Վշտի ծառայությունը

Հոդվածներ

«Խոր տեղերից Քեզ կանչեցի, ո՜վ Տեր՚ (Սաղմոս 130:1): ՙԵթե Նա հանգստություն տա, ո՞վ կկարողանա նեղություն պատճառել…» (Հոբ 34:29):

Յուրաքանչյուր մարդու կյանքն ունի իր լույսերն ու ստվերները, իր ուրախության բարձունքները և վշտի խորությունները: Սրանք կազմում են փորձառության հենքի և թելերի մեծ մասը, և բնավորության այն գործվածքը, որը սահում է  կյանքի ակտիվ ջուլհակահաստոցից, կլինի նուրբ և գեղեցիկ, կամ կոպիտ և անհրապույր, կախված այն հմտությունից և զգուշությունից, որով անձնավորությունը դրա մեջ հյուսում է փորձառության թելերը: Յուրաքանչյուրի կյանքում, մեղքի և չարի ներկայիս թագավորության մեջ գերակշռում են մռայլ երանգները. և դա այն աստիճանի ճիշտ է, որ Աստծո Խոսքը իրավացիորեն նկարագրում է մարդկային ընտանիքն իր ներկա վիճակում որպես հառաչող ստեղծագործություն: «Ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա միասին հառաչում է ու ցավի մեջ է»,- ասում է առաքյալը: Աստծո զավակները բացառություն չեն այս համընդհանուր կանոնից. «Մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ որդեգրությանն սպասելով, այսինքն՝ մեր մարմնի փրկագնմանը» (Հռոմ. 8:22,23). մեր միության՝ Քրիստոսի Մարմնի փրկագնմանը:

Բայց մինչ մենք սպասում ենք մեր փրկագնմանը, կյանքի ամենօրյա փորձառությունները մեզ համար ամենակարևոր առաքելությունն ունեն, և այն, թե ինչպես ենք մենք ընդունում դրանք, պետք է խորը մտահոգության առարկա լինի. որովհետև, կախված նրանից, թե ինչպես ենք մենք գործածում դրանք,  յուրաքանչյուր օրվա հաջողությունը  կամ անհաջողությունը, և փորձությունը մեզ համար բերում են կա՜մ օրհնություն կա՜մ անեծք: Այն փորձառությունները, որոնք մենք սովորաբար  հաջողություն ենք համարում, հաճախ իրենց մեջ պարունակում են թաքնված վտանգներ: Եթե հարստությունն ավելանում է, կամ ընկերները շատանում են, կամ երկրային ուրախության մեծ բաժին է հասնում մեզ, այդ ժամանակ  որքա՜ն գրեթե աննկատելիորեն է սիրտը ուրախություն գտնում երկրային բաներում: Բայց երբ զգացվում է վշտի և հիասթափության սուր սայրը, երբ հարստությունը պակասում է կամ առողջությունը` թուլանում, երբ ընկերները լքում են, և թշնամիները մեղադրանքներ են բերում մեր դեմ, մեր բնական արձագանքը լինում է հուսահատությունն ու վհատությունը:

Հենց սա է քրիստոնյայի կյանքի մեծ պատերազմի մի շատ կարևոր մասը: Նա պետք է պայքարի իր հին բնության հակումների դեմ և պետք է վստահորեն պահանջի ու ակնկալի հաղթանակը՝ իր փրկության մեծ Զորավարի զորությամբ։ Նա չպետք է ենթարկվի արտաքուստ բարենպաստ պայմանների գայթակղիչ ազդեցություններին, ոչ էլ կռանա փորձությունների և դժբախտությունների ծանրության տակ: Նա չպետք է թույլ տա, որ կյանքի որևէ փորձառություն, որքան էլ ծանր ու ցավալի լինի, իրեն դաժան դարձնի, կարծրացնի կամ դառնացնի, դարձնի չար,  մռայլ կամ անսիրտ: Նա չի կարող նաև թույլ տալ, որ հպարտությունը կամ ցուցամոլությունը կամ սեփական արդարությունը սնվեն երկրային օրհնություններով, որոնք Տերն Իր սիրառատ նախախնամությամբ տվել է իրեն, որ ապացուցի իր հավատարմությունը որպես տնտես:

Վշտի խորությունները տանում են  դեպի ուրախության բարձունքները

Վիշտը և ցավերը կարող են գալ, և հավանաբար հաճախ կգան հեղեղի պես, բայց Տերը կլինի մեր Նեցուկն ու Զորությունը  յուրաքանչյուր փորձառության մեջ, որը Նա թույլ կտա: Այն հոգին, որը երբեք չի ճանաչել վշտի և նեղությունների խրատը, դեռ չի սովորել Տիրոջ սիրո և օգնության  ուրախությունն ու արժեքավորությունը: Հենց ճնշող վշտի և տխրության ժամանակ, երբ մենք մոտենում ենք Տիրոջը, Նա մոտենում է մեզ: Այդպես բացահայտեց սաղմոսերգուն, երբ իր խոր վշտի մեջ աղաղակեց Աստծուն՝ ասելով. «Խոր տեղերից Քեզ կանչեցի, ո՜վ Տեր: Տե՜ր, լսիր իմ ձայնը, Քո ականջները թող լսեն իմ աղոթքի ձայնը» (Սաղմոս 130:1,2):  Զգալով իր սեփական տկարություններն ու թերությունները, փափագելով լիովին ազատվել ամեն թերությունից և մարգարեանալով Քրիստոսի միջոցով Փրկության Աստվածային ծրագրի առատ պաշարների մասին, նա ավելացնում է. «Եթե, Դու, Տե՜ր, անօրենությունները հիշես, Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել: Բայց Քո մոտ ներում կա, որպեսզի Քեզանից վախենան» (Սաղմոս 130:3,4):

Որքա՛ն թանկ են այսպիսի հավաստիացումները, երբ հոգին ցավով գիտակցում է իր տկարությունները, արդարության կատարյալ օրենքին լիովին համապատասխանելու իր կատարյալ անկարողությունը: Ինչպիսի՛ երանություն է իմանալը, որ երբ մեր սրտերը հավատարիմ են և ճշմարիտ, մեր Աստվածը չի գրանցում մեր հողե անոթի անխուսափելի թերությունները։ Եթե մենք ամեն օր գալիս ենք Նրա մոտ՝ մաքրվելու համար, մեր Փրկչի արժանիքների միջոցով, մեր թերությունները չեն վերագրվում մեզ, այլ ձրի ներվում և մաքրվում են: Մեր Փրկչի կատարյալ արդարությունը մեր փառավոր զգեստն է, որը հագած մենք կարող ենք գալ Աստծո մոտ խոնարհ համարձակությամբ, քաջությամբ, մեծ Եհովայի՝ թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ ներկայության մեջ:

Եթե այսպիսով Աստված անտեսում է մեր մարմնի տկարությունները և լիովին ընդունում է մեզ և հաղորդակցվում է մեզ հետ որպես Իր սիրելի զավակների, մենք էլ  պետք է այդպես վերաբերվենք միմյանց՝ հաշվի չառնելով մարմնի տկարությունները  և միմյանց չմեղադրելով. այդ տկարությունները  մեզանից յուրաքանչյուրը խոնարհությամբ խոստովանում է, և  մյուսներն էլ մեզ նման, անկեղծորեն ջանում են դրանք  հաղթահարել Աստծո շնորհքով, իրենց հնարավորության չափով: Տիրոջ ճշմարիտ զավակներից յուրաքանչյուրին վերաբերում են առաքյալի խոսքերը. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել… Ուրեմն ո՞վ կարող է որևէ մեղադրանք բերել Աստծո ընտրյալների դեմ: Աստված Ինքն է, որ արդարացնում է: Ո՞վ է, որ դատապարտում է: Քրիստոսն Ինքը մեռավ…» (Հռոմ. 8:31,33,34): Այնուամենայնիվ, այլ դեպք է, երբ մարմնի տկարությունները խրախուսվում են, թույլատրվում են՝ առանց դրանք շտկելու պատշաճ ջանքերի և արդարացվում են, որպեսզի սխալները շարունակվեն։ Այդ ժամանակ իրոք  մեզ մեղադրանք է ներկայացվում, և եթե մենք անմիջապես  «չդատենք ինքներս մեզ» և վճռական միջոցներ չձեռնարկենք դրանք ուղղելու համար, Տերն Ինքը կդատի և կխրատի մեզ (1 Կորնթ. 11:31,32):

Այն հոգսերի, տարակուսանքների և դժվարությունների մեջ, որոնք բաժին են հասնում Տիրոջ զավակներին, մենք պետք է լիովին վստահենք Նրան և լցնենք մեր հոգիները խաղաղությամբ և համբերությամբ: Մենք պետք է համբերությամբ սպասենք, որ Տերը լուծի մեր փորձառությունների խնդիրները Իր կատարյալ եղանակով: Որքա՛ն անհրաժեշտ է համբերությամբ սպասել Տիրոջը: Սաղմոսերգուն ասում է. ՙԵս Տիրոջն եմ սպասում, իմ անձն սպասում է, ու իմ հույսը Նրա Խոսքի վրա է: Առավոտյան պահին սպասողներից, առավոտյան պահին սպասողներից ավելի իմ անձը Տիրոջն է սպասում՚ (Սաղմոս 130:5,6): Վշտի ու նեղության յուրաքանչյուր փորձառության ժամանակ, երբ ցնցող տարաձայնությունների  և  կսկծալի վրդովմունքների լարվածությունը,  և սրտի արյունոտ վերքերը սպառնում են ընկճել հոգին, թող Աստծո զավակը հիշի, որ «Նա գիտի, Նա սիրում է, Նա հոգ է տանում», և որ Նրա սպասավոր հրեշտակը միշտ մեր կողքին է, և Նա թույլ չի տա,  որ որևէ փորձություն չափազանց ծանր լինի:  Սիրելի Վարդապետը կանգնած է հալոցի մոտ, և երբեք թույլ չի տա, որ հնոցի տաքությունն այնքան ուժեղանա,  որ մեր բնավորության թանկարժեք ոսկին ոչնչանա կամ վնասվի: Օ՜հ, ոչ: Եթե Նրա շնորհքով այդ փորձառությունները բարու գործակից չլինեն մեզ համար,  դրանք կհեռացվեն: Նա չափազանց շատ է սիրում մեզ, որպեսզի թույլ տա ցանկացած ավելորդ վիշտ, ցանկացած ավելորդ տառապանք:

Համբերությամբ սպասելու հատուցումը

«Տիրոջը հանձնիր ճամփադ ու Նրան վստահիր, և Նա կիրագործի այն: Եվ քո արդարությունը դուրս կբերի լույսի պես ու քո իրավունքը՝ կեսօրվա պես: Հանգստացիր Տիրոջ մեջ ու համբերությամբ Նրան սպասիր՚: (Սաղմոս 37:5-7): Մենք չպետք է հիասթափվենք և թույլ տանք, որ մեր հավատքը սասանվի, երբ փորձվում է մեր համբերությունը, մինչդեռ արտաքին խաղաղությունն ու հանդարտությունը, որը փափագում ենք, ուշանում է:  Մեր Հայրը չի մոռացել մեզ, երբ մեր աղոթքների պատասխանը կարծես ուշանում է: Միշտ չէ, որ արտաքին խաղաղությունն ու հանգստությունը այն պայմաններն են, որոնք լավագույնս համապատասխանում են մեր կարիքներին՝ որպես նոր արարածների, և մենք չէինք ցանկանա այնպիսի պայմաններ, որոնցում Հոգու թանկարժեք պտուղները չեն աճում և չեն զարգանում մեր մեջ:   Հետևաբար «Տարօրինակ մի՜ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել, այլ ուրախ եղեք…» (Ա Պետրոս 4:12,13): Նա, ով հաշվում է մեր գլխի մազերը, երբեք անտարբեր չէ Իր ամենատկար և խոնարհ զավակի տառապանքների և կարիքների նկատմամբ: Օ՜, ինչքա՜ն քաղցր է այդպիսի սիրառատ, մշտական հոգատարության գիտակցումը: «Երբ Նա հանգստություն տա, ո՞վ կկարողանա նեղություն պատճառել»:

Սրբերն իսկապես ամեն վշտի և ցավի  մեջ ունեն օրհնյալ մխիթարություն, որի մասին աշխարհը ոչինչ չգիտի: Ոչ ոք, բացի Աստծո ճշմարիտ զավակից, չի կարող դա իմանալ: Ի՞նչ է այդ մխիթարությունը։ Օ՛հ, դուք, որ երբեք չեք զինվորագրվել խաչի դրոշի ներքո, դուք, որ երբեք լիովին չենք հանձնվել Տիրոջ ձեռքերում, որպեսզի կերտվեք և ձևավորվեք Նրա փառավոր նմանությամբ, դուք, որ երբեք անկեղծ ջանք չեք գործադրել ձեր մեղավոր բնության հակումների հեղեղը դադարեցնելու համար,  դուք, որ  երբեք ջերմեռանդորեն չեք պայքարել ճշմարտության և արդարության համար այս ծուռ և խոտորյալ սերնդի մեջ, ի՞նչ կարող եք իմանալ այս Աստվածային մխիթարության քաղցրության մասին: Դա Գաղաադի թանկարժեք բալասանն է կյանքի մարտադաշտում վիրավորված հոգիների համար, դա այն առույգացնող, թարմացնող ըմպելիքն է նվաղած հոգիների համար, որոնց դաժանորեն  ճնշում է անողոք թշնամին: Դա սիրառատ ձեռքի հանգստացնող շոյանքն է Ճշմարտության և աստվածապաշտության համար ազնիվ պայքարողի՝ տենդից ջերմացած ճակատին: Դա հույսի, սիրո և քաջության մեղմ շշուկն է, երբ սիրտն ու մարմինը գրեթե նվաղում են: Դա Աստվածային մխիթարությունն է, միակ մխիթարությունը, որն իր մեջ ունի բժշկող և վերականգնող զորություն:  Այն պահված է միայն այն ազնիվ հոգիների համար, ովքեր հավատարմորեն կրում են օրվա ծանրությունն ու տաքությունը՝ ծառայելով թագավորների Թագավորին, մինչդեռ նրանք, ովքեր անկենդան տարվում են աշխարհի հոսանքով և մարմնավոր բնության վարընթաց միտումներով, երբեք չեն կարող ճանաչել դրա քաղցրությունը:

Որքա՛ն սիրառատ և քնքուշ է մեր Աստվածը, և որքան իմաստուն է ու զորեղ։ Նրա խոստումները երբեք հուսախաբ չեն արել նրանց, ովքեր վստահել են Նրան: Մենք կարող ենք զգալ, որ բարի լինելու և բարություն անելու մեր ջանքերը շատ անարդյունավետ են, որ դրսից և ներսից հակառակությունը շատ ուժեղ է: Բայց երբ մենք տկար ենք, երբ գիտակցում ենք մեր սեփական անօգնականությունն ու անկարողությունը, այդ ժամանակ մենք կարող ենք ուժեղ լինել Տիրոջով և Նրա զորության կարողությամբ: Այդ ժամանակ է, որ մենք կարող ենք հասկանալ, որ Նրա ուժը կատարյալ է դառնում մեր տկարության մեջ: Այն փաստը, որ մենք տկար և կաղ ենք, չի բաժանում մեզ մեր Աստծո սիրուց և զորությունից, երբ մենք ձգտում ենք կատարել Նրա կամքը, քանզի «Նա գիտի մեր կազմվածքը, Նա հիշում է, որ մենք հող ենք»։ Ուրեմն  եկեք ավելի ու ավելի կառչենք Տիրոջ այս զորությունից, որպեսզի կարողանանք քաջությամբ շարունակել մեր ընթացքը դժվարության և փորձության նեղ ճանապարհով: Աստծո սուրբի համար իսկապես թանկ է ցավի և վշտի ծառայությունը:

«Դուք տեսել եք Հոբի համբերությունը»

Յուրաքանչյուր դարաշրջանի սրբերը սովորել են տառապանքների և վշտերի օրհնությունը: Սաղմոսերգու Դավիթն ասում է. «Քանի դեռ վշտացած չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ Քո Խոսքը» (Սաղմոս 119:67): «Լավ եղավ ինձ համար, որ վշտացա, որպեսզի Քո կանոնները պահեմ» (Սաղմոս 119:71): Աստծո հավատարիմ ծառա Հոբը գրեթե անհաղթահարելի դժվարություններ կրեց, բայց Տերը նրան դուրս բերեց մի լայնարձակ տեղ, երբ նրա փորձությունները ունեցան իրենց նախատեսված ազդեցությունը: Իր ցավոտ փորձառությունները ապացուցեցին Նրա հավատարմությունը և զորացրին Նրան:  Մեզանից քչերը կարող էին ավելի շատ տառապել: Նա կրեց իր ողջ ունեցվածքի կորուստը, այնուհետև կորցրեց իր բոլոր երեխաներին, որոնց սիրում էր, հետո կորցրեց իր կնոջ սերն ու հավատարմությունը և, վերջապես, նրան խոցեց ցավոտ հիվանդությունը՝ գլխից մինչև ոտք պալարներով։ Ի լրումն այս ամենի՝ նրա ընկերներից երեքը եկան նրան այցելելու՝ լսելով նրա մեծ փորձությունների մասին, և ճշմարիտ մխիթարիչներ լինելու փոխարեն նրանք ավելացրին նրա վշտերը՝ պնդելով, որ իր սեփական մեղքերն են եղել բոլոր այս աղետների պատճառը, որ նրա փորձառությունները, անկասկած, պատիժ են Աստծո կողմից՝ իր անհավատարմության պատճառով: Անկասկած, խեղճ Հոբը տառապանքի մեջ էր:

Բայց արդյո՞ք նա կորցրեց Աստծո հանդեպ իր հավատքը։ Լսեք նրան. «Տերը տվեց ու Տերը վերցրեց, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:21): «Եթե նույնիսկ Նա սպանի ինձ, ես Նրան եմ հուսալու…» (Հոբ 13:15):  Հոբը, իրոք, շատ ընկճված էր, բայց նա  այդ ամենի մեջ պահպանեց իր բնավորության շիտակությունը և իր հավատքը Տիրոջ հանդեպ։ Նա Աստծուն չմեղադրեց անարդարության մեջ, իսկ Աստված չլքեց Իր հավատարիմ ծառային: Նա հանդիմանեց նրա մեղադրողներին և նրանցից պահանջեց զոհ մատուցել, իսկ  Հոբին պատվիրեց աղոթել նրանց համար, որպեսզի անտեսվեն նրանց հանցանքները։ Վերջում նա օրհնվեց ավելի առատորեն, քան նախկինում: Աստված նրան դարձրեց մարդկային ընտանիքի մեծ նախատիպ՝ ցույց տալով  նրանց ընկած վիճակն ու վերջնական վերականգնումն այն ամենի, ինչը կորցրել էին Ադամի պատճառով, լրացուցիչ փորձառությունների օրհնություններով՝ նրանց իմաստուն դարձնելու համար: Որքա՛ն հավատարիմ է Տերն Իր բոլոր գործերում: Իսկապես Նրա զավակները երբեք չպետք է կասկածեն Նրա սիրուն, որովհետև ՙհավատքը կարող է հաստատուն կերպով վստահել Նրան, ինչ էլ որ պատահի»:

Թանկագին է Աստծո հետ մտերիմ հաղորդակցությունը

Հենց այն ժամանակ երբ Տիրոջ հանդեպ շարունակական վստահությունը և մեր կյանքում՝ Նրա կարեկցանքով լի բազմաթիվ նախախնամությունները հասցնում են թանկագին անձնական ծանոթության և մտերմության, մենք սովորում ենք ուրախանալ Նրանով: Այո, երբ սիրտը պատասխանում է սրտին, երբ աղաչանքով աղոթքը բերում է խաղաղություն ու դու հասկանում ես, որ դա աղոթքի պատասխան էր, երբ Աստվածային սերն ու հոգատարությունը պարզ երևում են մեր ճանապարհի առաջնորդության մեջ, մենք կարողանում ենք ճանաչել Հոր և Որդու  մշտական ներկայությունը մեզ հետ:  Այնուհետև, որքան էլ մութ լինի մեր ճանապարհը, որքան էլ ուժեղ լինի մեր շուրջը մոլեգնող փոթորիկը, Աստվածային պաշտպանության միտքը միշտ մեզ հետ է, որպեսզի, որպես Տիրոջ զավակներ, մենք երբեք չհուսահատվենք. թեև զարկված ենք, բայց ոչ կործանված, թեև հալածված ենք, բայց երբեք լքված չենք: Մենք գիտենք, որ մեր Հոր ձեռքը միշտ ղեկին է, որ Նրա սերն ու հոգատարությունը հաստատուն են և անփոփոխ:

Նրանք, ովքեր սրտակից հաղորդակցություն ունեն Աստծո հետ, սովորել են Նրան տեսնել որպես ամեն բարության, Ճշմարտության և օրհնության Աղբյուր: Նրանց համար Նա ամբողջովին ցանկալի է: Նրա Օրենքը նրանց ուրախությունն  է: Նրա բարեկամությունն ու սերը հենց նրանց կյանքն են: Երբ սիրտն այդպես  կենտրոնացած է Աստծո վրա, ճանապարհը Նրան հանձնելը ամենաբնական մղումն է: Նրանք իսկապես կարող են երգել բանաստեղծի հետ.

Արդ գնում եմ առաջ՝ չիմանալով,

Իմանալու կարիք չունեմ,

Լավ է խավարում Աստծո հետ քայլեմ,

Քան լույսի մեջ՝ միայնակ,

Լավ է հավատքով Նրա հետ քայլեմ

Քան երևույթով՝ միայնակ:

Անկասկած նրանք ստանում են իրենց սրտի ցանկությունները, և Տերը ոչ մի բարություն չի խնայելու նրանցից: Նրանց ջերմեռանդ աղոթքները մեծ զորություն ունեն, և Տիրոջ ընտրած ժամանակում նրանց արդարությունը, որքան էլ այն այժմ սխալ ընկալվի, սխալ ներկայացվի և չարախոսվի, դուրս կբերվի լույսի պես՝ պարզ, անամպ և տեսանելի, և նրանց իրավունքը, նրանց ընթացքի և սրտերի արդարությունն ու շիտակությունը կհայտնվեն կեսօրի պես: Նույնիսկ երբ մնում ենք այստեղ որպես պանդուխտներ և օտարականներ  թշնամու հողում, պիտի կերակրվենք, հոգևորապես ու մարմնապես պիտի սնվենք, և պիտի ուրախանանք ու ցնծանք «մեր պանդխտության տան մեջ»։ Իսկապես թանկ են Աստծո խոստումները, և ի փառաբանություն Նրա առատ շնորհքի, անցյալի և ներկայի  Նրա բոլոր սրբերը վկայում են Նրա խոստումների իրականացման մասին:

Ո՞վ կնվաղի, երբ կա մի գետ,

Որ մեր ծարավն է հագեցնում,

Երբ Տիրոջ շնորհքն է մեզ հետ,

Երբեք հուսախաբ չի անում:

Կիսվել ընկերների հետ
Աստվածաշնչի Ուսումնասիրություն