Ինչպե՞ս պետք է գործենք մեր անձերի փրկությունը
«Իմ սիրելինե՛ր․․․ ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկությունը։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն էլ՝ անելն էլ իր հաճության պես» — Փիլ․ 2։12,13։
ԱՅՍ գլխում, որից վերցված է մեր տեքստը, Պողոս Առաքյալը գեղեցիկ հարգանքի տուրք է մատուցում Փիլիպպեի եկեղեցուն: Նա քնքուշ ու սիրալիր արտահայտություններով է խոսում այն մասին, որ նրանք միշտ հնազանդ են իր խրատներին ու խորհուրդներին ո՛չ միայն այն ժամանակ, երբ նա նրանց հետ է, այլ նաև իր բացակայության ժամանակ: Նա հորդորում է նրանց նույն կերպ շարունակել հավատարմություն ու լրջություն ցուցաբերել: Նա ցանկանում է, որ նրանք է՛լ ավելի աճեն Ուսուցչին նմանվելու հարցում՝ խոնարհության ու հնազանդության միջոցով իրենց մեջ զարգացնելով անհրաժեշտ բնավորությունը, ահով ու դողով իրենց դերակատարությունն ունենալով փրկության հասնելու գործում, որին կանչվել են Քրիստոսով։
Սուրբ Պողոսի այս հորդորը նախատեսված է նաև Քրիստոս Հիսուսով այսօրվա սրբացածների համար: Փիլիպպեի Եկեղեցու նման նա հիշեցնում է մեզ, որ պետք է գործենք մեր անձերի փրկության համար: Մեկ այլ տեղ Սուրբ Գիրքը մեզ տեղեկացնում է, որ մեր փրկությունը շնորհով է, որ «նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ» (Տիտ․ 3:5)։ Սուրբ Գրքի այս տողերը հակասական չեն: Մեր փրկությունը «մեզանից չէ, այլ Աստծու պարգևն է, որպեսզի ոչ ոք չպարծենա»։ Հայրը Տեր Հիսուսին նշանակել է իբրև մեր Փրկիչ, և Նրա միջոցով է, որ մեր փրկությունը պետք է իրականացվի:
Մենք չենք կարող գործել մեր իսկ արդարացման համար, բայց արդարացվելով Քրիստոսի արյունով և կանչված լինելով Երկնային Կոչումով՝ մենք կարող ենք մեր բաժինն ունենալ մեր ապագա դիրքի ու փառքի համար մեր իսկ նախապատրաստության այս մեծ գործում: Մենք դա անում ենք՝ ականջ դնելով մեր Տիրոջ խրատներին, հետևելով Նրա տված օրինակին: Մենք երբեք չենք կարող կատարելության հասնել մարմնով, բայց ի սկզբանե մեր սիրտը, մեր մտադրությունը պետք է ամբողջությամբ հավատարիմ լինեն, և արդարության ճանապարհին օրեցօր սրտի այս մտադրությունը պետք է ավելի ու ավելի բյուրեղանա, ամրանա: Մենք պետք է շարունակենք մեր մարմինը հնազանդեցնելու և Տիրոջը ծառայեցնելու գործը:
Ինչպե՞ս ենք մենք դառնում Աստծո որդիներ
Մեզ համար հուսադրող է, որ այս պատերազմն այն պատերազմը չէ, որը մենք պետք է միայնակ մղենք: Երկնքի բոլոր զորությունները զինվորագրված են ի պաշտպանություն մեզ: Մեր Աստվածը մինչ այժմ մեզ առաջնորդել է ըստ Իր բարեհաճ ծրագրի կամենալու և կատարելու գործում, և Նա կշարունակի նույն կերպ առաջնորդել և օգնել մեզ և գործել մեր մեջ Իր Ճշմարտության Խոսքով, եթե մենք շարունակենք հնազանդվել Նրա խորհրդին: Ավետարանն «Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար», և ավելի մեծ խթան չկա, քան մեզ տրված ամենամեծ ու պատվական խոստումները, որպեսզի դրանցով «աստվածային բնությանը հաղորդակից լինենք»:
Մեր փրկությունը փրկություն է մահից և անցում դեպի կյանք, փրկություն է մեղքից և անցում դեպի արդարություն: Ավելին՝ դա մարդկային բնությունից Աստվածայինի փոխակերպում է՝ մեր «այսպիսի մեծ փրկությունը»: Մեր փրկության սկզբնական քայլը մեր Տեր Հիսուսի կատարած գործն էր Գողգոթայում: «Նա մեռավ մեր մեղքերի համար»։ Սկզբում անհրաժեշտ էր այս մահը մեր մեղքերի համար, քանզի երկրի վրա չկար մեկը, որ կարողանար հատուցել Ադամի մեղքի պատիժը: Աստծու օրենքը պահանջում էր «աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, մարդկային կյանքի դիմաց՝ մարդկային կյանք»։ Կատարյալ մարդ գոյություն չուներ, հետևաբար Աստված տնօրինեց այնպես, որ Իր Միածին Որդին հատուցի մարդկանց այս մահապատժի համար: Հայրը կարող էր այլ կերպ տնօրինել, բայց չարեց, ուստի հասկանում ենք, որ դա լավագույն ճանապարհն էր:
Քրիստոսի մահը, սակայն, այն ամենը չէր, ինչ անհրաժեշտ էր: «Նա հարություն առավ մեզ արդարացնելու համար»։ Նրա մահը մեր մեղքերը ջնջելու համար էր, սակայն չէր կարող ազդեցություն գործել մեր արդարացման վրա, քանի դեռ Նա մահվան կապանքներում էր, այսինքն՝ հարությունից ոչ առաջ, դեռ ավելին, համբարձումից ոչ առաջ, դեռ ավելին, Իր վաստակը մեր՝ այն է Եկեղեցու համար ներկայացնելուց ոչ առաջ։ Դեռ ավելին, մենք չենք կարողանա արդարանալ, քանի դեռ ամեն մի անհատական դեպքում չեն ձեռնարկվել հավատքի ու լիակատար նվիրումի անհրաժեշտ քայլերը, որոնց արդյունքում մեզ է վերագրվում մեր փրկչի արժանիքը:
Քրիստոսի այս վաստակը դեռևս չի ներկայացվել աշխարհին, քանի որ դրա ժամանակը դեռ չի եկել: Մինչ այժմ այն ներկայացվել է միայն Եկեղեցուն՝ նրանց, որոնք կանչված են լինելու Քրիստոսի ժառանգակիցները, և որոնք ընդունում են այդ Կոչը: Երբ Հիսուսն Աստծու ներկայության մեջ կանգնեց մեզ համար, այն ժամանակ տնօրինություն եղավ, որի շնորհիվ մենք կարող ենք արդարանալ: Գոյություն ունեն անփոփոխ պայմաններ, որոնց դեպքում Աստված պատրաստ է վերագրել Քրիստոսի մահվան այս արժանիքը: Այդ ողորմությունը շնորհվում է միայն նրանց, որոնք ցանկանում են հեռանալ մեղքից, արդարանալ մեղքից և ծառայել Աստծուն, ում մատուցվում է այս երախտիքը: Այժմ միայն նրա՛նք կարող են դառնալ Աստծու որդիներ:
Անկախ այն բանից, թե այս քայլերը կտևեն տարիներ, օրեր, թե մի քանի րոպե, այս բոլոր քայլերը պետք է արվեն նախքան մեր հայտնվելն այն վայրում, որտեղ մեզ կընդունի Քրիստոսը և կներկայացնի Հորը: Երբ մեր Փրկիչը մեզ է վերագրում Իր արժանիքը՝ ծածկելով մեր արատները, դա մեզ կենսական արդարացում է շնորհում: Մենք ոչինչ չենք արել այս արդարացման իրագործման համար, այլ պարզապես ներկայացել ենք, որպեսզի դառնանք արդարության ծառաներ: Մենք պարզապես նախապատրաստվել ենք օրհնություն ստանալու համար: Երբ մեր Փրկչի արժանիքն այսպես մեզ վերագրվեց, մեր ողջ անցյալը ներվեց, մեր արատները ծածկվեցին, Հայրն ընդունեց ընծան, և մեր Քահանայապետը մեզ զոհ մատուցեց՝ իբրև արդարացված մարդկային էակներ: Այդ պահին մենք ծնվեցինք Հորից Նրա Սուրբ Հոգով, «այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է մեզ համար,» (Ա Պետրոս 1.4): Մենք դառնում ենք սաղմնային Նոր արարածներ, որ հետո պետք է օրեցօր աճենք ու զարգանանք, մինչև որ ճիշտ ժամանակին, որպես հոգևոր էակներ, ծնվենք Աստվածային մակարդակում, եթե մեզ հաջողվի մինչև մահ հավատարիմ լինել:
Աստծու հրաշալի շնորհը
Սա հիանալի գործ է, հրաշալի կերպարանափոխություն: Ընտրվելով մեղքի ստրուկների, մարմնավոր էակների, ապականվածների, մահկանացուների, մեղքով անիծվածների ցեղից՝ մենք վեր ենք հառնում ցեխոտ կավից, լվացվում ենք, մաքրվում մեր աղտերից, անիրավության մեր կեղտոտ լաթերից, և մեր մեջ մի նոր բնություն է սկիզբ առնում: Այնուհետև մեր երկրային հակումներն աստիճանաբար թեքվում են դեպի երկինք: Մենք օրեցօր կերպարանափոխվում ենք՝ ավելի ու ավելի վեր ելնելով, մինչև որ մեր հարությունը կատարյալ լինի, կերպարանափոխումն ամբողջությամբ ավարտվի, հասնենք աներևակայելի բարձունքների՝ գերազանցելով հրեշտակների, քերովբեների, սերովբեների բնությունն ու աստիճանը, և ամեն անունից էլ վեր, որ անվանվում է` նստելով Մեսիայի Գահին, Աստծու Հավիտենական Որդու կողքին որպես Նրա փառավոր բնության մասնակիցներ, որը հենց Իր՝ Եհովայի բնությունն է, Աստվածային բնության մասնակիցներ։Արդյո՞ք մահկանացու մարդը կարող է այսքան սքանչելի փառքի տիրանալ: Այդպիսի Կոչման մասին միտքն անգամ պետք է ստիպեր մեզ մեր Աստծու առջև խոնարհեցնել մեր սրտերը զղջումով՝ գիտակցելով մեր մեծ անարժանությունը նման զարմանահրաշ շնորհի, նման անսահման երանության համար: Ի՞նչ կարող ենք մատուցել Տիրոջը, որ պատշաճ կերպով արտահայտի մեր երախտագիտությունը, մեր շնորհապարտությունը նման անասելի պարգևի համար: Անշուշտ մեր ամենաճշմարիտ ծառայությունը կլինի միայն նվազագույն վերադարձը Նրան, ով այդքա՛ն սիրեց մեզ, այդքա՛ն օրհնեց մեզ, այդքա՛ն պատվեց մեզ:
Մենք Փառքի Տիրոջ ժառանգակիցներն ենք այս հրաշալի ժառանգության, միայն թե մինչև մահ հավատարիմ մնանք և մեր հագուստները սպիտակ պահենք: Մեզ համար «հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ»: Որպես հին արարածներ՝ մենք ոչ մի դիրք չունեինք Աստծու մոտ. մենք սնվում էինք աշխարհի ողորմելի տարրերով: Մենք մեռած էինք հանցանքների ու մեղքերի մեջ: Միայն որպես Նոր արարածներ կարող ենք որևէ դիրք ունենալ, կարող ենք հաճոյանալ Աստծուն, կարող ենք գործել Նրա համար: Հենց այս Նոր արարածին է դիմում Առաքյալը մեր տեքստում:
Մեր մեծ պատասխանատվությունը
Քանի որ նվիրաբերվել ենք Աստծուն, մեր բոլոր մեղքերը մաքրվել են արյամբ, և նոր կյանք է սկսվել մեր մեջ: Մենք հանդիսավոր պայմանագիր ենք կնքել՝ հետևելու, որ կերպարանափոխությունը կայուն առաջընթաց ունենա։ Երբ Հայրն ընդունեց մեր ընծան ու Իրեն տրված մեր խոստումները, և շնորհեց մեզ Իր Սուրբ Հոգին, Նա լիովին չիրագործեց մեր հույսերը, այլ պարզապես տվեց «մեր ժառանգության գրավականը»: Մեր պայմանավորվածությունն էր՝ մեռնել աշխարհի համար, մեռնել երկրային բաների համար և կենդանի լինել Աստծու համար: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է խոսքով, գործով, մտքով ցույց տալ, որ այս պայմանագրում ամեն ինչ ճշմարիտ ու անկեղծ է մեր կողմից: Երբ մենք դառնում ենք Աստծու զավակներ, մեր միակ նպատակը պետք է լինի ապացուցել մեր հավատարմությունն Աստծուն, մեր հավատարմությունը մեր Զոհաբերության Ուխտին: Մի՞թե մեր Տեր Հիսուսի դեպքում այդպես չէր։
Մեր Տերն աշխարհ եկավ՝ լինելու մեր Փրկիչը: Բայց Նա Փրկիչը չէր, երբ ծնվեց, ոչ էլ այն ժամանակ, երբ Նա երեսուն տարեկան էր, մինչև որ չնվիրաբերվեց: Նա ի ծնե Փրկիչ է կոչվել միայն հեռանկարային իմաստով: Նա իրական, պաշտոնական իմաստով մեր Փրկիչը դարձավ, երբ Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանան գետում, և Սուրբ Հոգին իջավ Նրա վրա՝ զորություն տալով: Այնուհետև Նրան ակտիվ ծառայության երեքուկես տարի մնաց՝ գործելու այդ նվիրաբերության համար: Այդ վճռորոշ ժամանակաշրջանում կյանքի յուրաքանչյուր գործողություն Նրա Զոհաբերության Ուխտի կատարումն էր: Նա ուխտել էր զոհաբերել Իր մարդկային էությունը՝ իր բոլոր վիճակներով ու հնարավորություններով, որպեսզի կարողանա իրականացնել Հոր նպատակը, որի համար Նա աշխարհ եկավ և հավատարմորեն կատարեց Իր Ուխտը: Նրա փառահեղ պարգևն Աստվածային բնությունն էր և իշխանությունը՝ ամբողջովին իրագործելու Հոր մեծ Ծրագիրը:
Մեր ուխտը նման է Քրիստոսի ուխտին
Նույնը կպատահի նաև մեզ՝ Նրա հետևորդներին: Մենք էլ ենք ենթարկվում նույն կարգ ու կանոնին, քանզի մեր թուլություններն ու անկատարությունները ծածկված են մեր Փրկչի արդարության պատմուճանով, որը հանդիսանում է մեր «հարսանեկան զգեստը»: Այսպիսով մենք կանգնում ենք Հոր առջև՝ Սիրելիով կատարելացած, և մեզ է ուղղվում Նրա Խոսքը. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (Բ Կոր․ 12։9)։ Աստծու բոլոր զավակները, որոնք հավատարիմ են իրենց ուխտին, օրեցօր գործում են իրենց փրկության համար: Դա զոհաբերություն է, մարմնի ամենօրյա խաչելություն: Մեր նվիրական կյանքի սկզբից ևեթ մենք լիովին համարվում ենք «Քրիստոսի հետ խաչված», բայց բուն խաչելությունը դանդաղ, ցավոտ, տևական գործընթաց է և ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մահով ամբողջանում է մեր զոհաբերությունը:
«Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ» նախադասությունը Եհովայի հրամանն է (Սաղմոս 50։5)։ Որքանո՞վ ենք մենք այս զոհաբերական գործը կատարում ինքներս մեր մեջ։ Եվ որքանո՞վ ենք ձգտում նպաստել Աստծու սրբերին Նրա մոտ հավաքելու գործին: Արդյո՞ք մենք հավատարիմ ենք մեր կարողությունների ու հնարավորությունների չափով: Համոզվա՞ծ ենք, որ ուշադիր ենք այնքան, որ նկատենք մեզ մատչելի հնարավորությունները՝ լինեն մեծ, թե փոքր: Եթե չնկատենք մեր հնարավորությունները, ապա Տերը կօգտագործի մեկ ուրիշին՝ կատարելու այն աշխատանքը, որը կարող էր լինել մերը, և մենք կկորցնենք այն ծառայության օրհնությունն ու պարգևը, որը կարող էինք մատուցել: Ուրեմն որքա՜ն զգույշ պետք է լինենք։
«Ինչ որ ուխտում ես, կատարի՛ր»
Բայց սա այն հարցը չէ, որով պետք է դատենք միմյանց: Ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, որ բավականաչափ անկեղծ չեք ձեր զոհողության մեջ: Ո՛չ էլ դուք կարող եք ինձ ասել, որ ես հավատարմորեն չեմ կատարում իմ զոհողությունը: Ամեն ոք իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած: Տիրոջ և մեր գործն է լուծել այս կարևոր հարցը մեր անհատական դեպքերում: Եվ մենք չենք կարող լիովին դատել նույնիսկ ինքներս մեզ: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, և ապա արդյունքները թողնենք Տիրոջ որոշմանը: Հայրը մեր Տիրոջ Մարմնի յուրաքանչյուր հավատարիմ անդամին կհատկացնի իր իսկ տեղը փառավոր Տաճարում:
Եղբայրները կարող են միմյանց խորհուրդ տալ այդ իմաստով, բայց ոչ ավելին: Միայն Տերը պետք է որոշի, թե արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրն ապրում է մեր ուխտի համաձայն, թե՞ ոչ: Նա հավատարմություն է ակնկալում Իր Ուխտի տակ մտած յուրաքանչյուր մարդուց: Շատ ավելի լավ կլիներ, որ երբեք չուխտեինք զոհաբերելու մեր երկրային կյանքն ու դրա շահերը, քան երդում տայինք ու չկատարեինք այն (Ժողովող 5:4-6:) Սա շատ լուրջ հարց է, և Տերն անշուշտ մեզանից կպահանջի, որ կատարենք մեր ուխտը: Եթե մահը կամավոր չլինի, Նա կկործանի մեր մարմինը: Եթե մենք դրան ընդդիմանանք, ապա դա կնշանակի մեր էության անհույս մահը։
Մեր հավատարիմ, անփոփոխ Աստված
«Աստված է, որ ձեր մեջ ներգործում է»,- ասում է Պողոս առաքյալը։ Մենք ինքներս չենք սկսել այս գործը: Եթե մեզ չհրավիրեին, երբեք մեր մտքով չէր անցնի ջանալ՝ բաժնեկից լինելու Տեր Հիսուսի փառքին, պատվին ու անմահությանը: Առանց բացահայտ հրավերի նման վարքագիծը մեզ համար կլիներ հանդգնության գագաթնակետը: Աստված է, որ ծրագրել է այս ամբողջը: Նա մեր մեջ գործել է Իր խոստումներով, մեր առօրյա կյանքում Իր նախախնամությամբ և Նրա Խոսքի բոլոր խրատներով, նախազգուշացումներով ու խորհուրդներով, և մենք հրճվում ենք դրանով: Աստված փոփոխական չէ, և այս առաջարկն անելիս Նա իրոք դա՛ էլ նկատի է ունեցել, և դա այլ բան նշանակել չէր էլ կարող։ Նա երբեք այնպիսի տնօրինություն չի անում, որը ցանկանա չեղյալ համարել կամ փոփոխել:
Պողոս առաքյալը մեզ վստահեցնում է, որ «նա, ով մեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը»: Միակ պայմանը մեր իսկ հավատարմությունն է։ Աստված երբեք հուսախաբ չի անի․ «Մենք նրա ստեղծագործությունն ենք»։ Նա իրապես գործում է։ Մենք հնազանդեցնում ենք ինքներս մեզ, որպեսզի Աստված մեր մեջ ներգործի կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի: Նա է մեծ Տերն ու Արարիչը: Այսպիսով շնորհը շարունակում է գործել մեր սրտերում և կյանքում՝ նախապատրաստելով մեզ այն վեհ դիրքի համար, որին մենք կանչված ենք: Եվ միայն մեզ շնորհված այս մեծ արտոնություններն անտեսելու դեպքում է, որ Աստված կվերցնի դրանք մեզանից և կտա ուրիշներին:
Նրանք, որոնք գեղեցիկ շենք են կառուցում, հատուկ ուժի կարիք ունեն գործն իրականացնելու համար՝ բարձրացնելու մեծ պողպատե շրջանակները, քարակույտերը, աղյուսները և այլն: Այժմ Աստված մտադիր է տրամադրելու այն ուժը, որով մենք կարող ենք իրականացնել մեր բնավորությունը կերտելու աշխատանքը, այս հրաշալի կառույցը, որը մենք հաստատում ենք։ Բայց Տերն այս մեծ գործը մեր մեջ չի կատարի, եթե մենք ջանասիրաբար չհամագործակցենք Նրա հետ: Նա կանչեց մեզ, ոգեշնչեց և ամեն օր անհրաժեշտ օգնություն է տրամադրում, որպեսզի մենք հաստատակամորեն կերտենք այս բնավորությունը, որն էական է և որը Նրա մտադրության համաձայն՝ ունենալու են բոլոր նրանք, ում Նա կդարձնի իր Որդու ժառանգակիցները:
«Ամեն բան առանց տրտունջի՛ արեք»
Մեր Տեր Հիսուսի հետքերով գնալիս՝ մենք չպետք է տրտնջանք այդ ճանապարհին՝ գանգատվելով դրա դժվարություններից ու նեղությունից, ո՛չ էլ պետք է վիճարկենք, թե ինչպես կամ ուր պետք է գնանք, ո՛չ էլ որևէ այլ ճանապարհ փնտրենք, քան այն, ինչ Աստվածային նախախնամությունը մատնանշել է մեզ համար, այլ պետք է գիտակցենք ու վստահենք, որ Տերը հստակ գիտի, թե ինչ փորձառություններ են անհրաժեշտ մեր բնավորությունը-Քրիստոսանմանությունը զարգացնելու համար։ Մենք պետք է նաև գիտակցենք, որ եթե հնազանդությունը հնարավոր լիներ, երբ մեր բերանները լի են բողոքներով ու դժգոհություններով Տիրոջից ու մեր վիճակից, որը Նրա թույլտվությամբ է, դա կնշանակեր, որ մենք համամիտ չենք Նրա տնօրինության ոգուն:
Նման հնազանդությունը, եթե հնարավոր լիներ, որն այդպես չէ, չէր արժանանա Աստվածային հավանությանը և ո՛չ էլ մեզ պարգև կբերեր: Հետևաբար, ինչպես Առաքյալն է հորդորում․ «Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ կյանքի խոսքը պահելով» (Փիլ․ 2։15,16)։
Ինչպե՞ս պետք է ահ ու դող ապրենք
Մեր տեքստի այս արտահայտությունը՝ «Ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար», չպետք է հասկանանք այնպես, կարծես թե Տերը ցանկանում է, որ Իր զավակներն Իր առաջ բառացիորեն վախից դողան: Սուրբ Գրքի բառերն ու արտահայտությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվենք նույն դատողությամբ, ինչ ցանկացած այլ գիրք ընթերցելիս կամ մեր ընկերների խոսքերն ընկալելիս: Մեծ պատասխանատվությամբ պաշտոնի կանչվածը հետո երբեմն կասի․ «Ահով ու դողով ընդունեցի այդ պաշտոնը»՝ իհարկե նկատի չունենալով, որ իրականում վախից ցնցվել է. սա պարզապես մի արտահայտություն է, որն օգտագործվում է՝ ցույց տալու համար, որ մարդը մեծ զգուշության կարիք է զգում, որ նա գիտակցում է իր մեծ պատասխանատվությունը և պարտավորությունը, եթե չհաջողվի բավարարել բոլոր պահանջները՝ եթե խիստ ուշադիր չլինի: Նշանակում է, որ մարդը գիտակցում է, որ խնդրին չպետք է անլուրջ վերաբերվել՝ ասես դա պարզապես մի չնչին բան լինի, այլ որ դրա ձախողումը լուրջ հետևանքներ կառաջացնի:
Ճիշտ նույն կերպ, երբ կարդում ենք Սուրբ Գրքի այս հատվածը, չպետք է մտածենք, թե պետք է վախից դողանք մեր Աստծու առաջ. մենք հավատում ենք, որ Առաքյալի միտքն այն է, որ մեր ձեռնարկած այս մեծ գործում՝ գնալ Հիսուսի հետքերով, որպեսզի կարողանանք հասնել մեր Բարձր կոչման մրցանակին, շատ բան կախված է մեր հավատարմությունից, մեր ջանասիրությունից: Թեթև բան չենք ձեռնարկել․ դա շատ ծանր պատասխանատվություն է։ Մեր հավիտենական շահը կշեռքի նժարների վրա է՝ կենաց մահու հարց է: Մրցանակը շահողները կդառնան Աստծու ժառանգները՝ երբևէ մատուցված ամենաբարձր փառքն ու պատիվը ժառանգելով, այնպիսի փառք ու պատիվ, որը վեր է մարդկային երևակայությունից: Մենք կարծում ենք, որ նման առաջարկ էլ երբևէ չի արվի։
Աստծու Որդու տեղը Եհովայի կողքին է, և Նա միայն մեկ Հարս կարող է ունենալ։ Ուրեմն անկասկած անհրաժեշտ է, որ գործենք մեր անձերի փրկության համար ահով ու դողով, մեծ զգուշությամբ, մեծ լրջությամբ՝ դրան առնչվող ամեն ինչի նկատմամբ։ Մենք պետք է խորապես գնահատենք այն փաստը, որ դա ամենահիասքանչ բանն է Աստծու ողջ Տիեզերքում: Մենք հավատում ենք, որ եթե հաստատուն չդարձնենք մեր կոչումն ու ընտրությունը և չհաղթենք այս պայքարում շատ կարճ ժամանակում, ապա ընդմիշտ կկորցնենք այդ հնարավորությունը։ Այդ դեպքում ոչ մի լաց ու ատամների կրճտոց չի օգնի: Երբ դուռը փակվի, այն այլևս չի բացվի: Եսավի նման ձախողվածներն «ապաշխարության տեղ» չեն գտնի, թեև «արտասուքով» այն փնտրեն։ Անդրանիկության փառահեղ իրավունքը հավիտյան դուրս կթռչի նրանց ձեռքից:
Բայց, սիրելի՛ գործընկերներ, որ օր օրի ջանում եք «այնպե՛ս վազել, որ մրցանակի հասնեք» (Ա կորնթ. 9:24), «թեև այսպես եմ խոսում, բայց ձեզ համար վստահ եմ, որ լավագույն ուղու վրա եք» (Եբր.6:9): Բայց լավ է, որ մեր «մաքուր միտքը հիշեցնելով արթնացնենք» (Բ Պետրոս 3:1), որպեսզի կարողանանք մեր հայացքը սևեռել Երկնային Քաղաքի և մեր առջև դրված մրցանակի վրա: Հոգնեցուցիչ երթը, կարծում ենք, շուտով կավարտվի: Լավագույն դեպքում դա ընդամենը մի փոքր ժամանակ կտևի: Ուստի հաստատուն սրտերով ,համբերությամբ ու հաստատակամությամբ վազենք մինչև մեր ճանապարհի ավարտը։








