կոչվում է «Հարս», «Գառան կին»։ Թեև նրանք մեծապես կօրհնվեն՝ որպես Տիրոջ ծառաներ, սակայն նրանց ծառայությունը չի լինի այնքան մեծ, որքան քահանաներինը, և նրանց պատիվը նույնպես չի լինի այդքան մեծ։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք Ղևտացիների գրքում, նրանց ապագա աշխատանքն ու պատիվն ակնհայտորեն մեծ են լինելու։

«Կյանքի նեղ ճանապարհը» (անմահությունը) չէր բացվել մինչև Հիսուսի գալուստը: Նա առաջինն էր, որ քայլեց այդ ճանապարհով։ Նա «կյանքն ու անմահությունը լուսավորեց» (Բ Տիմ. 1.10): Եվ թեև բոլոր հավատարիմ հավատացյալները (ղևտացիները), ինչպես նաև աշխարհը (ներկայացված «Իսրայելի բանակատեղիով») կտիրանան հավիտենական կյանքին, եթե ընդունեն այն Հազարամյա դարաշրջանում, սակայն միայն քահանաները, որոնք կհաղթահարեն և կհետևեն իրենց Առաջնորդին կյանքի նեղ ուղով՝ զոհաբերելով մարդկային շահերը, այդպիսով փառք, պատիվ և անմահություն փնտրելով (Հռոմ. 2:7), մի օր կտիրանան անմահություն կոչված կյանքի այդ անսահմանափակ աստիճանին, որն ի սկզբանե տիրապետում էր միայն Եհովա Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր հարությունից հետո: Տե՛ս «Դարերի ծրագիրը», X և XI գլուխներ:

Օծում

Օրենքի համաձայն՝ օծումն այն արարողությունն էր, որով քահանաները մտնում էին իրենց ծառայության մեջ։ Նրանք իրենց պաշտոնի համար օծվում էին հատուկ յուղով, որը կոչվում էր «սուրբ օծության յուղ», որը չպետք է օգտագործվեր ոչ ոքի կողմից, բացի քահանաներից, և չէր թույլատրվում որևէ այլ մեկին օգտագործել կամ ունենալ այն (Ելք 30։25-33, 38)։ Այս յուղը խորհրդանշում է որդեգրության սուրբ Հոգին, որով մենք՝ իրական «թագավորական քահանայությունը», կնքվում ենք որպես Աստծու որդիներ։ Այսպես պետք է օծվեն միայն սրբագործվածները՝ քահանաները։

Ահարոնը՝ տիպիկ Քահանայապետը, ներկայացնում էր Հիսուսին՝ Գլխին, և Եկեղեցուն՝ որպես անդամներ այն Մարմնի, որը մեծ նախատիպային Քահանայապետն է: Լինելով ուրիշների նման մեղավոր մարդ՝ Ահարոնը պետք է մաքրվեր՝ պատշաճ կերպով ներկայացնելու նախատիպի՝ Հիսուսի մաքրությունը, ով մեղք չէր ճանաչում, ինչպես նաև Նրա Եկեղեցին՝ մաքրված Նրա թանկագին Արյամբ և ջրի ավազանով՝ Խոսքով (Եփես. 5։26)։

Մաքրվելուց հետո Ահարոնը հագավ «փառքի և գեղեցկության» սուրբ զգեստները (Ելք. 28), և վերջապես օծության յուղը թափվեց նրա գլխին (Ելք 29:7): Այս փառահեղ հագուստի յուրաքանչյուր կտոր բնորոշ էր Մեծ Ազատարարի՝ Գլխի և Մարմնի հատկանիշներին և զորություններին, ինչպես որ Եհովան զանազանում էր նրանց՝ նայելով ապագային՝ «Աստծու որդիների դրսևորման» ժամանակին և Նրա խոստումների կատարմանը նրանց մեջ։

Քահանայապետը «փառքի և գեղեցկության» տիպիկ զգեստներով

«Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի» (Ելք. 28։4)։

Սպիտակ կտավից «շապիկը» խորհրդանշում էր քահանայապետի մաքրությունը, իսկ դրա ասեղնագործությունը ցույց էր տալիս, թե ինչպես է այդ մաքուր բնավորությունը դրսևորվում շնորհի գործերում:

Խույրը՝ սպիտակ կտավից երիզը (արդարության խորհրդանիշ), որը կրում էին ճակատին, որին ոսկյա թիթեղ կամ «թագ» էր ամրացված կապույտ կապիչով, ցույց էր տալիս, որ թագն արդարացիորեն պատկանում է իրեն։

Ոսկյա թիթեղի վրա գրված էր «Սրբություն Տիրոջը»՝ այսպիսով հռչակելով, որ այս Քահանայապետն ամբողջությամբ նվիրված էր Եհովայի նպատակների իրականացմանը։ Ոսկե թագը նույնպես հռչակում էր Նրա թագավորական իշխանությունը. Քրիստոսը պետք է լիներ «քահանա՝ Իր գահի վրա» «հավիտյան քահանա՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» (Զաք. 6։13, Սաղմ. 110։4, Եբր. 7։17)։

«Կտավի գոտին» խորհրդանշում էր արդար ծառային․ կտավը՝ արդարություն, գոտին՝ ծառայություն։

Կապույտ «պատմուճանը» խորհրդանշում էր նրա հավատարմությունը։ Դրա ծայրը պատրաստված էր ոսկե զանգերից և նռներից։ Նուռը, լինելով ընտիր միրգ, ցույց էր տալիս, որ զոհաբերական փրկագործության հավատարիմ կատարումն առատ պտուղներ է տվել, այն է՝ մարդկային ցեղի կորսված կյանքի փրկությունը։ Ոսկե զանգերը խորհրդանշում էին, որ երբ մեր Քահանայապետը հայտնվի փառքով ու գեղեցկությամբ, զոհաբերության պտուղները կհայտնվեն բոլորին՝ կազդարարվեն ամբողջ աշխարհին, ինչպես նախատիպի պարագայում զանգերը ազդարարեցին այդ մասին ամբողջ Իսրայելին: Դրա մասին է վկայում սերտ մոտիկությունը. զանգերը ուշադրություն են հրավիրում մրգերի վրա։

«Եփուդը» պատրաստված էր մանուշակագույն, կապույտ, կարմիր, սպիտակ և ոսկե թելերից պատրաստված կտավից՝ հմտորեն և գեղեցիկ կերպով միահյուսված։ Այն երկու մասից էր բազկացած՝ մեկը կախված էր առջևից, մյուսը՝ հետևից։ Այս երկու մասերը միմյանց ամրացված էին ուսերի վրա դրված երկու ոսկե ճարմանդներով։ Եփուդը բնորոշում էր երկու մեծ ուխտերը՝ Աբրահամի Ուխտը, որը ներկայացված էր առջևի մասով, և Նոր Ուխտը, որը ներկայացված էր հետևի մասով, որոնցից երկուսն էլ, հետևաբար, կախվածություն ունեն մեր Քահանայապետից: Այս երկու ուխտերն էլ դրված են Նրա վրա. եթե Նա չկարողանա աջակցել նրանց, կատարել նրանց պայմանները, նրանք վայր կընկնեն՝ կձախողվեն։ Բայց, փառք Աստծու, այս ուխտերը միավորված և ամրացված են Նրա վրա ոսկյա ճարմանդներով (աստվածային զորությամբ), ինչպես նաև կապված են Նրան «գոտիով», որը մի պարան է՝ եփուդի նույն կտավից պատրաստված:

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼԻՔ ՓԱՌՔԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՎ

Այս «գոտին» կարծես ասում է՝ «Սա ծառա է», և քանի որ դա եփուդի գոտին է, այն մեզ ասում է, որ այս մարդը «ուխտի պատգամաբերն է, որին դուք հավանում եք» (Մաղ. 3։1)։

Եփուդի մասերից մեկը, որը ներկայացնում է Նոր Ուխտը, երաշխավորվեց Գողգոթայում. արդյոք մեր Տիրոջ մահը «Նոր Ուխտի արյունը» չէ՞ր, որին բաժնեկից են Նրա անդամները (Մատթ. 26:28, Ա Կորնթ. 10։16)։

Մյուս մասը դեռ կիսատ է, բայց Երկնային Հայրը տեսնում է դրա կատարումն ապագայում. չէ՞ որ Աբրահամի ուխտը խոստացել էր Աբրահամի Սերնդի աճը, որի միջոցով Նոր Ուխտն օրհնելու էր բոլոր ազգերին, իսկ այս Սերունդը դեռ ամբողջական չէ։ Ճիշտ է, որ մեր Տեր Հիսուսն է այդ Սերունդը, բայց Աստված կանխատեսել և կանխագուշակել է ավելի մեծ՝ հոգևոր սերունդ, որը ներառում է Մարմինը՝ Եկեղեցին իր Գլխով (Գաղ. 3։16, 29): Եվ Առաքյալը նշում է, որ Աբրահամի երկրային սերունդը նույնպես մասնակցելու է աշխարհի օրհնության գործին, սակայն հոգևոր Իսրայե՛լն է ճշմարիտ Սերունդը, ինչպես գրված է. «աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» (Գաղ. 4։22–31):

Խոսելով Աբրահամի բնական սերնդի մասին և ապացուցելով, որ նրանք չեն լինելու օրհնող Քահանայի անդամները՝ առաքյալն ասում է. «Ավետարանի համաձայն [Ուխտի հոգևոր կողմը]՝ նրանք [բառացի սերունդը]  թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ [դեռևս] սիրելի են հայրերի միջոցով. որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։ Իմ կողմից ուխտը ՆՐԱՆՑ ՀԵՏ սա է․ Սիոնից [հոգևոր Եկեղեցին] Փրկիչը [այս մեծ Քահանայապետը, Ուխտի ծառան՝ Հիսուսը, Գլուխը, և «փոքր հոտը»՝ Նրա Մարմինը] կգա և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի»։ Նրանք նախ պետք է օրհնվեն հոգևոր կամ ճշմարիտ Սերնդի կողմից և ապա կարող են դառնալ գործակիցներ (Հռոմ. 11։26-29):

Այսպիսով, այն բանից հետո, երբ Քրիստոսի Մարմինն ամբողջացնի հոգևոր «Սերունդը», պետք է կատարվի Աբրահամին տրված հավելյալ խոստումը երկրային սերնդի մասին. մարմնական սերունդը պետք է բազմանա «ծովեզերքում եղող ավազի չափ», իսկ երկնային Սերունդը համեմատվում է «երկնքի աստղերի» հետ (Ծննդ. 22:17): Նրանք նախ պետք է դառնան դեպի արդարությունը և ճշմարտությունը, և ապա կդառնան այն գործիքները, որոնց միջոցով հոգևոր Սերունդը կգործի ողջ մարդկությանը խոստացված օրհնության համար՝ շնորհով և ճշմարտությամբ:

Կարմիր, կապույտ, մանուշակագույն և այլ կտավները, որոնցից կազմված էր եփուդը, խորհրդանշում էին երկու ուխտերի պայմանները։ Կարմիրը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված փրկում ադամական անեծքից փրկանքի արյան միջոցով: Սպիտակ կտավը խորհրդանշում է մարդու սկզբնական մաքրության վերականգնումը: Կապույտը երաշխավորում է նրան օգնություն, իր արդար բնավորությունը հավատարմորեն պահպանելու կարողություն: Մանուշակագույնը հռչակում է համագործակցող Արքայության թագավորական իշխանությունը։ Միահյուսված այս բոլոր օրհնությունները տրվում են օծյալ Քահանայի աստվածային զորությամբ, որը ներկայացված է միահյուսված ոսկե թելով: Այսպիսով, Եհովան մարդկանց հետ կապված այս երկու ուխտերն էլ դրել է Նրա վրա, ով և՛ զորեղ է, և՛ պատրաստ է բերելու այս փառահեղ ուխտի օրհնությունները՝ «իր ժամանակին»։

«Դատաստանի լանջապանակը» ամրացված էր եփուդի առջևի մասում։ Այն կախված էր ուսի ճարմանդներից ոսկե շղթայով և ամրացված էր եփուդին կապիչով՝ ոսկյա օղակների միջոցով. այս ամրացումն այնպես էր թաքնված տակը, որ պատահական դիտորդին կարող էր թվալ, թե եփուդի մի մասն է (Ելք 28:26-28):

Այս լանջապանակը գեղեցիկ կերպով ներկայացնում էր Օրենքը. այն Աբրահամի ուխտի (եփուդ) մասը չէր, այլ «կցված» էր դրան (Գաղ. 3:19)։ Իսրայելացիների կարծիքով (չտեսնելով թաքնված կապը) Աբրահամի հետ կնքված ուխտը և «օրենքը, որ տրվեց դրանից 430 տարի անց», նույնն էին։ Բայց Պողոսը մեզ ցույց է տալիս, որ Աստված նկատի ուներ երկու սերունդ՝ հոգևորը և բնականը, և որ Ուխտն ու Օրենքը տարբեր էին․ «որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է» (Հռոմ. 4։16)։

Օրենքի այս խորհրդանիշը (լանջապանակը) քահանայապետի ամենագեղեցիկ զգեստներից մեկն էր։ Այն պատրաստված էր նույն նյութերից, ինչ եփուդը։ Այն պարունակում էր ոսկով շրջանակված տասներկու թանկարժեք քարեր, որոնց վրա փորագրված էին տասներկու ցեղերի անունները։ Այն ամրացված էր նրա սրտին՝ ցույց տալու, որ այն թանկ է իր համար։ Որպես «արդարության լանջապանակ»՝ այն ծածկում էր նրա սիրտը: Նրան հաճույք էր պատճառում այն, ինչը դատապարտում էր բոլոր թերությունները. «Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է» (Սաղմ. 40։8)։

Այս լանջապանակը մեջտեղից ծալելիս ուներ երկու թիզ երկարություն և մեկ թիզ լայնություն, այսինքն՝ մեկ թիզ երկարություն և մեկ թիզ լայնություն՝ կրկնակի ծալելիս։ Չափը` թիզը, ցույց էր տալիս, որ Աստծու օրենքը կատարյալ մարդու հնարավորությունների ամբողջական չափումն է: Քրիստոս Հիսուս մարդը, լինելով կատարյալ, միակն էր, ով երբևէ անխախտ պահեց Աստծու կատարյալ օրենքը, մինչ «փոքր հոտը»՝ Նրա Մարմինը կազմողներին է վերագրվում Նրա արդարությունը, և հետևաբար նրանք կարող են ասել. «Օրենքի արդարությունը կատարվում է մեր մեջ»։

Այն փաստը, որ այն կրկնակ էր և իր մասերը հավասար չափերի էին, ներկայացնում էր Օրենքի տառն ու ոգին։ Առջևի հատվածը գոհարազարդ էր և ոսկյա շղթայով կախված էր եփուդի ոսկե ճարմանդներից։ Ներքևի մասը ամրացված էր եփուդին։ Այս ստորին կեսը, որը կցված էր եփուդին (Ուխտ), ըստ երևույթին, ներկայացնում էր Օրենքի տառը, ինչպես այն ներկայացվել է մարմնական Իսրայելին։ Առջևի հատվածը կարծես պատկերում է Օրենքի ոգին, որը կատարվում է մեր մեջ, «որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու» (Հռոմ. 8:4): Ճիշտ զննելիս՝ այս երկու մասերն իսկապես մեկ են, սակայն թանկարժեք քարերը դրված են միայն առջևի մասում։

Մաքուր ոսկին աստվածային բաների խորհրդանիշն է, հետևաբար Օրենքի այս մասի կախվածությունը ոսկե շղթայով ոսկե ճարմանդներից, կարծես սովորեցնում է, որ Օրենքն աստվածային է. և մենք նաև գիտենք, որ Աստվածային օգնությամբ է, որ մենք կարող ենք վարվել ոչ թե ըստ մարմնի, այլ ըստ հոգու: Օրենքի այս փուլն է, որը կրում է ոսկով շրջանակված «գոհարները», որոնք ներկայացնում են ճշմարիտ Իսրայելը՝ Տիրոջ «փոքր հոտը»: «Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը» (Մաղ. 3:17): Այսպիսով, լինելով շրջանակված ոսկով (Աստվածային բնությամբ) և պահպանված Աստվածային խոստումների ոսկե շղթայով՝ զարմանալի չէ, որ «օրենքի արդարությունը կատարվեց մեր մեջ» (Հռոմ. 8:1, 4):

Երբ Ահարոնը կանգնեց այնտեղ՝ հանդերձավորված այդ գեղեցիկ հագուստներով, որոնք սովորաբար այնքան նշանակալից էին, և օծվեց սուրբ յուղով, նրա գլուխը ներկայացնում էր Հիսուսին՝ Քահանայության Գլխին, իսկ նրա մարմինը՝ Եկեղեցին՝ ամբողջացած Քրիստոսով: Որքա՜ն տպավորիչ և նշանակալից է աշխարհի Քահանայապետի նախատիպը՝ անարատ, զորություն և իշխանություն հագած՝ կատարելու Եհովայի ուխտերը։

Կրտսեր քահանաները՝ «Մարմինը»

Մենք տեսնում ենք Մարմինը կամ Քահանայապետի անդամները, որոնք կրկին անհատապես ներկայացված են կրտսեր քահանաների կողմից, որոնցից յուրաքանչյուրը «գլխարկ» էր կրում, որը ծածկում էր իր գլուխը՝ ցույց տալու համար, որ ինքը Քահանայության գլուխը չէր, այլ պարզապես Մարմնի անդամ էր։ Աստված Հիսուսին «եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը» (Եփես. 1:22, 22): Ահա թե ինչու է Պողոսը պնդում, որ կինը պետք է ծածկի իր գլուխը՝ ցույց տալով, թե նա գլուխը չէ. ամուսինն ու կինը Հիսուսի և Նրա հարսի՝ Առաջնեկների Եկեղեցու խորհրդանիշներն են:

Կրտսեր քահանաները կրում էին կտավից հագուստներ և կապում էին գոտիներ։ Նրանց հագուստները ներկայացնում էին Հիսուսի արդարությունը, որը վերագրվում էր նրանց, իսկ նրանց գոտիները ներկայացնում էին իրենց՝ իբրև արդարության սպասավորներ: Քահանայապետը դրանց շատ նման հանդերձներ էր հագնում զոհաբերության ժամանակ (Քավության օրը), իսկ քավություն անելուց հետո հագնում էր փառահեղ զգեստները:

Քահանայի օծումը

Ինչպես Ահարոնի գլխին թափվեց սուրբ յուղը, այնպես էլ մեր Գլուխը՝ Տեր Հիսուսը, օծվեց նախատիպային յուղով՝ Սուրբ Հոգով, Հորդանանի ափին, Իր ընծայման ժամանակ, երբ Նա երեսուն տարեկան էր: Այնտեղ Նա «օծվեց ուրախության յուղով ավելի, քան Իր ընկերները»՝ որպես Իր բոլոր ժառանգակիցների Գլուխ: Հոգին յուրաքանչյուր ընծայվողի տրվում է ըստ չափի, բայց Եհովան Նրան չտվեց «Հոգին ըստ չափի» (Հովհ․ 3։34)։ Հովհաննեսը տեսավ և արձանագրեց, որ մեր Քահանայապետն այսպես է օծվել, իսկ Պետրոսն ավելացրեց իր վկայությունը. «Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ» (Հովհ․ 1։32, Ղուկ․ 4։1, Գործք 10։38)։

Օծության յուղը լցնում էին միայն գլխին։ Կրտսեր քահանաներն անհատապես չէին օծվում*։ Նրանք համարվում էին Քահանայապետի մարմնի անդամներ և իրենց օծումն ստանում էին միայն Նրա մեջ՝ որպես իրենց գլուխ։ Հետևաբար նախատիպային քահանաները նույնպես պարզապես հաղորդակից էին Քրիստոսի հոգուն, և միայն նրանք, ովքեր Քրիստոս Հիսուսում են, մասնակից են օծմանը, որով կկնքվեն բոլոր նրանք, որոնք կհամարվեն Աստծու խոստումների ժառանգորդներ և իրենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ (Եփես. 1:13,14, 4։30)։

* Ելք 30:30 վերաբերում է Ահարոնի և նրա որդիների օծմանը։ Սա նշանակում է, որ Քահանայապետի պաշտոնում հաջորդած Ահարոնի որդիներից յուրաքանչյուրը պետք է օծվեր իր հերթին, ինչպես որ հենց ինքը՝ Ահարոնը սկզբում օծվեց։

Յուղը «իջնում է մինչև նրա [քահանայապետի] հանդերձանքների ծայրը» (Սաղմ. 134։2)՝ այսպիսով ներկայացնելով, թե ինչպես Քրիստոսի Մարմնի բոլոր անդամները պետք է մասնակից լինեն նույն օծմանը՝ հետևելով իրենց Գլխին։ «Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում» (Ա Հովհ․ 2.27): Այս յուղը հասավ Մարմնին Պենտեկոստեի օրը և հոսում է Ավետարանի այս ողջ դարաշրջանում՝ օծելով բոլոր նրանց, որոնք իսկապես մկրտված են Քրիստոսով՝ նրանց, իրենց Գլխի հետ միասին, դարձնելով Աստծու թագավորներ և քահանաներ, որ հազար տարի թագավորեն (Հայտ. 20։6)։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ահարոնը՝ զգեստավորված և օծված, ներկայացնում էր ամբողջությամբ Քրիստոսին՝ Աբրահամի ամբողջական Սերնդին, որով Աստված օրհնելու է աշխարհի բոլոր ազգերին: Բայց եկեք չմոռանանք, որ մենք նայում էինք Մեծ Ազատարարին Աստծու տեսանկյունից, և Նրա հետ՝ Նրա հայտնության ժամանակին՝ Հազարամյակի արշալույսին, երբ բոլոր անդամները կմիավորվեն Մարմնին և երբ «սուրբ յուղը» կհոսի «մինչև նրա հանդերձանքների ծայրը»՝ օծելով յուրաքանչյուր անդամի (Ղևտ. 10։7): Այնուհետև Նա կսկսի մարդկությանը օրհնելու գործը։ Այս Թագավորական Քահանայի փառահեղ իշխանության համար մենք անընդհատ աղոթում ենք. «Քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա»:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն